Գրքեր

Արիության և համբերության մասին

«Եթե բնակվելու լինես միաբան եղբայրների հետ,– ասաց հայր Սիսոն,– տեղդ մի՛ փոխիր, որովհետև եթե փոխես, խիստ կվնասվես, ինչպես, թռչունը, որ եթե թողնի խակ ձվերը, դրանցից ձագեր չի հա­նի: Նույնպես և ծերը՝ տեղ փոփոխելուց կցամաքի հավատից և ուխ­տից: Բազում են թշնամու որոգայթները. եթե չկարողացավ աղքա­տությամբ որսալ հոգին, հարստության ցանցերն է դնում նրա առջև. եթե անարգությամբ ու պատկառանքով չկարողանա սայթաքեցնել, գովեստներն ու փառքն է դնում որոգայթ. եթե հաջողություններից չհաղթվի, ցավեր ու հիվանդություններ է բերում. իսկ եթե որկրա­մոլությամբ չկարողանա բռնել, սնափառ պահքերով կորսա հոգին և վրան կթափի ցավեր ու հիվանդություններ, սով ու ծարավ, որպես­զի հոգին դատարկի Աստծո սիրուց: Ուրեմն, եթե մեղավոր լինես, և այս ամենը պատահի քեզ, հիշի՛ր ահռելի տանջանքներն ու անաչառ դատավորին, երբեք մի՛ հուսահատվիր, այլ ցնծա՛, որ այստեղ Աստ­ված կամեցավ ջնջել քո մեղքերի սպիները, և սաղմոսի՛ր. «Խրատելով պատժեց ինձ Տերը, սակայն չմատնեց մահվան» (Սաղմ. ՃԺԷ 18), եր­կաթ լինելով` հրով սրբի՛ր դու քո ժանգը: Իսկ եթե արդար լինես, և ինչ­ինչ ցավեր պատահեն քեզ, մեծամեծ և գերագույն բարիքների կհասնես: Ոսկի լինելով՝ ինքդ հալածիչների հրով կմաքրես այն աղ­տերից. թեկուզ և մարմնիդ հարվածի սատանայի հրեշտակը, ուրա՛խ եղիր, որովհետև Պողոսի վիճակին դու հասար (Բ Կորնթ. ԺԲ 7): Եվ որով­հետև հրով փորձվեցիր և փորձանքներով մաքրվեցիր` ըստ գրվածի. «Անցանք մենք հրի և ջրի միջով, և քո հանգստի մեջ հանեցիր մեզ» (Սաղմ. ԿԵ, 12), ու թե առաջինի մեջ եղար, կմնաս նաև երկրորդի մեջ: Սակայն դու առաքինությո՛ւն գործիր, և ողորմություն կգտնես, ինչ­պես և գրված է. «Աղքատ և տնանկ մարդ եմ ես» (Սաղմ. ԼԹ 18, ԿԹ 6), որպեսզի կրկնապատիկ վշտերի դիմաց նաև կրկնապատիկ հատուցում ստանաս Քրիստոսի շնորհներով»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

13.03.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․