Գրքեր

Աստծու արքայություն՝ խնդություն Սուրբ Հոգով

«Աստծու արքայությունը ուտելիք և ըմպելիք չէ, այլ արդարություն և խաղաղություն և խնդություն Սուրբ Հոգով» (Հռոմեացիներ 14:17):

Սիրելի՛ հավատացյալ հայորդիներ. Այսօր Մեծ Պահքին նախորդող Բուն Բարեկենդանն է: Այսօր ուրախության օր է, քանի որ հիշատակությունն է դրախտային կյանքի, որ արարված էր մարդու համար: Բարեկենդանը ցնծության տոն է: Վաղվանից սկսվող ապաշխարության շրջանը պետք է սկսել և ապրել՝ նախ և առաջ գիտակցելով Աստվածային երանությունն ու նրա կորուստը մարդու համար: Ապաշխարության յոթ շաբաթները մեզ քայլ առ քայլ ուղղորդելու են դեպի Աստվածային անպատմելի ուրախությունը՝ դեպի մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարությունը: Սա մեծ վկայությունն է Աստվածային Սիրո այնքանով, որ, չնայած առժամանակ զրկված ենք Երկնային Արքայությունից, սակայն մեզանից այն չթաքցվեց, մեկընդմիշտ չխլվեց, այլ բազում ձևերով Տերը բացահայտեց սպասվելիք երանությունը: Նա մեզ սովորեցրեց և ցույց տվեց դրախտ վերադառնալու ճանապարհը: Այսօրվա աստվածաշնչյան բոլոր ընթերցվածքները՝ թե՛ Հին Ուխտից, թե՛ Նոր Ուխտից, որոնք նպատակաուղղված են ճիշտ առաջնորդելու մեզ Մեծի Պահոց շրջանում, կարծես Աստծո ոտնահետքերն են, որոնցով բացված է ճանապարհը, և որոնցով մենք պետք է բարձրանանք Աստծո Սուրբ լեռը: Այդ պատվիրանների կատարումն է մեզ քրիստոնյա դարձնում: Պահոց շրջանում մենք պիտի Աստծո օգնությունը հայցենք, որպեսզի կարողանանք մաքրվել և մաքրել մեր Աստվածատուր էությունը չարի ներգործությունից, մեր սրտի անդաստաններից արմատախիլ անենք որոմը՝ տեղ թողնելով միայն ավետարանական սերմի համար: Քրիստոնեությունը մեզ սովորեցնում է պարզություն և մաքրություն, անկեղծ փոխհարաբերություններ ամեն ինչում, եսակենտրոնության փոխարեն մեջտեղ բերելով անձնազոհությունը, յուրաքանչյուր գործի հիմքում՝ մաքուր դիտավորությունը՝ մերժելով շինծու արարքները, ցուցադրականությունը, երեսպաշտությունն ու փարիսեցիությունը, սուտն ու կեղծիքը: Այդ է ապացուցում մեզ «Լեռան քարոզը», մասնավորաբար առ Աստված ուղղված աղոթքը. «Եվ երբ աղոթես, չլինես կեղծավորների նման, որոնք սիրում են ժողովարաններում և հրապարակների անկյուններում աղոթքի կանգնել, որպեսզի մարդկանց երևան. ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը: Այլ դու երբ աղոթես, մտի՛ր քո սենյակը, փակի՛ր քո դռները և ծածուկ աղոթի՛ր քո Հորը, և քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ հայտնապես» (Մատթեոս 6:5,6): Մենք գիտենք, որ պետք է պահքի ընթացքում աղոթքի կանգնենք, սակայն պետք չէ ինքներս մեզ խաբենք: Ինքներս մեզ կարող ենք խաբել, բայց Աստծուն՝ երբեք: Աղոթքի կանգնենք ժողովարաններում և հրապարակների անկյուններում՝ ի ցույց մարդկանց: Փարիսեցու և մաքսավորի աղոթքը հիշելով՝ աղոթենք խոնարհաբար, որպեսզի այնպես չպատահի, որ եկեղեցուց դուրս գանք մեղքերով էլ ավելի սևացած և ոչ արդարացած: Աստվածային լույսի ներքո սրբագործվելու կարիք ունեն նաև ողորմատվությունն ու բարեգործությունը, որ այսօր, փառք Աստուծո, այնքան մեծ թափ են ստանում ամենատարբեր ձևերով՝ անհատական թե հասարակական, նյութական թե հոգևոր, քանի որ բարձրանում է նաև մարդկանց գիտակցության մակարդակը՝ միմյանց օգնելու, ձեռք մեկնելու, կարեկցելու հարցում: «Զգո՛ւյշ եղեք, որ ձեր ողորմությունը մարդկանց առջև չանեք, որպես թե այն լիներ ի ցույց նրանց. այլապես վարձ չեք ընդունի ձեր Հորից, որ երկնքում է: Այլ երբ ողորմություն անես, փող մի՛ հնչեցրու քո առջև, ինչպես անում են կեղծավորները ժողովարաններում և հրապարակներում, որպեսզի փառավորվեն մարդկանցից: Ճշմարիտ եմ ասում, այդ իսկ է նրանց վարձը» (Մատթեոս 6:1, 2): Սիրելինե՛ր, բարի՛ք գործեք՝ առանց գովասանք լսելու ցանկության, առանց ձևապաշտության, առանց փոխադարձը ստանալու ակնկալիքի, առանց հիշողության մեջ գրանցելու: Ծոմապահության համար Լեռան քարոզում մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս ասում է. «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի՛ լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսները այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում. ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի՛ր քո գլուխը և լվա՛ քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց որպես ծոմ պահող, այլ քո Հորը գաղտնաբար. և քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ» (Մատթեոս 6:16-18): Պահքը նույնպես իմաստազրկվում է ցուցադրության պատճառով, ունայնանում է, երբ կորցնում է իր ներքին հոգևոր բովանդակությունը: Իսկ Պողոս առաքյալը այս ամենին ավելացնում է, որ ուտողը թող չարհամարհի չուտողին, իսկ չուտողն էլ չդատի ուտողին (Հռոմեացիներ 14:3): Այստեղ էլ չհպարտանալու կոչ է արվում, պահք պահողները թող չբարձրադասեն իրենք իրենց, որպեսզի չունայնանա ու չիմաստազրկվի պահքային ներհայեցողական ընթացքը: Հիշենք սիրո կարևորությունը քրիստոնյայի նախաձեռնած ցանկացած գործում, որի մասին խոսում է Սուրբ Պողոս առաքյալը. «Եթե խոսեմ մարդկանց լեզուները և հրեշտակներինը, բայց սեր չունենամ, կնմանվեմ մի պղնձի, որ հնչում է, կամ՝ ծնծղաների, որ ղողանջում են: Եվ եթե մարգարեություն անելու շնորհ ունենամ և հասկանամ բոլոր խորհուրդներն ու ամբողջ գիտությունը, և եթե ունենամ ամբողջ հավատը, մինչև իսկ լեռները տեղափոխելու չափ, բայց սեր չունենամ, ոչինչ եմ: Եվ եթե իմ ամբողջ ունեցվածքը տամ աղքատներին և իմ այս մարմինը մատնեմ այրվելու, բայց սեր չունենամ, ոչ մի օգուտ չեմ ունենա» (Կորնթացիներ Ա 13:1-3): Սիրելինե՛ր, Բարեկենդանը հիշողությունն է դրախտային պարտեզի, անհոգ և ուրախ կյանքի, Մեծի Պահոց ավարտը՝ Սուրբ Հարության տոնը, Աստծո Արքայություն վերադարձի խոստումն է, իսկ «Աստծո Արքայությունը ուտելիք և ըմպելիք չէ, այլ՝ արդարություն և խաղաղություն և խնդություն Սուրբ Հոգով, որովհետև ով այս ձևով ծառայում է Քրիստոսին, հաճելի է Աստծուն և գովելի՝ մարդկանց առաջ: Ապա ուրեմն՝ հետամուտ լինենք խաղաղության և շինության՝ միմյանց հանդեպ» (Հռոմեացիներ 14:17-19): Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հարության ավետիսը մեզ ազդարարում է ադամական մեղքի պատճառով աշխարհ թևակոխած մահվան պարտությունը, ինչպես նշում են եկեղեցու հայրերը, պարտամուրհակի վերացումը, մարդկային մեղքերի քավությունն ու մարդ արարածի փրկությունը Աստվածորդու խաչելությամբ, թաղմամբ և հարությամբ: Մաղթում ենք՝ Աստվածային Արքայության փնտրտուքով, զգոնությամբ և Աստվածահաճո կերպով անցնել Մեծի Պահոց ապաշխարության շրջանը և բերկրալից սրտով տոնել Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարությունը:

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

11.02.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․