Գրքեր

«Անյայտ Երեւան»-ի բացահայտումը

Յուրաքանչյուր քաղաք ունի իրեն հատուկ դիմագիծն ու պատկերը, առավել ևս, եթե այդ քաղաքը հայտնի է իր բազմադարյան պատմությամբ: Ենթադրելի է, որ այդպիսի քաղաքն իր այցելուին ներկայանում է բացահայտված կամ դեռևս չբացահայտված իր բազմադարյան պատմության, հոգևոր և նյութական մշակութային խոր ծալքերով: Իսկ այցելուն, ականատես և ականջալուր լինելով, միայն կարող է հիանալ և մտովի վերապրել իր տեսածն ու լսածը:

Ինչպիսի՞ն է մեր քաղաքի՝ 2796-ամյա Երևանի դիմագիծը, արդյո՞ք այն իր ամբողջ բազմադարյան խորությամբ և հետաքրքրությամբ է ներկայանում, թե՝ մասամբ և պատառիկներով:

Դեկտեմբերի 6-ի «Եկեղեցին մենք ենք» խորագիրը կրող հերթական հանդիպման քննարկման նյութը այս և նմանատիպ հարցերի շուրջ էր: Ընտրված թեման Երևանի միջնադարյան հուշարձաններն էին «Անյայտ Երեւան»-ը վերնագրով:  Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության և համայնքի անդամների համար թեման իր ամբողջ խորությամբ, լուծված կամ դեռևս լուծելի խնդիրներով ոչ միայն ներկայացնում, այլև բացահայտում էր «Ծիրանի մշակութային հանգոյց»-ի ղեկավար՝ Նարեկ Վան Աշուղաթոյեանը:

«Ծիրանի մշակութային հանգոյց»-ը հիմնադրվել է 2008 թ-ի հունվարին որպես երիտասարդական, մշակութային, հասարակական կազմակերպություն: Հիմնադիրներն են Նարեկ Վան Աշուղաթոյեանը և Թաթուլ սրկ. Համբարձումեանը (այժմ՝ Հայր Գարեգին Համբարձումեան):

Կազմակերպության խորհրդանիշը Սկևռայի մասնատուփից վերցված Հեթում թագավորն է ծնկաչոք աղոթելիս, որ հավաքական կերպար է՝ միաձուլելով աշխարհիկն ու հոգևորը: Իսկ «Ծիրանի» անվանումը. արքան իր ուսերին կրում է արքայական ծիրանին:

«Ծիրանի Յայտնութիւնք», «Ծիրանի Զրույցներ», «Ծիրանի Գրաբար», «Ծիրանի մշակութային դպրոցներ», «Ծիրանի Ֆիլմեր», «Ծիրանի Յետազօտութիւններ», Ծիրանի «Փրկե՛նք Յուշարձանները». հետևյալ ուղղություններով է գործում «Ծիրանի մշակութային հանգոյց»-ը:

«Անյայտ Երեւան»

«Վերջին տարիներին Երևանն ինձ համար բացահայտվում է հայտնության նման»,- ասում է Նարեկ Վան Աշուղաթոյեանը:

Բանախոսության շնորհիվ ներկաները ևս աստիճանաբար բացահայտում էին իրենց համար չբացահայտված «Անյայտ Երեւան»-ը: Չբացահայտված շղթան ձգվում էր խոնարհված Ավանի տաճարից (6-րդ դար) մինչև ուշ միջնադարյան աշխարհիկ և կրոնական հուշարձանները:

Առաջին կրթությամբ աստվածաբան, ապա իրավաբան, բայց ոչ հուշարձանագետ Նարեկ Վան Աշուղաթոյեանը փոքրուց այցելել է Երևանի Սբ. Կաթողիկե եկեղեցին, ինչն էլ հետագայում նրա մոտ հետաքրքրություն է առաջացրել ուսումնասիրություններ սկսել և առաջինը հենց այդ եկեղեցու պատմությունից:

Բանախոսի խորհելու առիթ տվող հարցադրումներն ու մտքերն էին. «Ինչպիսի՞ քաղաքում ենք մենք ապրում, ի՞նչ կա մեր կողքին, որ չենք տեսնում և ինչո՞վ է հետաքրքիր Երևանը: Իներցիայով ընթացող մեր կյանքում տարիներ շարունակ տեսնում ենք այն, ինչն արդեն սովորական է դարձել: Բայց մեր քաղաքն ավելի հետաքրքիր է իր այն դրվագներով, որ առաջին հայացքից ոչինչ չեն ասում»:

Նարեկ Վան Աշուղաթոյեանը անհանգստացած է Հայաստանի հուշարձանների ճակատագրով. «Հարուստ հուշարձաններով մեր երկիրը խնդիր ունի. մշակութային մեծ արժեք ունեցող հուշարձանները ցաքուցրիվ են եղել՝ կտրվելով իրենց պատմական միջավայրից: Նորը ստեղծելով՝ ոչնչացվել է հինը: Չկա՛ որևէ դարաշրջանի ամբողջովին պահպանված որևէ հուշարձան, չկա՛ հին քաղաքի զարգացում»:

Երևանի պատմության հետքերով

Երևանին բնորոշ առավել վաղ շրջանը՝ դա վաղ միջնադարն է, թեև Երևանում ունենք մի շարք հնագիտական հուշարձաններ:

Ներկաները տեղեկացվեցին, որ Երևանում ոչ այդքան աղավաղված, կոնկրետ պատմական ժամանակաշրջան ներկայացնող երկու պատմական միջավայր կա՝ Կիևյան փողոցը և Կոնդ թաղամասը:

Երևան քաղաքի հուշարձանների ճարտարապետությունը բաժանվում է երկու մասի՝ մինչ Գառնիի 1679 թ-ի երկրաշարժը և դրանից հետո: Երևան քաղաքի եկեղեցիների հիմքերը հասնում են մինչև 6-7-րդ դար: Այդ մասին վկայում է պատմությունը, երբ Դվինի 607թ-ի ժողովին Երևանից երկու հոգևորական են մասնակցել, մեկը՝ Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցուց:

Երկրաշարժին հաջորդող տնտեսական ճգնաժամին են վերակառուցվել բավականին իրար նման Սբ. Պողոս-Պետրոս և  Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցիները: Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցին աչքի է ընկել իր որմնանկարներով, երկաթե դռնով:

Իսկ ավելի ուշ՝ բարենպաստ ժամանակաշրջանում, կառուցված Սբ. Կաթողիկեն իր ճարտարապետական նուրբ հորինվածքով տարբերվում է այս եկեղեցիներից:

Երևանի մի շարք եկեղեցիներ քանդվեցին 1930-ական թթ-ի սկզբին, երբ, հոգևորը բացառվելով, հաստատվեց Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը: Քանդվեց Գեթսեմանի մատուռը, ուր այսօր Օպերայի և բալետի ազգային թատրոնի շենքն է, Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցին՝ Մոսկվա կինոթատրոնի վայրում, Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին՝ Եղիշե Չարենցի անվան դպրոցի վայրում:

Բանախոսի ներկայացմամբ՝ մի քանի անգամ վերանորոգված  Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնի Սբ. Անանիայի մասունքներով, շենացվել են հետևյալ կաթողիկոսների՝ Սիմեոն Երևանցու և Մովսես Սյունեցու շրջանում: Հիշատակություն կա, որ Սբ. Զորավոր եկեղեցում է առաջին անգամ փորձարկվել սպիտակ մոմի արտադրությունը: Շարունակելով՝ նա նշում է. «Ոչ մի եկեղեցի, ինչպես նաև այս եկեղեցին պատահական տեղում չեն կառուցվել, հիմքերը նորից մեզ տանում են դեպի 6-րդ դար»:

Նարեկ Վան Աշուղաթոյեանը անդրադարձավ նաև Սբ. Հռիփսիմեի նմանողությամբ ժամանակին Դվինի կետրոնական հակաթոռ կաթողիկոսությունը ներկայացնող Ավանի տաճարի (6-րդ), Քանաքեռի մահարձանի (13-րդ դար), Կոզեռնի գերեզմանոցում գտնվող Հովհաննես Կոզեռնի մատուռի (18-րդ դար), Երևանում եղած ութ մզկիթների և Երևանի բերդի պատմություններին:

Երևանի աշխարհիկ հուշարձաններից ոչ վաղ միջնադարյան, այլ ուշ շրջանից պահպանվել են պատառիկներ: Որոնցից մեկը՝ խորհրդային շրջանում դեռևս գործող, Հրազդան գետի վրա գտնվող չորս թռիչքներով, տասնմեկ մետր բարձրությամբ, ութսուն մետր երկարությամբ Երևանի ամենամեծ Կարմիր կամուրջը, որ կապել է Էջմիածինը, Արգավանդը Երևանի հետ:

Բանախոսության ավարտին ներկաների խնդրանքով ցուցադրվեց Սբ. Կաթողիկե եկեղեցու մասին պատմող վավերագրական կարճամետրաժ ֆիլմը, որին հաջորդեցին թեմայի շուրջ ծավալված հարց ու պատասխանները:

«Ծիրանի մշակութային հանգոյց»-ի «Փրկե՛նք Յուշարձանները» ծրագրի շուրջ մի շարք հուշարձաններ են փրկվել և փրկվում են:

Դարերի պատմություն ունեցող աշխարհի հնագույն քաղաքներից Երևանը, ցավոք, այսօր մեզ չի ներկայանում իրեն հատուկ դիմագծով և հնապատկերով, ավելի վաղ կամ միջնադարյան ճարտարապետության մտքի նվաճումներով: Ուստի, անտարբեր չլինելով, փորձենք պահպանել և տեր լինել նրան, ինչն ունենք, իսկ դա միայն պատառիկներ են մեր ունեցած մեծ ժառանգությունից:

 

Կարինե Սուգիկյան

09.12.14
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․