Գրքեր

Աստված մեկ է և Նրանից բացի չկա մեկ ուրիշը

«Ես եմ քո Տեր Աստվածը, որ քեզ հանեցի եգիպտացիների երկրից՝ ստրկության տնից: Ինձնից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար» (Ելք 20:2-3): Այս պատվիրանը տասը պատվիրաններից առաջինն է՝ տրված Աստծու կողմից Մովսես մարգարեին Սինա լեռան վրա: Պատվիրանն արգելում է բազմաստվածությունը և ընդգծում, որ Տեր Աստվածը մեկն է, և չկան այլ աստվածներ Նրանից բացի (Երկրորդ Օրենք 6:4; Հովհ. 17:3; Ա Կորնթ. 8:4-6): Այս պատվիրանի կատարումը հիմնված է ճշմարիտ հավատքի վրա, որը և հանդիսանում է հոգևոր կյանքի հիմքը: Հավատքով ոչ միայն սկզբնավորվում է Աստծու և մարդու հարաբերությունը, այլև նրանով է պայմանավորված հոգևոր կյանքի ողջ ընթացքը:

«Ես եմ Տերը», այսինքն՝ իրավունք ունեմ պատվիրելու, հնազանդություն պահանջելու: Աշխարհում շատ տերեր կան, բայց ամենակարող Տերը մեկն է, որի առաջ խոնարհվում են ամենազորեղ կամքերը. Նա կարող է լեռները շարժել, հզոր հակառակությունները կործանել, Նա վեհագույնն է, Նրան են լսում բոլորը, Նրան է հնազանդվում ամեն ինչ, ուստի և Նա է բոլորին հրամայողը. «Ես եմ առաջինը և ես եմ վերջինը, ինձնից բացի ուրիշ Աստված չկա» (Եսայի 44:6): «Որովհետև ամեն բան նրանից է, ամեն բան գոյություն ունի նրանով ու նրա համար: Նրան փառք հավիտյանս: Ամեն» (Հռոմ. 11:36): «Ես եմ Տերը», Ես եմ անվերջը, անբավելին: Այս բառը որոտի հնչյուն ունի, ուստի երկյուղ ունեցիր, ո՛վ մարդ, քանի որ Իմն ես: Սրան հետևում է անմիջապես և այն, թե՝ «Ես եմ քո Տեր Աստվածը», ուստի ուրախացիր, ո՛վ մարդ, որովհետև Ես քոնն եմ: Ի՜նչ քաղցր, ի՜նչ անուշ է հնչում՝ «քո Աստվածը» արտահայտությունը: «Տեր» խոսքով մինչև գետին խոնարհեցնում է մեզ, իսկ «քո Աստվածը» նորից բարձրացնում է մինչև հայրական ջերմ, սիրով լի սիրտը: Ես եմ քո Տեր Աստվածը, այսինքն՝ քեզ համար կամ Ես, քո երջանկությունը Իմ հոգացությունն է, Իմ նպատակը քո երանությունն է:

Աստված Իր սերը հիշեցնելուց հետո միայն հայտարարում է Իր կամքը, նախ՝ հողն է պատրաստում և ապա՝ սերմերը ցանում սրտի մեջ: Աստծու պահանջած սիրո առաջին նշանը հայտարարված է առաջին պատվիրանի մեջ՝ «Ինձնից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար»:

«Քեզ համար չպիտի լինեն այլ աստվածներ», այսինքն՝ չլինեն օտար իշխանություններ, որոնց առաջ մենք խոնարհվենք, չլինեն օտար տերեր, որոնց ստիպված լինենք լսել, չլինի այլ բարիք, որին մեր սիրտը կհակվի: Ո՛չ մի իշխանություն, ո՛չ մի տեր, ո՛չ մի բարիք Աստծուց բարձր չպիտի դասենք, որովհետև Նա է ամենաբարձր իշխանությունը, ամենամեծ զորությունը, Նա է ամենահարուստ Տերը, ամենաթանկագին բարիքը: Նա է միակ ճշմարիտ, միակ զորավոր, միակ կենդանի Աստվածը:

«Ինձնից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար», որովհետև «Մարդ չի կարող երկու տիրոջ ծառայել» (Մատթ. 6:24): «Ես եմ Տեր Աստվածը»,- ասում է Նա Եսայու մարգարեությունում,- «սա է Իմ անունը, Իմ փառքը ուրիշին չեմ տա, ոչ էլ Իմ քաջությունը՝ կուռքերին» (Եսայի 42:8): Առաջին այս պատվիրանը հիշեցնում է, որ պետք է պաշտենք Արարչին, այլ ոչ թե՝ արարածներին, և Աստծու նկատմամբ իրական սերն է հանդիսանում ոչ միայն առաջին, այլ նաև մյուս պատվիրանների կատարման գրավականը: Միտքը լուսավորող և սիրտը ջերմացնող պատվիրանն այն ուղեցույց աստղն է, որ մարդուն ցույց է տալիս Երկնքի Արքայության ճանապարհը: «Երանի նրանց, ովքեր անբիծ ուղի են բռնել, և ընթանում են Տիրոջ օրենքով»,- ասում է սաղմոսերգուն (Սաղմ. 118:1): «Քո օրենքը սիրողները մեծ խաղաղության մեջ են, և նրանց համար չկա գայթակղություն» (Սաղմ. 118:165): Առաջին պատվիրանը մարդու հոգևոր հայացքն ուղղում է առ Աստված և ասում նրան՝ թող Աստված լինի քո մտքերի և գործողությունների կենտրոնում: Աստծուն ճանաչելը համարիր ամենաթանկ ճանաչումը, Նրա կամքը՝ բարձր հեղինակություն, Նրան ծառայելը՝ կյանքի կոչում:

Հովհաննես աստվածաբան առաքյալն ասում է, որ «Աստված սեր է» (Ա Հովհ. 4:8): Մեր հարաբերությունները Աստծու հետ հիմնված է փոխադարձ սիրո հիման վրա: Երկնավոր Հայրը մեզ բոլորիս սիրում է կատարյալ սիրով: Այդ սիրո պտուղները քրիստոնյաները կարող են ընդունել միայն այն ժամանակ, երբ ամբողջ էությամբ սիրեն Աստծուն: «Աստծո հանդեպ մեր սերն արտահայտում ենք Նրա պատվիրանները գործադրելով: Իսկ Նրա պատվիրանները գործադրելը դժվար չէ» (Ա Հովհ. 5:3):

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը

 

22.03.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․