Գրքեր

Աշխարհիկ մտահոգությունը փշապատում է հոգևոր կյանքը

«Խախտելով պատվիրանը և արտաքսվելով դրախտից՝ մարդն այս աշխարհում կապվեց երկու ձևով և երկու տեսակի կապանքներով՝ կենցաղային գործերով և աշխարհի հանդեպ եղած սիրով: Չարության ոգիները մարդուն գաղտնապես կաշկանդում, շրջափակում, փշապատում և խավարի կապանքներով կապում են և այս պատճառով էլ մարդը, որքան էլ ցանկանում է, չի կարողանում սիրել Աստծուն, հավատալ և աղոթել, որովհետև առաջին մարդուց սկսած հակամարտությունն իշխում է մեզ»,- ասել է Ս. Մակար Եգիպտացին: Աստվածապարգև կյանքն իմաստազրկվում է Աստծուց հեռու հոգսաշատ կյանքում: Աշխարհիկ մտահոգություններն ու խնդիրները մարդուն ամբողջովին տեղափոխում են մտահոգությունների կործանարար անդունդը: Սովորաբար թերագնահատվում են մտահոգություններից ծնվող վտանգները, իսկ դրանք բազմաթիվ են և քողարկված: Կյանքի արագընթաց ռիթմում մտահոգությունները խլում են մեզանից մեր իսկ կյանքը, մեր ժամանակը, մեր ուժերը և վերջնական արդյունքում նաև մեր անմահ հոգին: Նյութի հանդեպ կախվածությունը մարդուն հասցնում է նրան, որ նա փորձում է ամեն ինչ հասցնել, ամեն ինչից տեղյակ լինել և ամեն ինչ փորձել՝ թույլ տալով, որ հոգսերը մաս առ մաս կլանեն իր հոգին, սիրտը և միտքը: Սուրբ Գիրքն ասում է, որ Քրիստոս մշտապես բախում է մեր սրտի դուռը. «Ահավասիկ Ես դռան առաջ եմ և բախում եմ: Եթե մեկն Իմ ձայնը լսի և բաց անի դուռը, Ես ներս կմտնեմ և կընթրեմ նրա հետ, նա էլ՝ Ինձ հետ» (Հայտնություն 3:20): Բավարար չէ, որ աշխարհիկ մտահոգություններն ու երկրային հաճույքները տիրացել են մարդու անմահ հոգուն, այլ նաև խլացրել են փրկարար թակոցների ձայները:

Աշխարհիկ մտահոգությունը, ըստ եկեղեցու հայրերի, հոգևոր կյանքի ոխերիմ թշնամիներից մեկն է: Ս. Հովհան Ոսկեբերանն ասել է. «Պետք է մեղադրել ոչ թե իրերին, այլ ոչ աստվածահաճո մտքին: Դու կարող ես հարուստ լինել, սակայն առանց հարստության հրապույրը սրտիդ մեջ ունենալու: Կարող ես ապրել աշխարհում, բայց թույլ չտալով, որ աշխարհիկ հոգսերը քեզ խեղդեն»:

Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, «Սերմնացանի առակ»-ը մեկնելով, Իր հետևորդներին հորդորում է զգուշանալ փշերով ծածկված հողը դառնալուց, այսինքն՝ այնպիսի մեկը լինելուց, որ լսում է Աստծո խոսքը, բայց երկրային կյանքի հոգսերը և հարստության հրապույրը խեղդում են այդ խոսքը՝ դարձնելով այն անպտուղ: Այլ Տերը հորդորում է դառնալ այն բերրի հողը, այսինքն՝ նմանվել այն մարդուն, որ լսում է Աստծո խոսքը, հասկանում է և պտուղ տալիս, մեկի դիմաց՝ երեսուն, վաթսուն և հարյուր (Մատթեոս 13:22-24): Եկեղեցու հայրերն էլ իրենց հերթին բացահայտում են՝ ասելով, որ փշերով ծածկված հողն այն մարդն է, որ փորձում է միմյանց հետ հաշտեցնել աստվածսիրությունն ու աշխարհսիրությունը: Այդպիսի մարդու սիրտը նման է այն հողին, որ տեղ ունի թե՛ ցորենի և թե՛ փշի, թե՛ երկնքի և թե՛ երկրի, թե՛ Աստծո և թե՛ դրամի համար: Նման դեպքում մարդը մոռանում է, որ «չի կարող երկու տիրոջ ծառայել» (Մատթեոս 6:24): Ինչո՞ւ է Քրիստոս «Սերմնացանի առակ»-ում «երկրավոր կյանքի հոգսերը» փուշ անվանել: Եկեղեցու հայրերի մեկնություններում կարդում ենք, որ մեր նախածնողների համար «երկրավոր կյանքի հոգսերը» սկիզբ առան իրենց մեղանչումով, քանի որ իրենք այլևս իրենց աշխատանքով և երեսի քրտինքով պետք է վաստակեին իրենց օրվա ապրուստը: Բացի այդ փուշը, տատասկը և ամեն տեսակի վնասակար խոտերը գոյացան, երբ Աստված Ադամի և Եվայի պատճառով երկիրն անիծեց (Ծննդոց 3:18): Այդ պատճառով փուշը դարձավ մեղքի և անեծքի արդյունքը:

Ինչպես փշերն են սպանում սերմի մեջ աճելու և պտղաբերելու ամեն կարողություն, այնպես էլ աշխարհիկ մտահոգություններն են սպանում մարդու մեջ Աստծուն վստահելու և Նրա կամքին հնազանդվելու պատրաստակամությունը: Ինչպես այգեգործի համար է դժվար կարճ ժամանակում այգին մաքրել փշերից և տատասկներից, այնպես էլ բազմահոգ մարդու համար է դժվար հոգու անդաստանը մաքրել «փշերից և տատասկներից»: Բայց Ամենակարող Տիրոջ օգնությամբ համբերատար և ջանադիր աշխատանքը կբերի Տիրոջ կողմից ակնկալվածը՝ այն բերրի հողը, ուր անարգել կաճի Աստծո խոսքը՝ պտուղ տալով մեկի դիմաց երեսուն, վաթսուն և հարյուր: Ս. Մակար Եգիպտացու հոգևոր փորձառությունը մատնանշում է, որ աներկբա հավատով և մեծ համբերությամբ, անդադար կանչելով Տիրոջը և Նրանից օգնություն ակնկալելով ՝ արդեն այստեղ կարելի է ազատություն ստանալ ներքին կապանքներից, որոգայթներից, արգելքներից և կրքերի գաղտնի ներգործությունից:

 

Կարինե Սուգիկյան

25.11.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․