Գրքեր

Արժանանանք Տիրոջ գովեստին և ողորմությանը՝ որպես արժանի տնտեսներ

Մեծ պահքի չորրորդ՝ Տնտեսի կիրակիին ընդառաջ, յուրաքանչյուր քրիստոնյա, ավետարանական «Անիրավ տնտեսի առակ»-ի հորդորի համաձայն, փորձում է լինել Աստծո հավատարիմ տնտեսը՝ իմաստուն վարելով իր տնտեսությունը՝ կյանքը, աստվածատուր պարգևները և կարողությունը:

Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը ցավալիորեն նշեց, որ երբեմն մարդիկ անխնա կերպով են վատնում աստվածապարգև հարստությունը, քանի որ. «Նյութական և հոգևոր ունեցվածքը, որ ունենք` մեր սեփականությունը չէ, այլ՝ Տիրոջ կողմից մեզ վստահված կարողությունն է, որ պարտավոր ենք մեր մերձավորի հետ կիսել, եթե կամենում ենք Նրա գովեստին ու հավիտենական հարստությանն արժանանալ: Նայելով մեր շուրջը՝ կտեսնենք, թե որքան կարիքավորներ կան, որ մեր սիրո ու խնամքի կարիքն ունեն, որոնց հոգսը կարող ենք թեթևացնել՝ թե՛ հոգևոր և թե՛ նյութական առումով: Որքան անտուն, վշտահար ու փորձության մեջ հայտնված մարդիկ կան, որոնց կարող ենք օգնության ձեռք մեկնել: Սիրահոժար կերպով ու անկեղծ սրտով օգնելով կարիքավորին՝ ոչ միայն մեր Տիրոջ գովասանքին ու ողորմությանը կարժանանանք, ինչպես անիրավ տնտեսն արժանացավ, այլև՝ մահվանից հետո մեզ կօգնեն այդ մարդկանց աղոթքները, որի կարիքն այնքան շատ պիտի ունենանք»:

Աստվածային պարգևներն ու կարողությունն ընդհանուրի օգուտի համար է փորձում ծառայեցնել թե՛ Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը և թե՛ այն անձինք, որոնց աջակցությամբ տնայցեր են կատարվում անապահով ընտանիքներին: Եվ փետրվարի 24-ի հերթական՝ 11-րդ այցին, համայնքը՝ ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի աջակցությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց Արցախի 4-րդ նրբանցքի 10-րդ շենքի 119-րդ տնակում ապրող Զաքարյան ընտանիքին: Երիտասարդ ամուսիները՝ Զաքարյան Ալբերտը (33տ.) և Ադամյան Ռոզան (23տ.)՝ իրենց երկու մանկահասակ զավակների և Ալբերտի մայրիկի հետ արդեն երեք տարի է, որ ապրում են խոնավ և խարխուլ տնակում: Նախկինում ընտանիքն ապրել է վթարային շենքում, տեղափոխվելուց ի վեր նրանք դեռ սպասում են իրենց հասանելիք բնակարանին: Ընտանիքում ոչ ոք ի վիճակի չէ աշխատելու. Ալբերտը ներգանգային ճնշման խնդիր ունի, մայրը՝ սիրտ-անոթային, իսկ Ռոզան՝ երեխաներին է խնամում: Երիտասարդ մայրն ասաց, որ այժմ փաստաթղթեր է պատրաստում, որ գոնե ընտանիքը հասանելիք նպաստը ստանա: Բազմաթիվ կարիքներ ունի ընտանիքը, նման պայմանների պատճառով, ինչպես նշեց Ռոզան, իրենց ներքնակներն ու վերմակներն այլևս հնարավոր չէ գործածել:

Բժշկության աղոթք կարդալուց հետո Տեր Գրիգորն ընտանիքին հանձնեց սննդի փաթեթներ, անկողնու և հիգիենայի պարագաներ,ինչպես նաև դրամական օգնություն: Զաքարյան ընտանիքն իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքին և այն անձանց, ովքեր օգնության ձեռք են մեկնել իրենց:

«Ով այս աշխարհի բարիքներից ունենա և տեսնի իր եղբորը մի բանի կարոտ ու փակի իր սիրտը նրա առաջ, Աստծու սերը ինչպե՞ս կարող է բնակվել նրա մեջ։ Որդյակնե՛ր, խոսքերով և լեզվով չսիրենք, այլ՝ գործով և ճշմարտությամբ» (Ա Հովհաննես 3:17-18):

 

 

Կարինե Սուգիկյան

24.02.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․