Գրքեր

«Առանց Աստծո խոսքի կկործանվի ժողովուրդը»

Աստվածային ճշմարտությունը հոգու սնունդ է, առանց որի հոգին կմահանա: Այդ ճշմարտությամբ իրենց հոգին սնողներն սկսում են ոչ միայն այլ կերպ մտածել, այլ նաև այլ կերպ ապրել, կարողանում են հեշտությամբ հաղթահարել իրենց առջև ծառացած դժվարություններն ու փորձությունները: Սուրբ Գիրքը՝ որպես թանկարժեք անոթ, իր մեջ կրում է աստվածային անփոփոխելի ճշմարտությունը: Նա, ով փափագում է իր հոգին հագեցնել իրական ճշմարտությամբ, պետք է փութա դեպի այդ անոթը: Սուրբ Գիրք ունեցողը և չկարդացողը նման է այն մարդուն, ով, անոթի լինելով, չի օգտվում իր առջև դրված ճոխ սեղանից և ինքնակամ մատնում է իրեն հոգևոր և ֆիզիակական մահվան: «Առանց Աստծո խոսքի կկործանվի ժողովուրդը, քանզի նրա հոգին ծարավ է Նրա խոսքի և ամենայն գեղեցիկի ընկալմանը»,- ասել է ռուս հռչակավոր գրող Ֆ. Մ. Դոստոևսկին «Կարամազով եղբայրները» ստեղծագործության մեջ: Հոգու ծարավ ունեցողի համար Սուրբ Գիրքը վճիտ մի աղբյուր է, այն նաև կրակ է, որ մաքրագործում է սրտի անմաքրությունը, ջահ է, որ լուսավորում է շրջապատի մեղսալից խավարը:

Սուրբ Գրքի միջոցով Աստված է խոսում մեզ հետ: Ս. Պատարագի ընթացքում մարգարեական և առաքելական ընթերցումների ավարտին սարկավագը ձայնում է. «Ալէլուիա, օրթի», որով ազդարարվում է ոտքի կանգնել նախքան Ավետարանի ընթերցումը: Սարկավագը կրկին պատվիրում է. «Երկիւղածութեամբ լուարուք»: Իսկ հետո Սուրբ Ավետարանը ձեռքին, դառնում է դեպի ժողովրդի կողմը և հայտնում, թե որ ավետարանչից պիտի կարդա: Այս խոսքով հայտարարում է, թե Աստծունն է խոսքը և ոչ թե մարդունը, որի համար էլ մեծ երկյուղով պետք է լսել աստվածային պատգամները: Դպիրները, որպես ժողովրդի կողմից գոհունակության արտահայտություն, փառք են տալիս Աստծուն՝ ձայնելով. «Փա՜ռք Քեզ, Տէր Աստուած մեր»: Ժողովուրդը փառք է տալիս Աստծուն, որ արժանացնում է խոսել Իր հետ: Սարկավագը զգուշացնում է պատրաստակամ լինել աստվածային խոսքերը լսելու՝ ասելով. «Պռօսխումէ», այսինքն՝ ուշադրություն: Դպիրները պատասխանում են՝ «Ասէ Աստուած», այսինքն՝ պատրաստ ենք լսելու, թող խոսի Աստված: Այսպիսի երկյուղածությամբ են ունկնդրում Տիրոջ խոսքը Ս. Պատարագի մասնակիցները:

Աստծո խոսքը լսելուց զատ, հարկավոր է սրտով ընդունել այն և գործով արտահայտել: Մանկան դյուրահավատությամբ է անհրաժեշտ մոտենալ աստվածային ճշմարտություններին: Քրիստոսի առաքյալները, ի տարբերություն փարիսեցիների և օրենսգետների, անուս էին: Նրանք, հանուն Քրիստոսի, «թողեցին ամեն ինչ» (Մատթ. 19:27) և հետևեցին Նրան մանկան հավատով, խոնարհությամբ և սիրող սրտով: Առաքյալները գործով ապացուցեցին իրենց հավատարմությունը Քրիստոսի հանդեպ: Աստծո խոսքը բացահայտվում է մարդուն աստիճանաբար՝ հոգևոր աճին զուգընթաց: Ս. Իսահակ Ասորին  հորդորում է աղոթքով մոտենալ Ս. Գրքի խորհուրդներին. «Ս. Գիրքն ընթեցելիս մի կողմ թող չափն ու քանակը, թող քո միտքը թափանցի Ս. Հոգու խոսքերի ուսուցման մեջ, մինչև որ հոգիդ խոկումով առաջ շարժվի դեպի փառաբանություն կամ հոգեշահ տխրություն»: Սրբերն այնքան հաճախ էին կարդում Սուրբ Ավետարանը, որ նրանցից ոմանք անգիր գիտեին այն: 

Ֆրանսիական ակադեմիայի անդամ, տաղանդավոր բանաստեղծ Ֆրանսուա Կոպեն (1842-1908 թթ.) հրաշալի և անզուգական խոսքեր է ասել Սուրբ Գրքի մասին: Իր կյանքում կատարված մի դեպքի առիթով նա գրում է. «Մի անգամ մահվան հոտն առա. հանկարծ հոգումս ծագեց հանդերձյալ դատաստանի վախը և հավիտենական կյանքի ծարավը: Անմիջապես ձեռքս առա Աստվածաշունչը: Սկսեցի կարդալ ինչպես հարկն է՝ պարզ հավատավոր սրտով: Հանկարծ այս մեծ գրքի յուրաքանչյուր էջի, գրեթե յուրաքանչյուր բառի մեջ տեսա հավիտենական ճշմարտությունն իր փայլով: Այժմ ես խորապես հավատում եմ այս գրքում տեղ գտած բոլոր հրաշագործություններին: Այո՛, արդարև, Հիսուսը խուլին վերադարձրել է լսողությունը, կույրին՝ տեսողությունը, անդամալույծին՝ շարժունակությունը, մեռածներին՝ կյանքը… Ես կրկին հավատացի Քրիստոսին և ցանկանում եմ պահել այդ հավատը իմ սրտում: Ո՜վ խեղճ մարդ, մի՛ անսա նրանց, ովքեր ասում են, թե հավատը մեռած է: Բա՛ց արա Գիրքը և գնա՛ խաչի մոտ՝ Հիսուսի մոտ. այդժամ կգտնես հոգու հանգիստը»:

Եթե մարդկային միտքն ու խոսքն են ազդու, ապա որչափ առավել ևս Աստծո խոսքը: «Կենդանի է Աստծո խոսքը, ազդու և ավելի հատու, քան որևէ երկսայրի սուր, այն թափանցում է մարդու շնչի ու հոգու մեջ, մինչև ողնածուծը և քննում է մտածումներն ու խորհուրդները» (Եբր. 4:12):        

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

29.08.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․