Գրքեր

Աստծու գոյությունը, մաս 8-րդ

Մեկ այլ իրողություն էլ կա, որն Աստծու գոյության անջնջելի ապացույցն է: Ինչի՞ց է, որ ամենուրեք և բոլոր ժամանակներում ողջ աշխարհը, բոլոր ազգերն ու լեզուները, ամեն տեսակի կացության մեջ եղող մարդիկ, ուսյալ և տգետ, հարուստ ու աղքատ, քաղաքակիրթ և վայրենի, ազնվական ու ռամիկ, սրանք բոլորն էլ ծառայել են Աստվածությանը, թեև տարբեր եղանակներով:

«Բոլոր մարդիկ,- ասում է Արիստոտելը,- ընդունում են Աստվածության գոյությունը»: Կիկերոնն ասում է. «Չկա այնպիսի խուժադուժ մի ազգ, որը չգիտենա, որ անհրաժեշտ է ճանաչել Աստծուն՝ չիմանալով հանդերձ, թե Ով է Նա»: Սենեկան էլ ասում է. «Բոլոր մարդկանց ի բնե հատուկ է Աստծուն հավատալը, և չկա մինչև անգամ օրենք ու կարգ չիմացող այնպիսի խղճուկ մի ազգ, որը որոշ աստվածների չհավատա»:

Խժդժագույն ազգերի վերաբերյալ նույն միտքը հաստատում է նաև Եղիանոսը՝ ասելով, որ այդ ազգերից ոչ մեկը երբևէ չերկբայեց, այլ ամենքն էլ միշտ խոստովանեցին, որ գոյություն ունեն աստվածներ, որոնք խնամք են տանում մարդկանց նկատմամբ:

Պլուտարքոսն ի հանդիմանություն էպիկուրյան փիլիսոփա Կոլոդիոսի գրում է. «Եթե շրջես ողջ աշխարհում, կարող ես գտնել քաղաքներ, որոնք ո՛չ պարիսպ ունեն, ո՛չ գրագիտություն, ո՛չ ունեցվածք, ո՛չ կալվածքներ, ո՛չ հարստություն, ո՛չ դրամ, ո՛չ թատրոն, ո՛չ դպրոց, սակայն չես կարող գտնել այնպիսի մի երկիր, որն աստվածներից բարիքներ ընդունելու և չարիքներից փրկվելու համար սրբազան արարողություններ չունենա, ինչպիսիք են աղոթքը, ուխտադրությունները, պատգամախոսությունն ու զոհագործությունը: Ոչ ոք բնավ այդպիսի բան չի տեսել և չի լսել, որ կա նմանատիպ մի վայր»:

Մաքսիմոս Տյուրացին էլ ասում է. «Թեև մարդկանց միջև մեծ տարաձայնություններ, խռովություններ ու հակառակություններ են ծագել զանազան հարցերի պատճառով, սակայն համայն տիեզերքը միաբանվում է այս մեկ կարծիքի ու հաստատուն օրենքի շուրջը, ըստ որի ամենքի թագավորն ու հայրը միայն Աստված է»: Իսկ Սոփոկլեսն ասում է. «Մեկ Աստված է արարել երկինքը, արեգակը, երկիրը, ծովն ու հողմերը»:

Պոմպոնիոսն ասում է. «Հավատքն ազգերի իրավունքներից մեկն է, քանի որ բոլոր ազգերն էլ պաշտամունք ունեցել են»: Կիկերոնն էլ ասում է. «Բոլոր մարդկանց հոգում ի բնե դրոշմված է, որ աստվածներ գոյություն ունեն»:

Բոլոր հին ու նոր մատենագիրները, պատմաբանները և քերթողները՝ Մովսեսից սկսած, Հերոդոտոսը՝ օտար ժողովուրդների պատմություն շարադրած պատմաբանների հայրը, հույն ու լատին բոլոր պատմիչները, Հոմերոսը, Հեսիոդոսը, Վիրգիլիոսը և ուրիշներ հին ազգերի ու ժողովուրդների օրենքները, սահմանադրություններն ու սովորությունները նկարագրելիս միահամուռ հայտնում են, որ նրանք բոլորն էլ աստվածապաշտ (դիցապաշտ) էին:

Որքան մոտենում ենք աշխարհի սկզբնավորությանը, այնքան ավելի հարգ ու պատվի արժանացած ենք տեսնում Աստվածությունն այն դեպքում, որ գեթ մի սկզբնական ավանդության նախաստվերն էր հրահանգում նրանց: Գրեթե բոլոր հին ազգերը նախանձախնդրորեն պարծենում էին, որ իրենց ծագումն աստվածներից է (հմմտ. Գործք. 17. 28-30), և հին ու մթին դարերը դիցերին ու դյուցազուններին են նվիրված:

Քաղդեացիներն ու եգիպտացիները, որ ճանաչված են իբրև հնագույն ազգեր, ավելի կրոնասեր (այսինքն՝ դիցակրոն, սնոտիապաշտ) են: Հռոմեացիները, որ հայտնի են ծառայասիրության համբավով, իրենց շատ արարողություններ հետրուրացիներից են վերցրել, որոնք էլ առավել քան հին ժողովուրդ էին: Եգիպտական ամբարտակները, շիրիմներն ու սրբադրոշմները ժամանակին ահասարսուռ ժանիքից խույս տվեցին իմ այս խոսքերին վկա լինելու համար: Այդ վկաների շարքին են դասվում նաև օրեցօր երկրի ընդերքից հանվող հնությունները, անոթները, աշտանակները, սկավառակները, բագինները, արձանների խորաքանդակները և այլն:

Գտնվել են նաև մարմարիոններ, մետաղներ և դրամներ, որոնց վրա քանդակված-դրոշմված են աստվածների դասերը, ինչպես նաև բազմաթիվ վիմափոր շիրիմներ՝ մեռածների հոգիներին նվիրված քանդակներով, ինչպիսիք են աղոթքները, ընծաները, զոհերը և անուշահոտությունները, որոնցից, ինչպես կարծում էին, մեռածների հոգիներն «օգուտ» էին ստանում:

Արդյոք որտեղի՞ց կարող էր ծագած լինել այս հանրային հավատքը: Հարկավ կա՛մ ի բնե, կա՛մ անսուտ ավանդությունից, և կա՛մ այս երկուսի «խառնուրդից»: Եվ իրոք այդպես է եղել: Արդեն իսկ ծանոթացանք Սենեկայի ու Կիկերոնի վկայություններին, ըստ որոնց՝ մարդու մեջ Աստծու գոյության գաղափարը բնածին է: Իսկ ավանդություն լինելու վերաբերյալ էլ կարող ենք ասել, որ դա չէր կարող ծագած լինել մեկ այլ տեղից, եթե ոչ նախաստեղծ մարդուց ու վերջինիս սերունդներից, որոնք անմիջապես իսկ իրենց Ստեղծողից էին այդ հրահանգն առել: Այլ հարց է, որ հետագայում սերունդներն իրենց հետնորդների համար խոչընդոտ եղան և աղավաղեցին այդ ավանդությունը:

Բոլոր կրոնների պատմության մեջ կարող ենք գտնել այս հանրային ավանդությունը, համաձայն որի մի ժամանակ Ինքը՝ Աստված, իջել է երկիր մարդկանց հրահանգներ տալու համար: Սատուրնոսի՝ Լատիոնում հաստատած ոսկեդարյա թագավորությունը, և Ապոլոնի՝ Թեսալիայում հովիվների հետ բնակակցությունը վերջիններիս կրթելու նպատակով, այս անտարակուսելի ճշմարտության բեկորներն են:

Բոլորովին սուտ է, եթե ոմանք սրա հակառակն ասեն, թե իբր Աստծու գոյության գաղափարը մարդկանց հնարանքն է, թե իբր արարչագործության և մյուս պատմությունները ստահոդ են՝ քաղաքագիտությունից կամ շահադիտությունից առաջ եկած: Չէ՞ որ մարդկային միտքը դեռ չի կարողացել բնության մեջ իսկապես չգտնված, չտեսնված մի իրի գաղափար հղանալ: Մինչև ճշմարիտ դրամը չհնարվեց, սուտ կամ կեղծ դրամի գաղափարը չհղացվեց, և միայն առաջին անգամ հեծյալ տեսնելուց հետո «երկնվեցին» կամ, կարող ենք ասել, իրենք իրենց եկան «մեջտեղ ընկան» ձիամարդու, ցլամարդու, այծամարդու, հուշկապարիկի և այլ էակների մասին առասպելները:

Եվ ո՞վ կարող էր հորինած լինել Աստծու և Նրա հանդեպ հավատքի անհրաժեշտության գաղափարը: Քահանանե՞րը, ինչպես սիրում են շվայտախոսել անհավատներից ամենաանմիտները: Չէ՞ որ այդ դեպքում հակասություն է ի հայտ գալիս: Այդ ո՞ր խոլամիտը հանձն կառնի այնչափ անմտանալու, որ, ամեն մի տրամաբանության դեմ դուրս գալով, ասի, որ իբր դեռ աշխարհում կրոն չեղած ժամանակ կրոնի պաշտոնյաներ կային, և երբ դեռ «քահանայագործություն» կոչված երևույթն աշխարհի ազգերին ծանոթ չէր, քահանաներ կային:

Լավ է, որ ազգերի պատմությունները մեզ համար պահպանել են այդ դատարկախոս բամբասողների զազրաբանություններին հակադարձող այս ճշմարտությունը, որ հնում քահանայագործության կոչված հատուկ պաշտոնյաների դաս չկար, հատուկ քահանաներ չկային: Նահապետները, տանուտերերն ու յուրաքանչյուր տան հայր իրենց տան քահանաները և զոհագործողներն էին: Այնուհետև այս պաշտոնն անցավ իշխանավորներին, քաղաքապետերին, զորապետերին, ինքնակալներին և ուրիշներին:

Նույնիսկ հրեաների մեջ, որոնք աստվածապետական ժողովուրդ էին, նահապետներն էին ազգի քահանաները, և յուրաքանչյուր հայր կամ գերդաստանի անդրանիկն ինքն էր իր ընտանիքի քահանան՝ միանգամայն ազատ լինելով իբրև արու իր զոհը մատուցելու Աստծուն: Կայենը և Աբելը, Նոյը, Աբրահամը, Աբիմելեքն ու Հոբը, Իսահակը, Հակոբը և Լաբանն անձամբ էին իրենց զոհերը մատուցում մինչև Մովսես, որն, առաջին անգամը լինելով, Եգիպտոսից ելքից հետո անապատում քահանայությունն ավանդեց ընտրված պաշտոնյաների դասին: Մոտավորապես Քրիստոսից առաջ 1490 թվականին Ահարոնի որդիներն ընտրվեցին այդ ծառայության համար, իսկ Ղևտացիները կոչվեցին Վկայության խորանի սպասավորությանը:

Ողջ աշխարհի ազգերն էլ այս նույն ուղով են անցել: Մովսեսից շատ առաջ այդ ազգերի մեջ էլ քրմությունը հատուկ պաշտոնեության դասերի բաժանվեց, թեև դրանից առաջ ևս քուրմեր կային, ինչպես Եգիպտոսում, սակայն ամեն տան հայր միաժամանակ նաև քուրմ էր իր տանը: Իսկ բուն «քուրմ» կոչվածները ավելի շատ երկրի գիտուններն էին, որոնք զբաղվում էին հմայությամբ, կախարդությամբ և այլ բաներով: Եվ որովհետև նրանք սեփականել էին նաև դպրության արվեստը, ուստի ավելի շատ ժողովրդին ու քաղաքի հանրային գործերին էին ծառայում, քան կրոնին:

Արդյոք քաղաքականությո՞ւնը, իշխանություննե՞րը, թագավորնե՞րն ու բռնակալնե՞րը հնարեցին Աստծու գաղափարը և Նրա հանդեպ հավատքը՝ օգտվելով ժողովրդի տգիտությունից: Սա էլ անկարելի էր: Եթե ինքնակալ կառավարիչներն ու իշխանավորները հոգուտ իրենց են հնարել Աստծու գաղափարը և Նրան «վերաբերող» կրոնը, ապա բնականաբար միայն զորությամբ ու իշխանությամբ կարող էին այն տարածել իրենց ժողովրդի մեջ, ինչպես աշխարհակալներն էին վարվում իրենց նվաճած երկրների ու հաղթված ժողովուրդների հետ սեփական կրոնը նրանց ևս պաշտել տալու համար (Տե՛ս Դան. 3, Հուդիթ, Ա և Բ Մակաբ., Եղիշե «Վարդանանց պատմություն»):

Սակայն ինչպե՞ս է, որ կրոնը ներթափանցում է նաև անտառաբնակ ու լեռնակյաց ժողովուրդների հետին հյուղակներ ու խրճիթներ և այնպիսի վայրեր, որոնք անմատչելի են օտարների, բռնավորների, ինքնակալների համար այն դեպքում, որ այդ ժողովուրդները բնավ հաղորդակցություն չունեն քաղաքակիրթ ազգերի հետ:

«Կրոնը քաղաքակրթությունից չի հղացվել,- ասում է Ալեքսանդր Թասսոնը,- և անհնար է, որ այն հղացված լինի: Աշխարհակալներն ու բռնավորներն ինչպե՞ս կարող էին հնարել մի Աստծու, Որը սանձ ու սահման է դնում իշխանության վրա, մի Աստծու, Որը դեմ է հարստահարությանը, մի Աստծու, Որը վերակացու է անմեղի և առաքինու վրեժը պահանջելու համար: Եթե այդպես եղած լիներ, ապա այդ իշխանավորներն իրենք իրենց վնասած կլինեին, և ոչ թե ուրիշներին:

Թող մարդ երևակայի մի այնպիսի կրոն, որը բոլորովին հակառակ կլինի ժողովրդի օգուտին և միայն թագավորներին օգտակար կլինի: Այդ դեպքում հնարավո՞ր էր, որ բոլոր խավերին ու դասերին պատկանող մարդիկ հավանեին ու իսկույն ընդունեին այդ կրոնը: Հնարավո՞ր էր, որ այդ նորահայտ կրոնը մարդկանց կասկածի տեղիք չտար ու ամենքին վարանումների տարակուսանքի մեջ չգցեր: Մի՞թե այդ ժողովուրդները, բռնավորների դեմ ապստամբելով ու նրանց տիրապետության լուծը թոթափելով, իրենց կամեցած կառավարությունը չէին հիմնի և ամեն ճիգ չէին գործադրի՝ ոչնչացնելու այն բոլոր «զենքերը», որոնցով իրենք հալածվել էին: Այո՛, և իրենք իրենց շատ ապահով պիտի պաշտպանեին բռնավորների բոլոր հնարքներից:

Այդ եղանակով փոխվեցին ինքնիշխան բռնապետություններն ու հասարակական կառավարման ձևերը, ինչպես օրինակ Հելլադայում և Հռոմում եղավ: Սակայն կրոնը մշտապես պահպանվեց ու ամենայն հարգանքով և պատվով հարատևեց, իսկ անաստվածությունն, ընդհակառակը, խորշելի ու ատելի դարձավ իբրև մի այնպիսի այլանդակ հրեշ, որն իր մահառիթ շնչով թունավորում է հասարակությունը:

Ստահոդ խաբեությունը որտե՞ղ է այնքան մեծ հաջողության հասել, որ կարողացած լինի խաբել ոչ միայն տգետ տխմարներին, այլ նաև փիլիսոփայական գրությունների մեծահամբավ ուսմունքների նրբահայաց և հանճարաշատ մարդկանց՝ իմաստագույն փիլիսոփաներ Պլատոնին, Սոկրատեսին, Զենոնին, Արիստոտելին և այլոց (ինչպես թվում է Լակտանտիոսը): Ինչպե՞ս կարող էր կեղծիքը սփռվել ու տարածվել բովանդակ տիեզերքում, և մինչդեռ աշխարհում ամեն բան հեղհեղուկ ու փոփոխական է, ինչպե՞ս կարող էր այդ խաբեությունն ու պատրանքը ընդունվել և հարատև անխախտ մնալ:

Սա էլ ասեմ. թո՛ղ ասեն, որ այսինչ մարդն առաջինը եղավ, որ իր նմաններին նվաճելու համար Աստվածության նորահնար ցնորքը հղացավ, կամ էլ բավականին շատ մարդիկ, զանազան տեղերում գտնվելով, խոսքները մեկ արին՝ նույն բանը խորհելով և նույնպիսի խարդախություններ մոգոնելով: Այդպես վարվողն անտարակույս ամենավերջին հրեշը կլիներ, սակայն ամենևին հիշատակ, հետք կամ նշան չկա, որը կփաստեր, որ այդպիսի անվանի խաբեբա կամ խաբեբաներ են եղել:

Եվ ոչ էլ հիշատակություն կա այն մասին, որ նախասկզբնական ժամանակներում երբևէ երկրի վրա համընդհանուր, ժխտողական անաստվածություն է եղել: Այլ ընդհակառակը, մեզ հայտնի բոլոր տեղեկությունները հաստատում են, որ մշտապես և ամենուր կրոնն ընդունված է եղել: Ապա ուրեմն կրոնը քաղաքականության գյուտը չէ, այլ հավիտենական ճշմարտության փնտրտուք, բնածին ճանաչողություն և մեր մեջ եղող բանական իմաստ» («Հավատքի ապացույցներ», հատ. 2, գլ. 3):

(Շարունակելի)

 

Տեր Սահակ քհնՏեր Սարգսյան, «Քննական կրոնագիտություն հավատքի

ապացույցներով հանդերձ», ԿՊոլիս, 1897 թ.,

Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը

 

06.08.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․