Առողջ դատողությունը հոգևոր կյանքի մեջ է | Aroghj Datoghutyuny Hogevor Kyanqi Mej E



Գրքեր

Առողջ դատողությունը հոգևոր կյանքի մեջ է

- Հա՛յր, առողջ դատողությունն ի՞նչ տեղ է գրավում հոգևոր կյանքում:

- Ո՞ր առողջ դատողությունը: Աշխարհի՞կը: Նման առողջ դատողությունը ոչ մի տեղ էլ չի գրավում հոգևոր կյանքում*: Հոգևոր կյանքում հրեշտակներն ու սրբերը պատուհանից քեզ մոտ են գալիս, դու նրանց տեսնում ես, խոսում նրանց հետ, հետո նրանք հեռանում են: Եվ եթե ցանկանաս նման իրադարձությունները առողջ դատողության միջոցով հետազոտել, ապա ոչինչ չի ստացվի: Ցավոք, բազմապատկված գիտելիքների մեր դարաշրջանում միայն առողջ դատողությանը վստահելը հավատքն իր հիմքից տեղաշարժել է, և մարդկանց հոգիները կասկածներով և հարցականներով լցրել: Եվ այդ պատճառով էլ մենք մեզ զրկել ենք նաև հրաշքներից, քանի որ հրաշքը փորձով է վերապրվում, այլ ոչ թե առողջ դատողության միջոցով բացատրվում: Ընդհակառակը, Աստծո հանդեպ ունեցած հավատը աստվածային ուժը դեպի երկիր է գրավում և գլխիվայր շրջում մարդկային բոլոր մտահանգումները: Հավատը հրաշքներ է գործում, մեռելներին հարություն տալիս և գիտությանը թողնում զարմանքից բաց բերանով: Եթե կողքից նայենք, ապա հոգևոր կյանքի բոլոր երևույթները առողջ դատողությունից զուրկ են թվում: Եթե մարդն իր աշխարհիկ իմաստակությունը վայր չդնի, հոգևոր մարդ չդառնա, ապա անհնար կլինի հասկանալ տարօրինակ, անտրամաբանական թվացող աստվածային խորհուրդները: Յուրաքանչյուր ոք, ով կարծում է, թե կարող է աստվածային խորհուրդները ճանաչել արտաքին գիտական տեսությունների օգնությամբ, նման է այն անմիտին, ով ուզում է դրախտը աստղադիտակով տեսնել:

Առողջ դատողությունը շատ է վնասում, եթե որևէ մեկն ուզում է դրա միջոցով հետազոտել այն, ինչ աստվածային շրջանակին է վերաբերում՝ Խորհուրդներ, հրաշքներ: Կաթոլիկներն իրենց «առողջ դատողությամբ» այնտեղ են հասել, որ Սուրբ Հաղորդությունը լաբորատորիայում քիմիական անալիզի են ենթարկել, որպեսզի տեսնեն արդյո՞ք դա Քրիստոսի Մարմինն ու Արյունն է, իսկ սրբերը [միայն] հավատի միջոցով Մարմինն ու Արյունը հաճախ են տեսել Պատարագի ժամանակ: Շուտով սրբերին էլ ռենտգեն հետազոտության կուղարկեն, որպեսզի համոզվեն նրանց սրբության մեջ: Կաթոլիկները իրենցից մի կողմ են նետել Սուրբ Հոգին՝ Նրան սեփական առողջ դատողությամբ փոխարինելով, և նույնիսկ սպիտակ մոգության են հասել: Դեպի բարին հակված մի կաթոլիկի (խեղճը լալիս էր) ասացի. «Մեր միջև եղած տարբերությունների մեջ ահա, թե ինչն է կարևոր տեղ գրավում՝ դուք հիմնված եք գիտակցության վրա, իսկ մենք՝ հավատքի: Դուք ռացիոնալիզմն ու «մարդկային գործոնն» եք զարգացրել: Ձեր «առողջ դատողությամբ» սահմանափակում եք աստվածային ուժը, որովհետև Աստծո շնորհը հետին պլան եք մղում: Սուրբ ջրի մեջ քիմիական կոնսերվանտներ եք ավելացնում, որ չփչանա: Մենք նեխած ջրի մեջ սուրբ ջուր ենք ավելացնում և այն խմելու համար պիտանի է դառնում: Մենք հավատում ենք սրբագործող շնորհին, և սուրբ ջուրը և՛ երկու հարյուր և՛ հինգ հարյուր տարի է պահպանվում, այն երբեք չի փչանում»:

- Հա՛յր, այսինքն մարդը տրամաբանությունը, առողջ դատողությունը գերադասո՞ւմ է Աստծուց:

- Միգուցե ավելի լավ է ասել հպարտությո՞ւնը, այլ ոչ թե տրամաբանությունը: Քանի որ իրականում «առողջ դատողությունը», որի մասին այժմ խոսում ենք, իրականում անառողջ, նեխած «դատողություն» է: Հպարտությունը նեխած տրամաբանությունն է, դա մի «առողջ դատողություն» է, որի մեջ եսասիրություն է թաքնվում և թշնամին՝ դևը, իր բույնն է այնտեղ հյուսել: Երբ մեր գործողություններին նման «առողջ դատողությունն» է խառնվում, դրանով մենք սատանային իրավունք ենք տալիս [մեզ վրա]:

- Հա՛յր, իսկ եթե հոգևոր մարդը պետք է որևէ գայթակղություն հաղթահարի, ապա առողջ դատողությունը կրկին տեղ չունի՞:

- Այդ դեպքում պետք է անել այն, ինչ հնարավոր է մարդկայնորեն, իսկ այն, ինչ հնարավոր չէ մարդկային առումով անել՝ թողնել Աստծուն: Մարդիկ կան, որ ձգտում են ամեն ինչ գիտակցության օգնությամբ «շոշափել», նրանց պես, ովքեր ուզում են մտքի աղոթքը գլխով անել: Կենտրոնանալու համար լարում են գլուխը և հետո այն սկսում է ցավել: Եթե ես նման կերպ մոտենայի այն խնդիրներին, որոնց հետ ստիպված եմ ամեն օր բախվել, ապա մի՞թե կկարողանայի հաղթահարել դրանք: Բայց ես անում եմ այն, ինչ մարդը կարող է անել, իսկ մնացյալում հույսս Աստծո վրա եմ դնում: «Աստված ելքը ցույց կտա,- ասում եմ ես,- և կլուսավորի, թե ինչ է անհրաժեշտ անել»: Շատերը լաց ու կոծ են սկսում. «Ինչպե՞ս այս գործը գլուխ բերեմ, մյուսի հետ ինչպե՞ս վարվեմ, երրորդն ի՞նչ անեմ», և չնչին բանից նրանց գլուխը ցավում է: Մարդն ինքն իրեն շփոթության մեջ է գցում՝ փորձելով միայն բանականության օգնությամբ որևէ բան կարգավորել: Մեր յուրաքանչյուր գործողությունից առաջ պետք է թողնենք, որ Աստված գործի: Պետք չէ ոչինչ անել առանց Աստծուն վստահելու, որովհետև այդ դեպքում մարդն անհանգստանում է, հոգնեցնում իր միտքը և իրեն հոգեպես վատ զգում:

- Հա՛յր, առաջ ասում էիք, որ գերլարվածության չեք հասնում: Ինչպե՞ս է դա Ձեզ հաջողվում:

- Այո՛, ես չեմ գերլարվում, որովհետև բանականության օգնությամբ չեմ մոտենում այն ամենին, ինչի հետ առնչվում եմ: Եթե գլուխս ցավում է, ապա կամ մրսածությունից է, կամ արյան ցածր ճնշումից: Իսկ որքա՜ն խնդիրների հետ եմ ստիպված լինում բախվել: Ամեն օր ինձ մոտ մարդիկ են գալիս իրենց հարցերով, ցավերով, և հետո ես մտովի կրկին վերադառնում եմ նրանց մոտ, ովքեր իրենց տարբեր խնդիրներով ինձ մոտ էին եկել, հիվանդների մոտ, նրանց մոտ, ովքեր ինչ-որ բանի կարիք ունեն: Եվ եթե ինձ մոտ եկած հիվանդն առողջանում է, ապա, չգիտես ինչու, ինձ չի հայտնում այդ մասին, որպեսզի մի փոքր ուրախանամ: Եվ ես շարունակում եմ նրան մտքումս պահել:

- Հա՛յր, իսկ վանականն ինչպե՞ս կարող է իր միտքը կարգավորել, որպեսզի ուժասպառ չլինի դատողականությունից:

- Միտքը պետք է կարգավորել հոգևոր առողջ դատողության միջոցով, այլ ոչ թե աշխարհիկ դատողականության: Կարգավորման բռնակը պետք է հոգևոր հաճախականության վրա պտտել: Վանականը պետք է հոգևոր մտածողություն ունենա և տրամադրվի դեպի հոգևորը: Նույնիսկ աշխարհականի մոտ աշխարհիկ առողջ դատողությունը ոչ մի տեղ չունի, եթե նա հոգևոր մարդ է: Աշխարհիկ առողջ դատողությունը լավ է, բայց անհավատ մարդուն է հարմար:

- Հա՛յր, իսկ ի՞նչ նկատի ունեք «տրամադրվի դեպի հոգևորը» ասելով:

- «Տրամադրվի դեպի հոգևորը» նշանակում է ուրախանալ ոչ թե նրա համար, ինչի համար աշխարհիկ մարդիկ են ուրախանում, այլ՝ հակառակի: Օրինակ՝ ուրախանալ, որ քեզ գրոշի տեղ էլ չեն դնում: Մենք հոգևոր տարածությամբ կընթանանք, եթե միայն մեր ձգտումները հակառակ լինեն աշխարհիկներին: Փո՞ղ ես ուզում: Դրամապանակդ էլ տուր: Հովվապետի գահաթոռի՞ն ես ուզում նստել: Մեղադրյալի աթոռին քեզ նստեցրու:

- Հա՛յր, իսկ մենք քանի՞ տոկոս առողջ դատողություն ունենք:

- Որոշ «պտուտակներ» պիտի թուլացնեք: Աղոթքով մաղթում եմ, որպեսզի սիրո այն խենթությանը հասնեք, որն աստվածային խենթություն է: Այլապես, նրանք, ում Լեմբետի** են բերում, ավելի լավ վիճակում են գտնվում, քան ռացիոնալիզմ, այսինքն հպարտ առողջ դատողություն ունեցող քրիստոնյաները:

 

* «Առողջ դատողության» մասին խոսելով և հանդիմանելով այն, Հայր Պաիսիոսը ոչ թե այն բարեբեր պարգևը նկատի ունի, որով Աստված պատվել է մարդուն, այլ ռացիոնալիզմը կամ ինչպես ինքը ծերն է ասում «անառողջ դատողությունը», այսինքն դատողությունը, որը զուրկ է Աստծո հանդեպ հավատից, չի ընդունում աստվածային նախախնամությունը և բացառում է հրաշքի հնարավորությունը:

** Հոգեբուժարան Սալոնիկում:

 

 

Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

 

28.09.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․