Գրքեր

Աշխատանքի մասին

Դրախտում Ադամն ու Եվան չէին աշխատում: Աշխատանքն ի հայտ եկավ Ադամի և Եվայի դրախտից վտարվելուց հետո: Աշխատանքով Աստված պատժո՞ւմ է մարդուն:

Սուրբ Գրքում մանրամասն չի ներկայացվում, թե կորուսյալ դրախտում ինչպիսին պիտի լիներ կյանքը, կամ ինչպիսին պիտի լինի մարդկային գոյությունը Երկնքի արքայության մեջ: Մեզ տրված են հիմնականում այս կյանքում ապրելու համար անհրաժեշտ հոգևոր սկզբունքներ, որոնք պետքական են մեր երկրավոր ընթացքի և հավիտենությանն արժանանալու համար: Անդրաշխարհի որպիսին լինելը բացահայտ տեսնելու ենք այնտեղ, ինչպես և ասում է Պողոս առաքյալը. «Այժմ տեսնում ենք աղոտ, ինչպես պատկերը հայելու մեջ. իսկ այն ժամանակ պիտի լինի դեմառդեմ» (Ա Կորնթ. 13.12): Ադամն ու Եվան կարճ ժամանակ մնացին դրախտում, և այնտեղ իրենց կյանքը չպիտի պարապությամբ անցկացնեին, այլ պետք է գործեին: Ծննդոց գրքում ասվում է, որ երբ ստեղծվեց երկիրը, մարդ չկար, որ մշակեր հողը (2.5): Սա նշանակում է, որ հող մշակելու, աշխատելու նախատեսում եղել է դեռ մարդու ստեղծումից առաջ: Աստված նաև Իր ստեղծած մարդուն տեղավորեց բերկրության դրախտում, որպեսզի նա մշակի ու պահպանի այն (Ծննդ. 2.15): Մարդու անկումը, սակայն, վնաս պատճառեց ողջ տիեզերքին, բերեց նաև հողի բերքատվության հատկության խիստ նվազում: Հետևաբար, աշխատանքը պատիժ չէ, այլ առաջին մարդուն նյութական հացի հայթայթման համար քրտնաջանորեն առավել աշխատելն էր տրված: Մարդու փրկության համար շեշտվում է հավատքի և գործի կարևորությունը: Այստեղ պետք է հիշենք Հակոբոս առաքյալի` առանց գործերի հավատքը մեռած է սկզբունքը (Հակ. 2.20, 26): Այսինքն` հավատքը ևս պահանջում է գործեր, և, հետևաբար, աշխատանք:

 

Սովորաբար աշխատանքի երկու տեսակ է տարբերակվում` ֆիզիկական և մտավոր: Երկուսից ո՞րն է համարվում ավելի առաջնային կամ կարևոր:

Արիստոտելն առավել կարևոր էր համարում մտավոր աշխատանքը, որի մեջ էլ և տեսնում էր երջանկությունը: Իրականում երկուսն էլ կարևոր են: Առաքյալներն իրենք ֆիզիկական գործ անողներ էին` մեծ մասամբ ձկնորսներ, ովքեր Քրիստոսի կողմից կանչվելուց հետո անցան նաև մտավոր աշխատանքի` աղոթքի, քարոզչության, Ավետարանների գրության, բայց նաև շարունակում էին զբաղվել ձկնորսությամբ: Պողոս առաքյալը քարոզելուց հետո աշխատում էր իր ֆիզիկական գոյությունը պահպանելու համար, զբաղվում էր վրանագործությամբ և դրանով էր իր ապրուստը վաստակում (Գործք 18.3): Ենթադրելի է, որ Քրիստոս մինչ իր առաքելությունը սկսելն օգնում էր իրեն խնամակալող հորը` Հովսեփին, ով հյուսն էր (Մատթ. 13.55, Մարկ. 6.3), այլ բառով ասած` կահույքագործ:

Աշխատանքի տեսակների մեջ առաջնային համարելու առումով, թերևս կարևոր համարենք մտավորը, բայց ոչ թե միաժամանակյա մտավոր և ֆիզիկական աշխատողների նկատառումներով, որովհետև նրանք ամեն մեկն իր հերթին անհրաժեշտ գործ են անում, այլ գիտության, տեխնիկական առաջընթացի, գյուտերի առումով, որոնք սկզբնական խթան են հանդիսանում կյանքի զարգացման ու առաջընթացի համար: Առաքյալն ասում է, որ ամեն մեկին տրված են տարբեր շնորհներ (Հռ. 12.6): Կյանքում և Եկեղեցու մեջ այդ տարբերությունը հանգեցնում է նրան, որ մարդիկ, հավատացյալները միմյանց կարիքն են զգում ու նաև այդպես միավորություն կազմում: Այսպես և աշխատանքի մեջ ամեն մեկին տարբեր շնորհներ են տրված, բայց մարդիկ միմյանց կարիքն են զգում` մեկը՝ ֆիզիկական աշխատանքի բարիքները վայելելու, մյուսը` մտավոր աշխատանքի բարի արդյունքներից օգտվելու:

 

Ի՞նչ սկզբունքով պետք է առաջնորդվել աշխատանք ընտրելիս, Աստվածաշունչը մեզ ցուցումներ տալի՞ս է:

Աշխատանք ընտրելիս պետք է առաջնորդվել ըստ նախասիրությունների և ջանալ ձեռք բերված աշխատանքով ոչ միայն ինքդ քեզ և կամ միայն քո ընտանիքին օգուտ բերել, այսինքն` աշխատանքը ինքնանպատակ դարձնել, այլև օգտակար լինել հայրենակիցներին, քո երկրին ու ժողովրդին: Առաքյալի խոսքը նաև այս է ակնարկում. «Միայն մե՛զ համար հաճելի չլինել. այլ մեզնից յուրաքանչյուր ոք թող ընկերոջը հաճելի լինի` ի շինություն բարի գործերի» (Հռ. 15.1-2): Այստեղ ուրիշներին օգուտ բերելու, միմյանց սիրելու քրիստոնեական մեծագույն պատվիրանը պետք է գործի: Առաքյալները նախ քարոզում էին իրենց ժողովրդին, բայց երբ տեսան, որ հրեաները հակառակվում են, դարձան դեպի հեթանոսները (Գործք 13.46), այսինքն` քարոզչական աշխատանքով նախ իրենց ժողովրդին ու երկրին օգտակար լինելու նպատակն ունեին:

Վկայության խորանը` հրեաների սրբարանն ու դրա սպասքը, Հին Ուխտի տապանակը, որի մեջ ամփոփվելու էին Աստծո կողմից տրված տասը պատվիրանները` նոր քարե տախտակների վրա գրված (Ելք 34.1), մանանայով լիոսկե սափորը (Ելք 16.32-35) և Ահարոնի ծաղկած գավազանը (Թվեր 17.1-11), ինչպես և քահանայական զգեստները պատրաստելու հորդորով Աստված Մովսեսին ուղղարկեց հատուկ արհեստավորի և նրա օգնականների մոտ (Ելք 31.1-11), որովհետև Մովսեսը չէր կարող ինքն զբաղվել այդ իրերի և աղոթավայրի պատրաստությամբ: Հետևաբար, ամեն մեկը մասնագիտություն և աշխատանք պետք է ընտրի իր կարողություններին ու նախասիրությունների համապատասխան:

Այսօրվա գործազրկության պայմաններում, սակայն, մարդիկ գնում են այն աշխատանքին, որը գոնե կարողանում են ճարել: Այդպիսի աշխատանքի մեջ էլ պետք է գործեն բարության ու ազնվության սկզբունքները: Օրինակ` փոքրիկ երեխա ունեցող ծնողը գիշերը մեծ տհաճություն է զգում` քաղցր քունը թողնելով և հոգնած վիճակում իր երեխայի լացին ընդառաջ նրան խնամելով: Բավականին դժվար է նաև երեխա ծննդաբերելը, սակայն այս ամենն արվում է սիրով, որ նշանակում է, թե մի բան կարող է և հաճելի չլինել, բայց միևնույն ժամանակ կարող է շատ օգտակար և սիրելի լինել: Այդպես էլ նաև աշխատանքը կարող է երբեմն հաճելի չլինել, բայց մարդը, ունակ լինելով այդ աշխատանքը կատարելու, այն պետք է դիտի օգտակարի տեսանկյունից:

Մենք հիմա ապրում ենք կապիտալիզմի ժամանակաշրջանում և կապիտալիստական հասարակարգում իշխում է նաև նյութականի առաջնայնությունը կարևորող գաղափարախոսությունը, որի համաձայն` գործողություններն իրականացվում են կապիտալի կուտակման նպատակով: Այսպիսի պայմաններում մարդն այլևս երկրորդական է դառնում, նաև նկատվում է որպես միջոց գլխավոր նպատակի` նյութականի, կապիտալի ձեռքբերմանն ու կուտակմանը հասնելու: Գործատուի կամ կապիտալիստի կողմից մարդն օգտագործվում է տնտեսական շահ ունենալու համար, մարդը դառնում է շահույթի ձեռքբերման գործիքներից մեկը: Այս իրադրության մեջ մեծապես օգտակար է առաքյալի խրատը. «Իմացե՛ք, որ յուրաքանչյուր ոք` թե՛ ծառա և թե՛ ազատ, ինչ բարի բան որ անի, նույնն էլ կստանա Տիրոջից: Եվ դուք, տերե՛ր, նո՛ւյնն արեք նրանց հանդեպ` մի կողմ թողնելով սպառնալիքները. իմացե՛ք, որ և՛ նրանք, և՛ դուք Տեր ունեք երկնքում, և նրա առաջ աչառություն չկա» (Եփ. 6.8-9): Սակայն հակառակ պատկերն էլ կա: Երբ մարդն աշխատում է ոչ ըստ իր նախընտրության, այլ ըստ առկա աշխատատեղի, անհրաժեշտ հոգածությամբ չի վերաբերվում աշխատանքին կամ աշխատավայրին: Հայտնի է տաճար կառուցող շինարարների խրատական օրինակը, երբ մեկն ուրախությամբ ասում է, որ իր Աստծո համար տաճար է կառուցում, իսկ մյուսն այն կարծիքին է, որ տքնաջան, ծանր ու չարքաշ աշխատանք է կատարում` իր և ընտանիքի կարիքները հոգալու համար: Աշխատանքը մարդկանց ծառայելու և սիրելու քրիստոսավանդ պատվիրանների կատարման հնարավորություններից մեկն է: Մարդը ևս տաճար է Սուրբ Հոգու (Ա Կորնթ. 3.16, 17, 6.19, Բ Կորնթ. 6.16, Եփ. 2.21-22, Ա Պետ. 2.5), և քանի որ աշխատանքի պտուղները մարդկանց օգտակարությանն են ծառայում, ապա մեր աշխատանքը ևս պետք է դիտել այս տեսանկյունից:

 

Մարդկանց մեծ մասն աշխատում է այնպիսի ընկերություններում, որոնց արտադրանքը վնաս է պարունակում` ծխախոտի գործարաններ, ինչպես և խաղատներ, կասկածելի բովանդակությամբ ֆիլմերի, մուլտֆիլմերի արտադրություն... Անձամբ որևէ մեղք չգործած այս մարդիկ, աշխատելով վնասակար արտադրության վայրերում կամ մարդու մտավոր ու ֆիզիկական էությանը վնասող ձեռնարկություններում, նո՞ւյնպես համարվում են մեղավոր:

Ծայրահեղ մոտեցում չցուցաբերելով, բայց տրամաբանություն կիրառելով` պատասխանենք այս հարցին: Եթե տվյալ անձինք գիտեն, որ վնաս են բերում մարդկանց և իմանալով հանդերձ աշխատում են նման տեղերում, դա արդեն մեղք է, այսինքն` այս պարագայում մեղք է համարվում որևէ գործողությամբ ուղղակի կամ անուղղակի կերպով մարդուն վնասելը: Դիտարկենք ծխախոտի արտադրության օրինակը: Այն, իհարկե, շատ աշխատատեղեր է ստեղծում գյուղերում, որտեղ երբեմն սեփական միջոցներով հողագործությամբ զբաղվելու լուրջ դժվարություններ ունեցող գյուղացիներն զբաղվում են ծխախոտ աճեցնելով և ապրուստ հայթայթում: Նաև քաղաքներում ծխախոտի արտադրության գործարաններում մեծաքանակ մարդիկ են աշխատում: Սակայն ծխախոտի օգտակարության մասին այսօր ոչ ոք չի խոսում, միշտ բարձրաձայնվում է ծխախոտի վնասակար լինելը: Բոլոր առաջադեմ երկրներում խստիվ արգելված է հասարակական վայրերում ծխելը, ծխախոտի գործածումն արգելված է նաև հասարակական տրանսպորտում, ինքնաթիռներում: Այս պարագայում չի գործում «ձայն բազմաց» սկզբունքը, այսինքն` եթե շատ մարդկանց կենցաղում ծխախոտն ընդունելի է, սա ամենևին էլ չի նշանակում, որ մարդկանց զգալի մասի վարվելակերպը հիմնված է ճշմարտության վրա: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նաև Հայաստանում և հայաշատ վայրերում պարբերաբար «ծխախոտի օր» էին կազմակերպում` կռվող զինվորների համար ծխախոտ հավաքելու և ռազմաճակատ ուղարկելու, քանի որ ծխախոտին սովորած մարդիկ, դրանից կախվածության մեջ գտնվելով և այդ իրավիճակը հաղթահարած չլինելով, առանց այն օգտագործելու դժվարություններ են ունենում իրենց գործողությունները կատարելու մեջ:

Կոլոմբոսի կողմից Ամերիկայի հայտնաբերումից հետո այնտեղ բնակվող ցեղերի` ծխախոտ գործածելու սովորությունը 1492 թվականից ի վեր տարածվեց աշխարհի տարբեր երկրներում: Բայց ժամանակի ընթացքում դրա վնասակար ազդեցությունները տեսնելով` սկսեցին խոսել ծխախոտի պատճառած բազմաթիվ վնասների մասին: Ավելի քան մեկ դար առաջ այդ երևույթին անդրադարձել են նաև հայ իրականության մեջ, ինչպես օրինակ` Վանում 1914 թ. հրատարակված «Լույս» ամսօրյան: Ըստ «Լույսի» հրապարակման` երբ ծխախոտի գործածումը տարածվեց, ժողովուրդների առաջնորդներն սկսեցին խիստ միջոցներ ձեռք առնել այն դադարեցնելու կամ տարածումը կանխելու համար: Ուշագրավ է հայկական ամսօրյայի վկայակոչումը, որ դեռևս 17-րդ դարում` Հռոմի Պապեր Ուրբանոս 16-րդը և Ինոկենտիոս10-րդը խիստ սպառնալիքներ հնչեցրին, պատիժներ ձեռնարկեցին և պապական կոնդակներ հրապարակեցին (համապատասխանաբար 1642 թ. և 1650 թ.) դադարեցնելու ծխելու վնասակար սովորությունը եկեղեցու անդամների մեջ: Նաև Թուրքիայի սուլթան Ամուրեթ (Մուրադ) IV-ը (1623-1640 թթ.) սկսեց պատժել նրանց, ովքեր ծխում էին գաղտնաբար կամ հրապարակավ: Անգլիայի թագավոր Ջեյմս Առաջինը (1566-1625 թթ.) մասնավոր գրություններ հրատարակել տվեց` ժողովրդին հասկացնելու ծխախոտի ունեցած սոսկալի ազդեցությունը մարմնի առողջության վրա: Հետաքրքրական է, որ հարյուր տարիներ առաջ Վանում հրատարակված «Լույս» ամսօրյան նաև տեղեկություններ է ներկայացնում ծխախոտից օրգանիզմի թունավորման ընթացքի մասին: Ըստ այդմ` ծխախոտի ամենաթունավոր տարրը նիկոտինն է, որը ծխելու ընթացքում փոխվում է պիրիդին թույնի և այլ թույների:

Ծխախոտ արտադրող ընկերությունները կարծես թե հայտարարում են, որ իրենց հաճելի չէ այդ արտադրությունը, և զգուշացնում են բոլորին ծխախոտի վնասակարության, անգամ մարդկային կյանքին սպառնացող լուրջ վտանգի մասին: Դրա վկայությունը ծխախոտի տուփերի վրա գրված տարբեր տեղեկատվություններն ու զգուշացումներն են: Եվ եթե ծխախոտ արտադրող ընկերությունները կեղծ կամ անկեղծ մղումներով ցույց են տալիս, որ իրենց հաճելի չէ մարդու առողջությանն ու կյանքին վնաս հասցնելը, ապա դա առավել ևս չի կարող հաճելի լինել կյանքի պարգևը մարդուն շնորհած Աստծուն: Այս դատողությունները կարելի է տարածել նաև անառակություն ու անբարոյականություն, բռնություն ու դաժանություն ցուցադրող կամ քարոզող ֆիլմերի, մուլտֆիլմերի արտադրության, անբարոյականություն մատուցող և դրանով հսկայական ֆինանսական շահույթ ունեցող հաստատությունների, թմրանյութերի պատրաստության, մարդկանց տարբեր գայթակղություններով խաղամոլ դարձնող խաղատների և նմանատիպ կազմակերպությունների վրաբերյալ:

Կարող է պատահել, որ մարդկանց վնաս բերող, Աստծո կամքին ոչ հաճելի գործունեություն ծավալող մեկը, ունեցվածք, հարստություն կուտակած լինելով, որևէ պատճառով կամ մղումով ցանկանա նվիրատվություն կատարել Եկեղեցուն կամ հոգևոր կյանքին առնչվող բարեգործություն անել: Եթե նա իր գործողություններից դարձել էԱստծուն ամբողջապես հաճելի կյանքի, ապա նրա նվիրատվությունն ընդունելի է, ինչպես որ Քրիստոսի համար ընդունելի եղավ անառակ կնոջ կողմից մատուցված թանկարժեք յուղը (Ղուկ. 7.37-48): Նախկին մեղավոր կյանքի համար զղջումով կատարված ընծայաբերումը մերժելի չէ և այն առիթ է դառնում նաև ընծայողի մեղքերի թողության, ինչպես ցույց տվեց Քրիստոս: Բայց եթե շարունակվում է նույն ընթացքը, ապա ընծայաբերումը, նվիրատվությունը, ինչքան էլ առատ լինի, ոչ միայն ընդունելի չէ, այլև Աստծո կողմից է մերժելի: Սուրբ Գրիգոր Տաթևացին դա ցույց է տալիս Աստվածաշնչից մեջբերումներով, Աստծո հորդորների վկայակոչումներով: «Պատվի՛ր Տիրոջը քո արդար վաստակից»,- հրահանգում է Սուրբ Գիրքը (Առակ. 3.9): Անիրավության կամ զրկանքի արդյունք լինելու դեպքում նվիրատվությունն անպիտան է: Նույնիսկ եթե նվիրաբերումն արժանավոր է, բայց նվիրողը, նվիրատուն կամ այլ բառով` բարերարն անարժան է, այսինքն` ոչ մարդասեր, ոչ բարեպաշտ, այլ առավելաբար նյութապաշտ մեկն է և չի ապրում քրիստոնեավայել կյանքով կամ նախկին վարմունքների զղջում չունի, ապա կրկին նրա բարերարությունը, նվիրատվությունն ընդունելի չէ և անգամ խստորեն մերժելի է Աստծո կողմից: Այդ մասին է Աստված ասում. «Անօրենը, որ Ինձ եզ է զոհաբերում, նույնն է, թե մարդու գանգ է ջախջախում, իսկ նա, որ ոչխար է զոհաբերում, նույնն է, թե շուն է մորթում, իսկ նա, որ ընտիր ալյուր է ընծայաբերում, նույնն է, թե խոզի արյուն է թափում, իսկ նա, որ հիշատակների խնկարկման համար կնդրուկ է մատուցում, նույնն է, թե հայհոյում է» (Ես. 66.3):

 

Աշխատանքի իրավունք վերապահված է բոլորին: Իսկ որևէ մեկին վերապահված չէ՞ չաշխատելու իրավունք:

Երկրների սահմանադրություններում մարդկանց իրավունքները հիմնականում նշվում են դրական ձևակերպումներով: Աշխատանքի պարագայում հիմնականում խոսվում է աշխատելու, աշխատանքի ընտրության իրավունքի մասին: Սակայն «չաշխատելու իրավունք» արտահայտությունը բացասական ձևակերպումով առկա չէ: Կարելի է խոսել երեխաների չաշխատելու իրավունքի մասին, քանզի տարբեր երկրների սահմանադրության մեջ կամ օրենքներում կարող է ամրագրված լինել մինչև տասնվեց տարեկան երեխաներին որոշակի ժամերով աշխատանքի ընդունելու թույլտվության, մշտական աշխատանքի արգելքի մասին:

Վաղ կապիտալիզմի շրջանում շահագործվում էր երեխաների աշխատանքը: Նրանք տաժանակիր կերպով, ծանր պայմաններում աշխատում էին գործարաններում, ֆաբրիկաներում կամ այլուր, ինչը լրջորեն վնասում էր երեխաների առողջությանը, խաթարում նրանց մանկությունը: Այսօր երեխաների հանդեպ հոգածությունը, նրանց իրավունքները հաստատված են օրենքով: Պատեհ առիթ է այստեղ նշելու, որ արևմտյան երկրներում երեխաներին վերաբերող այդ օրենքները երբեմն հասնում են ծայրահեղության` երեխաների ցանկության համեմատ նրանց սեռափոխության իրավունքի, նույն սեռի պատկանող ծնողների կողմից որդեգրվելու թույլտվության առկայությամբ:

Որևէ մեկն իր ազատությունը կարող է մեկնաբանել նաև չաշխատելու իրավունքի իր անձնական ընտրությամբ: Սակայն այսպիսի բացատրությամբ չաշխատելու իրավունքը պարզապես ծուլության մեղքի մեկ այլ անվանումն է, որն անգործությամբ վնաս է պատճառում ընտանիքին, հասարակությանը: Աշխատունակ մարդը պետք է իր աշխատանքով օգուտ բերի թե՛ իր ընտանիքին, թե՛ իր երկրին ու ժողովրդին` օգտվելով նաև հանգստի իր իրավունքից:

 

Հայաստանի գյուղերի օրինակով կարող ենք ասել, որ շատ հողագործներ այլևս հող չեն մշակում` համարելով ոչ եկամտաբեր գործ, կան մասնագետներ, որոնք նախընտրում են չաշխատել, քանի որ վարձատրությունը համարում են չնչին, նույնիսկ վիրավորական իրենց կատարած գործի համեմատ: Ընդունելի՞ է այսպիսի մոտեցումը:

Մեր երկրի գյուղատնտեսությունն այսօր փորձությունների առջև է կանգնած: Գյուղացիները հաճախ սպասված բերքը չեն ստանում` երբեմն երաշտի, կարկուտի բերած վնասի և կամ հողի ոռոգման դժվարությունների պատճառով: Իսկ առատ բերքի դեպքում էլ չեն կարողանում ամբողջը վաճառել կամ մթերել, որով և ի վիճակի չեն լինում մարելու բանկերից վերցրած վարկը, ընկնում են պարտքերի տակ, կորցնում անգամ հողատարածքն ու տունը: Ինչո՞վ կարող է օգնել Եկեղեցին գյուղացուն այս իրավիճակում: Եկեղեցական արարողություններից է անդաստանի արարողությունը, որով բացի եկեղեցում համապատասխան տոների առիթով կատարվող ծեսից` երկրի կողմերն ու դաշտերը օրհնելու աղոթքով, այն կատարվում է նաև գյուղի դաշտերում, հողատարածքներում, աղոթքով խնդրվում է Աստծո ողորմությունը առատ բերքի համար: Օգտակար կլինի հողագործությունն այս արարողությամբ արդյունավորելը, նաև հավատքով ու աղոթքով աշխատանքները կատարելը: Աստված խոստանում է Իր կամքով ընթանալու դեպքում բազում արդյունքներ տալ հողագործներին (Բ Օր. 11.13-17), և գյուղերում հոգևոր ծառայություն իրականացնող եկեղեցականները պետք է նաև հավատքը ամուր պահեն գյուղացիների սրտերում, որպեսզի նրանք շարունակեն ապրել աստվածահաճո կերպով և չզրկվեն աստվածային օրհնություններից:

Բացի ծիսաարարողական զորակցությունից, Եկեղեցին, նկատի ունենալով նաև գյուղական աշխատանքի մեծ դժվարությունները, և երկրում կարիքավորների, աղքատների առկայությունը, իր սոցիալական ծառայությունից, նյութական օգնության տրամադրումից զատ ինչպես պիտի շարունակի խնդրի քննարկումը Եկեղեցի-պետություն հարաբերությունների շրջանակում: Եկեղեցի-պետություն հարաբերությունների շրջագծում պետք է տեղ գտնեն ոչ միայն պաշտոնական գործակցությունն ու փոխհարաբերությունները, այլև պետական պաշտոնյաների դիտարկումը և նրանց հանդեպ վերաբերմունքը որպես Եկեղեցու հավատացյալների, Եկեղեցու անդամների: Իշխանության շատ ներկայացուցիչներ մեծահարուստ, ունևոր ընտանիքներից են, և նրանց հարկ է հորդորել ոչ միայն երկրի որոշ բարձր և առավելաբար միջին ու ցածր կենսամակարդակ ունեցող քաղաքացիներից գանձվող հարկերից ձևավորվող պետական բյուջեի միջոցով ծրագրեր իրականացնել, սնանկության մեջ հայտնված, եղանակային անբարենպաստ պայմանների, տարբեր հանգամանքների բերումով տուժած գյուղացիներին պետության գանձանակից միայն փոխհատուցել, այլև այդ ամենն անել նաև սեփական միջոցների հաշվին` կատարելով ողորմության և բարեգործության առատ գործեր:

 

Ասում են` ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Դա վերաբերում է նաև աշխատելո՞ւն:

Ես նույնիսկ կասեի, որ ամեն ինչ չափի մեջ է ոչ միայն գեղեցիկ, այլև օգտակար, իսկ չափից ավելին անգամ կարող է վնասակար լինել, և սա վերաբերում հենց նաև աշխատաքնին ու աշխատելուն: Իհարկե, շատ աշխատանքը շատ արդյունք կբերի, բայց աշխատանքի մեջ կլանվելը վնասում է ընտանեկան կյանքին. մարդը նաև չի կարողանում այդ դեպքում հարկավոր ժամանակ տրամադրել ընտանիքի անդամների հետ շփվելու, երեխաների դաստիարակությամբ զբաղվելու համար: Պետք է նաև նկատի ունենալ, որ հոգնած աշխատելը կտրուկ իջեցնում է աշխատանքի արտադրողունակությունը: Աշխատանքով կլանված լինելը բերում է ծանրաբեռնվածության ու գերլարվածության, ինչը մեծապես վնասում է նաև մարդու առողջությանը: Այս իրողությունը մեծ խնդիր դարձավ հատկապես Ճապոնիայում, որտեղ աշխատող մարդկանց հանկարծակի զանգվածային մահվան դեպքեր սկսեցին գրանցվել` հատկապես սկսած 1980-ական թվականներից: Երևույթը կոչվեց «կարոշի», որը ճապոներենից թարգմանաբար նշանակում է «մահ աշխատանքային գերծանրաբեռնվածությունից»: Այսօրինակ մահվան մեծաքանակ դեպքերը պատճառ դարձան հատուկ քննության, որի արդյունքում հաստատվեց աշխատող մարդկանց սրտի կաթվածի, ուղեղի արյան շրջանառության խանգարման ու դրա բարձր ճնշման, ինսուլտի` աշխատանքային ծանրաբեռնվածության հետևանք լինելը: Այս նույն աշխատանքային գերծանրաբեռնվածության պատճառով 2000 թ. մահացավ նաև Ճապոնիայի վարչապետը, ով աշխատում էր տասներկու ժամից ոչ պակաս և իր աշխատանքային քսան ամիսների ընթացքում ունեցել էր ընդամենը երեք հանգստյան օր: Այդ իրադարձությունները նույնպես հաստատեցին, որ մարդը չի կարող ծանրաբեռնված աշխատել առանց մտավոր-բարոյական և ֆիզիկական բացասական հետևանքների:

Աստվածաշունչը խոսում է արարչագործությունից հետո Աստծո հանգստանալու մասին (Ծննդ. 2.2-3), տալիս է հանգստյան օրը սուրբ պահելու պատվիրանը (Ելք 20.8-11, 31.12-17, Բ Օր. 5.15): Քրիստոս առաքելության ուղարկած իր աշակերտների վերադարձին անհրաժեշտ է համարում նրանց հանգստանալը: «Առաքեալները հաւաքվեցին Հիսուսի մոտ ու նրան պատմեցին այն ամենը, ինչ որ արել էին և ուսուցանել: Եվ Հիսուս նրանց ասաց. «Եկե՛ք դուք առանձին մի ամայի տեղ ու մի քիչ հանգստացե՛ք». որովհետև եկող-գնացողները շատ էին. և հաց ուտելու անգամ ժամանակ չունեին» (Մարկ. 6.30-31): Աստվածաշնչյան այս իրողությունները նաև աշխատող մարդուն ուղղված հանգստյան հորդոր են և հանգստյան իրավունքի կիրառման անհրաժեշտության մասին են վկայում:

 

Տեր Ադամ քհն. Մակարյան

26.07.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․