1 Հունիս, Բշ, Բ օր Հոգեգալստյան, Պահք

Գրքեր

Անվանակոչություն

Սիրելի՛ հավատացյալներ,

Սուրբծննդյան անբիծ ուրախությունը սրտումս, շնորհավորում եմ բոլորիդ տերունական ևս մեկ անչափ գեղեցիկ ու գողտրիկ տոնի՝ Տեր Հիսուս Քրիստոսի Անվանակոչության կապակցությամբ: Ղուկասի Ավետրանում կարդում ենք, որ «երբ ութ օրերը լրացան, և նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացվել մոր որովայնում» (2:21):

Արու զավակներին թլփատելու ավանդույթը, ինչպես պատմվում է Հին Կտակարանում, հաստատել է Աստված Ինքը՝ ի նշան Իր և Աբրահամի ու նրա սերունդների միջև կապված ուխտի, որով Բարձրյալն Իր բարձր հովանու ներքո էր առնում նրանց, իսկ վերջիններս էլ ուխտում էին հավատարիմ ու հնազանդ լինել միակ ճշմարիտ Աստծուն (Ծննդ. 17:1-14): Աստծու Միածին Որդին այս ավանդույթը պահելու կարիքը չուներ բնավ, սակայն ենթարկվեց ընդունված կարգին՝ ցույց տալով, որ չեկավ Օրենքը ջնջելու, այլ լրացնելու, և թե ինչպես է հարկավոր ենթարկվել Աստծու պատվիրաններին:

Մենք այսօր թլփատման կարիք չունենք, սիրելինե՛ր, քանի որ Հին Ուխտի օրենքներն ու պատվիրանները, որ տրված էին այն օրերի մարդկանց խիստ ու բիրտ մտածելակերպին, հոգեկերտվածքին ու սովորույթներին համապատասխան և հիմնականում վերաբերում էին մարմնին, ասես հող էին նախապատրաստում Նոր Ուխտի համար, որն առաջին հորիզոնականում դնելու էր անմահ հոգին ու ամեն հոգևորը: Եվ ինչպես Պողոս առաքյալն է նշում՝ և՛ թլփատվածությունը և՛ անթլփատվածությունն այլևս ոչինչ են մեզ համար, որովհետև միայն Աստծու պատվիրանների կատարումն է կարևոր (հմմտ. Ա Կորնթ. 7:18-19): Ուստի այսօր, երբ հիշում ենք Տիրոջ երկրային կյանքի առաջին օրերին կատարված ոչ այնքան նշանակալի թվացող, սակայն իրականում, իհարկե, շատ կարևոր այս իրադարձությունները, փորձենք խորապես գիտակցել դրանց էությունն ու այն, թե դրանք ինչպես են մեզ առնչվում, որպեսզի համապատասխան դասեր քաղենք հոգու փրկության համար: Քանի որ Եկեղեցին տոները չի սահմանել միայն գեղեցիկ արարողություններին ականատես լինելու համար, կամ դո՛ւք, սիրելի՛ հավատացյալներ, եկեղեցի չեք գալիս՝ միայն ծեսին մասնակցելու, հետաքրքիր պատմություններ լսելու և տուն գնալու, այլ յուրաքանչյուր տոնի խորհուրդ, յուրաքանչյուր քարոզ կամ սրբի վարք լսելով՝ պիտի խորհեք դրա մասին, հասկանաք թե ինչ է ձեզնից ակնկալվում որպես քրիստոնյայի և հոգեշահ դասեր քաղեք ձեր քրիստոնեական ընթացքի համար:

«Քրիստոնյա» բառն այստեղ գործածելով, սիրելինե՛ր, կամենում եմ ձեր ուշադրությունը բևեռել հատկապես այն փաստի վրա, որ ուղղակի հաճելի մարդիկ կամ համախոհներ չեք այստեղ հավաքված, այլ հավաքված եք ճշմարիտ Աստծով՝ Տեր Հիսուս Քրիստոսով, և Սուրբ մկրտությամբ Նրա անունն եք ընդունել, այն քաղցր անունը, որ Աստվածամանկանը տրվեց Նրա թլփատության օրը: Եվ մենք այժմ թլփատության կարիք չունենք նաև այն պատճառով, որ Սուրբ մկրտությամբ ընդունում ենք Աստծու և Իր նոր ժողովրդի միջև հաստատված նոր ուխտը, որով դառնում ենք Բարձրյալի որդեգիր զավակները: Եվ Քրիստոսի սուրբ արյամբ հաստատված նոր ուխտի նշանը՝ խաչը, նախ սուրբ մյուռոնով դրոշմում ենք մեր ճակատներին, ապա նաև կախում պարանոցից: Այս սրբազան տոնի խորհուրդը ձևավորում է քրիստոնյայի կյանքի ընթացքը, քանի որ քրիստոնյա դառնալով՝ ստանում ենք Փրկչի սրբասուրբ անունը և ուխտում՝ մեր միտքն ու սիրտը թլփատել մահաբեր մեղքերից ու կործանարար կրքերից: Եվ երբ ամեն օր Տերունական աղոթքում խնդրում ենք, որպեսզի սուրբ լինի մեր Հոր անունը, դա խնդրում ենք մեզ համար, որպեսզի Տիրոջ օգնությամբ, մեր կյանքով և մեր վարքով ևս սրբացնենք ու փառաբանենք Նրա անունը, քանի որ Աստծու անունն Ինքնին հավիտենապես սուրբ է, անեղծելի ու անվերջ փառաբանելի և մեր առջև դրված խնդիրն է, որ ամենայնի Արարչի, Բարիքների Ակունքի, Անհատնում Սիրո և Ամենակալ Արքայի սքանչելի անունը յուրաքանչյուրս իր մասով սուրբ պահի: Իսկ դա անելու միակ միջոցը սրտի «անձեռագործ թլփատության» միջոցով մեղքերից հրաժարվելն է ու դարձի գալով՝ Աստծու սուրբ կամքը կատարելը:

Հիշո՞ւմ եք Տիրոջ այն խիստ զգուշացումը, թե «Եթե քո ձեռքը կամ ոտքը քեզ գայթակղեցնում է, կտրի՛ր այն և դե՛ն գցիր քեզնից. լավ է, որ դու մեկ ձեռքով կամ կաղ մտնես կյանք, քան երկու ձեռք ու երկու ոտք ունենաս և հավիտենական կրակի մեջ ընկնես: Եվ եթե քո աչքն է գայթակղեցնում քեզ, հանի՛ր այն և դե՛ն գցիր քեզնից. լավ է, որ դու միականի մտնես կյանք, քան երկու աչք ունենաս և ընկնես գեհենի կրակը» (Մտթ. 18.8-9): Սա ոչ թե մարմնի այս կամ այն մասը իսկապես կտրելու, հանելու կամ վնասելու կոչ է, այլ փոխաբերական իմաստով՝ մարմինը թլփատելու, սանձահարելու, մարմնական ցանկությունները հատելու, զսպելու և դրանց չտրվելու կոչ: Մեղքին հակված մարմինն աստվածապատկեր հոգո՛ւն ենթարկելու կոչ, այլ ոչ թե հակառակը, ինչը, ցավոք, այս մեղավոր աշխարհում համատարած բնույթ է կրում: Մենք «քրիստոնյա» վեհ ու լուսավոր անունն ենք կրում, սիրելինե՛ր, սակայն հաճախ խոնարհվում ենք որկրամոլության, ագահության, բարկության, անառակության, մեծամտության, նախանձի ու ատելության կուռքերին, այն պարագայում, երբ կոչված ենք դրանց դեմ պայքարելու: Իսկ արդյունավետ պայքարն ու բաղձալի հաղթանակը հնարավոր է միմիայն Քրիստոսի, Սուրբ Աստվածածնի և սրբերի զորակցությամբ, որ անդադար, ամենուր և ամեն գործ սկսելիս պիտի աղերսենք: «Հոգին կարող է հակառակվել մեղքին, բայց առանց Աստծո չի կարող հաղթել կամ արմատախիլ անել այն»,- ասում է Մակար Մեծը: Նաև մշտապես հոգևոր կշեռք պիտի ունենանք մեր սրտում՝ մի նժարին անփոփոխ դրված Աստծու հետ բարեկամությունն ու Արքայության մեջ հավիտենական կյանքը, իսկ մյուս նժարին՝ այն, ինչը կարող է հեռացնել մեզ բաղձալի նպատակակետից: Քայլ առ քայլ, փոքրիկ սահմանափակումներից սկսելով, պիտի հրաժարվենք աղտեղի սովորություններից, մոլություններից ու կրքերից: Հեռու մնանք այն ամենից, ինչը կարող է գայթակղության պատճառ դառնալ: Պիտի սովորենք անմեղ թվացող երևույթի, ժամանցի դիմակի տակ տեսնել մարդատյաց թշնամու լարած խորամանկ ծուղակը: Օրինակ՝ զանազան խոհարարական շոուներով ու համադամ խորտիկների տեսքով տարվելն ու գայթակղվելը, դրանք անպատճառ համտեսելու մոլի ցանկությունը հեշտությամբ կարող է որկրամոլության վերաճել, սիրելինե՛ր, երբ քաղցը հագեցնելու պարզ պրոցեսը, վերածվելով հաճույք ստանալու հատուկ արարողակարգի, դառնում է կռապաշտական ծես: Կամ որևէ հետաքրքիր ֆիլմ դիտելու որոշումը, երկար-բարակ փնտրտուքներից հետո, չարի անտեսանելի ձեռքով տանում է անբարո պատկերների կամ ֆիլմերի դիտմանը: Կամ լուրեր կարդալու, ծանոթ-բարեկամների հետ շփվելու նպատակով բացում ես սոցցանցն ու չես էլ նկատում, թե ինչպես ես պաշտամունք մատուցում «ես»-իդ կուռքին՝ տարվելով նկարներ տեղադրելով, անհամբեր սպասելով գովեստի խոսքերի, որպեսզի այնքան սիրելի «ես»-դ հերթական անգամ շոյվի: Կամ ընկերներիդ ուրախ ժամանցը, ճամփորդությունները կամ հաջողությունները պատկերող նկարների դիտումը հանկարծ սկսում է գրգռել ու նյարդայնացնել քեզ՝ ի վերջո գցելով նախանձի, վրդովմունքի ու դատելու մեղքերի մեջ: Կամ հոգեշահ որևէ գրականություն ընթերցելու, որևէ բարի գործ կատարելու, աղոթելու, Աստծուն ավելի մոտենալու փոխարեն որքա՜ն անգին ժամանակ ենք կորցնում հենց նույն սոցցանցերում ուղղակի պտտվելով, սուրճի սեղանների շուրջը շատախոսելով ու բամբասելով, անզուսպ ու անիմաստ գնումներ կատարելով, անօգուտ կամ վնասակար շոուներ, սերիալներ դիտելով և այլն, և այլն: Օրինակները շատ են, սիրելի՛ հավատացյալներ, և ձեզնից հոգևոր մեծ խոնարհություն, արթնություն, իմաստություն և սրտի ցանկությունների թլփատություն է պահանջվում՝ չարի լարած թակարդները տեսնելու, դրանցում չհայտնվելու և յուրաքանչյուր իրավիճակ ի բարին գործադրելու համար, այն ճգնավորի պես, որին դևերը հրաժարվում էին գիշերներն արթնացնել, քանի որ իրենց ներշնչած աղտեղի խորհուրդներին ու ցանկություններին տեղի տալու փոխարեն, նա աղոթքներով հալածում էր նրանց ու հեռու վանում իրենից: Ուստի մաղթում եմ, որպեսզի Քրիստոսի նոր ուխտի սուրբ նշանն անխոցելի զրահով պաշտպանի ձեզ թշնամու գայթակղության նետերից, սիրելի՛ քրիստոնյա հավատացյալներ, իսկ Նրա սուրբ և փառահեղ անունը՝ իբրև անուշահամ բալասան, իբրև հավետ ողորմած մխիթարիչ, մաքրի ու բժշկի ձեր հոգին մեղքերի խոցերից և ազատի մոլությունների ու կրքերի կործանարար կապանքներից: Եվ խոսքս ավարտեմ սուրբ Անտոն Մեծի իմաստուն հորդորով. «Անցողիկ բաների պատճառով ետ մի՛ կանգնիր Տիրոջից, այլ հիշի՛ր, թե ինչ խոստացար դու այն ժամանակ, երբ դեռ բոցավառված էր քո մեջ Աստծուն հաճոյանալու ձգտման ջերմությունը»:

Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի շնորհը, սերը և խաղաղությունը լինեն մեզ հետ և ամենքի. ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

13.01.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․