- Հա՛յր, չեմ կարողանում աղոթել, երբ մտային աշխատանքով եմ զբաղված:
- Եթե աշխատանքի ընթացքում միտքդ Աստծու մեջ է գտնվում, ապա դա հենց աղոթք է: Քանի որ եթե աղոթում ես, սակայն միտքդ Աստծու մեջ չէ, ապա ի՞նչ օգուտ: Եթե անգամ մարդ հոգնում է աղոթելուց, բայց սկսում է մտածել Քրիստոսի, Աստվածամոր մասին, ապա դա նույնպես աղոթք է:
- Իսկ մարդ կարո՞ղ է առանց աղոթելու պահպանել Աստծու մասին հիշողությունը:
- Եթե մտքում ասում է. «Ինչքա՜ն հեռու եմ Աստծուց: Ի՞նչ անեմ, որպեսզի Նրա կողքին լինեմ», ապա դրան հետևում է Աստծու մասին հիշողությունը, գալիս է նաև աղոթքը: Աշխատիր միշտ զգալ Քրիստոսի, Աստվածածնի, սրբերի ներկայությունը և քեզ այնպես պահիր, ասես նրանք այստեղ են՝ կողքիդ: Չէ՞ որ նրանք իսկապես այստեղ են, թեև մենք նրանց չենք տեսնում մարմնավոր աչքերով: Ամեն ինչ առ Աստված բարձրացրու և ասա. «Աստված տեսնում է ինձ: Հաճելի՞ է Նրան այն, ինչ անում եմ: Ինչի՞ց պետք է զերծ մնամ Նրան չվշտացնելու համար»: Դա աստիճանաբար կդառնա քո ներքին վիճակը: Կսկսես մտածել Աստծու մասին և հնարավոր ամեն ինչ անել Նրան հաճոյացնելու համար: Այդպես աճում ու զարգանում է Աստծու հանդեպ սերը, միտքն ու սիրտը քաղցրանում են և առանց ջանքերի մնում հարատև աղոթքի մեջ:
- Իսկ ի՞նչ է նշանակում «Աստծու մասին հիշողություն, Աստծու տեսողություն»:
- Աստծու մասին հիշողություն նշանակում է, որ միտքն Աստծու մեջ է, մարդն ապրում է Աստծու մեջ և այդկերպ ամենուր տեսնում Աստծուն: Նա, ում միտքը մշտապես Աստծու մեջ է, մշտապես զգում է Նրա ներկայությունը և հուզվում Նրա հանդեպ երախտագիտությունից, որովհետև ամեն ինչ ընդունում է որպես Աստծու օրհնություն: Նայում է շուրջն ու հասկանում, որ Աստված հոգ է տանում ոչ միայն մարդու, այլևս ողջ աշխարհի մասին՝ անգամ ամենափոքր հարցերում: Ամենուր Աստծու մեծությունն է տեսնում: Աչքերը հառում է երկնքին ու փոխակերպվում Աստծու ներկայությունից: Նայում է հողին, թռչուններին, ծառերին ու տեսնում Աստծուն՝ նրանց Արարչին: Դա և՛ աղոթք է, և՛ Աստծու մասին հիշողություն:
Պաիսիոս Աթոսացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը