Գրքեր

Առանց Աստծո կամքի որևէ մեկը ո՛չ ծնվում է և ո՛չ էլ մահանում

Եկեղեցու հայրերը մերձավորին կորցրած անձանց հիշեցնում են հոգևոր այն մեծ մխիթարության մասին, որ կարող են ունենալ քրիստոնեական հավատի շնորհիվ, իսկ այդ հավատն ասում է, որ Աստված բոլորին կյանք և շունչ է տալիս, Նրանով է, որ մարդ ապրում է, շարժվում և կա (Գործք Առ. 17:25; 28), Տերն է սպանում և ապրեցնում, իջեցնում գերեզման և դուրս բերում այնտեղից (Ա Թագ. 2:6), նաև՝ «Չէ՞ որ երկու ճնճղուկ մեկ դահեկանի է վաճառվում, բայց նրանցից մեկն անգամ առանց ձեր Հոր գետին չի ընկնում. և ձեր գլխի մազերը բոլորն իսկ հաշվված են: Արդ, մի՛ վախեցեք, քանի որ բազում ճնճղուկներից լավ եք դուք» (Մատթ. 10:29-31): Աստվածաշնչյան այս մեջբերումները պարզորեն ցույց են տալիս, որ առանց Աստծո կամքի որևէ մեկը ո՛չ ծնվում է և ո՛չ էլ մահանում:  

Ավետարանական վերոնշյալ համարի հետ կապված եկեղեցու հայրերն ասում են, թե որքան չնչին գումար է մեկ դահեկանը, որի դիմաց վաճառում են երկու ճնճղուկ, բացի այդ այն, ինչ արժեք ունի, առանձին է վաճառվում: Աստված հոգ է տանում անգամ ամենափոքր թռչունին, որ մարդկանց համար որևէ արժեք չունի և նրանց կողմից մոռացված այդ թռչունը թանկ է Աստծո համար: Եթե փոքրիկ թռչունները, որ չնչին գումար արժեն ու չեն որսվում և Աստծո պահպանության ներքո են և նրանցից ոչ մեկը երկիր չի ընկնում առանց երկնավոր Հոր գիտության, ապա այս ամենը ցույց է տալիս Տիրոջ անսահման սերը մարդկանց նկատմամբ: Յուրաքանչյուր անձ բազմաթիվ թռչուններից ավելին արժե և եթե երկավոր Հայրը սիրում է մարդկանց այնքան, որ նրանց գլխի մազերը Նրա կողմից հաշվված են, ապա չպետք է վախենալ, քանի որ մարդկանցից յուրաքանչյուրը գտնվում է Նրա առանձնահատուկ պահպանության ներքո և այն ամենը, ինչ տեղի է ունենում նրա հետ, պատահում է ոչ այլ կերպ, քան Նրա գիտությամբ: Հայրաբանության մեջ նաև կարդում ենք՝ եթե մարդու գլխի մազերը հաշվված են Տիրոջ կողմից, առավել ևս կյանքի օրերը. «Եվ մի՛ վախեցեք, որ կմահանաք մինչ նախասահմանված օրը և հույս մի՛ ունեցեք, որ ձեր կյանքը թեկուզ մեկ օրով կերկարացնեք առանց Աստծո կամքի, Ով հաշվում է և ամեն ինչ գիտի: Այս ամենի գիտակցումը սովորեցնում է մարդուն խոնարհ լինել և Աստծո հանդեպ երկյուղ ունենալ: Եվ եթե ձեր գլխի մազերը հաշվված են, առավել ևս ձեր տառապանքները: Այսպիսով մի՛ վախեցեք, որ չափից առավել տանջվեցիք: Առավել քիչ վախեցեք, որ ձեր դժվարությունները կամ տառապանքները մոռացված և աննկատ կմնան Նրա կողմից, Ով տեսնում է ամեն ինչ: Այս ամենի գիտակցումը սովորեցնում է համբերատար լինել և վստահել բոլորի Արարչին և Նախախնամողին»: Մարդկանց հանդեպ Տիրոջ նախախնամության մասին է վկայում Նրա հետևյալ խոսքերը. «Նայեցե՛ք երկնքի թռչուններին, ո՛չ սերմանում են, ո՛չ հնձում և ո՛չ շտեմարանների մեջ ամբարում, և սակայն ձեր երկնավոր Հայրը կերակրում է նրանց: Չէ՞ որ դուք Աստծո աչքին թռչուններից գերազանց եք: Կամ հագուստի համար ինչո՞ւ եք մտահոգվում: Օրինա՛կ վերցրեք վայրի շուշաններից և տեսե՛ք, թե ինչպես են աճում. ո՛չ աշխատում են, ո՛չ հյուսում: Ուրեմն, եթե Աստված այդպես գեղեցիկ է հագցնում դաշտի միջի խոտին, որ այսօր կա և վաղը հնոց է նետվում, նրանցից շատ ավելի լավ չի՞ հագցնելու ձեզ, թերահավատնե՛ր» (Մատթ. 6:26; 28; 30):

Պետք է վստահորեն հավատալ, որ եթե Աստված մարդուց տանում է իրեն հոգեհարազատ մեկին, ապա դա միայն Աստծո մեծագույն սիրո արտահայտությունն է ինչպես մահացածի, այնպես էլ նրա հարազատների հանդեպ: Այդ պատճառով եկեղեցու հայրերը մատնանշում են՝ մի՞թե կարող ենք մտածել, որ Աստված չերկարացրեց մարդու կյանքը, եթե այն անհրաժեշտ լիներ թե՛ նրա և թե՛ հարազատների համար, կամ մի՞թե վերցրեց մեկի կյանքը, օրինակ՝ ժամանակ չտալով ապաշխարության, կամ որ ցավ պատճառի ննջեցյալի հարազատներին և ուրախանա նրանց արցունքներով: Անմտություն է այդպես մտածելը. Աստծո գթասրտությունն անսահման է և Նա է մարդկության սիրող Հայրը: Իրականում մարդը, ում մահը սգում են, եթե կենդանի մնար, կարող էր ենթարկվել ավելի մեծ դժբախտությունների, օրինակ՝ շարունակական ծանր հիվանդության, ինչի դեպքում մահը թե՛ նրա և թե՛ հարազատների համար մեծ բարիք կլիներ, կամ անզղջում սրտով մեղքերի մեջ ապրեր: Եվ Աստված, որ պարզորեն տեսնում է ինչպես ներկան, այնպես էլ ապագան, չի՞ ցուցաբերի մեծագույն սեր՝ ազատելով մարդուն տառապանքից և մեղքերի մեջ ընկնելու փորձությունից, ինչը զրկելու էր նրան հավիտենական երանությունից: Շատ ու շատ օրինակներ այս ամենն են ապացուցում. Սողոմոն արքան իր հոր՝ Դավթի գահին բազմեց մաքուր սրտով: Նա իր ծաղկուն տարիքում շատ իմաստուն էր, սիրում էր Աստծուն և հավատարմորեն հետևում էր հոր արդար ճանապարհին, սակայն ծեր տարիքում ընկավ ցանկասիրության մեղքի, իսկ հետո՝ կռապաշտության մեջ: Խոր անկում կարող են ունենալ անգամ ամենաիմաստուն մարդիկ: Այն, ինչ կատարվեց Սողոմոն արքայի հետ, կարող է կատարվել որևէ մեկի համար սիրելի անձի հետ, եթե Աստված նախապես չվերցնի նրան այս կյանքից՝ տեղափոխելով այլ կյանք: Այս պարագայում փրկարար և բարերար է, երբ Աստված մարդու հոգին իր մոտ է տանում՝ մինչ նա կկորցնի այն հավիտենական կյանքի համար: Այդ պատճառով պետք չէ տրտնջալ և մեղանչել Աստծո իմաստուն նախախնամության դեմ: Բացի այդ քրիստոնեական հավատը նոր մխիթարություն է բերում մարդուն՝ ասելով, որ ննջեցյալը ժամանակավոր է քնել և ընդմիշտ չի բաժանվել իր հարազատներից. «Հաստա՛տ իմացեք, կգա ժամանակ, և արդեն իսկ եկել է, երբ մեռելները կլսեն Աստծո Որդու ձայնը, և լսողները կապրեն» (Հովհ. 5:25): Քրիստոսի երկրորդ գալուստին բոլորը կրկին միմյանց կտեսնեն և որքան մեծ էր հարազատների միջև սերը, և որքան տխուր՝ նրանց ժամանակավոր բաժանումը, այնքան ավելի ուրախալի կլինի նրանց հանդիպումը:      

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

29.10.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․