Գրքեր

Արևելքի խորհուրդը քրիստոնեության մեջ

Հայկական բոլոր եկեղեցիները կառուցվում են արևելյան ուղղվածությամբ: Եկեղեցիների խորանները գտնվում են արևելյան կողմում: Քրիստոնյաները թե՛ եկեղեցում և թե՛ տանը աղոթում են դեմքով դեպի արևելք: Եկեղեցում, երբ հրաժարվում են սատանայից, այսինքն՝ մեղքերից հավատքի դառնալու համար շրջվում են դեպի արևմուտք, իսկ Աստծուն խոստովանելիս՝ դեպի արևելք: Քրիստոնյայի համար մահվանից հետո էլ արևելքը չի կորցնում իր խորհուրդը, քանի որ ննջեցյալին թաղում են դեմքով դեպի արևելք, և հանգուցյալի հոգին հրեշտակները տանում են արևելքի կողմը:

Ինչո՞ւ արևելք, ի՞նչ հոգևոր խորհուրդ և իմաստ ունի այն քրիստոնյաներիս համար:

Ծննդոց գրքում կարդում ենք, որ «Աստված դրախտ տնկեց Եդեմում՝ արևելյան կողմը, և այնտեղ դրեց իր ստեղծած մարդուն» (Ծննդոց 2:8): Ուստի դեպի արևելք նայելով և աղոթելով՝ քրիստոնյաները փափագում են այն դրախտային կյանքը, որից զրկվեցին մեղքի պատճառով: «Աղոթքի ժամանակ մենք նայում ենք դեպի արևելք, սակայն քչերը գիտեն, որ մենք սրանով նաև փնտրում ենք հին հայրենիքը՝ Դրախտը, ինչը «Տերը տնկեց Եդեմում, արևելքում»» (Творения Василия Великого, часть III, глава 27, О Святом Духе, Москва 1993):

Իսկ եկեղեցում սատանայից հրաժարման ընթացքում արևմուտք դառնալը բացատրվում է նաև հետևյալ կերպ. որքան արևմուտքը հեռու է արևելքից (Սաղմոս 102:12), այնքան էլ հավատացյալը պետք է հեռու լինի սատանայական հնարքներից, նրա զազրագործություններից, խաբեություններից և մտքի արթնությամբ պետք է ամեն օր զգայուն լինի նրա որոգայթից, խոսքով, գործով և խորհրդով: «Հնազանդվեցե՛ք ուրեմն Աստծուն և դիմադրեցե՛ք սատանային, ու նա կփախչի ձեզանից: Մոտեցե՛ք Աստծուն, և Նա կմերձենա ձեզ»,- պատվիրում է Հակոբոս  առաքյալը (Հակոբոս 4:7-8):

Դեմքով դեպի արևելք աղոթելով՝ խնդրում ենք, որ արդար Արեգակի լույսը ծագի մեզ վրա: Արեգակի ծագելը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսին և Նրա լույսը: Ղուկասի Ավետարանում կարդում ենք. «Քանզի Աստված Իր գթառատ ողորմությամբ իբրև Արեգակ՝ երկնքից պիտի ծագի մեզ վրա» (Ղուկաս 1:78): Մեր խավար միտքն ու հոգին լուսավորվեց իմանալի Արեգակի՝ Հիսուս Քրիստոսի լույսով: Հիսուս Քրիստոսով մարդկությունը փրկվեց խավարից, որի մեջ գտնվում էր նախահոր մեղանչումով: Նա մշտապես մեզ լուսավորում է: Եվ Քրիստոս ոչ միայն լուսավորեց, այլև իմաստավորեց մեր կյանքը:

Տիրոջ Երկրորդ փառավոր ու հրաշափառ գալուստը արևելքից է լինելու: Այս մասին Մատթեոս ավետարանիչը գրում է. «Մարդու Որդին գալու է կայծակի նման, որը երբ փայլատակի, պիտի լուսավորի ամբողջ երկնակամարը՝ արևելքից արևմուտք»: Իսկ Սբ. Գրիգոր Տաթևացին իր «Գիրք Ձմեռան» հատորում նշում է. «Դառնում ենք դեպի արևելք, քանի որ Դրախտը, որտեղից վտարվեց մարդկային էակը, գտնվում է արևելքում: Եվ նորից սպասում ենք, որ մեր Փրկիչը կգա արևելքից» (Կ. Պոլիս, 1740թ.):  

Սբ. Գրքի հիման վրա կատարված հնագիտական ուսումնասիրությունները փաստում են, որ Հայաստանի տարածքը բուն Արևելքն է՝ արևի ծագման վայրը և անվանվում է «Արևելք»՝ որպես տեղանուն և ո՛չ որպես աշխարհագրական դիրք՝ այլ երկրների նկատմամբ:

Ըստ Սբ. Գրիգոր Տաթևացու՝ Արևելք են անվանում Հայաստանը, քանի որ. «Այս կողմում է գտնվում Աստվածատունկ Դրախտը: Այս կողմից են շարժվում լուսավորները՝ սկսելով իրենց ընթացքը, որոնք Մեծ Լույսի ծագման կարապետներն են: Քանզի Արդարության Արեգակ Քրիստոս հայրական փառքով և աստվածագումար դասով, կարապետված Աստվածային Նշանով՝ այստեղից է գալու ըստ Տիրոջ»:

Հայաստանը, լինելով առաջին արևածագի վայրը, դարձավ նաև հոգևոր Արևելք. Աստծո կամոք լուսավորվելով Սբ. Գրիգոր Լուսավորչի քարոզներով՝ աշխարհում առաջին քրիստոնյա երկրի պատիվն ստացավ:

Այնպես որ, դեպի արևելք աղոթելը մեր սրտի և հոգու վրա մեծ ազդեցություն ունի և մեր մեջ արթնացնում է հոգևոր ու սրբազան ապրումներ, որի շնորհիվ մեր աղոթքն առանձնահատուկ խորություն է ձեռք բերում:

 

Օգտագործված գրականության ցանկ՝

  1. Շենուդա III, «Բողոքականների մոլորությունները»,
  2. Աշոտ դպիր Արևշատյան, «Հայաստան. արարչագործությունից մինչև Երկրորդ գալուստ», հատոր Ա, Երևան, 2015թ.
  3. Աստվածաշունչ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 1994 թ.:

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը

27.05.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․