23 Հունվար, Գշ, Առաջավորաց պահքի Բ օր

Գրքեր

Ապրիլի 6-ը հռչակվեց համայնավարական բռնապետության տարիներին հալածված և նահատակված հոգևորականների հիշատակի օր

Ապրիլի 6-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում` Նահատակ հոգևորականաց հուշապատի առջև, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց հոգեհանգստյան կարգ համայնավար բռնապետության զոհ դարձած հոգևորականների համար:

Արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը ապրիլի 6-ը` Երանաշնորհ Տ.Տ. Խորեն Ա. Մուրադբեկյան Ամենայն Հայոց Հայրապետի նահատակության օրը, հռչակեց համայնավարական բռնապետության տարիներին հալածանքների ու աքսորի ենթարկված և նահատակված հոգևորականների հիշատակի օր:

Հոգեհանգստյան կարգին մասնակցում էին Մայր Աթոռի միաբաններ, պաշտոնեությունը և բարեպաշտ հավատացյալներ, ինչպես նաև բռնադատված եկեղեցականների ժառանգներ և հարազատներ:

Արարողության ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը օրվա խորհրդի շուրջ իր պատգամն ուղղեց ներկաներին:

«Աղոթական ոգով կատարեցինք համայնավարական բռնապետության տարիներին նահատակված մեր Սուրբ Եկեղեցու արժանավոր սպասավորների հոգեհանգստյան արարողությունը:

Մեր նահատակյալ հոգևորականների շարքում է նաև եկեղեցամարտ իշխանությունների կողմից բռնության ենթարկված ու սպանված Խորեն Ա Մուրադբեկյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը` դժվարին ժամանակներում հայոց հոգևոր կյանքի վերազարթոնքի համար անձնդիր ջանքեր ներդրած մեծանուն Հայրապետը, ում մահվան տարելիցն է այսօր:

Ոգեկոչման այս արարողությունը վերստին մեզ առիթ է ընծայում անդրադառնալու պատմության հոլովույթներում Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու կրած զրկանքներին ու փորձություններին, որոնց միջով անցնելիս մեր Մայր Եկեղեցին չի սասանվել, այլ հաստատուն քայլերով շարունակել է իր առաքելությունը մեր ժողովրդի կյանքում` շնորհիվ նվիրյալ սպասավորների կորովի ջանքերի ու սխրանքների: Երկնահաճո և ազգօգուտ ծառայությունը նորոգ ձեռքբերումներով զարդարելու վճռականությամբ լցված` հալածանքների ժամանակաշրջանում Տիրոջ արժանավոր սպասավորները ապրում ու գործում էին բազում արգելքների ու խոչընդոտների մեջ, առ Բարձրյալն աղոթքով, առ Քրիստոս մեր Տերը անբեկանելի հավատարմությամբ և լուսավոր գալիքի հույսով: Պատմական այդ ծանր շրջանում մեր հոգևորականներն իրենց կյանքը զոհեցին, որպեսզի անմար մնա հավատքի լույսը հայոց մեջ, շարունակվի մեր Սուրբ Եկեղեցու առաքելությունը և հավատավոր հայոց ազգին դեպի փրկություն և հավիտենություն առաջնորդելու ծառայությունը` համահունչ առաքելական խոսքին. «Ինչքան որ շատ բաժնեկից լինենք Քրիստոսի չարչարանքներին, նույնքան և Քրիստոսի միջոցով մեր մխիթարությունն էլ առավել կլինի. քանզի, եթե նեղություն ենք կրում, այդ՝ ձեր մխիթարության և փրկության համար է» (Բ Կորնթ. Ա 5-6):

Ի հեճուկս 20-րդ դարասկզբին հայ ժողովրդին պատուհասած ցեղասպանության, հընթացս որի նահատակվեցին նաև բազում հոգևորականներ, ստալինյան բռնապետության հալածանքներից ու եղեռնագործություններից ևս չընկճվեց եկեղեցականաց դասի աննկուն ոգին` վերստին ապացուցելով Տիրոջ հետևորդների կամքի հզորությունը և հավատքի մեծագույն ուժը:

Այդ եկեղեցականների լուսավոր կերպարը և անձնազոհության դրսևորումը վառ օրինակ է և ուսանելի մեր ժամանակի հոգևորականաց համար` հայոց ազգային-եկեղեցական անդաստանում նույն նախանձախնդիր ոգով ու գովարժան հանձնառություններով առավել արդյունազարդելու նվիրյալ ծառայագործությունը, արգասավորելու մեր Սուրբ Եկեղեցու պատմական առաքելությունը հայրենիքի և մեր ժողովրդի կյանքում:

Սիրելիներ, Մեր անձնազոհ հոգևորականների վառ հիշատակի առջև հարգանքով և խոնարհումով Հայոց երանյալ Հայրապետ Խորեն Ա Մուրադբեկյանի նահատակության օրը` ապրիլի 6-ը, հռչակում ենք համայնավարական աստվածամերժ բռնապետության տարիներին հալածանքների ու աքսորի ենթակված և նահատակված եկեղեցականների հիշատակի օր», - ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Ոգեկոչման արարողության առիթով Նորին Սրբությունը Հայրապետական իր գնահատանքն ու օրհնությունը բերեց նահատակված հոգևորականների հիշատակը հավերժացնող հուշապատի կառուցման բարերար Ալեքսանդր Տեր-Ավանեսովին (Մոսկվա, ՌԴ) և շինարար Գագիկ Գալստյանին, աղոթքով հիշեց հուշարձանի ճարտարապետ լուսահոգի Ջիմ Թորոսյանին:

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Երկնավոր Տերը անսասան պահի հայրենի պետությունը, Առաքելական Սուրբ Եկեղեցին և խաղաղ` հայոց աշխարհը:

06.04.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․