«Եւ իբրեւ լցան աւուրք ութ թլփատել զնա, եւ կոչեցաւ անուն նորա Յիսուս, որ կոչեցեալ էր ի Հրեշտակէն»: (Ղուկ. Բ 21)
Սիրելի՛ հավատացյալներ,
Ս. Ծննդյան և Աստվածահայտնության պարգևած հոգևոր ուրախությունն ու ցնծությունը շարունակվում է, քանի որ ութ օր առաջ ծնված մանուկը, Ում հովիվները ճանաչեցին որպես Օծյալ Տիրոջ, Ում հրեշտակները փառաբանեցին որպես Փրկչի և Ում մոգերը երկրպագեցին որպես թագավորի, անուն ստացավ:
Այսօր մեր Նորածին Տիրոջ անվանակոչության օրն է, երբ, ըստ մովսիսական օրենքի, «ութ օրերը լրացան, և Նա թլփատվեց, Նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր...» (Ղուկ. Բ 21): Հատկանշական է, որ միայն այս մեկ տողն է ընտրված որպես ավետարանական ընթերցում, որն էլ մեր բնաբանն է: Սակայն ով լսելու ականջ ունի, այս քիչն էլ բավական է՝ հասկանալու այն ամենը, ինչ ամփոփված է ավետարանական այս տողում:
Այսօր անունների հետ կապված սովորությունները և նրանցում ամփոփված իմաստները շատ բանով են տարբերվում հնում ընդունված կարգից: Այսօր անունը միայն միջոց է, որով կարող ենք ինչ-որ մեկին զանազանել իր նման շատ-շատերից, իսկ հնում անունը ոչ միայն զանազանության միջոց էր, այլ նաև արտահայտում էր այն կրող անձին բնորոշ հատկությունները, առաքելությունը և բնավորության գծերը: Հնուց՝ մարդկության պատմության հենց առաջին օրերից տրվում էին անուններ, որոնք ունեին որոշակի իմաստներ: Օրինակ` առաջին մարդու անունը` Ադամ, նշանակում է «մարդ կարմիր հողից», այսինքն՝ կավից, իսկ Եվա` «կյանք», որովհետև նա մայր դարձավ բոլոր ապրողների համար, և նմանօրինակ իմաստներ ունեն գրեթե բոլոր աստվածաշնչյան անունները:
Մեր Նորածին Տերն էլ, որպես մարդ, ունեցավ մարդկային անուն: Տիրոջ անունը դրվեց Հիսուս, որ նշանակում է Փրկիչ, և հրեական Հեսու անվան հունարեն համապատասխան ձևն է, որ «Աստված Փրկիչ» կամ «Աստծո Փրկություն» իմաստներն ունի, այսինքն՝ Հիսուս նշանակում է մեր փրկությունը: Նա մեր Փրկիչն է:
Մատթեոսի Ավետարանն սկսվում է «Գիրք ծննդյան Հիսուսի Քրիստոսի» խոսքերով: Հիսուս անվանը մի նոր անուն է ավելանում` Քրիստոս, որ հունարեն նշանակում է Օծյալ և համապատասխանում է եբրայերեն Մեսիա անվանը, այսինքն` օծում ունեցող: Հին Կտակարանում յուղով օծված լինելը նշանակում էր, որ մարդ հատուկ առաքելության է կոչված Աստծուց, և հինկտակարանյան երեք առաքելության ծառայողները` մարգարեներ, քահանաներ և թագավորներ, օծում էին ստանում: Իսրայելին, ովքեր սպասում էին Փրկչի, Աստված խոստացել էր, որ պիտի գա մեկը, Ով Մովսեսի նման լինելու է մարգարե, Մելքիսեդեկի պես քահանա և թագավոր՝ ինչպես Դավիթը, այսինքն՝ Նա լինելու էր Տիրօջ Օծյալը: Եվ այս պատճառով էլ հենց Մատթեոսը շտապում է հայտարարել, որ Հիսուս` Փրկիչը, հենց Ինքը խոստացված Մեսիան` Օծյալն է, քահանայապետը և Դավթից սերող թագավորը: Եկեղեցու հայրերից Ս. Կյուրեղ Երուսաղեմացին այս իրողությունն այսպես է բացատրում, որ «Հիսուս Քրիստոս երկու անուն ունի. Հիսուս, որովհետև փրկում է, և Քրիստոս, քանի որ քահանայագործում է»:
Հիսուսի Մեսիա` Օծյալ լինելը հավաստելու համար Մատթեոսը Նրա ծննդյան դեպքերը պատմում է մարգարեությունների լույսի ներքո: Աստծո հրեշտակը Հովսեփին ասում է, որ մանուկը Սուրբ Հոգուց է և «Նրա անունը Հիսուս պիտի դնես...»:
Սակայն այս ամենը եղավ, որպեսզի կատարվի, ինչ որ Տիրոջ կողմից ասվել էր Եսայի մարգարեի միջոցով. «Ահա կույսը պիտի հղիանա և մի որդի պիտի ծնի, և նրան պիտի կոչեն Էմմանուել, որ նշանակում է` Աստված մեզ հետ» (Մատթ. Ա 23):
Որպեսզի տարակուսանք չլինի, կանխավ ասենք, որ այս երկու անուններն էլ` Հիսուս և Էմաննուել, Աստված է տալիս Իր Որդուն, մեկը հրեշտակի միջոցով, մյուսը՝ Իր մարգարեի, և ավետարանիչն այս պարագային տեղի ունեցածը փաստում է հրեաների համար հեղինակություն հանդիսացող Հին Կտակարանով, որպեսզի ցույց տա, թե Հիսուսով են իրականանում մարգարեությունները:
Հիսուս` Փրկիչ անունը բազմանշանակ է: Այն իր առաքելության մեջ ներառում է ոչ միայն ընտրյալների փրկությունը, այլև փրկությունը համայն մարդկության, որի համար էլ հենց Նա աշխարհ է եկել: Մինչ 30 տարեկանը Հիսուս պարզ կյանքով էր ապրում այն մարդկանց մեջ, որոնց պիտի փրկեր. Հովսեփ արդարի հետ հյուսնութուն էր անում` ոչնչով չտարբերվելով մյուսներից:
Սակայն 30 տարեկանում Հովհաննեսից մկրտվելով Հորդանան գետում՝ Նա դառնում է Քրիստոս, Տիրոջ Օծյալ, Ում մասին Հայրը վկայում է, թե «Դա՛ է Իմ սիրելի Որդին, որն ունի Իմ ամբողջ հաճությունը» (Մատթ. Գ 17): Այստեղ է, որ Աստված հայտնում է, թե Հիսուս Իր Որդին է: Հորդանանի մկրտությամբ է Հիսուս, Ով ի սկզբանե Օծյալն էր, աշխարհին հայտնվում և Հիսուս Քրիստոս անունը դառնում է նվիրական և շատերի համար՝ փրկություն, քանի որ կույրերն սկսեցին տեսնել, կաղերը` քայլել, բորոտները` մաքրվել, խուլերը` լսել, մեռելները` հարություն առնել, և աղքատները՝ Ավետարանին ունկնդիր լինել:
Մարդկությունը փրկելու առաքելության առաջին իսկ քայլերից մենք` Նրան հավատացողներս զգում ենք Նրա անվան ամբողջ զորությունը, որի մասին Պողոս առաքյալը եփեսացիներին ասում է, թե Աստված Հիսուս Քրիստոսին ամեն անունից վեր նստեցրեց (հմմտ Եփես. Ա 21):
Մեր կյանքում որևէ մեկի անունը տալ, կրել կամ օգտագործել` մեծ պատասխանատվություն է ենթադրում: Առավել ևս մեր` քրիստոնյաներիս պարագային, որ Հիսուս Քրիստոսի անունն ենք կրում, այդ պատասխանատվությունն է՛լ ավելի մեծ է: Սակայն արդյոք գիտակցո՞ւմ ենք այդ մեծ շնորհի ու պատվի արժեքը: Արդյոք ունե՞նք պատասխանատվության այն մեծ զգացումը և գիտակցությունը, որ մեզ վրա ենք վերցրել որոշակի պարտականություններ:
Չնայելով մեր հանցանքներին, Աստված մեզ թույլ է տվել այդ անունն օգտագործել և այդ անվանն ապավինել, որն ապացույցն է հայրական այն մեծ սիրո, որ Նա տածում է մեր` Իր արարածների հանդեպ, այն նշանն է հայրական այն հոգատարության, որով Նա շրջապատել է մեզ: Ուրեմն մենք պարտավոր ենք ու պատասխանատվությունն ունենք զգուշորեն և երկյուղածությամբ կրելու այդ անունը, այնպես որ՝ մեզ վնաս չլինի, այնպես, որ չլինի, թե զուր տեղն Աստծո անունը տանք:
Մեր կապը Հիսուսի հետ սկսվում է մեր մկրտության պահից, երբ մկրտվելով Քրիստոս ենք զգենում: Մկրտությունից հետո մեր Փրկչի անունը և Նրա նշանը` Խաչը, մեզ վրա է լինում, և մենք կարող ենք այն օգտագործել ինչպես մեր սեփականը: Աստված այս Սուրբ անունով շատ բան է թույլ տվել մեզ կատարելու. հաղթելու անտեսանելի թշնամուն, հաղթելու մահին և խոսելու Իր` մեր Երկնավոր Հոր հետ: Հիսուս Քրիստոսի անունն անձնավորում է հենց Իրեն: Ասել կամ որևէ բան կատարել Նրա անունով, նշանակում է, որ ասել կամ կատարել է Ինքը՝ Հիսուս, և դա մեծ պատասխանատվություն է: Իրոք, Հիսուս Քրիստոսի անունն իշխանություն ունի մեծ փոփոխություններ իրականացնելու: Իր անվան այդ յուրահատկությունը շեշտում է հենց Ինքը՝ Հիսուս, երբ Իր աշակերտներին ասում է, թե «ինչ Իմ անունով Իմ Հորից ուզեք, պիտի տա ձեզ» (Հովհ. ԺԶ 24): Ավետարաններում հաճախ ենք հանդիպում Նրա անվամբ կատարված հրաշագործությունների: Հիսուսի համբարձումից հետո առաքյալները Նրա անվամբ էին բժշկություններ կատարում, Նրա անվամբ էին դևեր հալածում և Նրա անվանն էին ապավինում հեթանոս աշխարհներում Ավետարանը քարոզելիս:
Դրա համար էլ մենք պարտավոր ենք արժեվորել այն, գնահատել և պահպանել անապական ու մաքուր: Մեր երկրորդ պարտականությունն է ուրեմն, ինչպես հստակորեն պատվիրված է մեզ Տասնաբանյայում, Տիրոջ անունը չչարաշահել, որովհետև «Տերը արդար չի համարում նրան, ով Իր անունը զուր տեղն է արտասանում» (Ելից Ի 7)՝ սրանով մեկ անգամ ևս ցույց տալով, որ սուրբ է Իր անունը և մեզանից համապատասխան վերաբերմունք է պահանջվում:
Հիսուս, Ով ասում է՝ Ես և Հայրս մի ենք, մեզ աղոթել սովորեցնելիս պատվիրում է, որ ասենք. «Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ թող լինի Քո անունը» (Մատթ. Զ 9): Մի՞թե մենք, ուսուցանված և պատվիրան ստացած լինելով, իրավունք ունենք Երկնավոր մեր Հոր Սուրբ անունը անարգել: Մի՞թե Նրան, Ով չխնայեց Իր Միածին Որդուն մեր փրկության համար, կարող ենք փոխել ուրիշների հետ: Արդյոք չպիտի՞ միաձայնենք Կորխի որդիներին և ասենք. «Մի՞թե մոռացել ենք մենք մեր Աստծո անունը կամ ձե՞ռք ենք մեկնել օտար աստվածների. չէ՞ որ Աստված դա կիմանա, քանի որ Նա քննում է գաղտնիքները մեր սրտի» (Սաղմ. ԽԳ 21-22): Նրանք քաջ գիտակցում էին, որ Աստված նախանձախնդիր է Իր անվան սրբությանը, ուստի չէին համարձակվում իրենց շուրթերը պղծել այլ աստվածների անուններով: Այստեղից էլ մեր երրորդ պարտականությունը` սուրբ պահել Տիրոջ անունը:
Մենք նույնպես անուններ ունենք և մեր աչքի բիբի նման հոգ ենք տանում նրանց մասին: Թույլ չենք տալիս, որ այն անպատվեն, ստորացնեն, չարախոսեն ու վարկաբեկեն: Որքան առավել ապա Աստված, Ով մեծ է մեզանից: Մի՞թե Նա անտարբեր պետք է մնա, թե ինչպես են մարդիկ վերաբերվում Իր անվան հետ: Մի՞\թե թույլատրելի է, որ մենք, որ հոգ ենք տանում մեր անվան համար, թեթևամտությամբ ու անհոգությամբ վարվենք՝ այդպիսով շարժելով Տիրոջ բարկությունը:
Մենք քրիստոնյա ենք կոչվում Նրա անունով, Նրան աշակերտած լինելով, ինչպես առաջին անգամ քրիստոնյաներ կոչվեցին Անտիոքի հավատացյալները (հմմտ. Գործք ԺԱ 26): Նա, ում երկյուղած երկպագում են հրեշտակները և ումից սարսափում են դևերը, միայն մեզ է թույլ տվել կրելու Իր անունը: Հիսուս Քրիստոս՝ մեր Օծյալ Փրկիչը միայն մեզ է շնորհ տվել Իրենը լինելու: Թերանալով քրիստոնյայի մեր պարտականություններում` չշարժենք Տիրոջ բարկությունը:
Քիչ հետո բոլորս, որ Հիսուս Քրիստոսի անունն ենք կրում, պիտի մոտենանք և հաղորդվենք Նրա կենարար Մարմնին ու Արյանը: Կրկնելով ծածուկ աղոթքը, որ նաև մկրտության ժամանակ է ընթերցվում, հայցենք Տիրոջից ու ասենք.
Ո՜վ Տեր Աստված մեր, որ մեզ` Քո Միածին Որդու անունով քրիստոնյաներ կոչեցիր, որ մեղքերի թողության համար հոգևոր ավազանով մկրտություն շնորհեցիր և արժանի դարձրիր Քո Միածնի Սուրբ Մարմնին ու Արյանը հաղորդվելու, այժմ աղաչում եմ քեզ, Տե՜ր, արժանի արա մեզ այս սուրբ խորհուրդը՝ մեղքերի թողության համար ընդունել Քեզ Որդուդ և Սուրբ Հոգուդ հետ ու գոհությամբ փառավորել, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Տ. Մուշեղ աբեղա Բաբայան
(Քարոզը խոսվել է Ս. Էջմիածնի Մայր տաճարում Հիսուսի անվանակոչության տոնին մատուցված Ս. Պատարագին, 13 հունվարի 2005 թ.)