Գրքեր

«Աստված երբեք երես չի թեքում մեզանից, մենք ենք հեռանում Իրենից»

Աստվածային ողորմությունը մխիթարություն է աշխարհի համար, առանց որի կյանքը կանգ կառներ երկրի վրա: Ամենողորմ Աստված ամեն ինչ այնպես է կառուցել, որ մարդ չբավարարվի միայն մարդկային մխիթարությամբ, այլ փնտրի աստվածայինը: Հոգատար Հայրն Իր առատ ողորմությանն է արժանացնում նրանց, ովքեր խոնարհաբար տեսնում են իրենց սխալները և ապաշխարությամբ ու բարի գործերով քավում դրանք:

Ս. Հովհաննես Սանդուղքն ասել է, որ այլ է Աստծու նախախնամությունը, այլ՝ օգնությունը, այլ՝ պահպանությունը, այլ՝ ողորմածությունը և այլ՝ մխիթարությունը. «Աստվածային նախախնամությունը տարածվում է բոլոր արարածների վրա, օգնությունը տրվում է միայն հավատարիմներին, պահպանությունն ունենում են ճշմարիտ հավատավորները, իսկ Աստծու ողորմածությանն արժանանում են Նրան ծառայողները, մխիթարությանը՝ Նրան սիրողները»:

Աստվածային ողորմածությունն էր հայցում Աբրահամ նահապետը, երբ աղոթում էր Սոդոմ և Գոմոր քաղաքների բնակիչների համար, որ արվամոլության մեղքի մեջ էին և այնտեղ ապրում էր իր եղբոր որդին՝ Ղովտն, ընտանիքի հետ միասին. «Մի՞թե դու արդարին ամբարշտի հետ կոչնչացնես, և արդարը նույն բանին կենթարկվի, ինչ որ ամբարիշտը: Եթե քաղաքում հիսուն արդար լինի, կոչնչացնե՞ս նրանց, չե՞ս խնայի ամբողջ քաղաքը հանուն այնտեղ գտնվող հիսուն արդարների: Քա՛վ լիցի, չանես այդ բանը՝ արդարին սպանես ամբարշտի հետ, և արդարը ենթարկվի նույն բանին, ինչ որ ամբարիշտը: Ո՛չ, դու, որ դատում ես ամբողջ աշխարհը, այդպիսի դատաստան չես անի» (Ծննդ. 18:23-27): Եվ լսում է պատասխանը. «Եթե Սոդոմում՝ այդ քաղաքում գտնվի հիսուն արդար, հանուն նրանց ես կխնայեմ ամբողջ քաղաքը» (Ծննդ. 18:26): Աբրահամը համարձակվեց խնդրել Տիրոջից խնայել քաղաքը, եթե այնտեղ լինի քառասունհինգ, քառասուն, երեսուն, քսան և վերջապես տասը արդար: Եվ ամեն անգամ Աստծուց լսում էր նույն պատասխանը՝ չեմ կործանի: Աբրահամի համար հստակ էր այն, որ Աստված չի ցանկանում մարդկանց կործանումը, այլ ամեն հնարավորություն տալիս է փրկվելու:  

Եկեղեցու հայրերից Ս. Հովհան Ոսկեբերանն ասել է. «Տեսնո՞ւմ եք Աստծու համբերատարությունն ու հանդուրժողականությունը և նահապետի ջերմ սերը: Հասկանո՞ւմ եք այժմ այն մարդկանց ուժը, որ գործում են առաքինությամբ: Այս ամենը տեղի ունեցավ, որպեսզի որևէ մեկն առիթ չունենա մեղադրելու Աստծուն, թե ինչու այրեց այդ քաղաքները, գուցե բնակիչները զղջային, եթե իրենց հանդեպ համբերատար գտնվեին: Այդ պատճառով Աստված ցույց է տալիս չարիքի բազմացումն ու առաքինության նվազումը և երկրորդ մեծ ջրհեղեղի անհրաժեշտությունը, որ կողողեր ողջ աշխարհը: Բայց, Աստծու խոստման համաձայն, այդ պատիժը չէր կրկնվելու, և Տերը գործածեց պատժի այլ տեսակ, որ հաջորդ սերունդների համար մշտական դաս էր հանդիսանալու: Սոդոմացիները խեղաթյուրել էին բնության օրենքները, այդ պատճառով Աստված նրանց ենթարկեց անսովոր պատժի. նրանց անօրինության պատճառով Տերը բնության ընդերքը հարվածեց անպտղությամբ և բնությունն անկենդացավ, ինչն առ այսօր տեսանելի է Մեռյալ ծովում և ծովեզերքին, որտեղ գտնվել են Սոդոմ և Գոմոր քաղաքները: Այս վայրը մշտական հուշարձան է հաջորդ սերունդների համար, որպեսզի նրանք չհամարձակվեն նման անօրինություն գործելու: Յուրաքանչյուր ոք կարող է այցելել և տեսնել այն վայրը, որ իր վրա կրում է աստվածային պատժի հետքերը։ Այսքան տարիներ անց մարդու առջև բացահայտ կերպով բացվում է Աստծու բարկությունը, կարծես պատիժը տեղի է ունեցել երեկ կամ այսօր առավոտյան: Գուցե մեկն ասի՝ մի՞թե չկան մարդիկ, որ սոդոմացիների նման խախտել են օրենքը և չեն պատժվել: Հնարավոր է, բայց ավելի մեծ պատիժ է սպասվում նման անօրեններին: Եթե մարդ չի սթափվում, նայելով սոդոմացիների պատժին, Աստծու համբերատարությունից չի օգտվում, ապա իր համար մի քանի անգամ առավել ուժեղ է բոցավառում հավիտենական անմարելի կրակը: Աստված երբեք երես չի թեքում մեզանից, մենք ենք հեռանում Իրենից»:

Ապա սուրբը նշում է, որ եթե Աստված ցանկանար մեզ պատժել, ապա նախապես չէր սպառնա «գեհենով», որպեսզի զգուշանայինք և խուսափեինք սպառնալիքից. «Քանի որ Աստված հոգ է տանում մեր փրկության համար, ապա միշտ կանխասում է, թե ինչ պատիժների է ենթարկելու, միայն այն պատճառով, որպեսզի չենթարկի: Հաճախ Տերը, չգտնելով անգամ մեկ արդարի, ողորմում է մարդկանց՝ հանուն առաքինի ննջեցյալների: Աստծու ողորմածությունն անասանելի է, անբացատրելի, անըմբռնելի, այն գերազանցում է միտքը, և որպեսզի մարդը մշտապես այդ ողորմածության մեջ գտնվի և անպիտան չդառնա, այդ պարգևի համար իր մասնակցությունը պետք է ունենա: Հասկացի՛ր, թե ինչ եմ ուզում ասել՝ Աստված ողորմում է, բայց պայմանով, որ դու էլ տաս: Աստվածորդու մարմնացումը Աստծու մեծագույն ողորմածությունն է մարդկանց: Փրկիչը ողորմած գտնվեց և Հոր առաջ Ինքը դարձավ մեզ համար Բարեխոս»:

Ս. Հովհան Ոսկեբերանն անդրադարձել է նաև աստվածային և մարդկային ողորմածությունների տարբերությանը՝ նշելով, որ դրանք հավասար չեն և միմյանցից տարբերվում են, ինչպես չարը բարուց: Աստված այն միակ պարտապանն է, որ Իրենից խնդրելիս ողորմում է մեզ և տալիս է այն, ինչ չենք տվել Նրան փոխարինաբար. «Նրանք, ովքեր վայելում են Աստծու ողորմածությունը, դա իրենց համար ծառայում է որպես փրկության հիմք, իսկ այն արհամարհողների համար՝ որպես մեծ պատժի առիթ: Աստված Իր մեծագույն ողորմածությունն է ցուցաբերում, որպեսզի ազատվես մեղքերից և ոչ թե դրանց թվին նորը ավելացնես և եթե չշտապես ապաշխարելու, պատիժը կլինի սարսափելի: Եթե Աստված ամեն օր մեր մեղքերի համար մեզ պատժի ենթարկեր, ապա մարդկային սերունդը գոյություն չէր ունենա: Երբ Աստված տեսնում է, որ Իր մարդասիրությունն անօգուտ է, Նա փակում  և կանգնեցնում է բարիքների և մարդասիրության աղբյուրները, դադարում է ողորմել: Մի՛ արհամարհիր Աստծու համբերատարությունը, որ տանում է քեզ ապաշխարության, ինչ էլ որ անես, արա Աստծու ներկայությունն ամենուր ունենալու մտքով»:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

09.09.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․