Գրքեր

Աստծու ողորմածության և մարդու անարժանության մասին

Քրիստոնեավայել կյանքով ապրող, Աստծուն մշտապես հուսացող և հավատացող քրիստոնյան, ով շոշափելիորեն զգում է Աստծու ներկայությունն ու օգնականությունն իր կյանքում, ժամանակ առ ժամանակ հարկ է, որ մտորի. «Ինչո՞ւ է Աստված հանապազ օգնում ինձ, չէ՞ որ ես այնքա՜ն մեղավոր եմ, անարժան...»: Ցավով պետք է նկատել, որ այսօր շատ հայորդիք մեծագույն վստահությամբ իրենք իրենց մասին ասում են, թե որևէ վատ արարք չեն գործում, ոչ ոքի չեն սպանում, չեն գողանում, որևէ մեկի չեն վնասում... Բայց մի՞թե դա հնարավոր է: Իհարկե ո՛չ: Չեմ կարծում, թե մենք զերծ ենք նախանձից, բամբասանքից, կամա թե ակամա գործվող շատ մեղքերից: Սխալ է այս կերպ մտածելը, հնարավոր է, որ ես չգործեմ մարմնավոր սպանություն, բայց սպանություն գործեմ մտքով՝ նախանձելով, բարկանալով, ատելով, ոխ պահելով իմ ընկերոջ, մերձավորի նկատմամբ, կարող եմ սպանություն գործել խոսքով՝ չարախոսելով, բամբասելով, դավաճանությամբ, անիծելով, հայհոյելով, կոպիտ վարմունքով և նմանատիպ այլ բաներ անելով՝ վնասելով մարդկանց: Կամա թե ակամա մեղանչում ենք անդադար՝ մտքով, խոսքով, գործով: Սբ. Գրքում կարդում ենք. «Ոչ ոք արդար չէ, ոչ իսկ մեկ հոգի» (Հռոմ. 3:10), «Բոլորն էլ մեղք գործեցին և զրկվեցին Աստծու փառքից» (Հռոմ. 3:23): Ուրեմն մեղավոր ենք բոլորս անխտիր: Իսկ եթե մեղավոր ենք, ուրեմն անարժան ենք և հուսալ կարող ենք միայն Տիրոջ գթառատությանն ու ողորմածությանը: Աստված գիտի, թե մենք որքա՜ն տկար ենք, մեղանչական, դյուրությամբ ենք շեղվում մեր ճշմարիտ ընթացքից և հետևում հակառակորդին, ով դյուրապատիր ցանկություններով մշտապես խաբում է մեզ, դեպի անկում տանում: Իսկ մեր մեղքերը պատնեշ են մեր և Աստծու միջև: Սակայն բազմագութ և ողորմած Աստված շնորհել է մեզ ապաշխարությամբ, զղջմամբ և անկեղծ խոստովանությամբ դեպի Իրեն գալու հնարավորություն, քանզի. «Ուր որ մեղքը շատացավ, շնորհն առավել ևս շատացավ» (Հռոմ. 5:20): Աստծու բարերարությունը երևում է նրանից, որ այս ամենը՝ աշխարհն արարեց մեզ համար: Անեզր է Աստծու ողորմածությունը, և անսահման՝ Նրա մարդասիրությունը: Հարկ է գիտակցել և ընդունել, որ ոչ ոք երբեք արժանի չէ այս կամ այն շնորհին, պարգևին, այլ Աստված է, որ արժանացնում է՝ ըստ Իր անհուն և անսահման ողորմածության: Աղոթելիս հարկ է ընդունել մեր անարժանությունն Աստծու առջև և խոնարհաբար աղոթել այսպես. «Տե՛ր, արժանի չեմ բարբառելու իսկ Քո առջև՝ անթիվ մեղքերիս և բյուր հանցանքներիս պատճառով, սակայն Դու ես իմ Հայրն ու Տերը, Արարիչը և Ստեղծողը, Ո՞ւմ մոտ գնամ կամ Ումի՞ց խնդրեմ օգնություն: Մի՛ մերժիր ինձ Քո ողորմությունը, քանզի ես Քո ողորմությունն եմ փափագում և Քո գթությունը կարոտում: Ցո՛ւյց տուր ինձ Քո ողորմության բարությունը»: Այսպես խոնարհաբար աղոթելով և ընդունելով մեր անարժանությունը՝ ապավինենք Տիրոջ ողորմածությանն ու խոստովանենք, որ յուրաքանչյուրիս կյանքում էլ եղել են հրաշքներ՝ աստվածային միջամտությամբ, սակայն մենք հաճախ  չնկատելու ենք տալիս կամ վերագրում ենք պատահականությանը: Հրաշքներ կատարվում են յուրաքանչյուրիս կյանքում՝ Աստծու ողորմածությամբ: Եթե երկյուղենք Տիրոջից և հավատանք, որ Աստված է մեր կյանքում հրաշագործողը, մեր օգնականն ու ապավենը, ապա մեր կյանքում հրաշքներ ավելի շատ կլինեն:

Ինչպե՞ս չի բերկրի այն մարդու հոգին, ով գիտակցելով իր անարժանությունը՝ անկեղծ զղջումով և ապաշխարությամբ խոստովանում է իր մեղքերն օծյալ հոգևորականի առջև և մոտենում Սուրբ և Ահավոր խորհրդին՝ մեր Տիրոջ և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի մեղսաքավիչ և կենդանարար Մարմնին և Արյանը: Գիտակցում է, որ ինքն արժանի չէր հաղորդվելու և երբեք էլ արժանի չի կարող լինել, սակայն բազմագութ Աստված է, որ Իր անհուն ողորմությամբ անարժաններիս արժանացնում է Իր Մարմնի ու Արյան հաղորդությանը: Մաքուր խղճմտանքով, հավատով և երկյուղով մերձեցողին այն սրբում է մինչ այդ իր գործած բոլոր մեղքերից և անօրինություններից: Կատարյալ ուրախություն, կատարյալ բերկրանք և երանական վիճակ, քանզի գիտակցում ենք Աստծու ողորմության վեհությունն ու մեծությունը մեղավոր մարդկության հանդեպ, սկսում օրհնել, բարեբանել ու փառաբանել Աստծուն, այդժամ ավելի, քան երբևէ ցնծում է հոգիդ և բերկրում անխոս: Հոգու համար այդ ցանկալի, երանական և ցնծալի պահերին կամենում ես սուրբ Բարսեղ Կեսարացու հետ միասին գոչել ու ասել. «Տե՛ր, ես արժանի էի մեծ պատուհաս կրելու և Քո կողմից արհամարհվելու: Իսկ Քո անոխակալ մարդասիրությունը ներողամիտ գտնվեց իմ հանդեպ: Գոհանում եմ Քեզանից, թեպետ և արժանի չեմ ներողամտությանդ գովությանը»: Եվ այսպես ամեն պարագայում տեսնում, զգում և ապրում ենք ամենողորմ Աստծու ողորմածության վեհությունն ու մեծությունը և անմիջապես տեսնում մեր անարժանությունն ու ապաշնորհությունը Նրա հանդեպ... Հանդուգն ու ամբարիշտ ընթացքով, չար գործերով մշտապես հեռացնում ենք մեզանից Աստծու ողորմածությունը, բայց Տերը խրատում է մեզ, հանդիմանում, մեղքի հորձանուտում խեղդվելուց փրկում, ուղիղ ճանապարհի վրա կանգնեցնում և վերստին հեղում մեզ վրա Իր ողորմությունը: Եվ արդ, ինչպե՞ս պետք է շնորհակալ լինենք և կարողանանք մեր երախտագիտությունն արտահայտել բազմագութ Աստծու նկատմամբ, չէ՞ որ մեր Տեր Աստված հանձն առավ խաչի անարգ մահը՝ հանուն աշխարհի փրկության, և Իր մահվամբ ու հարությամբ մեզ կյանք պարգևեց: Նա խաղաղություն հաստատեց երկնքի և երկրի վրա՝ խաչի վրա թափված Իր անմեղ արյամբ: Ինչպե՞ս կարող ենք հատուցել Աստծուն՝ այն բոլոր բարերարությունների, մարդասիրության և ողորմածության համար... Սարգիս Շնորհալին ասում է. «Արդ, եթե Մաթուսաղայի երկար ժամանակը ստանալով, որ շուրջ հազար տարի ապրեց (տե՛ս Ծննդ. 5:27), նույնքան ժամանակով երկարաձգեինք մեր կյանքը և այդ ամբողջ ժամանակն Աստծուն անձանձիր փառավորելով անցկացնեինք, Նրան արժանի փառաբանության մի մասն իսկ չէինք կարող վճարել, ուր մնաց՝ ամբողջը: Ուստի փառավորենք Աստծուն և այս բանում նմանվենք հրեշտակներին, որոնք հավիտյան փառավորում են Տիրոջը»: Ուրեմն հաճո լինենք Աստծուն և անսանք Նրա պատվիրաններին, բարի վարքով և առաքինի կենցաղով օրինակ լինենք ամենքին և պատճառ լինենք, որ Աստծու անունը փառավորվի, այնժամ Տերն էլ կփառավորի մեզ, քանզի. «Որքան բարձր է երկինքը երկրից, այնքան զորեղ է Տիրոջ ողորմությունն Իրենից երկյուղ կրողների վրա» (Սաղմ. 102:11): Փա՜ռք ամենողորմ Աստծուն, որ մշտապես հեղում է անարժաններիս վրա Իր ողորմածության պարգևները: Գոհություն Քեզ, մեղքերի Լուծարի՛չ: «Ամենայն հոգի ակնկալությամբ, հույսով Քեզ է սպասում՝ կարոտ Քո շնորհներին՝ թե՛ երկնայինները և թե՛ երկրավորները, թե՛ մեղքերով ընկածը և թե՛ արդարությամբ բարձրացածը, թե՛ տերը և թե՛ ծառան, թե՛ տիկինը և թե՛ աղախինը, և Քո ձեռքին է բոլորի կենդանության շունչը: Եվ Քեզ Հոր և Սուրբ Հոգուդ հետ փա՜ռք հավիտյանս հավիտենից. Ամեն» (սբ. Գր. Նարեկացի, «Մատյան ողբերգության», ԲԱՆ ՁԲ Է):

 

 

Անժելա Խաչատրյան

20.05.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․