Գրքեր

Արտաքսման կիրակի

«Տե՜ր, ողորմի՛ր մեզ, քանզի մենք մեր հույսը դրել ենք քեզ վրա: ….մեր փրկությունը նեղության ժամին քեզնից է գալու» (Եսայի 33:2):

Սիրելի՛ քույրեր ու եղբայրներ ի Տեր Հիսուս Քրիստոս,

Այսուհետ, երբ եկեղեցու խորհրդանշական երկինքը՝ սուրբ Խորանը վարագուրված է Մեծ Պահքից մինչ Սուրբ Հարություն, և մենք զրկված ենք Սուրբ Պատարագի ընթացքին մարմնավոր աչքերով հետևելու հնարավորությունից, Տերը մեզ հրավիրում է մեկ այլ տաճար ևս՝ մեր սրտինը՝ այնտեղ փնտրելու Տիրոջ երեսն ու մխիթարվելու: Այսօր՝ Արտաքսման կիրակիին, երբ հիշատակում ենք մեր նախածնողների պատվիրանազանցությունն ու դրա դառնագին հետևանքները, մեզ միանում է նախահայր Ադամը: Նա անտեսանելիորեն գալիս ու նստում է մեր կողքին՝ պատմելու և զգուշացնելու մեզ այն մեծագույն սխալից, որ ինքը ժամանակին գործել է ու առավել քան որևէ մեկն իր սեփական մաշկին զգացել դրա սարսափելի հետևանքները:

Դպրոցական ծրագրից մի բանաստեղծություն է տպվել-մնացել հիշողությանս մեջ՝ Լերմոնտովի «Ամպերը», ինքս էլ չգիտեմ, թե ինչու: Ասում են՝ նա այն գրել է իր արտաքսումից անմիջապես առաջ, երբ երկար կանգնել է պատուհանի առջև ու երկնքում լողացող ամպերին նայել. նրան հարազատ Պետերբուրգից Կովկաս էին աքսորում: Մենք՝ Կովկասում ապրողներս, միգուցե և ծիծաղենք բանաստեղծի ծանր ապրումների վրա՝ մտածելով՝ իսկ ի՞նչ վատ բան կա Կովկասում: Բայց հասկանում ենք, իհարկե, որ խնդիրն ամենևին էլ տեղանքը չէ, և բանաստեղծության յուրաքանչյուր տողից ծորացող ցավն ու դառնությունն էլ զավեշտի տեղ չեն թողնում: Դե իսկ բանալին վերջին տողում ենք գտնում՝ հայրենիք չունեցողի համար աքսոր էլ չկա…

Նախահայր Ադամի համար իր արտաքսումը մարդկության պատմության ամենացավալի աքսորն էր, հայրենիքի կորուստ, ոչնչով չլցվող դատարկություն ու մահացու բաժանում. նա ոչ միայն կորցրել էր իր հարազատ տունը, սովոր միջավայրը, պատիվը, այլև կտրվել էր իրեն կյանք տվող արմատից՝ զրկվելով իր Հոր՝ Ամենակարող Աստծու հետ կենդանի շփումից, Նրա անմիջական ներկայությունից, այն աննկարագրելի երանությունից, որ միմիայն Արարչի ձեռքերով ստեղծված Ադամը կարող էր զգալ: Եվ Ծննդոց գիրքը պատմում է, որ «Աստված դուրս հանեց Ադամին, բնակեցրեց բերկրության դրախտի դիմաց և հրամայեց քերովբեներին ու բոցեղեն սրին շուրջանակի հսկել դեպի կենաց ծառը տանող ճանապարհները» (3:24): Այսինքն՝ Ադամն իր կյանքի իննը հարյուր երեսուն տարին ապրեց դրախտի դիմաց՝ իր երբեմնի երանությունն աչքերի առաջ ու դրա կորստի անանց ցավը սրտում ունենալով: Շուրջ հազար տարի լացով ու բեկված սրտով ապաշխարեց Ադամը, իսկ այնուհետ ևս մի քանի հազարամյակ տառապեց դժոխքի խավարում, մինչև երկրորդ Ադամը՝ Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս նրան դուրս բերեց այնտեղից ու կրկին որդիական պատմուճանը հագցրեց:

Այսօր՝ փակ վարագույրի առջև նստած, մենք հրավիրվում ենք մտովի տեղափոխվելու կորուսյալ դրախտի դարպասների առջև ու մեզ տեսնելու Ադամի կողքին, մեզ գտնելու Ադամի մեջ: Աստծու անեզր սիրուց էր արարվել նախամարդը, ուստի կասկած անգամ չունենք, որ Երկնավոր Հայրը նրան ամեն ինչ պարգևել էր երջանիկ ապրելու համար և առաջին հերթին՝ Իր անմիջական ներկայությունը: Բայց այդ մեծագույն երջանկությունից դեռևս Ադամից առաջ հրաժարվել էր բանսարկուն, և այժմ անասելի տառապելով՝ նախանձում էր երանության մեջ գտնվող մարդուն: Նա նախանձելուց չի դադարել, սիրելինե՛ր, և այժմ էլ ամենատարբեր կերպարանքով, ամենատարբեր մտքերի ու գաղափարների միջոցով հայտնվում է մեզ՝ Ադամի ժառանգներին, ու ամեն ինչ անում՝ զրկելու մեզ Տիրոջ պարգևներից: Դե իսկ մենք էլ հաճախ, ցավոք, սիրով հետևում ենք մեր թշնամուն ու ինքնակամ ընկնում նրա պատրաստած ծուղակը: Ադամն ամեն ինչ ուներ, բայց դյուրությամբ կորցրեց մեկ անկնթարթում, որովհետև չհասկացավ ունեցածի գինը, իր քայլով ըմբոստացավ Աստծու դեմ, քանի որ ցանկացավ այլևս ինքը որոշել, թե որն է բարին, իսկ որը՝ չարը: Դրանով նա ասես կյանքի ղեկն Աստծուց իր ձեռքն առավ, և դա նրան կյանք արժեցավ: «Այժմ ի՛մ հերթն է ղեկավարելու»,- ասելով՝ սխալվեց Ադամը. մենք ևս նույնն ենք անում: Աստված Սուրբ Գրքի միջոցով վաղուց է չարն ու բարին մեր առջև բացել, սակայն մենք, միևնույն է, մեծամտության, թե հիմարության պատճառով, ինքներս ենք ուզում որոշել այն ոչ միայն մեզ համար, այլև սահմանել ուրիշների համար ևս, որի հետևանքով էլ հաճախ չարը բարի ենք կոչում, բարին էլ՝ չար: Որովհետև ոչ թե դեմքով ենք կանգնած դեպի դրախտը, այլ թիկունք ենք դարձրել դրան՝ փոխարենը մեր հոգու հայացքն աշխարհի տեսարաններով պղտորելով: Այնքան ենք հեռացել Աստծուց ու Նրա ճշմարտությունից, որ խավարն ենք որպես լույս ընկալում: Նայե՛ք ձեր սրտին, սիրելինե՛ր. դրախտի հիշողությունն առկա՞ է այնտեղ, արդյո՞ք կարոտ կա ձեր սրտում: Դեպի ո՞ւր են ուղղված ձեր մտքերը, ո՞րն է ձեր կյանքի իմաստը, ո՞րը՝ գլխավոր նպատակը: Նախահայր Ադամն այսօր մեզանից յուրաքանչյուրի կողքին է ու սիրով շշնջում է՝ ուղղի՛ր սխալներդ, զավա՛կս: Մի՛ թաքնվիր Արարչից, այլ հոգուդ ամբողջ ուժով արձագանքի՛ր Նրա կանչին: Ձեռքդ երախտագիտությամբ Քրիստոսի՛ն մեկնիր, որպեսզի ինչպես ինձ, քեզ ևս դուրս բերի քո իսկ դժոխքից: Մի՛ վախեցիր մեղքերիդ բազմությունը խոստովանելուց, այլ միայն անկեղծորեն զղջա դրանց համար ու բեկված սրտով ապաշխարիր, որովհետև Մեր Հայրն Ամենողորմ Աստված է, ու մեր հանցանքները ոչինչ են Նրա Անսահման սիրո դեմ:

«Ապաշխարությունը մարդու սրտի թրթիռն է դրախտի դարպասների առջև»,- ասում է սուրբ Եփրեմ Ասորին՝ իր հերթին մեզ դարձնելով դեպի մեր հայրական տունը: Եվ մենք այն երջանիկներից ենք, որոնց առջև այլևս բաց են կորսված դրախտի դարպասները, քանի որ ծնվել ենք Քրիստոսի աշխարհ գալուց հետո, երբ Նա Իր սրբագործ արյան միջոցով լվաց Ադամի մեղքն ու վերագտավ նախամարդու կորցրածը նրա ու նրա սերունդների համար: Քրիստոս Աստված ջախջախեց օձի գլուխը, ինչպես որ Հայրն էր խոստացել, և մենք մեր մեղքերով, մեր պատվիրանազանցությամբ սպեղանի չդնենք թշնամու գլխին: Այլ իրականություն չկա մարդ-արարածի համար, սիրելինե՛ր. կա՛մ Աստծու ներկայությունն ես ընտրում, կա՛մ սատանայինը, կա՛մ հավիտենական երանությունը, կա՛մ հավիտենական տառապանքը: Ուստի խելամտորե՛ն շահարկենք մեր կյանքի ու առավել ևս Մեծ Պահքի օրերը: Ազնի՛վ լինենք ինքներս մեզ հետ ու որքան էլ սարսափելի լինի մեր իրական «ես»-ի հետ հանդիպումը, չհետաձգենք այն ու չփախչենք ինքներս մեզնից: Այսօր ու այստեղ տեսնենք մեր հանցանքները, մեր հոգին խոցոտող վերքերը, քանի դեռ դրանցից մաքրվելու ու բժշկվելու ժամանակ ունենք, այլապես, միևնույն է, դրանք կտեսնենք հավիտենության մեջ, բայց այլևս ոչինչ շտկելու հնարավորություն չենք ունենա: Թող մարմնավոր պահքն այս շաբաթների ընթացքում օգնի մեր հոգևոր պահքին, որպեսզի տկարացած մարմինն օգնական, այլ ոչ թե խոչընդոտ լինի զորացած հոգուն՝ կրքերի դեմ պայքարում:

Այսօր մենք ազգովի բազմաթիվ անասելի ցավալի կորուստներ ունենք՝ մեր գիտակցական, թե անգիտակից ընտրությունների պատճառով, ուստի սովորե՛ք յուրաքանչյուր պահի գնահատել ձեր ունեցածը, սիրելի՛ հավատացյալներ ու երախտապարտ լինել բարիքներ Պարգևողին: Թիկունք մի՛ դարձրեք ձեր Արարչին, որպեսզի չզրկվեք Նրա կենսատու լույսից ու դյուրին որս չդառնաք թշնամու համար: Այլ հուսացե՛ք առ Աստված ու սուրբ Եսայի մարգարեի շուրթերով ողորմությո՛ւն խնդրեք Ամենակալից, ինչպես որ քարոզիս բնաբանում է ասվում: Նախահայր Ադամի ու նախամայր Եվայի բարեխոսությո՛ւնը խնդրեք, որպեսզի Տերը ձեր մեղքերը տեսնելու կարողություն և ապաշխարության սրտաբուխ արցունքներ շնորհի ձեզ: Սուրբ Հոգու շնո՛րհը գնահատեք, որ հենց Տիրոջ ներկայությունն է: Եվ թող Երկնային Թագուհու՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի աղոթքներով ձեր հիշողության մեջ միշտ վառ մնա Երկնային հայրենիքի քաղցր պատկերը, որի դռներն այլևս բաց են մեր առջև և ուղին՝ հստակ նշված, ինչպես որ սուրբ Գրիգոր Լուսավորիչն էլ ասում է. «Ապաշխարության կյանքի դուռը չի փակվելու մինչև աշխարհի վախճանը: Որպեսզի ապաշխարության ավազանի հանապազօրդ արտասուքով լվանանք ու սրբենք մեր գործած ամենօրյա սխալները, որովհետև ամեն օր մեղանչում ենք՝ թե՛ խորհրդով, թե՛ խոսքով, թե՛ լսելով, թե՛ տեսնելով և թե՛ որևէ շարժմամբ: Ուստի, թող հանապազօրդ աղոթքներն ու արտասուքով լվացումները չպակասեն». ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

 

21.02.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․