Առավոտյան ժամերգություն | Aravotyan ժamergutyun



Գրքեր

Առավոտյան ժամերգություն

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում ժամերգություններից երկրորդը Առավոտյան ժամերգությունն է: Այն կատարվում է առավոտյան, «Ի դէմս Որդւոյն Աստուծոյ» և ամենօրյա է:

Ինչպես մյուս ժամերգությունները, Առավոտյանը նույնպես սկսվում է Տերունական աղոթքով: Այնուհետև անմիջապես հետևում է այս ժամերգության կորիզը. «Լցաք առաւոտու ողորմութեամբ քով, ցնծացաք և ուրախ եղաք զամենայն աւուրս կենաց մերոց», որին էլ հաջորդում է սաղմոսի մյուս հատվածը սարկավագի կողմից ասված. «Ուրախ եղաք փոխանակ աւուրցն՝ յորս խոնարհ արարեր զմեզ եւ ամացն՝ յորս տեսաք զչարչարանս:

Հայեա, Տէր, ի ծառայս քո եւ ի գործս ձեռաց քոց, և առաջնորդեա որդւոց նոցա, եղիցի լոյս Տեառն Աստուծոյ ի վերայ մեր:

Զգործս ձեռաց մերոց ուղիղ արա ի մեզ, Տէր, և զգործս ձեռաց մերոց յաջողեա մեզ» (Սաղմոս 89:14-17):

Ժամօրհնողն ասում է. «Փառք Հօր»-ը, իսկ սարկավագը՝ «Այժմ եւ միշտ…Եւ ևս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք…»-ը, իսկ հետո ժամօրհնողն՝ «Օրհնութիւն եւ փառք Հօր…»-ը:

Առավոտյան ժամերգությունը Քրիստոսի հարության և փրկագործության խորհուրդն ունի, որովհետև այդ ժամին Նա երևաց յուղաբեր կանանց և լցրեց նրանց խնդությամբ: Ուստի և մենք, առավոտյան աղոթքի սկզբում, ի նշան ուրախության ենք ասում սաղմոս 89-րդ գլխի 14-17 համարները:

Սաղմոսին հաջորդում է «Երից մանկանց» Օրհնությունը (Դանիել 3:26-86), որը սկսում է «Օրհնեալ ես Տէր Աստուած հարցն մերոց»-ով: Երեք մանուկների երգը կամ Հարց (Հարց նշանակում է հայրերի) կոչված շարականը արտահայտում է օրվա խորհուրդը: Ինչպես մանուկները Նաբուգոդոնոսոր արքայի պատկերին չերկրպագելու համար նետվեցին կրակի հնոցի մեջ և Բանն Աստված, իջնելով այնտեղ, փրկեց նրանց այրվելուց, այնպես էլ մենք, ամեն առավոտ հարց շարականը երգելով, հայցում ենք Տիրոջից, որ փրկի մեզ մեղքի կրակից: Հարցը միևնույն ժամանակ Ադամի ազատության խորհուրդն ունի:

«Հարց» շարականին հաջորդում է «Եկեալքս» քարոզը, որը երեք մանուկների ազատության խորհուրդն է պարունակում իր մեջ և որով կոչ է արվում եկեղեցում գտնվողներին խնդրել Միածնից լուսավոր և սուրբ պահի մեր մտքերը, որպեսզի չխաբվենք մեղքերից և աշխարհի ցանկություններից՝ ստանալու համար լույսի և կյանքի պսակը:

Քարոզին հաջորդում է մաղթանք:

Առավոտյան ժամերգությանը երգում են «Մեծացուսցէ»-ն (Ղուկաս 1:47-55), որին կցված են Զաքարիայի օրհներգությունը (Ղուկաս 1:68-80) և Սիմեոն ծերունու աղոթքը (Ղուկաս 2:29-32): Մեծացուսցէ շարականները Հիսուսի ծննդյանն են վերաբերում և գովերգում են Փրկչի հրաշափառ Ծնունդը:

Գրիգոր Է Անավարզեցի կաթողիկոսը (1293-1307թթ.) «Մեծացուսցէ»-ն դարձնում է ամենօրյա՝ գրելով բազմաթիվ մեծացուսցէ շարականներ, որոնք հետագայում դուրս մնացին շարակնոցից և կանոնի մեջ չմտան:

Բացի կիրակի օրվանից «Մեծացուսցէ» շարականին հաջորդում է «Սուրբ զԱստուածածինն» քարոզը և «Ընկալ, Տէր, զաղաչանս մեր» աղոթքը, ապա՝ Սաղմոս Ծ-ն «Ողորմեա ինձ, Աստուած…», իսկ կիրակի օրերին՝ քարոզ Յուղաբերիցի «Վասն սուրբ տեղւոյս»-ը համապատասխան եղանակով: Այս քարոզով սկսում է Առավոտյան

ժամերգության մաս կազմող Յուղաբերից կարգը: Այս կարգը հատուկ է միայն կիրակի Հարության օրերին: Որովհետև Քրիստոս այս ժամին յուղաբեր կանանց երևաց և Իր հարությունն ավետեց, ուստի Յուղաբերից կարգը կատարվում է «ի փառաբանութիւն սուրբ Յարութեան»: Ինչպես նշվեց կարգը սկսվում է «Վասն սուրբ տեղւոյս շինութեան» քարոզով, շարունակվում է «Եղիցի անուն Տեառն օրհնեալ» երգով, որին հաջորդում է օրվա Յուղաբերից Ավետարանը: «Յուղաբերից» կոչված Ավետարանը իր մեջ ամփոփում է Հարության, Տաճարի, Հանգստյան, Բժշկության, Խաչելության, Թաղման, Դռնբացեքի և այլ պատշաճի ավետարաններ:

Յուղաբերից Ավետարանը Հիսուսի թաղման և հարության խորհուրդն ունի: Այն խորանից դուրս բերելը Հիսուսի գերեզմանն է խորհրդանշում, երկու վառած մոմերը՝ երկու հրեշտակներին, իսկ խունկը՝ Քրիստոսի անուշահոտությունը, որ հարությունից հետո տարածվեց ամենուր Ավետարանի քարոզությամբ: «Զուարճացեալքս» քարոզով և «Ամենակեցոյց ճշմարիտ…» աղոթքով փակվում է «Յուղաբերից» կարգը:

Կիրակի օրերին «Յուղաբերից» կարգին, իսկ մյուս օրերին «Մեծացուսցէ»-ին հաջորդում է «Ողորմեա»-ն, որը նախկինում երգվում էր «Հարց»-ից հետո: Հարության ուրախությունից հետո 50-րդ սաղմոսը մարդուն հիշեցնում է իր մեղանչական վիճակը: «Ողորմեա»-ն երգում ենք և ապաշխարությամբ մեր մեղքերը քավում, որպեսզի սրբությամբ ու արդարությամբ պաշտենք Տիրոջը:

«Ողորմեա» շարականին հետևում է «Երկրպագեմք Քեզ Տէր Աստուած մեր» քարոզը: Այս քարոզը այն երեք քարոզներից մեկն է (մյուս երկուսն են Սբ. Պատարագի «Գոհութիւն»-ը և երեկոյան «Հասեալքս ի ժամ երեկոյիս»-ը), որ ասվում է աղոթքի ձևով ի տարբերություն մյուս քարոզների, որոնք ավելի շատ ունեն հրամայականի նկարագիր:

«Ողորմեա»-ից հետո «Տէր յերնից»-ը կարգվեց, որպեսզի մեղքերի թողություն ստանալուց հետո ուրախությամբ օրհնաբանենք Աստծուն:

Այնուհետև մեծ հանդիսավորությամբ և ծնծղաներ հնչեցնելով փառաբանում ենք Աստծուն՝ երգելով «Փառք ի բարձունս»-ը: Երգի առաջին պարբերությունը առաջինը երգել են հրեշտակները Քրիստոսի ծննդյան ժամին (Ղուկաս 2:14): Շարունակությունը, ըստ ավանդության, ավելացվել է առաքյալների կողմից: Առաքելական ծագում ունեցող այս փառաբանությունը գործածում են բոլոր քրիստոնյա եկեղեցիները:

Երգից հետո ժամօրհնողի կողմից արտասանվում է «Փառք, պատիվ» բառերով սկսվող մաղթանքը:

«Փառք ի բարձունս»-ին հաջորդող երգերը, քարոզներն ու աղոթքները երեք տեսակի են՝ տերունական, սրբոց և պահոց:

Առավոտյան ժամերգության քարոզներից՝ «Ասասցուք» քարոզով աղոթում ենք աշխարհի, Հայոց հայրապետի, թագավորների, գերյալների, ճանապարհորդների և նավորդների համար, ինչպես նաև պտուղների առատության, հիվանդների, վշտացյալների, անօրենների ձեռքը ընկածների, մեռածների ու կենդանիների փրկության համար:

Բոլոր քարոզներին հաջորդում է «Գոհանամք զքէն» աղոթքը: Աղոթքով գոհություն ենք հայտնում Աստծուն երևելի լույսի համար, խնդրում իմանալի լույսը, որպեսզի լուսավորված մտքով կարողանանք հասնել հավիտենական կյանքին:

Քրիստոնյա եկեղեցու ամենահին և կարևորագույն երգերից է «Սուրբ Աստուած»-ը, որ կոչվում է նաև «Երեքսրբեան» երգ: Երգում ենք ի դեմս Որդւոյն Աստուծոյ՝ իբրև նշան մեր երախտագիտությունը դեպի Նա: Ըստ ավանդության՝ Հովսեփ Արիմաթացին, երբ Քրիստոսի մարմինը խաչից իջեցրեց՝ երգեց. «Սուրբ Աստուած, սուրբ եւ հզօր, սուրբ եւ անմահ, որ խաչեցար վասն մեր ողորմեա մեզ», և սուրբ մարմինը դրեց գերեզմանի մեջ: Հայ եկեղեցին նույն հնավանդ ձևով երգում է մինչև այժմ, տերունական տոներին հարմար փոփոխելով որ խաչեցար բառերը, ծննդյան տոնին՝ որ ծնար, հարության տոնին՝ որ յարեար և այլն:

Հայ եկեղեցում «Սուրբ Աստուած»-ը օրը երեք անգամ երգելը սահմանել է Հովհան իմաստասեր կաթողիկոսը: Երեք անգամ երգելուց հետո երգում ենք «Փառաւորեալ»-ը՝ բարեխոս ունենալով Սուրբ Մարիամ Աստվածածնին: «Փառաւորեալ»-ը ասել է Թովմաս առաքյալը Տիրամոր թաղման ժամանակ:

Առավոտյան ժամերգության վերջավորության երգերից «Արարչական»-ը գրել է Սբ. Ներսես Շնորհալին 12-րդ դարում: Այդ երգը արարչագործության պատմությունն է ներկայացնում, որով մենք հիշում ենք Աստծո ամենակարողությունը: Բաղկացած է 36 տներից, գրված հայոց այբուբենի հերթականությամբ: Յուրաքանչյուր տուն սկսում է այբուբենի հերթական տառով: Բաժանված է 6-ական տների՝ յուրաքանչյուր օրվա համար:

Առավոտյան ժամերգության վերջում արձակման կարգը կատարվում է ըստ տերունի, սրբոց և պահոց օրերի՝ որդեգրելով սաղմոս-շարական-քարոզ-մաղթանք ձևը:

Վերջում «Հայր մեր»-ն է ասվում, ապա քահանան օրհնելով ժողովրդին, արձակում է խաղաղությամբ:

 

Օգտագործված գրականության ցանկ՝

1. «Ժամագիրք Հայաստանեայց Սուրբ եկեղեցւոյ», Անթիլիաս, 1986թ.

2. Մաղաքիա արք. Օրմանյան, «Ծիսագիտութիւն Հայաստանեայց Սուրբ եկեղեցւոյ», Երուսաղեմ, 1977թ.

3. Հայ եկեղեցու ժամերգությունները, Աշխատասիրությամբ Հրայր սրկ. Խաչատրյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 1999թ.

4. Անդրանիկ ծ.վրդ. Կռանեան, «Հայ ծիսական պաշտամունքը», Պեյրութ, 2001թ.

5. Խ. Հ. Պալյան, «Ժամակարգությունք Հայաստանյայց Առաքելական Սբ. Եկեղեցու», Երևան, 2005թ.

6. Մեկնություն ժամակարգության, Աշխատասիրությամբ Արամ Դիլանյանի, Սբ. Էջմիածին, 1997թ.

7. Կարգ աստուածպաշտութեան Հայաստանյայց Ս. Եկեղեցւոյ (դասագիրք թեմական և ծխական հոգևոր դպրոցների համար), Կազմեց Գիւտ աւագ քահանայ Աղանեանցը, Թիֆլիս, 1902թ.

8. «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002թ.:

 

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

18.03.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․