Գրքեր

Աշխարհիկ դատողականությունը տանջում է մարդուն

- Հա՛յր, զգում եմ, որ սիրտս քարի պես կարծր է: Ի՞նչ անեմ խստասրտությանս հետ:

- Դու ոչ թե խստասրտություն ունես, այլ «գլխասրտություն»: Սիրտդ ամբողջությամբ գլխումդ է հավաքվել, և այժմ միայն դա է աշխատում: Բայց դու դեռ ուղղվելու հնարավորություն ունես՝ սիրտը կարող է իր տեղը վերադառնալ:

- Ինչպե՞ս:

- Ամեն օր Թեոտոկարիոնի* մեկ կանոն կարդա: Դա սիրտը աշխատեցնելու լավագույն դեղամիջոցն է: Դու սիրտ ունես, բայց դատողականությունը ծածկում է այն իրենով: Դու եվրոպական կարգերն ես պատճենել քեզ համար, եվրոպական մտածելակերպը: Փորձում ես ամեն ինչում ձևականորեն անթերի լինել: Եթե որևէ եվրոպական աշխարհիկ կազմակերպության աշխատակցուհի լինեիր, ապա բոլորի համար օրինակ կհանդիսանայիր: Ճիշտ ժամանակին աշխատանքի ես գալիս, հանձնարարված գործն անթերի ես կատարում: Դու բոլորի համար չափանիշ կլինեիր: Եթե այդ նույն հետևողականությունը հոգևոր կյանքում ցուցաբերես, ապա յոթմղոնանոց հոգևոր քայլերով առաջ կգնաս և արագ կհասնես դրախտին: Իսկ եվրոպական ոգին, իր դատողականությամբ, մարդուն ոչ թե Աստծո մոտ, այլ դեպի Լուսին է տանում: Դու քեզ այժմ այնպես ես պահում, կարծես աշխարհիկ կազմակերպությունում լինես: Սակայն հոգևոր կյանքում ամեն ինչ այլ կերպ է: Պարզություն է անհրաժեշտ: Քեզ հասարակ պահիր և վստահիր Աստծուն:

- Հա՛յր, իսկ այդ պարզությունն ինչպե՞ս ձեռք բերել:

- Պիտի գլուխդ ծակենք ու անցած-գնացած ժամանակների ուղեղ լցնենք այնտեղ: Ընկղմվիր Հայրաբանության պարզության մեջ, որպեսզի հոգևոր այն գիտությունը ճանաչես, որը հոգին վեր է բարձրացնում և վերականգնում դրա ուժերը: Այդժամ մարդն էլ չի հիվանդանա: Դատողականությունը տանջում է մարդուն: Օրինակ՝ ասում եմ. «Պետք է այսպես անել» և անում եմ, որովհետև պետք է անել: Այսինքն ի սրտե չեմ անում, այլ որովհետև դատողականությունս է այդպես հուշում: Եվ ոչ միայն դատողականությունը, այլև դաստիարակությունն է ասում. «Տեղդ պետք է ուրիշին զիջես»: Սակայն սիրտն այդպես չի ասում: Բայց եթե իմ սիրտը թրթռա և ես տեղս սիրուց մղված զիջեմ, ապա դա բոլորովին այլ հարց է: Այդ ժամանակ ես ուրախություն կզգամ:

Մեր գործողություններում մեր «ես»-ը չպետք է ներկա լինի: Չպետք է հանգստություն փնտրենք ինքներս մեզ համար: Դա խանգարում է Քրիստոսի գալուն: Պետք է ձգտել նրան, ինչը հանգստություն է պատճառում մեկ այլ մարդու: Իրական հանգստությունը ծնվում է ուրիշին հանգստություն պատճառելուց: Այդժամ Աստված հանգչում է մարդու վրա, և մարդն ինքն արդեն դադարում է մարդ լինելուց, հասնում է աստվածության: Հակառակ դեպքում միայն բանականությունն է աշխատում և ամեն ինչ մնում է մարմնական, մարդկային:

Աշխարհիկ «առողջ դատողությունը» հոգնեցնում է բանականությունը և ուժասպառ անում մարմինը՝ այն ճնշում է, սահմանափակում սիրտը, իսկ հոգևոր առողջ դատողությունը սիրտն ընդարձակում է: Եթե բանականությունը խելամտորեն է գործածվում, ապա այն կարող է խոցել սիրտն ու օգնել նրան: Եթե միտքը սրտի մեջ է գնում և դառնում նրա գործակիցը, ապա մեր յուրաքանչյուր արարք դադարում է ուղղակի խելամիտ լինելուց: Առողջ դատողությունը Աստծո պարգև է: Սակայն մենք պետք է սրբագործենք այն:

- Իսկ ես սիրտ չունեմ, Հա՛յր…

- Ունե՛ս: Բայց հենց սիրտդ ուզում է ինչ-որ բան անել, բանականությունդ դրա բերանը փակում է: Փորձիր սրտի առողջ դատողություն ձեռք բերել, հավատ ձեռք բերել, սեր:

- Իսկ ինչպե՞ս կարող եմ հասնել դրան:

- Բանականությունը կորցնելու համար ահա, թե ինչից սկսիր՝ բողոքի երթով ոտաբոբիկ անցիր Սալոնիկով: Թող մարդիկ ասեն, որ խելագարվել ես: Անուշի՛կս, դու ուզում ես ամեն ինչ մաթեմատիկական ճշգրտությամբ հաշվարկել: Դու ինչ է, աստղագե՞տ ես: Դադարի՛ր ռացիոնալ կերպով մտածել, որպեսզի կարողանաս աշխատել քեզ վրա:

- Հա՛յր, աշխարհիկ դատողականությունից ազատվելու համար ո՞ր գրքերի ընթերցանությունն ինձ կօգնի:

- Նախ և առաջ Հայրաբանություն կարդա, "История боголюбцев", "Эвергетинос"**, այսինքն ոչ թե տեսական, այլ գործնական գրքերը, որպեսզի պարզ հայրաբանական սրբության ոգուց աշխարհիկ դատողականությունը հեռանա: Իսկ [արդեն] դրանից հետո սկսիր Աբբա Իսահակ կարդալ, որպեսզի Աստծուց լուսավորված այդ հեղինակին սխալմամբ փիլիսոփայի տեղ չդնես:

 

* Θεοτοκάριον - Սուրբ Աստվածածնին նվիրված ժամերգությունների հավաքածու՝ կազմված երանելի Նիկոդիմոս Աթոսացու կողմից և առաջին անգամ հրատարակված 1796թ.: Վաթսուներկու ժամերգություն է պարունակում՝ գրված տարբեր ժամանակաշրջանների քսաներկու շարականագրերի կողմից:

** "История боголюбцев" - սիրիացի ճգնավորների կյանքի մասին պատմող գիրք, որ կազմվել է երանելի Թեոդորիտոս Կյուրացու կողմից: "Эвергетинос" - հայրաբանական խրատների համակարգված հավաքածու՝ չորս հատորով, կազմված բյուզանդական ժամանակաշրջանում Կոստանդնուպոլսի «Էվերգետիս» մենաստանի Պողոս անունով վանականի կողմից և առաջին անգամ հրատարակված 18-րդ դարի վերջում՝ երանելի Նիկոդիմոս Աթոսացու կողմից:

 

 

Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

22.09.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․