Գրքեր

Անվանակոչության տոնի քարոզ

Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, որ միավորված եք Քրիստոս Հիսուսով,

Շնորհավորում եմ ամենքիս այսօրվա բազմախորհուրդ տոնի կապակցությամբ, որ ամեն տարի, հունվարի 13-ին, նշում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին: Ուրախ եմ կրկին տեսնել ձեզ մեր եկեղեցու սրբազան հարկի ներքո միախմբված և շտապում եմ ընթերցել ձեզ համար մեր Տիրոջ երկրային կյանքի այն դրվագի մասին, որը հիմք է հանդիսացել այսօրվա տոնի համար և նկարագրված է Ղուկասի Ավետարանում. «Եվ երբ ութ օրերը լրացան, և նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացվել մոր որովայնում» (Ղուկ. 2:21)։ 

Այո՛, սիրելինե՛ր, Սուրբ Ծննդյան տոների ութերորդ օրն է այսօր և բոլորս միասին, մեծ խնդությամբ նշում ենք մեր Փրկչի Անվանակոչության տոնը:

Երբ բառարանում փնտրում էի «անուն» բառի իմաստն ու նշանակությունը, մի շարք հետաքրքիր բացատրությունների հանդիպեցի, որ այժմ կընթերցեմ ձեզ համար: Այնտեղ մասնավորապես նշվում է, որ անունը ճանաչողության և շփման համար անհրաժեշտ միջոց է: Առարկաներն ու դրանց հարակցությունը մատնացույց անելով՝ անունները լեզուն կապում են իրական աշխարհի հետ: Իսկ անձնանունն այն բառն է, որ ծառայում է առանձին մարդուն նշելու համար, և անհատական կարգով նրան է տրվել, որպեսզի հնարավոր լինի դիմել նրան, ինչպես նաև նրա մասին խոսել այլոց հետ: Այնուհետև նշվում է, որ մարդու կյանքում շատ մեծ դեր ունի անձնանունը, քանի որ յուրաքանչյուր մարդ հենց այդ անունով է կոչվում և այդ պատճառով էլ նրա գործած բարի և չար գործերը հայտնի են դառնում հենց այդ անվան շնորհիվ: Եվ այստեղ մի պատմություն հիշեցի, որ լավագույնս ներկայացնում է վերը նշվածը:

 Պատմում են, որ ճակատամարտերից մեկի ժամանակ Ալեքսանդր Մակեդոնացին նկատում է, որ իր զինվորականներից մեկը, ով նույնպես Ալեքսանդր անունն էր կրում, անընդհատ փորձում է խուսափել մարտից ու փախուստի դիմել: Այնժամ զայրույթով դիմում է նրան՝ ասելով. «Կամ հաղթահարի՛ր վախկոտությունդ, կամ անունդ փոխի՛ր, քանզի չես համապատասխանում դրան և մոլորության մեջ ես գցում մարդկանց»:

Ոչ ոքի համար բացահայտում արած չեմ լինի, սիրելինե՛ր, եթե ասեմ, որ հնում մարդիկ մեծ նշանակություն էին տալիս անուններին: Եվ յուրաքանչյուր քաղաքակրթության մեջ անունները ձևավորվում էին՝ հիմնվելով ժամանակի ու տեղի պատմական, մշակութային և ավանդական արժեքների վրա: Մարդիկ ձգտում էին այնպիսի անուններով կոչել իրենց զավակներին, որոնցում ամփոփված հատկանիշները ցանկանում էին տեսնել նրանց մեջ: Եվ զավակներն էլ, մեծանալով, ձգտում էին իրենց տրված անունների արժանի կրողները լինել:

Անունների կարևորությունը երևում է Աստվածաշունչ մատյանի առաջին գրքից իսկ, որտեղ կարդում ենք. «Եվ Աստված ասաց. «Թող լույս լինի»։ Եվ լույս եղավ։ Աստված տեսավ, որ լույսը լավ է, և Աստված լույսը բաժանեց խավարից։ Աստված լույսը կոչեց ցերեկ, իսկ խավարը կոչեց գիշեր։ … Աստված ստեղծեց տարածությունը, որով Աստված տարածության ներքևում եղած ջրերը անջրպետեց տարածության վրա եղած ջրերից։ Աստված տարածությունը կոչեց երկինք։… Աստված ցամաքը կոչեց երկիր, իսկ հավաքված ջրերը կոչեց ծով» (Ծննդ. 1:3-11)։ Այնուհետև տեսնում ենք, սիրելի՛ հավատացյալներ, որ Աստված Ադամին տվեց կենդանիներին ու թռչուններին անուններ տալու պատիվը՝ ընդգծելով անվան դերն ու նշանակությունը: Այս է ցույց տալիս նաև Նոր Կտակարանի առաջին գրքի սկիզբը, որն սկսվում է Հիսուս Քրիստոսի ազգաբանությամբ՝ թվելով բոլոր սերունդների անունները:

Արդ, կրկին անդրադառնանք այսօր տոնելիք այն քաղցրահունչ սրբասուրբ անվանը ու տեսնենք, թե ինչ է այն նշանակում մեզանից յուրաքանչյուրի համար: Նախ, դառնալով «Հիսուս» անվան ակունքներին, տեսնում ենք, որ այն եբրայական Եէշուա կամ Հեսու անվան հունական տարբերակն է, որ նշանակում է «Աստված փրկում է» կամ «Աստված փրկություն է»: «Քրիստոս» անվանումը եբրայերեն «մեսիա» բառի հունական թարգմանությունն է, որ «օծյալ» է նշանակում: «Էմմանուել»-ն էլ Տիրոջ ևս մեկ հրաշալի անունն է, որ եբրայերենից թարգմանաբար նշանակում է «Աստված մեզ հետ է»: Այժմ մեկ անգամ ևս կընթերցեմ ձեզ համար Տիրոջ անունների սքանչելի բնորոշումները, որպեսզի հնարավորություն ունենաք ողջ հոգով ընկալելու և ապրելու դրանք: Այսպիսով սիրելինե՛ր, «Աստված փրկում է», «օծյալ է» և «Աստված մեզ հետ է»: Զգացի՞ք այն հզոր ուժն ու վստահությունը, որ Տիրոջ լոկ անունն է պարգևում: Այո՛, մարդացյալ Աստված լավագույնս է համապատասխանում Իր Սուրբ անվանը, քանզի Իր կյանքը զոհեց մեղքի ճիրաններից մեզ փրկելու համար, և Իր երկրային կյանքի կատարյալ սիրով ու ողորմածությամբ լեցուն ընթացքով և համբարձումից հետո Սուրբ Հոգու շնորհները լիաբուխ կերպով մեզ վրա հեղելով ցույց տվեց, որ Աստված իսկապես մեզ հետ է: Այս իրողությունն է, որ յուրաքանչյուր պարագայում ուժ է տալիս մեզ՝ Հիսուս Քրիստոսի հետևորդներին, որ քրիստոնյա ենք անվանվում: Այս լուսակիր անունն է, որ լուսավորում է հուսահատության խավար զնդանը և դրա կործանարար կապանքներից ազատվելու թևեր է պարգևում: Այս կենարար անունն է, որ բժշկում է հոգու և մարմնի ախտերն ու կյանք պարգևում մահվան պաղ շունչը ծոծրակին զգացածին: Այս հզոր անունն է, որ պաշտպանում է թշնամու ծուղակի մեջ հայտնվածին, սրբում այրու արցունքները, բարձրացնում որբի գլուխը, մխիթարում սգավոր սիրտն ու ոտքի կանգնեցնում կյանքի հարվածներից ծնկածին: Եվ վերջապես սա այն անունն է, որ հավատարմության խորհրդանիշն է հանդիսանում և զորավիգ է բոլոր իրեն ապավինողներին:

Հույն վանականներից մեկի մասին պատմում են, որ երբ նա գիրք ընթերցելիս հասնում էր «Հիսուս» անվանը, ապա այլևս չէր կարողանում շարունակել ընթերցանությունը՝ իրեն համակած հզոր զգացումների հորդման պատճառով: Դավիթ թագավորի համար փառահեղ, հուսադրող, պահապան ու փրկիչ էր Աստծո անունը և այդ են վկայում սաղմոսների բազմաթիվ գլուխները, որոնցում արքան գովերգում է Տիրոջ անունը (Սղմ. 8:1, 9:11, 19:2, 53:3 և այլն): Պետրոս առաքյալի համար «երկնքի տակ չկա մարդկանց տրված այլ անուն, որով կարելի լինի, որ մենք փրկվենք» (Գործք 4:12) բացի Հիսուս Քրիստոսի անունից: Պողոս առաքյալի համար «Աստված… նրան շնորհեց մի անուն, որ վեր է, քան ամեն անուն, որպեսզի Հիսուս Քրիստոսի անունով խոնարհվի ամեն ծունկ՝ լինի թե՛ երկնավորների, թե՛ երկրավորների և թե՛ սանդարամետականների. և ամեն լեզու խոստովանի, թե Հիսուս Քրիստոս Տե՛ր է՝ ի փառս Հայր Աստծու» (Փիլ. 2:9-11)։ Սակայն մինչ քրիստոնյաների հալածիչ Սողոսը դարձի կգար, կդառնար Պողոս առաքյալ և վերոհիշյալ տողերը կգրեր, Տիրոջ անվան հետ կապված ևս մեկ հիշատակություն ենք գտնում Տիրոջ և սուրբ Անանիա առաքյալի երկխոսության մեջ, երբ Տերը Սողոսի մասին ասում է. «նա ինձ համար ընտրյալ անոթ է՝ իմ անունը տանելու հեթանոսների, թագավորների և իսրայելացիների առաջ. քանի որ ես ինքս եմ նրան ցույց տալու, թե նա ինչքան պետք է չարչարվի իմ անվան համար» (Գործք 9:14-15)։ Եվ վերջապես, Քրիստոս Իր անվան մասին ասում է. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ, ինչ իմ անունով իմ Հորից ուզեք, պիտի տա ձեզ» (Հովհ. 16:23):

Այժմ հերթը մերն է, սիրելի՛ քրիստոնյաներ: Ժամանակն է ինքներս մեզ հարցնելու, թե ինչ է մեզ համար Աստծո անունը: Ինչ է մեզ համար նշանակում, երբ ասում ենք. «Քրիստո՛ս իմ, Հիսո՛ւս իմ»: Այս սուրբ անունն արտասանելիս արդյո՞ք սիրտդ Նրա լույսով է լցվում, սիրելի՛ հավատացյալ, հոգիդ քաղցրանո՞ւմ է Նրա սիրով և դու ամբողջանո՞ւմ ես Նրա մեջ: Ի՞նչ ես զգում, երբ Տիրոջ անունն ես արտասանում: Զգո՞ւմ ես դրա սրբությունը, ինչպես, որ տերունական աղոթքի մեջ ես խնդրում, որ սուրբ լինի: Պահպանո՞ւմ ես այդ սրբությունը, ինչպես հենց Տերն Ինքն է Մովսեսի միջոցով պատվիրել տասը պատվիրաններում: Հարցրո՛ւ քեզ այդ մասին Սուրբ Պատարագից հետո: Թող շուրթերդ երկյուղածությամբ արտասանեն «Հիսուս Քրիստոս» անունը, իսկ ինքդ սպասիր սրտիդ արձագանքին: Իսկ ես կաղոթեմ Տիրոջը, որպեսզի Իր սուրբ անվան հզոր մեծությունը բաց անի ձեզանից յուրաքանչյուրի համար: Դրա անուշաբույր քաղցրությամբ վերացնի ձեր հոգու դառնությունը և ամեն անգամ այս անունն արտասանելիս կամ լսելիս՝ ուղղվեն թուլացած ուսերդ, փայլեն խամրած աչքերդ և մեծագույն ցնծությամբ հոգիդ երգի. «Եղիցի անուն Տեառն օրհնեալ յայսմհետէ մինչև յավիտեան», ամեն:

 

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

 

13.01.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․