Գրքեր

Ապաշխարության քարոզը

Մարդկության հոգևոր բոլոր նշանավոր առաջնորդներն ու մարգարեները ապաշխարության քարոզով են սկսել իրենց գործը: Անապատի և առանձնության մեջ նախ իրենք են ապաշխարության ենթարկվել, խորասուզվել են իրենց հոգու խորին խորանները, սրբություն սրբոցը, գտել են իրենց Աստծուն և Նրա պարգևած ճշմարտությունը և ապա հոգով վերածնված և մկրտված, հանդես եկել պատմության մեջ ներշնչված սրբազան առաքելությունը կատարելու, մյուսներին ևս հաղորդակից անելով իրենց գտած անմահական և երկնային գանձին: Այսպես էր և մեր կյանքի առաջնորդը՝ Հիսուս Քրիստոս: Անապատի մեջ, ըստ ավետարանական ավանդության, քառասուն օր և գիշեր ծոմապահությամբ, տքնությամբ և աղոթքով հաղթել էր չարին, ոչնչացրել նրա զորությունը և իջել Հորդանան՝ ներքին մկրտության հետ լվացվելու նաև սրբազան գետի ջրերի մեջ: Այս ամենից հետո միայն Նա հանդես է գալիս սկսելու Իր փրկչական գործունեությունն ու ավետարանական քարոզությունը, և առաջին խոսքը, որ դուրս է գալիս Նրա սուրբ և օրհնությամբ լի բերանից, ապաշխարության խոսքն էր:

Քրիստոնեական հին և նոր բոլոր եկեղեցիները Փրկչի կենդանի օրինակին և քարոզությանը հետևելով՝ ապաշխարության գաղափարը հոգևոր փրկության էական պայման են ընդունել և որոշ օրեր նշանակել այդ նպատակի համար: Արևելյան հին եկեղեցիների հետ հայոց եկեղեցին ևս քառասնորդական պահոց օրերը հատկացրել է ապաշխարության: Եկեղեցին իր սրտաշարժ հոգևոր երգերով, ընթերցվածքներով, արարողություններով հոտին ապաշխարության է հրավիրում, իհարկե ոչ այն մտքով, որ տարվա մնացած ժամանակը մեզ ազատ համարենք ամեն տեսակ մեղքեր և անիրավություններ գործելու՝ այն հույսով, թե ապաշխարության օրերին կհիշենք և թողություն կստանանք: Քրիստոնյայի կյանքը մշտական ապաշխարություն պիտի լինի իսկապես: Ապաշխարությունը որպես հոգեկան, ներքին գործողություն բխում է զղջացողի սրտից, ուրեմն և որոշ ժամանակ չի կարելի նշանակել և պահանջել, որ ապաշխարես: Ժամանակ կարելի է նշանակել արտաքին գործողության համար, բայց ոչ ներքին աշխարհի: Բայց և այնպես մի խորիմաստ կարգադրություն է մեր հայրերի կողմից, որ մեծի պահոց օրերը ապաշխարության են նվիրել: Առօրյա կյանքն իր բազմաբովանդակ պահանջներն ու զբաղմունքներն ունի, և եթե կյանքի ծանր հոգսերի բեռների տակ պարտազանց ենք գտնվել կամ հնարավորություն չենք ունեցել մեր ներքին աշխարհով զբաղվելու, ապաշխարության հատուկ օրերը պետք է հիշեցնեն մեզ մեր զանցառությունները: Ապաշխարությունը հոգևոր հաշվետվություն է մեր խղճի և Աստծո առաջ: Հաշվապահության կանոններից մեկն է տարեվերջին մատյանները քննության և ստուգության ենթարկել. այդպիսի ստուգության պիտի ենթարկենք այս ապաշխարության օրերում ոչ միայն մեր արտաքին գործողությունները, այլև նրանց ներքին ծածուկ շարժառիթներն ու պատճառները: Պետք է շտկենք մեր բարոյական թերություններն ու սխալները, եթե չենք կամենում պատասխանատվության ենթարկվել այն արդար դատավորի առաջ, որ քննել կարող է մեր սրտի և հոգու խորին խորհուրդներն ու գաղտնիքները:

Մարդկային բնությունն առհասարակ հակված է դեպի աշխարհայինն ու մարմնավորը, և այս հակումն է, որ մեր քայլերը դեպի մեղքն ու կորուստն է ուղղում: Մենք շատ հեշտությամբ ենթարկվում ենք ժամանակավոր հաճույքների և բավականությունների հրապույրներին, երբ մանավանդ ներքին, ընդդիմադիր բարոյական զորությունը անհաստատ է մեր մեջ: Ինչպես շրջմոլիկ հուրը փայլում է ճահիճների մեջ, այնպես էլ մարմնական հրապույրներն ու աշխարհային ցանկությունները գրավում են մեզ դեպի բարոյական կորուստը, որի ճանապարհը լայն է և ազատ: Մեկին հրապուրում է զգայական վայելքը, մյուսին երկրավոր բարիքն ու ստացվածքը, երրորդին փառքն ու պատիվը, և եթե թույլ ենք տալիս, որ այս զգացումները կատարելապես տիրապետող դառնան մեր հոգևոր աշխարհում, մեղքի շղթան արդեն պատրաստ է մեզ համար: Նյութական ամենայն հիվանդություն պետք է խեղդել իր սաղմի մեջ. նույն կանոնը պետք է գործադրենք նաև բարոյական հիվանդությունների դեմ. անփութության առաջին քայլերն իրենց հետևանքներն ու պտուղներն են տալիս և վարակիչ հիվանդության սաղմերը բազմանալով՝ հոգևոր մահ պատճառում:

Ապաշխարությունը հոգևոր բժշկության առաջին պայմանն է: Որովհետև ապաշխարել նշանակում է հետ դառնալ մարմնական հակումների թելադրած ճանապարհից և հոգևոր, փրկարար մի նոր ճանապարհ ընտրել, որ դեպի Աստված և Նրա սրբության խորանն է տանում: Ապաշխարել նշանակում է սրբել մեր մեղավոր միտքը, հոգին, նորոգվել ներքուստ: Ապաշխարության նպատակն է կյանքի ճահիճներից հանել մարդկանց, և նոր արարած շինել: Անընդհատ աշխատանք և տքնություն է հարկավոր այդ ներքին փոփոխությունը կամ վերածնությունը առաջ բերելու համար: Ապաշխարությունը և վերածնությունը հոմանիշ գաղափարներ են Ավետարանների մեջ, երկուսն էլ՝ միակ պայմանը նոր կյանքի և թագավորության քաղաքացիներ դառնալու համար: Պետք է խորասուզվենք մեր ներքին աշխարհի մեջ, վերլուծության ենթարկենք նրա շարժումներն ու ելևէջները և անողոք պատերազմ հրատարակենք մեր եսական, սիրո զգացմունքից զուրկ հակումների դեմ, որովհետև չարիքի բոլոր արմատը այդտեղ է, շատ խորը նստած մեր հոգու մեջ: Զորեղ է թշնամին և ներքին, ուստի և նրա դեմ պիտի զինենք մեր բարոյական բոլոր ուժերը: Արտաքին միջոցներն անզոր են նրան արմատախիլ անելու: Հին ճգնավորներն ու անապատականները փախչում էին աշխարհից՝ նրա ապականություններից ու մոլորություններից ազատ լինելու համար, ծեծում էին իրենց մարմինը, քաղցած և ծարավ էին մնում մարմինը ճնշելու և դրա հետ նրա մեղավոր հակումները խեղդելու նպատակով, բայց իզուր: Պատերազմը ներքին է և միայն ներքին զենքերով կարող ենք մաքառել հակառակորդի դեմ: Այս ներքին զենքը ապաշխարությունն է, զղջման և դարձի զգացումը, ինքնաքննադատության և ներքին հաշվետվության մի անընդհատ մարզություն, որ հետզհետե զորացնում է՝ իշխելու մեր վատ հակումների վրա, զսպելու և սանձահարելու մեր բարոյական թերությունների հակամետ բնությունը:

Ներքին պայքարի ժամանակ հաճախ զգում ենք մեր կամքի թուլությունը, մենք կցանկանայինք, որ անընդունակ լինեինք ստության, կեղծիքի, որ միայն բարին, վսեմն ու ազնիվը թագավորեր մեր սրտերում, մենք կկամենայինք, որ եսականն ու շահասիրականը, ընչաքաղցությունը, զգայական և աշխարհային վայելքի սերը բնավ տեղի չունենար մեր սրտում, որ մենք ուրիշ կերպ ստեղծված լինեինք՝ առանց մեղավոր հակումների, բայց մեր հոգու հատկությունների ավելի լուրջ և ուշադիր քննությունը համոզում է ընդհակառակը, որ լավագույնն այդ է: Դժվարությամբ և աշխատանքով ձեռք բերված բարիքն է գնահատելի, վտանգավոր պատերազմից իր քաջությամբ հաղթական դուրս եկած զինվորն է գովության արժանի: Հրեշտակային մաքրությունն իսկ գին չունի, եթե փորձության, տագնապների, տանջանքի բովից անցած չէ: Նավապետի հմտությունն ու ճարտարությունը փոթորկի ժամանակ է երևում:

Բարեբախտաբար մարդը բոլորովին անզոր չէ մեղքի և վատ հակումների զորության առաջ: Մեր մեջ կա նույնպես մի այլ հակադիր զորություն՝ բարու զգացում և խղճի ձայն: Մենք զգում ենք, թե ո՞րն է բարոյապես գեղեցիկն ու ճշմարիտը, մեր խղճի ձայնը անկաշառ և անողոք կերպով ազդարարում է մեր սխալներն ու հանցանքները. պետք է միայն նրան լսել և հնազանդվել սովորենք:

Բարու զգացումն ու խղճի ձայնը դատապարտության են ենթարկվում և նողկանք ներշնչում դեպի մեր եսականությունը և նրա հետ կապված բոլոր մեղավոր գործողությունները, մենք զգում ենք մեր տկարությունը և ապավեն ենք որոնում բարոյապես ավելի բարձր հեղինակությունների մեջ: Այս զգացումն էր, որ մեղավոր կնոջը Հիսուսի ոտքերը ձգեց, որ կեղեքող Զաքեոսին բարեգործ դարձրեց: Մենք ևս նրան պիտի դիմենք, մեր բարի նավապետին, կյանքի ալեկոծության ժամանակ, ինչպես ծովում խեղդվող Պետրոսը:

 

 

Գարեգին վրդ. Հովսեփյան

«Արարատ»-ի ժառանգությունը, Քարոզգիրք, Ա հատոր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2015թ.

31.03.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․