Գրքեր

Աստված կանխատեսում է, սակայն չի կանխորոշում

- Աստծու իմացությունը անհասանելի է մեր մտքին,- ասում էր ծերը,- այն անսահման է, ընդգրկում է գոյություն ունեցող, տեսանելի ու անտեսանելի ամեն բան՝ ներկա ու վաղեմի։ Աստված ամեն ինչ գիտի ճշգրտորեն, ողջ խորությամբ ու լիարժեքորեն։ Տերը ճանաչում է մեզ նախքան ինքներս մեզ կճանաչենք։

Նա գիտի մեր նախատրամադրությունը ու անգամ չնչին միտքը, մեր խորհուրդներն ու որոշումները՝ նախքան դրանք կայացնելը։ Սակայն մեր բեղմնավորումից առաջ էլ, դեռ աշխարհի արարումից Նա լավ է ճանաչել մեզ։ Այդ է պատճառը, որ Դավիթը հիացմունքով բացականչում է․ «Տե՛ր, ինձ փորձեցիր ու ճանաչեցիր ինձ: ․․․․հեռվից հասկացար իմ մտածումները: Իմ շավիղներն ու վիճակը դու քննեցիր, և բոլոր ճանապարհներս նախապես տեսար: ․․․․Ահա դու, Տե՛ր, իմացար իմ սկիզբն ու վերջը, դու ինձ ստեղծեցիր և ձեռքդ դրիր ինձ վրա» (Սղմ․ 138։1-5)։

․․․․Իսկ որոշ մարդիկ խճճվում են։ «Եթե ամեն ինչ արդեն գրված է Աստծու մոտ, այսինքն՝ մեր ճակատագիրը,- ասում են նրանք,- ապա դա էլ մեր բախտն է։ Նշանակում է՝ արդեն կանխորոշված ու գրված էր, որ դու, օրինակ՝ պիտի սպանություն գործես։ Աստված քեզ նախասահմանել էր դրա համար»։

Դու կասես ինձ․ «Եթե գրված է, որ ես պետք է սպանեմ քեզ, ապա ես մեղավո՞ր եմ, թե՞ մեղավոր չեմ։ Եթե «դեռևս չգործվածը գրված է Քեզ մոտ», ապա ինչո՞ւ ենք մենք՝ մարդիկս, մեղավոր։ Եթե ասում ես, որ Աստված բարի է, ապա Նա ինչո՞ւ է նման բան գրել և ինձ էլ հեռու չի պահել, որ չանեմ դա»։

Այստեղ խորհուրդ է թաքնված, գաղտնիք։ Աստված ամեն ինչ գիտի՝ ըստ Իր ամենակարողության ու ամենատեսության, Նա գիտի, թե ինչ է կատարվելու ապագայում, սակայն մեղավոր չէ չարիքի համար։ Աստված կանխատեսում է, սակայն չի կանխորոշում։ Աստծու համար գոյություն չունի ո՛չ անցյալ, ո՛չ ներկա, ո՛չ ապագա։ Ամեն ինչ բաց է Նրա առջև։ Ինչպես Պողոս առաքյալն է այդ մասին ասում․ «Ամեն ինչ պարզ ու հստակ է նրա աչքերի առաջ» (Եբր․ 4։13)։

Ամենագետ Աստված գիտի և՛ բարին, և՛ չարը։ Եվ քանի որ էությամբ բարի է, Նա օգնում է բարուն և զերծ է չարից։ Իսկ եթե Նա զերծ է չարից, ապա ինչպե՞ս կարող է կանխորոշել չարիք գործելը։ Աստված ամեն ինչ բարի է արարել և ամեն ինչին տվել է բարի, սուրբ կոչում․․․

 

Հայր Պորֆիրիոս Կավսոկալիվացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

21.04.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․