Գրքեր

Աշխարհը չի կարող կանգուն մնալ առանց հավատի

Անաստված իշխանությունները կարծում էին, որ հավատը վնասում է հասարակությանը և ցանկանում էին վերացնել այն: Այժմ նրանք կամաց-կամաց հասկանում են, որ եթե մարդը չի հավատում, ապա արգելակ չունի և գազան է դառնում, հասկանում են, որ մարդը չի կարող առանց իդեալների կանգուն մնալ: Մի անգամ լրագրողը ծեր կոմունիստ քաղաքական գործչին հարցրեց. «Այսօրվա քաղաքական գործիչներն ինչի՞ վրա պետք է ուշադրություն դարձնեն, որպեսզի հաջողության հասնեն, այլ ոչ թե անհաջողություն կրեն»: «Մենք անհաջողության մատնվեցինք, որովհետև Եկեղեցու դեմ գնացինք»,- պատասխանեց ծեր կոմունիստը: Այսինքն՝ անհավատ կոմունիստները, որոնք ո՛չ նյութական շահագրգռվածություն ունեն, ո՛չ հոգևոր բարձունքներ, հասկացել են, որ չեն կարող Աստծո դեմ մարտնչել: Այսօր (1) Սերբիայի որոշ շրջաններում սկսել են եկեղեցիներ կառուցել: Հարավսլավական իշխանությունները տեսան, որ այնտեղ, որտեղ եկեղեցի կա, ըստ վիճակագրության՝ հոգեկան հիվանդները, հանցագործությունները և այլն քիչ են: Այդ մարդիկ Աստծուն չեն հավատում, բայց որպեսզի մարդկանց շիզոֆրենիայի դեմ չափից ավելի հաբեր չխմեցնեն՝ եկեղեցիներ են կառուցում: Նույնիսկ Չաուշեսկուն, չնայած որ «անամոթ կապրալ» էր (2), քրիստոնեությունը «ժողովրդի համար օպիում» էր անվանում և նման այլ վատաբանություններ ասում, միաժամանկ ասում էր, որ քրիստոնյաները լավ մարդիկ են: Որովհետև նրանք, ովքեր հավատում էին, «արգելակներ» ունեին և անկարգություններ չէին կազմակերպում: Իսկ մնացածը՝ անհավատները, ամեն ինչ ջարդուփշուր էին անում: Իսկ քանի՜ սուրբ է շողալու մեզ համար Ռուսաստանից: Այժմ պատերազմ է հայտարարված կոմունիզմին: Այսինքն՝ կան այնպիսի մարդիկ, ովքեր փորձում են ամեն ինչի համար արդարացում գտնել: «Լենինն ու Մարքսը,- ասում են այդ մարդիկ,- համաձայն էին Քրիստոսի հետ, բայց Նրա ոգին չհասկացան և այդ պատճառով հանցագործություններ գործեցին»: Նրանք այդպես են ասում, որովհետև քրիստոնյաները իրենց ձայնն են բարձրացրել և հայտարարել են, որ ուզում են իրենց հին Ավանդությանը վերադառնալ, իրենց հավատին: Եվ ահա, ի վիճակի չլինելով ժողովրդին նախկին սանձի մեջ պահել, կոմունիստները կոչերով նրան են դիմում. «Եկե՛ք վերադառնանք մեր հնամենի Ավանդությանը»: Ասես այն ամենի պատճառը, որ կոմունիստներն արեցին հեղափոխության ժամանակ ու դրանից հետո, այն է, որ նրանք չէին հասկացել Քրիստոսի ոգին:

Կգա ժամանակ, երբ ոչ միայն հավատացյալները, այլ նույնիսկ անհավատները կհասկանան, որ աշխարհը չի կարող կանգուն մնալ, եթե հավատ չկա: Այնժամ նրանք կստիպեն, որ ժողովուրդն ինչ-որ բանի հավատա, որպեսզի զսպեն նրանց: Տարիներ հետո կգան այնպիսի ժամանակներ, որ եթե մի օր չաղոթես, ապա քեզ բանտ կնստեցնեն: Մարդիկ հաշիվ կտան իրենց ղեկավարի առջև, թե աղոթել են արդյոք, թե՝ ոչ… Այդպես ամեն ինչ իր տեղը կընկնի:

 

1) Արտասանվել է 1985թ.-ի հունիսին:

2) Բառախաղ է՝ Ռումինիայի կոմկուսի գլխավոր քարտուղար Նիկոլաե Չաուշեսկուի (1918-1989) ազգանունը հունարենի տառադարձության մեջ համանուն է "τσαούσης του α??σχους" բառակապակցությանը, որը տառացիորեն նշանակում է «անամոթ կապրալ»

 

 

Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

 

 

06.10.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․