Գրքեր

Աստղագուշակություն

Աշխարհի և բնության հետ մարդու հարաբերությունը մեկնաբանող ամենահին երևույթներից մեկն էլ աստղագուշակությունն է` անկախ նրա հանդեպ ունեցած մեր վերաբերմունքից: Ոմանց կարծիքով այն հավատալիքների, ավանդույթների և ուսմունքների համակարգ է, որը մեկնաբանում է տիեզերական մարմինների ազդեցությունն ու նշանակությունը մարդու ճակատագրում, ոմանց կարծիքով` կեղծ գիտություն, սնահավատություն է: Ի՞նչ է աստղագուշակությունը: Դուք ինչպե՞ս կբնութագրեք այն:

Մարդու կյանքում հնուց ի վեր տարածված է եղել սնահավատությունը, անիրական երևույթներին հավատալը, դրանց զորություն վերագրելը: Այդ սնահավատությունների շարքում տեղ են գրավում նաև տարբեր գուշակությունները, որոնցից է աստղագուշակությունը` աստղերի, համաստեղությունների դիրքով մարդու կյանքի կամ իրադարձությունների մասին գուշակությունների կատարումը: Հին աշխարհում աստղագուշակությունը հավակնում էր գիտության աստիճանին կանգնելու և երբեմն նույնիսկ հավասարազոր էր համարվում գիտության տարբեր ճյուղերին: Սակայն մարդկության զարգացումով և գիտության առաջընթացով պայմանավորված` առավել ճշգրիտ գնահատական տրվեց աստղագուշակությանը և այն դուրս հանվեց գիտության ոլորտից` համարվելով պարզապես սնոտիապաշտություն: Այսօր գիտնականներն ընդհանրապես բացառում են աստղագուշակության թեկուզև փոքր առնչությունը ճշգրիտ գիտության հետ, որով և ստացվում է, որ աստղագուշակները զբաղվում են խարդախությամբ ու խաբեությամբ: Ճիշտ այսպիսի գնահատական է տալիս աստղագուշակներին նաև Աստվածաշունչը: «Արեգակը, լուսինը, աստղերն ու երկնքի բոլոր զարդերը տեսնելով չմոլորվեք» (Բ Օր. 4.19): «Թող վեր կենան ու քեզ փրկեն աստղագուշակները, որոնք դիտում են երկնքի աստղերը, թող պատմեն քեզ, թե ինչ է գալու քո գլխին: Ահավասիկ նրանք բոլորը, ինչպես խռիվ, պիտի այրվեն կրակի մեջ և իրենց հոգիները չպիտի կարողանան փրկել բոցից»,- ասում է Բարձրյալի մարգարեն (Եսայի 47.13-14):

 

Աստղագուշակությունը տարածված է եղել հին աշխարհի երկրներում` Ասորեստանում, Բաբելոնում, Եգիպտոսում, Հունաստանում, Հռոմում և ողջ Առաջավոր Ասիայում: Պատմիչները նշում են, որ պարսկական արքունիքում աստղագուշակները դասվում էին արքունական պաշտոնյաների շարքը: Հին Հայաստանում տարածվա՞ծ էր աստղագուշակությունը: Ունե՞նք հիշատակություններ կամ գրավոր աղբյուրներ, ձեռագրեր այդ մասին:

Հնում աստղագուշակները մեծ հարգանք էին վայելում և կային անգամ պալատական աստղագուշակներ: Սա ենթադրել է տալիս, որ մեր հեթանոս թագավորների օրոք էլ եղել են նման աստղագուշակներ, ովքեր իրենց ծառայությունն են բերել արքունիքում: Մեր գրավոր աղբյուրներից հիշատակելի է 16-րդ դարում հայ առաջին տպագրիչի` Հակոբ Մեղապարտի կողմից հրատարակված գրքույկը` «Աղթարք» վերնագրով, որտեղ հավաքված են մեծ մասամբ արաբերենից և պարսկերենից թարգմանաբար հայերենի փոխադրված ժողովրդական հավատալիքներ, նախապաշարմունքներ` կապված երազների մեկնության, աստղագուշակության, բժշկության իրողությունների հետ: Հակոբ Մեղապարտը 1512 թ. առաջինը հրատարակել է «Ուրբաթագիրքը», որն աղոթքների ժողովածու է, այնուհետև` 1513 թ., «Պատարագատետրը» և հետո` «Աղթարքը»: Ենթադրելի է, որ Հակոբ Մեղապարտը եղել է հոգևորական, որովհետև կարծիքներ կան, որ նրա տպագրած գրքերը, որոնք բաժանվում են կրոնական և աշխարհիկ բովանդակության, շատ ավելի գրագետ են կազմված եղել, քան նույնիսկ նրա հաջորդ տպագիրչների գործերը, իսկ կրոնական գրականության տպագրությունն այսքան գրագետ կարող էր կազմակերպել համապատասխան բարձր կրթություն ստացած անձնավորությունը: Հետաքրքրական կարող է թվալ, որ աղոթքների ժողովածու, Պատարագատետր հրատարակողը, հանկարծ նույն թվականներին հրատարակում է նաև բովանդակությամբ ու նշանակությամբ իր տպագրած գործերի բովանդակությանը հակառակ մի գիրք` «Աղթարքը»` գուշակությունների, ժողովրդական զրույցների հավաքածուն: Սակայն տրամաբանական է, որ Հակոբ Մեղապարտը դեմ է գնացել ոչ թե կրոնական համոզումներին կամ դիրքորոշումներին, այլ «Աղթարքը»` նաև աստղագուշակություններ պարունակող գիրքը, տպագրել որպես ժողովրդական բանահյուսության կամ ստեղծագործության թարգմանական օրինակ, ինչպես նույն 1513 թ. հրատարակված «Տաղարանը», որը գեղարվեստական գիրք է, հայ հայտնի հեղինակների չափածո երկերի ժողովածու:

 

Միջնադարում աստղագուշակությունը համարվում էր հարգարժան արվեստ, իսկ աստղաբանը կամ աստղագուշակը հասարակական մեծ պատիվ էր վայելում: Որքանո՞վ է քրիստոնեությունը հանդուրժելի համարում աստղագուշակությունը, ինչպիսի՞ն է Եկեղեցու վերաբերմունքը:

Նախ` քրիստոնեության հանդուրժողականության մասին: Քրիստոնեությունը հանդուրժում է միայն այն, ինչը կարելի է ներել, ուղղել և ճշմարտության բերել: Սակայն այն ամենը, ինչ մեղք է և մարդու կամ նրա հոգու կործանման պատճառ, անհանդուրժելի է քրիստոնեության կողմից: Այս իմաստով մենք կարող ենք անգամ խոսել սկզբունքային հարցերում քրիստոնեության անհանդուրժողականության մասին: Այսպիսին է վերաբերմունքը նաև աստղագուշակության պարագայում: Սուրբ Գրքում Աստված Ինքն է մարդկանց զգուշացնում հեռու մնալ տարբեր գուշակություններից և հատկապես` աստղագուշակությունից ու աստղագուշակներից, քանզի այդպիսի բաները գարշելի են Աստծո համար, և գուշակությամբ զբաղվողները պիղծ են Աստծո համար (Բ Օր. 4.19, 18.10-12, Երեմ. 10.2, 14.14, 27.9-10, Եսայի 47.12-14): Սա նաև հանդիմանություն է բոլոր նրանց, ովքեր այսօր էլ անմտաբար թաղված են գուշակությունների, աստղագուշակության մոլորության մեջ: Մեզ ոչ թե անշունչ աստղերն են կառավարում, այլ մարդկությունը ստեղծած և կյանքի շնորհը մարդուն տված Աստված է նախախնամում, ուղղորդում մեր կյանքը բարի ճանապարհով (Սաղմ. 36.23), առաջնորդում Սուրբ Հոգով (Հովհ. 16.13)` բայց միևնույն ժամանակ չբռնանալով մարդու ազատ կամքի վրա այս կամ այն ճանապարհի, արարքների ընտրության հարցում:

 

Հին աշխարհից մինչև մեր օրերը շատ բան է փոխվել մարդու մտքում և պատկերացումներում: Եվ չնայած «համակարգչային մտածողության» ազդեցությանը մեր աշխարհընկալման մեջ ու կենսակերպում, չնայած գիտության առաջընթացին, չե՞ք կարծում, որ, այնուամենայնիվ, մարդիկ շարունակում են հավատալ աստղագուշակներին, աստղերի ու մոլորակների ազդեցությանը մեր ճակատագրում ու կյանքում: Որովհետև այն, ինչ ասվում է նրանց կողմից, խորհրդավոր է և գրավիչ:

Նվազ կրթվածությունը և հոգևոր գիտելիքների պակասը, ինչպես նաև ապագան իմանալու ձգտումը բերում են այն տխուր իրողության, որ շատ մարդիկ իրենց կյանքում կախված են լինում աստղագուշակություններից, հորոսկոպներից, նաև չինական աստղագուշակության մեջ տարիները խորհրդանշող կենդանիների կերպարներից` դրանք վերագրելով իրենց, իրենց աստվածանմանությունը փոխելով կենդանիներին նմանության, աստվածային պատկերը փոխելով անասնական աշխարհի կերպարների հետ:

Եկեղեցական հեղինակներն իմաստուն հիմնավորումներով ցույց են տվել աստղագուշակության սին և դատարկ լինելը: Մեր վաղ շրջանի եկեղեցական հեղինակներից աստղագուշակության և ճակատագրապաշտության դեմ խոսել են Եզնիկ Կողբացին, Անանիա Շիրակացին: Աստղագուշակությունը մեծապես տարածվել է մանավանդ քաղդեացիների կողմից, որոնք Միջագետքի հարավում ապրող ժողովուրդ էին: Եզնիկ Կողբացին, մատնանշելով աստղագուշակության սխալները, սուտ է համարում մարդկանց կյանքի ընթացքի, նրանց մահվան վերաբերյալ գուշակությունները: Կողբացին հաստատում է, որ Աստված է կյանք պարգևում մարդկանց, նաև մահից ազատում, ինչպես Եզեկիա թագավորի արցունքների համար նրա կյանքը Աստված երկարացրեց տասնհինգ տարով (Դ Թագ. 20.2-6, Եսայի 38.2-5), Նինվեացիներին չկործանեց մարգարեի քարոզչությամբ նրանց ապաշխարության համար (Հովն. 3.10): Եզնիկ Կողբացին նաև նշում է մարդկանց բախտավորությունն ու թշվառությունը աստղերի հետ կապելու անհիմն լինելը, մարդկանց գուշակված ճակատագրերի անհեթեթությունը ցույց տալիս պատերազմի օրինակով, որի դեպքում տարբեր տարիքի, տարբեր ժամանակներում ծնված մարդիկ` ծերեր թե երիտասարդներ, ողբերգական իրադարձությունների մեջ նույնանման և միաժամանակյա մահ են ունենում: Անանիա Շիրակացին, ով միջնադարի մեր մեծագույն գիտնականներից է` փիլիսոփա, մաթեմատիկոս, տիեզերագետ, տոմարագետ, Հայաստանում ճշգրիտ գիտությունների և բնագիտության հիմնադիրը, քննադատում է քաղդեացիների ներմուծած աստղագուշակությունը: Նա նշում է, որ քաղդեացիները հմուտ էին աստղաբաշխության մեջ, սակայն ջանալով ավելի խորը գիտելիքներ ունենալ` ընկան մոլորության մեջ: Փոխանակ երկնային մարմինների արարչության ճանաչողությանը հասնելու, չկարողացան երկնային զարդերի դիտարկումներից վեր բարձրանալ և լուսատուներին ու համաստեղություններին աստվածներ համարեցին` դրանց վերագրելով մարդկանց ճակատագրերի վրա ազդելու հատկություններ: Այսպիսով, աստղագուշակությունը ևս կարելի է կռապաշտության մի տեսակ համարել: Անանիա Շիրակացին, հերքելով լուսատուների աստվածներ լինելը, քանզի դրանք մոլորությամբ դեգերում են, շեշտում է, որ նրանց անհրաժեշտաբար շարժման մեջ է դնում հզորագույն Արարիչն Աստված:

Նախկինում աստղագուշակները արեգակնային համակարգի ոչ բոլոր մոլորակների գոյության մասին գիտեին և լուսատուների վերաբերյալ ներկայիս գիտելիքները չունեին, որով և սուտ է նրանց ճանապարհը, որի վրա էլ և հիմնված է նաև ներկայիս աստղագուշակների մոլորեցնող ուսմունքը: Բացի դրանից, աստղերը մարդու վրա ազդում են նրա գոյավորմա՞ն, թե՞ ծննդյան պահից: Առաջինն ընդունելու դեպքում` մարդու մասին (իբր աստղերի ազդեցության հետ կապված) գուշակությունները խախտվում են մինչև ինը ամսով: Նաև նույն ծնողներից, նույն օրը, նույն ժամին, նույն վայրում ծնված երկվորյակների կյանքի տարբեր ընթացքները, նրանց բնավորության հաճախ միանգամայն ակնհայտ տարբերությունները նույնպես վկայում են աստղագուշակության սին և դատարկ լինելու մասին:

Աստղագուշակությունը տանում է ճակատագրապաշտության կամ էլ նույնանում դրա հետ, որովհետև այն անհիմն հասկացությունն է բերում, թե մարդու համար ինչ կանխորոշված է, այն էլ լինում և լինելու է: Աստղագուշակությունը նպաստում է նաև ճակատագրապաշտության նմանությունն ունեցող դետերմինիզմի սխալ հիմնավորմանը, ըստ որի` մարդու նախկին արարքները, կյանքի նախկին ընթացքն է կանխորոշում նրա ապագան, որով և մարդը զորություն չունի իր ապագայի վրա: Այս կերպ, սակայն, անցյալի գերիշխանությունն է շեշտվում ներկայի և ապագայի նկատմամբ, գրեթե բացառվում է մարդու ազատ կամքը, քանզի կյանքը դիտարկվում է միայն որպես անցյալից բխող անխուսափելի հետևանք և համարվում է պայմանավորված սոսկ անցյալի պատճառներով: Նման տեսակետները մերժելի են քրիստոնեության կողմից, որն ընդունում է բոլոր հանգամանքներում ազատ կամքի լիովին դրսևորումը, աստվածային նախախնամությունը մարդու, աշխարհի, ողջ արարչագործության նկատմամբ:

 

Շատ մարդիկ կարող են հավատալ Աստծուն, բայց յուրաքանչյուրը տարբեր կերպ է ընկալում: Ոմանք աստվածային ներկայությունն ընկալում են նաև աստղագուշակության մեջ և, հնարավոր է, մտածում են, թե աստղերի միջնորդությամբ Աստված է նշաններ ուղարկում. չէ՞ որ այս կյանքում ամեն ինչ, նաև աստղերն Աստծո ստեղծագործություններն են:

Աստղերը ևս Աստծո ստեղծագործություններն են: Ծննդոց գրքում ասվում է, որ չորրորդ օրը Աստված ստեղծեց լուսատուները, սակայն չի նշվում, որ դրանց զորություն տվեց մարդկանց վրա ազդելու, մարդկանց կյանքը կանխորոշելու (Ծննդ. 1.14-19): «Երկինքը պատմում է Աստծու փառքը, և երկնքի հաստատությունը հայտնում է Նրա ձեռքի գործերը» (Սաղմ. 18.2),- ասում է սաղմոսերգուն: Նաև Աստծո ստեղծագործություններն են ցույց տալիս Աստծո մեծությունն ու փառավորությունը: Սակայն ինչո՞ւ է Աստված ստեղծել այդքան աստղեր, եթե դրանք չեն օգտագործվելու կամ անապատային, անկենդան մոլորակներ են: Պատասխաններից մեկն այն է, որ ստեղծված են մարդուն Աստծո մեծագործությունները ցույց տալու, նաև մարդուն հիացմունք պատճառելու համար: Եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ մենք ևս նույն կերպ ենք վարվում, երբ տուն ենք կառուցում: Առաստաղները նորոգում ու գեղեցկացնում ենք, զարդարում տարբեր զարդերով ու ջահերով, բայց ինքներս երբեք չենք քայլում կամ ապրում դրանց վրա, այլ պարզապես օգտվում ենք դրանցից, նայում դրանց: Այսպիսի երկնային առաստաղ էլ նաև աստղազարդ երկինքն է մեզ համար:

Ավետարանում հիշվում է Բեթղեհեմի աստղը, որը հայտնեց Փրկչի ծնունդը և առաջնորդեց դեպի մանուկ Հիսուսը (Մատթ. 2.2, 7, 9-11): Սակայն այդ աստղը մոգերի համար էր, ովքեր մոլորվել էին աստղագուշակության արատի մեջ, և ինչով որ մոլորվել էին, Աստված դրանով էլ նրանց բերեց ճշմարտության, ճշմարիտ Աստծուն երկրպագության: Այդպես էլ աստղագուշակությամբ տարվածները, աստղագուշակության մեջ բոլոր մոլորվածները պետք է թողնեն իրենց մոլորությունը և գան ճշմարիտ աստվածպաշտության:

 

Աստղագուշակները պնդում են, որ աստղերի նկատմամբ Արեգակի, լուսնի և այլ մոլորակների ունեցած դիրքերով կարելի է գուշակել մարդու ապագան և նույնիսկ համաշխարհային նշանակության իրադարձություններ: Ի՞նչ է սա նշանակում` իշխել մարդու մտքի ու հոգու վրա՞:

Աստղագուշակությունները սովորաբար ոչ թե մասնավոր, այլ հիմնականում ընդհանուր և վերացական ինչ-որ իրողությունների մասին են` հաջողություններ, փորձանքների հաղթահարում, ճանապարհորդություն, մարդկանց հետ շփումների բարեպատեհություն կամ անցանկալիություն և այլն: Այսօր, ցավոք, տարածված են նաև զանգվածային լրատվական միջոցներով ամենօրյա կամ ամենշաբաթյա աստղագուշակությունները կենդանակերպի տարբեր նշանների ներքո ծնված անձանց վերաբերյալ, որոնք նույն ընդհանուր, աբստրակտ ոճի մեջ են` այս օրը կամ շաբաթը հաջող կամ հաջող չէ նոր գործ ձեռնարկելու, լավ է ընտանեկան միջավայրում անցկացնելու, ամուսնանալու, ֆինանսական գործառույթներ իրականացնելու համար, վտանգ կա նյութական կորուստների, մեծ է հավանականությունը հետաքրքիր ծանոթությունների, կարող են լինել փոքր թյուրիմացություններ, բարենպաստ ժամանակ է ինքնադրսևորման, նոր ծրագրեր մշակելու, հնարավոր են առողջական խնդիրներ, կարելի է սկսել սիրավեպեր: Նման ընդհանուր բաներ մեկը կարող է ասել բոլորին, և եթե կենդանակերպի նշանների տեղերը փոխենք յուրաքանչյուրի համար ասվածի բովանդակության համեմատ, ապա ոչ մի էական տարբերություն չի լինի: Բոլորն էլ օրվա և առավելաբար շաբաթվա ընթացքում ունենում են տարբեր մարդկանց հետ շփումներ, խորհում են իրենց ծրագրերի վերաբերյալ, պատահում են որոշ ձախորդություններ, մտածում են իրենց նյութական վիճակի մասին և այլն: Այնպես որ, աստղագուշակները խորամանկությամբ մտածում են այնպիսի բաներ, որոնք շատ ընդհանրական լինելով` կհամապատասխանեն այս կամ այն մարդու առօրյային:

Եթե համեմատելու լինենք նոր ժամանակների աստղագուշակությունների բովանդակությունը հին շրջանի գուշակությունների հետ, կտեսնենք, որ բառապաշարի մեծ փոփոխություն է տեղի ունեցել` ըստ ժամանակներին հարմարվելու ճարպկության: Ներկա աստղագուշակությունների մեջ կարելի է հանդիպել հետևալ ուշագրավ բառերին ու բառակապակցություններին` «ֆինանսական, մասնագիտկան, կոնֆլիկտ, գրասենյակային, բիզնես ծրագրեր, չնախատեսված գնումներ, հաջող գնումներ, շահավետ ներդրումներ, գումարային շահույթ, ալկոհոլ և սուրճ» և այլն: Հետաքրքիր է, որ աստղերի արդիական հուշումներում բավականին զարգացել և արդիականացել է նրանց բառապաշարը: Աստղագուշակները սիրում են կրկնել. «Աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում»: Այստեղ հետաքրքիր խորամանկություն է բանեցվում, որպեսզի, երբ իրենց «մարգարեությունը» չիրականանա, արդարանան, թե աստղերը պարզապես հուշել էին և չէին պնդել կանխատեսվածի անպայման իրականություն դառնալը: Դրանով գուցե ցանկանում են նաև պաշտպանվել գուշակություններում ասվածին մարդկանց նախատրամադրելու մեղադրանքից:

Իրենց սպասվելիքի մասին տեղեկացած սնահավատ մարդիկ արդեն կախված են լինում լսած կամ կարդացած գուշակություններից, սպասելով, թե դրանք որ պահին են կատարվելու: Աստղագուշակությանը թերահավատությամբ մոտեցող, բայց այն վերջնականապես չմերժող մարդիկ ընկնում են երկվության մեջ` կարծելով, որ գուցե կատարվի գուշակությունը: Սա նշանակում է, որ աստղագուշակությունը, կամա թե ակամա, ծրագրավորում է մարդկանց ու նրանց ապագան: Սնահավատները գուշակություններից մեծ կախվածության մեջ են ընկնում և իրենց հետագա քայլերն ու անելիքները կատարում են` մեկնարկելով իրենց վերաբերող աստղագուշակությունից:

           

Հորոսկոպների հրատարակություն, աստղագուշակությունների, տարվա խորհրդի մասին պատմող ամսագրեր, թերթեր, հեռուստատեսային հաղորդումներ. ի՞նչի համար է այս ամենը, ժամանցի՞, թե՞ բիզնեսի:

Իրապես, ինչո՞ւ են զանգվածային լրատվական միջոցները` հրատարակվող թերթեր, համացանցային ժամանցի և անգամ լրատվական կայքէջեր, ցավոք, նաև հասարակության վրա մեծ ազդեցություն ունեցող հեռուստատեսությունը` տարբեր հեռուստատեսային ընկերություններով, մեծ տեղ տալիս աստղագուշակություններն ազդարարելուն: Այս գործելակերպի հիմքում, իհարկե, շահույթն է: Իմանալով, որ սնահավատ, քրիստոնեահեթանոս, նախապաշարմունքներին զոհ գնացող մարդիկ որոշակի քանակ են կազմում հասարակության մեջ, այս զանգվածային լրատվամիջոցները հրապարակում կամ եթեր են հեռարձակում նմանատիպ գուշակություններ` լսարան, դիտող կամ ընթերցող ապահովելու, իբր թե խորհրդավոր իրողություններով մարդկանց դեպի իրենց ձգելու համար: Որքան շատ հեռուստադիտող և պահանջարկ ունի հեռուստաընկերության տվյալ հեռուստաալիքը, այնքան ավելի թանկ արժեն դրանով հեռարձակվող տարբեր գովազդները, որքան ընթերցողները շատ լինեն, այնքան թերթն ավելի կվաճառվի, որքան կայքէջ այցելողների թիվը մեծ լինի, այնքան շատ առաջարկներ կլինեն նաև այդ կայքէջում դրվող գովազդների: Մի խոսքով` կապիտալիստական չոր մոտեցմամբ, մարդկանց դարձնում են միջոց սեփական նյութական շահերի համար: Ոչ թե մտածում են երևույթի ճիշտ կամ սխալ լինելու, մարդկանց հոգևոր օգուտ բերելու, վնասից զերծ պահելու մասին, այլ իրենց համար նյութական եկամուտներ ունենալն են ապահովում: Դա նշանակում է, որ աստղագուշակությունը ևս դարձել և գործածվում է, այսօրվա բառապաշարով ասած, բիզնես ծրագրերի համար` մարդու հատկապես հոգուն պատճառվող վնասի կատարյալ արհամարհումով ու անտեսումով: Այդ երևույթին է նաև վերաբերում մամոնային` փողին ծառայողների վերաբերյալ Քրիստոսի հանդիմանությունը (Մատթ. 6.24, Ղուկ. 16.13):

Այս նույն նպատակն ունեն նաև աստղագուշակները, որոնց միջից դժվար է գտնել մեկին, որն անկեղծորեն աստղերի անձնուրաց հավատացյալ է: Թերևս նրանց մեջ նույնպես կան սնահավատությամբ մոլորվածներ, բայց նրանց նպատակն էլ աստղագուշակություններ վաճառելով փող ձեռք բերելն է: Այսպիսով, կյանքի, մասնագիտությունների տարբեր օգտակար բնագավառներում իրենց իրացնել չկարողացած անձեր իրենց տեղն են գտնում աստղագուշակության մեջ` իբրև գուշակներ կամ աստղերի մասնագետներ, դրանց «լեզուն» հասկացողներ, և իրենց թյուրիմացությունն են սփռում հասարակության մեջ, նպաստում սնահավատությունների խորացմանը, նյութապաշտությանը, երբեմն նաև սիրավեպերի համար բարեհաջող օրերի կանխատեսումով` անբարոյականության տարածմանը:

Այս բոլոր դատողություններով բացահայտվում է ներկա աստղագուշակության նպատակը, որը շահամոլությունն է: «Բոլոր չարիքների արմատը փողասիրությունն է» (Ա Տիմ. 6.10),- ասում է առաքյալը: Եվ այս դեպքում դա վերաբերում է նաև աստղագուշակությանը և այն տարածելուն:

 

Տեր Ադամ քհն. Մակարյան

05.09.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․