Գրքեր

Աստծուն և ընկերոջը սիրելու մասին

Մեկը պատմում էր, թե մի մագիստրոս կար` երիտասարդ և հույժ գեղեցիկ տեսքով, որը թագավորի գործերով շրջում էր: Սա մի քաղաքում ուներ մի հավատարիմ բարեկամ՝ ազնիվ ու հարուստ, քանի որ երևելի մարդկանցից էր: Եվ երբ մագիստրոսը գալիս էր այն­ տեղ, մեծամեծ պատիվներով հյուրընկալում էր նրան իր տանը, իսկ ինքն ու իր կինը սպասավորում էին նրան: Եվ չարի ազդմամբ նրա կինը ցանկությամբ բռնկվեց մագիստրոսի նկատմամբ, իսկ նրա ամու­սինն անտեղյակ էր: Կինն ամաչում էր, դրա համար էլ ոչինչ ցույց չտվեց, սակայն նրա սրտում բորբոքվում էր տռփանքի հուրը: Եվ երբ մագիստրոսը գնաց իր ճանապարհը, կինը ցանկության սաստկությու­նից հյուծվեց և ընդարմացած անկողին ընկավ: Իսկ նրա ամուսինը, հրավիրելով ճարտար բժիշկների, ցույց էր տալիս, իսկ նրանք զննելով ասացին. «Սա մարմնական ցավեր չունի, իսկ թե հոգու մեջ ինչ ծա­ծուկ հիվանդություն ունի` չգիտենք»: Եվ ամուսինը, կողքը նստելով, երկար հեկեկանքներով աղաչում էր նրան ասել, թե ինչու է վշտա­նում: Իսկ նա երկնչում և ամաչում էր ասել, բայց հետո խոստովա­նեց և ասաց. «Իմացի՛ր, տե՛ր իմ, որ դու քո անբիծ սրտով այստեղ ես հավաքում միշտ գեղեցիկ տեսքով երիտասարդների, իսկ ես կին եմ՝ տկար բնությամբ և երիտասարդ հասակով, և խաթարվում եմ նրանց տեսքից: Ահա այն մագիստրոսի նկատմամբ իմ սիրտը մտան չար խոր­հուրդներ, որից կիզվելով՝ հիվանդացա և ահա ընդարմացած եմ մահճի մեջ»: Երբ լսեց այս բանն ամուսինը, լռեց: Իսկ օրեր անց կրկին այն­ տեղ եկավ այն մագիստրոսը, և ամուսինն ընդառաջ գնաց նրան: Եվ երբ տեսավ նրան, ասաց. «Դու գիտես, տե՛ր իմ իշխան, թե ինչպես էի սիրում քեզ, և ես ու իմ կինը սեղանակից եղանք քեզ: Ահա իմ կնոջ սիրտն ընկավ քո հանդեպ տռփանքի չար խորհուրդը, և ահա անկար պառկած է»: Իսկ մագիստրոսը, երբ լսեց այս, սաստիկ տրտմեց դրա համար, քանի որ ինքն անպարտ էր այդ խորհուրդից և նրան ասաց. «Մի՛ տրտմիր, Աստված բազումողորմ է»: Եվ գնաց երիտասարդը, խուզեց իր մազերը, մորուքն ու հոնքերը, խոցոտելով վիրավորեց իր երեսն ու ամբողջ գլուխը և մի բորոտ ծերունի դարձավ այն գեղեցիկ երիտասարդը: Ապա հագնելով ժահահոտ և աղտեղի քուրձ` գնաց այդ տունը, ուր պառկած էր կինը, և ամուսինն էլ նստած էր կողքին: Նա, բացելով իր գլուխը, ցույց տվեց իր խոցոտված ու այլանդակված դեմ­քը և ասաց. «Ահա, մա՛յր, այսպես արեց ինձ Աստված»: Եվ երբ տեսավ կինը երիտասարդի անպատմելի գեղեցկությունն այդպես այլանդակ­ված, տգեղացած և սևացած, սաստիկ զարմացավ: Եվ Աստված, տես­նելով երիտասարդի գործն ու խոնարհությունը, վերցրեց կնոջ սրտից պատերազմը, և նա իսկույն առողջացավ: Եվ մագիստրոսն առանձին ասաց նրա ամուսնուն. «Ահա Աստծո շնորհներով ողջացավ քո կինը, այսուհետև իմ երեսը չի տեսնի»: Ահա այս է անձը դնելը սիրելիի հա­մար, և բարության դիմաց բարությամբ հատուցելը:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

24.09.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․