Գրքեր

«Աշխարհիկ հարստությունը գործածելով՝ Աստծո բարեկամությունը շահենք»

Քրիստոսին միացած անձն իր օրն իմաստավորում է բարի գործերով՝ օրինակ ունենալով Քրիստոսին. «Իմ Հայրը մինչև այժմ գործում է, Ես նույնպես գործում եմ» (Հովհաննես 5:17): Ճշմարիտ հավատն ամբողջանում է բարի գործով, ինչպես հավատն է մեռած առանց գործերի (Հակոբոս 2:17), այնպես էլ գործերն են մեռած առանց հավատի (Հռոմեացիներ 4:14):

Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքն ամեն անգամ ներքին ուրախություն է ապրում՝ պահեցողության իր օրերն իմաստավորելով ծառայասիրությամբ:

Մարտի 11-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ  համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, իր հերթական այցով եղավ Փարաքար գյուղի Մուրացան 26 հասցեում ապրող Հովհաննիսյան ընտանիքում: 60-ամյա Կարինե Հովհաննիսյանն իր աղջկա մահից հետո երեք տարի է, ինչ միայնակ է խնամում իր թոռնուհուն՝ Գաբրիելյան Լարիսային (14տ.): Տիկին Կարինեն նախկինում բնակվել է Երևանի կենտրոնում, իր բնակարանը քանդելուց ի վեր տասը տարի է, ինչ նա, վարձակալությամբ ապրելով, սպասում է պետության կողմից իրեն հատկացվելիք բնակարանին: Նա չի աշխատում և միայն նպաստ է ստանում: Այժմ տիկին Կարինեն իր թոռնուհու հետ ժամանակավորապես ապրում է իր մյուս աղջկա ընտանիքի հետ միասին:

Տեր Հայրն ընտանիքի հետ զրույց ունեցավ, բժշկության աղոթք կարդաց, ապա նրանց հանձնեց համայնքի կողմից տրամադրած սննդի փաթեթներ՝ մաղթելով ուժ, համբերություն և աստվածային հույսով լեցուն բազում օրեր:

Այս անգամ էլ խորհենք ողորմածության առաքինության մասին՝ հետևելով Սբ. Հովհան Ոսկեբերանի մտորումներին. «Ինչպես ջրի միջոցով մարմնի ախտն է մաքրվում, այնպես էլ ողորմությամբ հոգու անմաքրությունը: Շատերն են գովում մարդուն իր գթասրտության համար. «Մեծանուն և պատվական է գթասիրտ մարդը»- ասել է առակագիրը (Առակներ 20:6): Առանց գթասրտության մարդը դադարում է մարդ լինելուց, այդ առաքինությամբ մարդն իմաստնանում է: Եվ չպետք է զարմանալ, որ հենց ողորմությունն է համարվում մարդկության տարբերակիչ նշանը, այն Աստծո նշանն է մարդու մեջ: «Եղեք գթասիրտ, ինչպես, որ ձեր Երկնավոր Հայրն է գթասիրտ» (Ղուկաս 6:36): Այսպես, Քրիստոսի խոսքի համաձայն, սովորենք լինել գթասիրտ, թե այս պատճառների և մասնավորապես նրա համար, որ մենք առավել ևս կարիք ունենք գթասրտության: «Եվ Ես ասում եմ ձեզ, աշխարհիկ հարստությունը գործածեք այնպես, որ Աստծո բարեկամությունը շահեք, որպեսզի, երբ այս աշխարհից դուրս ելնեք, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ» (Ղուկաս 16:9),- ասել է Քրիստոս: Հրաշագործության դեպքում դու ես Աստծուն պարտապան լինում, իսկ ողորմության գործերով դու ես Աստծուն պարտավորեցնում: Ողորմություն ենք գործում, երբ առատաձեռնորեն ենք տալիս, երբ մտածում ենք, որ չենք տալիս, այլ վերցնում ենք, երբ ընդունում ենք այն որպես օրհնություն և ձեռքբերում, այլ ոչ թե կորուստ: Ունեցածից չողորմելն առնվազն հափշտակություն է»:

 

 

Կարինե Սուգիկյան

11.03.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․