Գրքեր

Աստծո կամքը այս է, որ դուք սուրբ լինեք, հեռու մնաք պոռնկությունից

Սիրելի՛ բարեպաշտ եղբայրներ և քույրեր,

Օրվա ավետարանն այսօր հիշատակում է Անպտուղ թզենու առակը, որն անմիջապես հաջորդեց Տիրոջ այն զգուշացմանը, թե. «….եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպես պիտի կորչեք» (Ղուկ. 13:5): Առակի իմաստն ու ապաշխարության կոչը սերտորեն կապված են միմյանց, սիրելինե՛ր, քանի որ առակում խոսվող պտուղների բացակայությունը մեր հոգևոր կյանքի պտուղների՝ առաքինությունների և հավատը ապացուցող, հավատը կենդանի պահող գործերի բացակայությունն է խորհրդանշում, ինչն էլ ապաշխարության բացակայության հետևանք է: Քանի որ իրապես ապաշխարած հոգին է միայն, որ ընդունում է Բարեգութ Այգեգործի հոգատար խնամքն ու առատորեն բերք տալիս՝ ի պատասխան: Եվ այսօրվա առաքելական թղթի հատվածն էլ, որ Պողոս առաքյալի՝ Թեսաղոնիկեցիներին ուղղված առաջին թղթից է, խոսում է մի անչափ վտանգավոր կրքի մասին, որը, ցավոք, այսօր տիրել է ողջ աշխարհին և որն ունեցող մարդը լուրջ և խորն ապաշխարության կարիք ունի: Խոսքը սիրելի՛ հավատացյալներ, պոռնկության կրքի մասին է: Առաքյալի թղթում կարդում ենք. «Աստծո կամքը այս է, որ դուք սուրբ լինեք, հեռու մնաք պոռնկությունից, ձեզնից յուրաքանչյուր ոք գիտենա իր մարմինը պահել սրբությամբ ու պատվով և ոչ թե՝ ցանկության կրքով, ինչպես այլ հեթանոսներ, որ չեն ճանաչում Աստծուն: Թող ոչ ոք այդ բանում չափը չանցկացնի և չդիպչի իր եղբոր պատվին, քանզի այդ բոլոր բաների համար Տերը վրեժխնդիր է, ինչպես որ առաջուց ասացինք ձեզ և վկայեցինք. արդարև, Աստված չկոչեց մեզ պղծության, այլ՝ սրբության: Ահա թե ինչու, ով անարգում է այս բանը, մարդուն չի անարգում, այլ՝ Աստծուն, որը և Սուրբ Հոգին տվեց ձեզ» (Ա Թեսաղ. 4:3-8):

Սուրբ առաքյալի այս խոսքերը ծանր ու սթափեցնող ապտակ են բոլոր նրանց, ովքեր զանազան պատճառաբանություններով փորձում են արդարեցնել իրենց մեղքն ու ինքնախաբության կործանիչ ուղին են բռնել:

Սիրելի՛ հավատացյալներ, ինչպես գիտեք, Թեսաղոնիկեն՝ այսօրվա Սալոնիկը, այն օրերին էլ նավահանգստային մեծ ու աշխույժ քաղաք էր, որ առևտրային հարուստ ու ճոխ կյանքով հրապուրում էր հռոմեական կայսրության բազմաթիվ հպատակների և իր գիրկը կանչում: Բազմաստված հելլենացիները, որ նույնիսկ բռնությունն անձնավորող և սիրո ու ցանկության մարմնացում չաստվածների էին պաշտում, բնականաբար, հեթանոս կյանք էին վարում, և բազմապիսի մեղքերն ու կրքերը համարվում էին նրանց առօրյայի բնական ու անբաժան մասը: Քրիստոնեական նորադարձ համայնքն էլ, որ նոր էր ձևավորվել առաքյալի քարոզչությունից հետո, վստահաբար, դեռևս զերծ չէր այն ախտավոր սովորույթներից, որոնցով տարիներ շարունակ ապրել էր: Սակայն սուրբ առաքյալը հարկ համարեց նրանց զգուշացնել հատկապես պոռնկության մեղքից և արեց դա բավականին խիստ ու ազդու խոսքով: Ինչո՞ւ: Որովհետև սա այն նենգ ու հատկապես վտանգավոր մեղքերից մեկն է, որ մարդուն ներկայանում է անչափ հրապուրիչ ու անվնաս տեսքով՝ վարագույրի հետևում թողնելով իր նենգավոր, չարածին ու կորստաբեր իրական էությունը:

Պոռնկություն քարոզող աշխարհում, երբ այսպես կոչված «ազատ սիրո» կոչերը, գովազդն ու հրավերներն ամեն կողմից հորձանքի պես թափվում են մարդու գլխին, հոգևոր սպառազինությունից զուրկ հոգին հեշտությամբ դառնում է այս կրքի կամակատարն ու Պողոս Պատրիարքի խոսքով՝ ոտնակապ գերին: Մարդը լռեցնում է իր խիղճն ու կորցնում ամոթը, մոռանում է բարոյական օրենքներն ու իր պատիվը և ցանկությանը հպատակվելով՝ իջնում բնազդներով ղեկավարվող կենդանու աստիճանին: Իսկ մի՞թե Աստված կբնակվի կամ կգործի կենդանու մեջ, որին առաջնորդողը մարմնական ցանկությունն է. քա՛վ լիցի, երբե՛ք: Եվ Քրիստոս էլ չեկավ կենդանիներին փրկելու, այլ՝ մարդուն…

Երբ խոսք է գնում այնպիսի մեղքերի մասին, ինչպիսիք են, օրինակ, գողությունը կամ սպանությունը, որնց պատճառած վնասն ու կորուստն ակնհայտ են, և որոնք դատապարտվում են նաև մարդկանց կողմից, ապա բոլորը միաբերան համաձայնում են, որ դրանք իսկապես մեղքեր են, վնասում են մարդուն և միանշանակորեն պատժի են արժանի: Իսկ պոռնկության պարագայում հեշտասեր միտքը զարտուղի ճանապարհներ է փնտրում դրա պատճառած վնասները կոծկելու և միմիայն դրական լույսի ներքո այն ներկայացնելու համար: Նույնիսկ այնպիսի ավանդապահ ու խիստ բարքերով հայտնի երկրում, ինչպիսին Հայաստանն է, տղամարդկանց պոռնկությունը արդարացվում է և նույնիսկ՝ խրախուսվում՝ պատճառաբանվելով բնական ցանկությամբ, սակայն ինչպես Եկեղեցու իմաստուն հայրերն են նշում՝ ոչ բոլոր զգացումներն են բնական, այլ՝ խորամանկ թշնամին է դրանք այդ կերպ մատուցում: «Երբ սատանան ուզում է միացնել երկու անձանց` անպատկառ սիրո միությամբ, այնժամ փորձում է այս և այն կողմերը և նոր սկսում է վառել կրքի հուրը»,- ասում է Հովհաննես Սանդուղքը:

Սատանայի արբանյակներից՝ պոռնկության դևը գերազանց է կատարել իր առջև դրված խնդիրը և ներկայում ապրող մարդկանց գերակշիռ մեծամասնությունը մահվանից հետո երկնային օթևաններով անցնելիս՝ մեծագույն սարսափով դողալու է պոռնկության օթևանի առջև՝ չիմանալով ինչ պատասխանել իրեն առաջադրվող մեղադրանքներին: Եվ ես ուզում եմ, որպեսզի այսօր ամենքդ մեկընդմիշտ հասկանաք, դրոշմեք ձեր գիտակցության մեջ և ձեր զավակներին ու հարազատներին էլ սովորեցնեք, որ պոռնկությունն ամենևին էլ անմեղ բան չէ, ինչպիսին չարն է փորձում ներկայացնել: Քանի որ լուրջ և ազնվությամբ ուսումնասիրելու դեպքում կտեսնեք, որ այս զազրելի ախտն իր մեջ պարունակում է և՛ գողություն՝ ուրիշի կյանքի ժամանակի, երազանքների, մարմնի, և՛ սպանություն՝ սեփական հոգու, միլիոնավոր չծնված երեխաների, և՛ սուտ ու կեղծիք, որ բացատրության կարիք չունեն, և՛ հպարտություն ու նախանձ՝ երբ չես բավարարվում ունեցածով և կարծում ես, որ արժանի ես հաճույքներ վայելելու, ու բազմաթիվ այլ մեղքեր: Եվ ամենակարևորը՝ պոռնկանալով՝ մարդը դավաճանում է ոչ միայն սեփական աստվածապատկեր հոգուն, ոչ միայն մերձավորին, այլև Աստծուն: Այդ մի քայլով նա իրեն միլիոնավոր կիլոմետրերով հեռու է շպրտում Անեղծ Լույսից՝ հայտնվելով չարի իշխանության դաշտում, որտեղ ոչ թե մաքուր հոգին ու աստվածային լույսով պայծառացած միտքն է նրան առաջնորդում, այլ մարմնական ցանկությունը: Որքա՜ն ստորացուցիչ վիճակ Աստծու արարածի՝ բանական մարդու համար…

Սիրտս իսկապես անասելի ցավում է այն մարդկանց համար, որոնք այս աղետալի վիճակում են գտնվում և պաղատում եմ Ամենակալին նրանց դարձի ու ապաշխարության համար: Իսկ մյուսներն էլ, այս սարսափելի մեղքից խուսափելու համար, պիտի իմանան, թե մեր փրկության թշնամին ինչպես է գործում և ինչպես պաշտպանվել նրանից: «Սրբերից մեկն ասել է. «Ցանկությունը նման է շանը, եթե շոյես նրան` չի հեռանա քեզանից, իսկ եթե քշես` կփախչի»» (Եփրեմ Ասորի): Այսինքն՝ երբ դիվական միտքն այցելում է մեզ՝ պիտի անմիջապես հեռու վանենք՝ թույլ չտալով, որ վերածվի պատկերի ու բորբոքի մեզ: Աղոթքով պիտի հայցենք Տիրոջ, Սուրբ Աստվածածնի և սրբերի պաշտպանությունը: Մեր միտքը թող մշտապես զբաղված լինի Քրիստոսով ու Նրա խոսքով, մշտապես հիշենք Ահեղ դատաստանի մասին, որպեսզի չարի գործունեության համար տեղ չմնա: «Երբ մարմնի գեղեցկությունը հրապուրում է սիրտդ, ապա մտածիր, թե ինչպիսի գարշահոտություն պիտի տարածի այն, և կհանդարտվես» (Երանելի Հերոնիմուս): «Եթե մեջդ մեղավոր ցանկության կրակ կա, դիր այն դժոխքի մեջ եղող կրակի առջև, և քո միջինը կհանգի» (Հովհան Ոսկեբերան): «Եթե աշխատանքի ժամանակ կանհանգստացնի քեզ շնության ոգին, մի՛ ծուլացիր ձեռքերդ պարզել աղոթքի համար, հավատքով արված աղոթքը կվանի նրան» (Եփրեմ Ասորի), խրատում են հայրերը: Նաև պիտի խուսափենք այն մարդկանցից, վայրերից ու այն ամենից, ինչ մեզ պոռնկության է մղում, ինչպես այն ճգնավորը, որ փակվում էր մարդկանցից հեռու մի ցուրտ ու մութ քարանձավում և նույնիսկ մարմինը թաղում հողում, միայն գլուխը դուրս թողելով՝ այդ կերպ պայքարելով դիվական հարձակումների դեմ: Միշտ և ամենուր Տիրոջ Սուրբ կամքը փնտրենք՝ որպես փրկության ճանապարհի ուղեցույց ընդունելով այն, և որևէ բան անելուց առաջ հարց տանք մեզ՝ իսկ Քրիստոս սա կանե՞ր, ինչպես երկու ընկերների պատմության մեջ, երբ մի ընկերը մյուսին առաջարկում է գնալ՝ անպարկեշտ ֆիլմ դիտելու, իսկ մյուսը պատասխանում է. «Իսկ Քրիստոս կգա՞ր»: Միշտ հիշեք առաքյալի զգուշացումը, որ. «Ո՛չ պոռնիկները, ո՛չ շնացողները, ո՛չ իգացյալները, ո՛չ արվամոլները Աստծո Թագավորությունը չեն ժառանգելու» (Ա Կոր. 6:9, 10): Եվ իմացեք, որ «Մեղքերն ի սրտե խոստովանելը քանդում է թշնամու բոլոր մտադրությունները, որոնց մեջ ընկղմված է խեղճ մեղավորը: Եվ եթե մեկն ունի դեռ յոթերորդ պատվիրանի դեմ գործած չխոստովանած մեղքեր, թող լցվի տղամարդկությամբ և պատմի այն հոգևորականի, Խաչի և Ավետարանի առջև: Շտապե՛ք, որովհետև Տերն ասաց. «Ինչ բանում որ գտա, նրանում էլ պիտի դատեմ» («Խոստովանության կերպ» գրքից). ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

01.12.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․