Գրքեր

Աստծու տեղը թափուր չթողնենք մեր կյանքում

Հայոց ազգի դարավոր պատմության փորձառության էջերը վկայում և փաստում են աստվածային ներկայությունը մեր ժողովրդի կյանքում: Այսօր էլ չենք կարող չնկատել Նրան, Ով ներթափանցել է մեր մեջ, միացել մեզ դեռևս վաղուց: Աստված երբեք չի բացակայում: Նա միշտ ներկա է Իր զորավոր ներկայությամբ: Նա անդադար մեր կողքին է, սակայն, շատ հաճախ չենք նկատում Նրան կամ էլ դժվար պահերին ենք միայն կարողանում հասկանալ Աստծու ամենազորությունը և պահպանությունը մեր կյանքում: Աստծու բացակայությամբ ամեն պահի վտանգվում է հոգևորը: Իսկ Աստծուն նկատել՝ նշանակում է զգալ Նրա ներկայությունը: Պարզապես պետք է թույլ տալ, որ Աստված ներկա լինի մեր մեջ՝ թափուր չթողնելով Նրա տեղը մեր կյանքում:

Աստված սեր է: Սերը մարդու մեջ հենց Աստծու ներկայությունն է: Ուստի սիրելով մերձավորին՝ սիրում ենք Աստծուն, Ով Իր ներկայությամբ լույս է սփռում մարդկանց սրտերում: Երբ Աստված ներկա է քո կյանքում, սկսում ես ապրել մի նոր, բոլորովին այլ կյանքով: Ամենաբարձրյալի ներկայությամբ է պայմանավորված մեր վերանորոգումը:

Դարեր առաջ ապրած մի ծեր վանական իր կյանքում Աստծու ներկայությունը մշտապես զգալու ուրախությանն էր հասել: Իսկ թե ինչպես էր սովորել մշտապես պահպանել այդ զգացումը, նա մի փոքրիկ գրքույկ է գրել դրա մասին: Վանականի կենսագրության մեջ չկա որևէ առանձնահատուկ սխրանք, որ նա գործած լիներ: Նա չի ապրել անապատում, այլ ուղղակի օրվա մեծ մասը աշխատել և անցկացրել է վանքի խոհանոցում: Աստծու ներկայության զգացողությունն այցելել է նրան հենց այն ժամանակ, երբ նա ուտելիք է պատրաստել: Վանականի կյանքի պատմությանը ծանոթանալով՝ հասկանալի է դառնում, որ չկա սովորական և կենցաղային մի գործ, որ հեռվացնի մեզ Աստծուց: Ուղղակի պետք է սովորել ամենուր փնտրել Աստծուն՝ Նրա կոչին և կանչին ունկնդիր լինելով: Իսկ մարդը, ցավոք, ապրում է առանց Նրա, հայտնի ասույթի համաձայն, թե՝ Նա այնքան մոտ է, իսկ մենք՝ հեռու:

Անդրադառնալով մեր կյանքին՝ վստահաբար կհաստատենք, թե Աստված Իր մշտական ներկայությամբ քանի անգամ է նախախնամել և պահպանել մեզ՝ մեր ձեռքը բռնելով, ինչպես է օգնել և ամրացրել այն մարդկանց միջոցով, ովքեր սիրում են մեզ: Աստծու ներկայության զգացողությունը բարձրագույն վիճակ է, և Աստծու արարչագործության պսակին՝ մարդուն է տրված դա զգալու հնարավորությունը և ճաշակելու Նրա առջև դեմ առ դեմ գտնվելու ուրախությունը: Աստվածային ներկայության զգացողությունը աստվածճանաչողության հոգևոր փորձառության անբաժանելի մասն է, մարդ-Աստված հարաբերության հիմքը: Աստվածային ներկայության զգացողությունը Նրա պարգևն է մարդուն և Աստծուն փնտրելու ճանապարհին ենք արժանանում այդ մեծագույն պարգևին: Եթե մարդը չի զգում Աստծու ներկայությունն իր կյանքում, նշանակում է՝ նա դեռ մեծ ջանադրությամբ պետք է մաքրի իր սիրտը Աստծու հետ հանդիպման համար: Երբ մենք ամբողջովին ընկալենք, որ Արարիչը միշտ մեր կողքին է և այժմ էլ ցանկանում է մեզ հետ լինել՝ օգնելով և առաջնորդելով մեզ դեպի ճշմարտության ուղին, ապա այդ ժամանակ մեր սրտում կաճի սիրո զգացողությունը հանդեպ Նրա մեծագույն սիրո, որ տածում է մեր նկատմամբ:

 

Գայանե Սուգիկյան

28.04.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․