Գրքեր

Առանց գործերի հավատը մեռած է

«Ինչպես որ մեռած է մարմինը առանց հոգու, այնպես էլ մեռած է հավատը առանց գործերի» (Հակոբոս 2:26):

Սիրելի՛ հավատացյալ զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու.

Ինչպես երեկ մեր եկեղեցում Երկրորդ Ծաղկազարդն էր, այնպես էլ այսօր, ըստ ավետարանական ընթերցվածքների, անիծված թզենու երկրորդ հիշատակության օրն է, ինչպես Մեծ պահքի Ավագ երկուշաբթի օրը: Այսօր նաև մեր եկեղեցում Սուրբ Մովսես Տաթևացու մահվան հիշատակության օրն է, այդ իսկ պատճառով Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ Մաշտոցյան Մատենադարանից Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի է բերվել Զորավոր Ավետարանը՝ ի բժշկություն, մխիթարություն, զորակցություն և օրհնություն հավատավոր մեր ժողովրդի:

Թզենու պատմությունը սովորեցնում է զգոնություն հավատքի մեջ: Տերն Իր տնօրինության երեք տարիների ընթացքում աշակերտներին Իր Աստվածությունը ցույց է տալիս պայծառակերպությամբ, ծովի վրա քայլելով, փոթորիկը հանդարտեցնելով, բժշկություններով, Ղազարոսին հարություն պարգևելով, Իր ծննդյամբ և հարությամբ, սակայն այս դրվագում է, որ Տերը՝ իբրև Դատավոր, դատաստան է տեսնում անպտուղ թզենու հետ: Այստեղ, երբ Տերն անիծում է թզենուն, մարդը զգաստանում և լրջանում է, որովհետև սկսում է քննել ինքն իրեն, իր հավատքը, իր գործերը:

Սիրելինե՛ր, մենք պետք է ուշադրություն դարձնենք ոչ միայն մեր խոսքերին, այլև մեր գործերին. «Օգուտն ի՞նչ է, եթե մեկն ասի, թե հավատ ունի, սակայն հավատն արտահայտող գործեր չունենա: Միթե հավատը նրան կկարողանա փրկել» (Հակոբոս 2:14): Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս Իր քարոզության ողջ ընթացքում սովորեցրեց մեզ գործուն հավատք և սեր ունենալ Աստծո և մարդկանց նկատմամբ: Հակոբոս առաքյալն ասում է, որ «եթե մի եղբայր կամ քույր մերկ լինեն կամ օրվա ուտելիքի կարոտ, և ձեզնից մեկը նրանց ասի՝ «Գնացե՛ք խաղաղությամբ, տաքացե՛ք և հագեցե՛ք» և դուք նրանց չտաք մարմնին անհրաժեշտ բաները, ի՞նչ օգուտ է: Նույնպես և հավատը, եթե նա գործեր չունի, առանձին մեռած է» (Հակոբոս 2:15-17): Քրիստոնյայի կյանքը չպետք է խոսք լինի, այլ գործ: Քրիստոնյան պետք է խոսի իր գործերով, այլապես անարժեք և սին կլինեն նրա խոսքերը: Մարդ կարող է խոսել ու քարոզել, ճառել և փիլիսոփայել հավատքի մասին, սակայն եթե գործեր չունենա, նրա հավատքը ունայն է: Անչափ կարևորում ենք ուշադրությունը հավատքի կյանքում, որ չընկնենք խոսքերի հետևից, սակայն մոռանանք գործել, տեսնենք ուրիշների մեղքերն ու անկումները, քննենք ու քննադատենք նրանց գործերի բացակայությունն ու սխալները՝ չտեսնելով մեր մեղքերը, մեր իսկ ունեցած բացթողումներն ու արատները: Քրիստոս ասում է. «Ինչո՞ւ քո եղբոր աչքի մեջ շյուղը տեսնում ես, իսկ քո աչքի մեջ գերանը չես տեսնում, կամ ինչպե՞ս քո եղբորն ասում ես՝ թող որ հանեմ այդ շյուղը, և ահա քո աչքում գերան կա: Կեղծավո՛ր, նախ հանի՛ր քո աչքից այդ գերանը և ապա հստակ կտեսնես քո եղբոր աչքից շյուղը հանելու համար» (Մատթեոս 7: 3-5):

Սուրբ Մովսես Տաթևացին, որի մահվան հիշատակության օրն է այսօր, ոչ միայն քարոզում էր, այլ նաև քրիստոնյայի իր ապրած կյանքով և գործերով մարդկանց մեջ հավատ էր արթնացնում առ Աստված: Մեծ է սուրբի գործունեության և քարոզչության աշխարհագրությունը՝ Սյունիք, Սպահան, Երևան, Էջմիածին: Նրա գործունեության և ծառայության մի հանգրվանն էր նաև Սուրբ Անանիայի վանքը, որը ծաղկեց նրա օրոք: Բոլոր վանքերում և եկեղեցիներում, ուր նա նշանակվում էր՝ իր ծառայությունը բերելու, ամենուր կարգավորում էր եկեղեցական ծիսակատարությունները: 1629 թվականից նա դառնում է ամենայն հայոց կաթողիկոս: Նրա հայրապետության ժամանակ մարվում են Սուրբ Էջմիածնի վրա դրված պարտքերը, բացվում են դպրոցներ, ծաղկում է վանական կյանքը, Սուրբ Էջմիածնում սկսվում են շինարարական աշխատանքներ: Նա մահանում է 1632 թվականին Սուրբ Անանիայի առաքյալի անապատում: Կաթողիկոսական գահին նստում է երեք ու կես տարի, բայց այդ կարճ ժամանակամիջոցում իր գործուն վկայությամբ ծաղկեցնում է հավատքի կյանքը: Նա հավատարիմ եղավ իր քարոզած գաղափարախոսությանը, քաջաբար և աննահանջ իրականացրեց իր առաքելությունը բոլոր այն եկեղեցիներում ու վանքերում, որտեղ բերեց իր հոգևոր սպասավորությունը: Նա զարթոնք բերեց եկեղեցական կյանքում, չվախեցավ և չսարսափեց իր շրջագայությունների ժամանակ՝ իբրև քրիստոնյա քարոզիչ, իբրև Քրիստոսի քաջարի զինվոր: Նրա կյանքն ու գործերը կենդանի խոսք են, որոնք միայն հիացմունք են առաջացնում:

Արդեն մի քանի տարի Սուրբ Մովսես Տաթևացու մահվան օրը Մատենադարանից մեր եկեղեցի է բերվում Զորավոր Ավետարանը: Երևանի Երկուերեսնի կոչվող եկեղեցու ավերումից հետո Ավետարանը բերվել է Սուրբ Անանիայի վանքը, որի տեղում այժմ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին է: Եվ այդ Ավետարանի անվամբ է մեր եկեղեցին ստացել իր Զորավոր անվանումը:

Ավետարանը 13-14-րդ դարերի ձեռագիր է, որը 14-րդ դարավերջին և 15-րդ դարասկզբին Հակոբ Երևանցու կողմից ընծայվել է Երևանի Երկուերեսնի եկեղեցուն, իսկ այստեղից էլ 18-րդ դարասկզբին այն հասել է Սուրբ Աստվածածին: Այնուհետև հանգրվան է գտել նաև Սուրբ Թադեոսի վանքում, 1911թ.՝ Սուրբ Էջմիածնում, 1939 թ.-ից՝ Մաշտոցի անվան Մատենադարանում:

Զորավոր Ավետարանը հայտնի է իր մեծաթիվ բժշկություններով: Նրա հրաշագործ զորությամբ բազմաթիվ մարդիկ են բժշկվել և ապաքինվել, որի հետ այսօր կարող եք դուք բոլորդ հաղորդակից լինել: Ինչպես Ավետարանը Աստծո կենդանի խոսքն է, այնպես էլ այս Զորավոր Ավետարանը՝ իր պարգևած բժշկություններով, Տիրոջ անսահման զորության, մեծ սիրո և մխիթարության կենդանի վկայությունն է:

Այս Զորավոր Ավետարանն իր բուժիչ հատկություններով մարդկանց առողջացնում է և ցնծություն պարգևում:

Նրանում մեկտեղվել են երկնային զորությունն ու օրհնությունը, մխիթարությունն ու բժշկությունը: Այն, որ Սուրբ Հոգին կարող է այս Ավետարանի զորությամբ մեզ պարգևել հոգևոր և ֆիզիկական առողջություն, պահանջում է ճշմարիտ և աներկբա հավատք:

Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ, բոլորիս մաղթում եմ, որ Զորավոր Ավետարանի հրաշագործ և խնդրակատար զորությամբ Տերը մեզ բոլորիս պարգևի հոգու մաքրություն ու անաղարտություն, մարմնավոր ախտերի և հիվանդությունների բժշկություն, մտքի պայծառություն ու անխռով սիրտ: Կառուցենք մեր հավատքի կյանքը մեր գործերով:

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

14.05.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․