2 Հունիս, Գշ, Գ օր Հոգեգալստյան, Պահք

Գրքեր

Արտաքսման կիրակիի քարոզ

«Որ զդառնութեան պտղոյն ճաշակն,

որով մեռաք արդարութեան՝ պահելով

քո քառասնօրեայ, փոխեցէր ի քաղցրագոյն

օրինաց քոց ճաշակումն: Աղաչեմք, արբո մեզ,

Տէր, զուրախարար սիրոյ քո զբաժակն»:

(Շարակնոց)

 

 

Հոգևոր եղբայրներ, քույրեր, հարազատներ,

Աղոթանվեր և հավատավոր կյանքի այս փորձառութենեն եկած բառերով այսօրվան շարականը մեզի կարծեք լավագույն կերպով կբացատրե, թե ինչո՞ւ մենք քառասուն օր պահք պետք է պահենք, ինչո՞ւ քառասուն օր որոշ սննդանյութերե պետք է զրկվինք և մանավանդ ի՞նչ է պահեցողության հիմնարար ուժը և կարողությունը: Ի վերջո մարդիկ հաճախ ինձի կըսեն. «Մեր կերածը ինչ է այս օրերուն, մեր ստացած սնունդը ինչ է այս օրերուն, որ Եկեղեցին մեզմե կպահանջե, որ հիսուն օրեր շարունակ մենք ջանանք սնանիլ այնպիսի սննդանյութերով՝ բանջարեղենով, խոտերով, որոնք չկան այս ցուրտ եղանակին և կամ այնքան թանկ են»:

Սիրելիներ, երբեք պահեցողությունը միայն ուտելիքի հետ կապված չէ. պահեցողությունը մեր հոգևոր կեցվածքին, մեր բարոյական անձնավորության անձնավորությունն է, և եթե կուզեք՝ մեր Եկեղեցվո հասկացողությամբ աստվածադիր, աստվածահաստատ և Աստծո կողմե կիրարկված աստվածային բացարձակ օրենք է: Աստված ոչ միայն ըսավ՝ պահք պետք է պահել, երբ դրախտը ստեղծեց և այնտեղ դրավ ծառը և մեր նախահայրերուն պատվիրեց չուտել անկե, այլ նաև Ինքը կատարեց այդ օրենքը, երբ Իր առաքելության սկսելեն քառասուն օրեր առաջ անապատ գնաց, պահք պահելու փոխարեն ծոմ պահեց:

Աստվածային այդ հնազանդության կակնարկե մեր շարականագիրը, երբ կըսե. «Տեր, մեր նախահայրերը կերան, չհնազանդեցան Աստծույն, կերան այդ պտուղը: Մենք արդար և աստվածաշեն և աստվածային բարի, արդար նկարագրով կյանքին համար մեռանք: Բայց Դուն ինչ ըրիր, Քրիստոս Աստված՝ Փրկիչ մեր: Գացիր, պահքը պահեցիր և Աստծո պատվիրաններուն ամենաքաղցր ճաշակը տվիր: Երբ մենք անհնազանդ գտնվեցանք, մեռանք դառնութենեն նույն այն կյանքին, որ Աստուծո հանդեպ անհնազանդ, ապստամբ կյանքն է, Աստուծո մերժումն է, Աստուծմե հեռացումն է: Բայց Դուն երբ Աստուծո պատվիրաններուն հնազանդեցար, պատվիրանները ճաշակեցիր, անոնց քաղցրությամբ, անոնց բույրին և համին մեջեն մեզի հավիտենական կյանքը տվիր: Եվ արդ, կաղաչենք Քեզ, այնպես մը մեզի խմցուր Քո սիրո բաժակեն, որ այլևս մենք Աստուծո մեջ հաստատ, կանգուն և ապահով մնանք»:

Ուստի եկեք միասին մտածենք, որ այս բարեպաշտական զգացումը այս օրերուն մենք ինչպե՛ս և ինչո՛վ պիտի թարգմանենք մեր ապաշխարության կյանքի մեջ քառասուն օրերու այս ընթացքին: Ի՞նչ պիտի ընե Եկեղեցվո յուրաքանչյուր փորձառու անդամը՝ երիտասարդը կամ երեխան, երբ Եկեղեցի պիտի գա և Աստուծո պիտի ուղղե իր խոսքը կամ իր հայացքը: Տեսեք, վարագույրը փակ է եկեղեցվո՝ մեզի զգացնելու, որ մենք Աստուծմե հեռու ենք. ինչպե՞ս մենք գործնական քայլերով Աստուծո կրնանք մոտենալ.

Առաջին՝ ինքնազսպում: Մարդիկ կսխալին, երբ իրենք զիրենք չեն կրնար զսպել: Եթե մենք մեր ներքին ցանկությունները չզսպենք, կդառնանք անբարո մարդիկ, եթե աշխարհեն մեզի եկած ֆիզիկական հրապույրները մենք չզսպենք, կդառնանք այնպիսի ագահ մարդիկ, որ արդար, խաղաղ, հանգիստ կյանքը ոչ միայն մեզի համար կզլանանք, այլև կզլանանք ընդհանրապես հասարակության համար: Աստված մարդը ստեղծել է իշխանությամբ: Մարդ կսխալի, երբ այդ իշխանությունը կգործածե ուրիշին համար: Ամեն բանե առաջ մարդը այդ իշխանությունը ինք իր վրա պիտի տարածե: Այն մարդը, որ չի կրնա ինքզինքին զսպել, ինքզինքը ի կարգ հրավիրել, այդ մարդը իրավունք չունի ուրիշներուն հրավեր տալու:

Աստուծո տված իշխանությունը ներքին կարգապահությունը, մեր անձնավորության ներքին կառուցվածքը ամուր և հաստատ պահելու միակ ձևն է: Եթե ինքզինքնին զսպեին մեր նախահայրերը, եթե մերժեին սատանային առաջարկներուն և հրավերին, որ օձի ճամփով ներկայացավ, Աստուծո պատվիրանին մեջ հաստատ մնային, չպիտի սխալեին: Եթե կուզեք որևէ մեկ արդար, որևէ մեկ ճշմարիտ կյանքի մեջ ապահով, հաստատ մնալ, դուք ինքզինքնիդ պիտի զսպեք, սիրելի քույրեր և եղբայրներ: Կյանքի մեջ ամենամեծ գործերը ինքնազսպումով, կենտրոնացումով կիրագործվին: Եվ այդ է այսօրվան մեր շարականագիր վարդապետին առաջին աղոթքը:

Թող Հայոց Եկեղեցվո զավակները ինքնազուսպ և ինքզինքնին որոշ կարգավոր կյանքի և պատվիրանապահ կյանքի մեջ պահեն, որպեսզի կարենան իրենք Աստուծո պատվիրաններուն ուրախության բաժակը վայելել և հասնել անոր:

Երկրորդ՝ մեզի հստակ թելադրանքը մեր Եկեղեցվո մեկ վարդապետին աղոթքեն եկած, ան է, որ ուտելիքեն, խմելիքեն, հաճույքներեն մի պահ հեռու մնալով՝ մենք կենտրոնանանք Աստված ճանչնալու և Աստուծո պատվիրանները իմանալու, ուսանելու և հասկնալու մեր կարևոր պարտականության մեջ:

Մենք այսօր կշվարինք մեր կյանքի մեջ, որովհետև չենք գիտեր, թե Աստված ի՞նչ կըսե, Աստված մեզմե ի՞նչ կպահանջե: Պատահականորեն ստեղծված կյանքի մեջ մտած մարդիկ չենք մենք: Աստված Ինք ըլլալով տիեզերքի այս ստեղծիչը, Ինքը գիտե այս համակարգին ամեն մեկ փոքր, թե մեծ օրենքը, Ինքն է, որ մարդիկը կղրկե, որպեսզի Իր համակարգը աշխատի բարվոք, լավ և արդար վիճակին մեջ, Ինքն է, որ Իր պատվիրաններուն տվչությամբ կուզե լուսավորել մեր սիրտը, մեր միտքը և հոգին, որպեսզի կարենանք լավ, իրական մասնակցություն բերել այս աշխարհի մեջ Աստուծո առաքելությունը, Աստուծո սկսած գործը շարունակելու:

Մեր կյանքերը մեր գործերը տնօրինելու համար չեն, մեր կյանքերը Աստված տված է մեզի, որպեսզի Իր գործը, Իր արդարությունը, Իր սերը, Իր խաղաղությունը այս աշխարհին վրա տարածվի, աշխարհը մնա նույն մաքուր, այն առողջ միջավայրը, որուն մեջ մարդիկ իրենց բոլոր կարիքները, բոլոր ուրախությունները և ամեն տեսակի ձեռնարկները հաջողացնեն: Բայց առանց Աստուծո միտքը կարդալու, առանց Աստուծո ծրագիրը այս աշխարհին համար իմանալու մենք չենք կրնար Աստուծո օգնել, չենք կրնար Աստուծո կյանքին մասնակցիլ:

Անոր համար է, որ քառասուն օրեր Հիսուս սերտեց, թե աշխարհը փրկելու համար Աստված Իրեն ի՛նչ առաքելություն տված է, աշխարհը փրկելու համար Աստված ի՛նչ ուժ պետք է տա մեզի, ի՛նչ պատվիրաններ, ի՛նչ շնորհ կփոխանցե մեզի: Աստուծո պատվիրանները մեզ զրկելու համար չեն: Մարդիկ քրիստոնյաները շատ հաճախ կքննադատեն մեկ բանի համար. կըսեն. «Դուք մեզի կըսեք՝ էս մի՛ ընեք, էն մի՛ ընեք, էս մի՛ ուտեք, էս մի՛ խմեք կամ ամեն տեսակ աշխարհական ուրախություններե մեզ կզրկեք»:

Ատ չէ Աստուծո պատվիրաններուն հիմնական մտահոգությունը: Անոնցմե անդին անմահությունը, մնայունը, տևականը, ամբողջականը տալն է Աստուծո պատվիրաններուն հիմնական նպատակը: Դուք մի ժամ մի ժում հաց մի՛ ուտեք, ձեր հացը տվեք կարոտյալին. տեսեք, որքան ավելի կկշտանաք և որքան ավելի կհզորանաք: Դուք անարդար գործերով ուրիշներուն ունեցվածքը մի՛ խլեք իրենց ձեռքեն և տեսեք, թե աշխարհը որքան կհարստանա: Աստուծո ամեն մեկ պատվիրանին նպատակը այս աշխարհին մեջ բարիքը, առատությունը շատացնելն է, բոլորին հերիքող հարստություն տալն է այս աշխարհին վրա: Բայց պիտի սերտել Աստուծո այս պատվիրանները, պիտի իմանալ նրանց ճիշտ իմաստը:

Այս քառասուն օրերուն ընթացքին առավելաբար ճաշակեցեք Աստուծո պատվիրանները՝ բացեք Աստվածաշունչը, նայեցեք՝ ո՛վ է ձեր Տերը, ճանչցեք իրապես աշխարհի ղեկավարը, Կառավարիչը, տիեզերքի ամբողջ հիմունքները դնող Անձը: Լսեցեք Նրան, տեսեք, թե ինչ կըսե: Անիկա ձեզ չպիտի զրկե, Անիկա ձեզ պիտի հարստացնե, Անիկա ձեզ չպիտի ստորացնե՝ էս մի՛ ըներ, էն մի՛ ըներ ասելով, քեզի էնպես ազատություն պիտի տա՝ այս աշխարհին մեջ գործելու բարին, ճշմարիտը, արդարը, որով դուն պիտի հզորանաս, դուն պիտի մեծանաս: Աստուծո պատվիրաններուն ունենալը, Աստուծո պատվիրաններուն իմացումը ունենալը և Աստուծո պատվիրաններուն ընդառաջ գնալը Մեծի պահոց՝ քառասնօրյա այս պահոց ամենեն կարևոր գործն է, որ յուրաքանչյուր հավատացյալ պետք է իրեն համար և աշխարհին համար ընե:

Երրորդ՝ հնազանդություն Աստուծո: Ինչ օգուտ և ինչ հետևանք կրնա ունենալ պատվիրանները գիտնալ, Աստուծո սքանչելի էակ ըլլալը գիտնալ, բայց սիրո ճամփով և հնազանդության ճամփով չմասնակցիլ Անոր կյանքին, այդ Աղբյուրեն չխմել ամբողջ շնորհները, որոնցմով մենք Աստուծո կնմանինք: Աստուծո նմանիլը արարչագործության մեջ հստակ ըսված է, որ Աստուծո կողմե մարդուն տրված ամենամեծ պատիվն է: Մենք ուրիշ բաներու չենք կրնար նմանիլ, մենք Աստուծո պիտի նմանինք և Աստուծո նմանությունը միայն ու միայն կիրագործվի Աստուծո հնազանդությամբ, Անոր պես գործելով, Անոր պես նայելով ուրիշներին և Անոր պես այս աշխարհը գեղեցկացնելով և պայծառացնելով՝ հավիտենական և հիմնարար առաքինություններու և սկզբունքներու կապվել:

Այս պահոց ընթացքին եթե մենք չխմենք, ինչպես մեր շարականագիր վարդապետը կըսե՝ «Ուրախարար սիրո բաժակը», այն, որ Քրիստոս Իր կյանքով, Իր զոհողությամբ, Իր չարչարանքներով, Իր խաչով և Իր հարությամբ մեզի բաշխեց, մենք Աստուծո չենք կրնար նմանիլ և Անոր հարազատ զավակները չենք կրնար մնալ: Աստուծո ուժը, Աստուծո շնորհքը, Աստուծո գեղեցկությունը այս աշխարհին մեջ չերևիր մարդոց: Մեր պարտականությունը ո՛չ միայն զԱստված սիրել է մեր սեփական անձին համար, այլ զԱստված սիրել է, որպեսզի մենք դառնանք ցուցանիշ. ամեն մարդ որ մեզի նայի, մեզ չտեսնե, զԱստված տեսնե, մեր փառքը չհյուսե, այլ Աստուծո փառքը հյուսե, մեզ չգովաբանե, այլ գովաբանե այն Տերը, որ այդ ամբողջ շնորհքը և կարելիությունը մեզ տված է:

Հռոմեական կայսրության շրջանին Եկեղեցին աղքատների Եկեղեցի էր, ոչ մի ուժ ուներ, բայց այդ հռոմեացի մեծ, հեղինակավոր անձինք իրենց ստրուկներուն կյանքին նայելով՝ Քրիստոսը տեսան, Քրիստոսը սիրեցին և Քրիստոսի հնազանդեցան: Կարևոր չէ, թե դուք որքան խոնարհ ընկերային դիրք ունիք. մարդիկ եթե ձեզ նային և ձեր մեջ ձեր Աստվածը տեսնեն, ձեր Տերը տեսնեն, Անոր կերթան և Անով դուք ալ կբարձրանաք, դուք ալ կհզորանաք:

Քառասնօրյա պահքը Աստուծո մասին վկայություն պետք է լինի մեր կողմե՝ Աստուծո էության և ինքնության մասին այս աշխարհին տրված: Եվ դուք Աստուծո պատվիրանները սիրելով, նրանց համը, ճաշակը ունենալով երբ ապրեք, դուք այդ վկայությունը անպայման կուտաք, սիրելիներ:

Թող այս քառասուն օրերը ինքնաքննության, խորհրդածության, բայց մանավանդ ինքնազսպումի, աստվածաճանաչության և աստվածասիրության այնպիսի առաքինությամբ հորդեցնեն մեր կյանքը, որ իրոք Աստված այս աշխարհին մեջ տիրաբար երևի և տիրաբար գործե, առանց Որուն ո՛չ մեկ փրկություն մեզ համար, ո՛չ մեկ մխիթարություն մեզ համար և ո՛չ մեկ հույս մեզ համար:

Բայց մեր Եկեղեցին իր աղոթքով մեզի այսօր կըսե. «Որքան թերանաք, Աստված այնքան ձեր մոտ պիտի մնա: Կարևոր է, որ դուք ձեր աչքերը բանաք, տեսնեք ձեր կողքից քայլող ձեր Տերը, ձեզ համար մինչև վերջ այս աշխարհին մեջ գործող, այս աշխարհին մեջ տիրաբար ներկա ձեր Փրկիչը: Եվ Իր պատվիրանները սիրելով և գործադրելով՝ դուք հասնիք Իր բոլոր խոստումներուն»:

Աստուծո շնորհը, սերը, խաղաղությունը բոլորիս հետ մեր կյանքի կարևոր այս հանգրվանին. ամեն:

 

 

Տ. Տաթև արքեպիսկոպոս Սարգսյան

(Քարոզը խոսվել է Ս. Էջմիածնի Մայր Տաճարում Արտաքսման կիրակիին մատուցված Ս. Պատարագին, 29-ը փետրվարի 2004 թ.):

01.03.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․