Գրքեր

Արիության և համբերության մասին

Ոմն եղբայր հարցրեց հայր Մակարիոսին և ասաց. «Ի՞նչ են քաջությունն ու աղոթքը, հա՛յր»: Ասաց ծերը. «Քաջությունն ու աղոթքն այն են, երբ մեկը հաղթում է ամեն տեսակ փորձություննե­րի, որոնք գալիս են նրա վրա թե՛ դևերից, թե՛ մարդկանցից, ինչպես գրված է. «Համբերելով համբերեցի Տիրոջը, և նա լսեց իմ աղոթքները» (Սաղմ. ԼԹ 2): Քանզի բարի են աղոթքները, բարի է և փորձություն­ներին համբերելը, որպեսզի Տերը օգնի մեզ, և ձեռնամուխ լինենք բարի գործերի, քանի որ կրոնավորին խորթ է եղբոր վրա բարկանա­լը, խորթ է նաև ընկերոջը տրտմեցնելը, այլ պետք է նախ անել և հետո՝ սովորեցնել: Եվ պարտ է ունենալ կատարյալ խոնարհություն` ըստ առաքյալի, որ ասում է. «Առակ ու նշավակ եղանք ողջ աշխար­հին» (Ա Կորնթ. Դ 13), և թե` «Մենք հիմարներ, իսկ դուք` իմաստուններ, մենք անարգներ, իսկ դուք` փառավորներ» (Ա Կորնթ. Դ 10). արդ, դրա համար էլ պետք է խնդանք` մինչ անարգվում ենք, և միշտ փրկու­թյուն համարենք վշտերն ու և տուժանքները, որ հանուն Աստծո են գալիս մեզ վրա: Եվ ինչպես Պետրոս առաքյալն է ասում. «Եթե ար­համարհվեք Քրիստոսի անվան համար, երանելի եք դուք, և Աստծո Հոգին է բնակված ձեր մեջ» (Ա Պետ. Դ 14): Ուրեմն, եթե դա այդպես է, ապա պետք է ցնծանք, երբ արհամարհված լինենք Տիրոջ անվան հա­մար, ինչպես ասվում է. «Ուրախանում էին, երբ Տիրոջ անվան համար անարգվում էին» (Գործք. Ե 41): Չգիտե՞ք, որ որդիները պարտավոր են հայրերին նմանվել. նույնպես և մենք պետք է նմանվենք Քրիստոսի առաքյալներին, ովքեր Ավետարանով ծնեցին մեզ: Եվ եթե նրանց որ­դիներն ենք, պարտավոր ենք նաև գործերով նրանց նմանվել, քանզի երբ նրանք անարգվում էին, ուրախանում էին, երբ զրպարտվում էին, մտքով չէին սասանվում, և երբ լսում էին հրեաներից, թե սրանք իրենց աղանդներով ու դյութանքներով ամբողջ աշխարհը խառնեցին, այս ամենից ոչ միայն չէին տրտմում, այլև ուրախանում էին և անիծող­ ներին՝ օրհնում: Եվ այս ամենը գրվեց նրա համար, որ ընթերցենք և նրա՛նց նմանվենք, և երբ հանդիպեն մեզ չարիքներ կամ անարգանք, երբ տուժենք, ծեծվենք կամ զրպարտվենք, կամ սուտ վկայություններ լինեն մեր դեմ, այս գիտությամբ և հույսով ցնծանք ամբողջ սրտով՝ իբրև բազում պատիվներ շահած, որով արժանի լինենք հաղորդակից լինելու առաքյալների, մարտիրոսների և բոլոր հայրերի ճգնություն­ներին: Եթե վշտերին հաղորդակից լինենք, փառքին էլ հաղորդակից կլինենք: Սրանք պարտավոր է գործադրել ամեն մի քրիստոնյա, քան­զի սա համընդհանուր օրենք է, որպեսզի աշակերտները լինենք սրանք քարոզողների: Առավել ևս կրոնավորները, որոնք աղքատ են և կամո­վին հրաժարված են աշխարհից և նրա բոլոր գործերից, պարտավոր են անել այդ»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

01.03.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․