Գրքեր

Աշխարհի վախճանը

Այսօր աղանդավորներից հաճախ ենք լսում հետևյալ արտահայտությունը` մենք վերջին ժամանակներն ենք ապրում։ Սակայն բացի աղանդավորներից, այլ մարդիկ ևս, դեմ լինելով տարբեր գործընթացների, շահարկում են աստվածաշնչյան թեմաները` մարդկանց վախեցնելով աշխարհի վերջով և Ահեղ Դատաստանով։ Քրիստոս Իր գալստյան օրվա և ժամի մասին ասաց, որ ոչինչ չգիտի (Մատթ. 24.36, Մարկ. 13.32), սակայն Իր երկրային կյանքի ընթացքում շատ դեպքերում Իրեն անգետ ցույց տվեց հատուկ նպատակների համար։ Օրինակ` Ղազարոսի մասին հարցրեց` «ու՞ր դրիք նրան» (Հովհ. 11.34), հիվանդ կնոջ բուժման ժամանակ հարցրեց` «ո՞վ դիպավ Իմ զգեստներին» (Մարկ. 5.30), իսկ նրանց մասին, ովքեր ճշմարտությամբ չեն երկրպագում Աստծուն, ասաց` Ես ձեզ չեմ ճանաչում (Մատթ. 7.23, 25.12)։ Բայց այսպիսիններին Քրիստոս որքան լավ գիտեր և լավ էր ճանաչում, որ այդ պատճառով էլ ասաց, թե` «Ձեզ չգիտեմ, ձեզ չեմ ճանաչում»: Ճիշտ նույն կերպ էլ Քրիստոս ասաց գալստյան օրվա մասին։ Քանի որ առաքյալները հետաքրքրվում էին այդ հարցով, Քրիստոս նրանց հարցուփորձը դադարեցնելու նպատակով ասաց` չգիտեմ, և ապա` «Ձեզ տրված չէ իմանալ ժամերն ու ժամանակները» (Գործ 1.7)։ Սակայն Սուրբ Եփրեմ Ասորին ասում է. «Ավետարանում գրված է. «Ոչ ոք չի ճանաչում Հորը, եթե ոչ Որդին» (Մատթ. 11.27, Ղուկ. 10.22): Իսկ ի՞նչ կա ավելի մեծ, քան Հայրը: Եթե Որդին գիտի այդ ամենամեծը, ապա որքան առավել ևս գիտի մնացած փոքր բաները»։ Ուրեմն Քրիստոս մեր օգտի համար Իրեն երբեմն անգետ ցույց տվեց։ Աշխարհի վախճանի մասին խոսելով` Քրիստոս ասաց. «Թզենուց սովորեցեք առակը, երբ ոստերը կակղեն և տերևը ցցվի, կիմանաք, որ ամառը մոտ է։ Նույնպես և դուք` երբ այս բոլորը տեսնեք, իմացեք, թե մոտ է Նա, դռների առաջ» (Մատթ. 24.32-33, Մարկ. 13. 28-29, Ղուկ. 21.29-31)։ Հետևաբար` Քրիստոս խոսել է իր աշակերտների հետ աշխարհի վախճանի ժամանակների մասին։ Մեզանից ծածկված է ճշգրիտ ժամանակը, բայց մոտավոր ժամանակները մենք կարող ենք իմանալ։ Այսպես է և մարդու մահվան պարագան։ Մարդը չգիտի, թե որ ժամին է մեռնելու, սակայն խոր ծերության մազերի ճերմակությունը կամ մարմնի տկարությունը կամ մահացու հիվանդությունը ցույց են տալիս, որ մոտենում է այն ժամանակը, երբ մարդն այս կյանքից անցնելու է դեպի հավիտենություն։ Ահա այսպես էլ մոտավոր կերպով մենք կարող ենք իմանալ աշխարհի վախճանի մասին։ Թե ինչ էր խոսել Քրիստոս Իր աշակերտների հետ Իր երկրորդ գալստյան վերաբերյալ, մենք իմանում ենք հենց առաքյալների գրվածքներից։ Պողոս առաքյալը հայտնում է Քրիստոսի գալստյան նշաններից մեկը, ըստ որի երբ մարդիկ ասեն, թե աշխարհում արդեն խաղաղություն է, ապահովություն, այն ժամանակ էլ կլինի գալուստը (Ա Թեսաղ. 5.3)։ Առաքյալը հայտնում է նաև գալստյան երկրորդ նշանը` ասելով. «Թող ոչ ոք ձեզ չխաբի և ոչ մի ձևով, որովհետև այն օրը չի գալու, եթե նախ ապստամբությունը չգա և չհայտնվի անօրենության մարդը։ Նա շատ գոռոզ է լինելու այն աստիճան, որ նստելու է Աստծո տաճարում և ինքն իրեն ցույց է տալու, թե Աստված է» (Բ Թեսաղ. 2.3-4)։ Այս մասին հայտնում է նաև Հովհաննես առաքյալը իր Հայտնության գրքում (գլ. 13)։ Անօրենության մարդու թագավորությունը, որին մարդիկ պիտի պաշտեն իբրև Աստծո, ըստ Հայտնության գրքի և ըստ Դանիելի մարգարեության, տևելու է 1260 օր, որ 42 ամիս է կամ 3,5 տարի (Դան. 7.25, 12.7, Հայտն. 11.2-3, 12.6,14, 13.5), որից հետո Քրիստոս նրան ոչնչացնելու է Իր զորությամբ։ Պողոս առաքյալը հայտնում է, որ վերջում դարձի պիտի գան նաև բոլոր հրեաները (Հռ. 11.25-26), և այս ամենից հետո կլինի Քրիստոսի գալուստը և աշխարհի վերջը։ Եվ քանի դեռ այս նշանները չեն իրականացել, պետք չէ ոմանց հրահրումներով ընկնել խուճապի և տարակուսանքների մեջ։ Սակայն յուրաքանչյուրիս համար Տիրոջ օրը գալիս է նաև մասնավոր կերպով, որը մահն է։ Եվ այս օրվան մենք պետք է միշտ պատրաստ լինենք այն իմաստով, որ մեղքերի և անարդարություների մեջ չլինենք, երբ մեր երկրավոր կյանքի վախճանը հանկարծակի հասնի, ինչպես գողը գիշերով։ Հետևաբար, մեր կյանքի ընթացքում մենք պետք է զգույշ և մեղքերից ու չարիքից հեռու լինենք, որպեսզի արժանի դառնանք մեր երկրավոր կյանքի ավարտին հավիտենական խաղաղություն ու երջանկություն գտնելու մեր սիրելի երկնավոր Հոր երանելի և հայրական գրկում։

Կրկին աշխարհի վախճանի մասին

Աստվածաշնչյան մարգարեություններից է Դանիելի մարգարեությունը: Այս մարգարեությունը հետաքրքրական կանխատեսումներ ունի Երուսաղեմի տաճարի կործանման, մեծ սրբապղծության, հակաքրիստոսի թագավորության, ինչպես նաև աշխարհի վախճանին առնչվող դեպքերի վերաբերյալ (Դան. 7-9):

Աշխարհի սկզբի և վախճանի մասին, ծննդից առաջ և մահից հետո մարդու գոյության մասին մտածողները, փիլիսոփաները խորհում էին մինչև 18-19-րդ դարերը: Մտքերի այս ընթացքը փոխվեց, երբ գերմանացի փիլիսոփաները սկսեցին ուսուցանել, որ մարդու համար ամեն ինչ տեղի է ունենում իր բանականության ընկալման մեջ, և աշխարհի վախճանը ոչ միայն մարդուց դուրս է, այլև մարդու ներսում: Իրոք, մեռած մարդու համար աշխարհն իր ողջ կառուցվածքով դադարում է գոյություն ունենալուց:

 

Տեր Ադամ քհն Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

 

09.10.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․