Գրքեր

Աստվածամոր տոնի հոգեպարար ուրախությունը Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում

Ընդհանրական եկեղեցին և Հայ Առաքելական Սբ. եկեղեցին մասնավորապես առանձնահատուկ հարգանք, սեր և ակնածանք է տածում Սբ. Մարիամ Աստվածածնի հանդեպ: «Օրհնյա՜լ ես դու կանանց մեջ, և օրհնյա՜լ է այն զավակը, որ կրում ես քո որովայնում»,- այսպես է ողջունել Սբ. Կույսին Գաբրիել հրեշտակապետը (Ղուկաս 1:42): Դարեր շարունակ և այսօր էլ ի կատար է ածվում Սբ. Կույսի շրթունքներից հնչած այս խոսքը. «Այսուհետև բոլոր սերունդները երանի են տալու ինձ» (Ղուկաս 1:48):

Հայ եկեղեցին Աստվածամորը նվիրված հարգանքն ոգեկոչում է նրան նվիրված յոթ տոներով, որոնցից մեկը՝ Վերափոխումն Սբ. Մարիամ Աստվածածնի տոնը՝ հինգ տաղավար տոներից չորրորդը, տոնախմբեց օգոստոսի 14-ին: Տոնական օրն ուխտավորներին առաջնորդում է Սբ. Աստվածածին անունը կրող եկեղեցիներ: Եվ մեծ թվով ուխտավորների համար սիրելի ուխտավայր է Երևանի հնագույն եկեղեցիներից մեկը՝ Զորավոր Սբ. Աստվածածինը:

Տոնական Սբ. Պատարագին ներկա յուրաքանչյուր մասնակից հաղորդ դարձավ օրվա պատգամին պատարագչի՝ խորհրդակատար Տեր Հայկազուն քահանա Մկրտչյանի կողմից, ով քարոզին մասնավորաբար նշեց. «Սբ. Մարիամ Աստվածածինն երկրի վրա գտնվող բոլոր կանանցից ավելի հարգվեց և Աստծո Մայրը լինելու պատվավոր կոչմանն արժանացավ: Աստվածածինը մեր եկեղեցու սրբոց դասի գլուխն է: Նա բարձր է և՛ մարգարեներից, և՛ առաքյալներից, և՛ մարտիրոսներից՝ զիջելով միայն Աստծո անեղ բնությանը: Սբ. Աստվածածինը եղավ «Նոյան տապան» և եթե Նոյան տապանի միջոցով միայն Նոյի ընտանիքը փրկվեց, ապա Սբ. Մարիամ Աստվածածնի միջոցով համայն մարդկությունը փրկության հույսի արժանացավ: Նա հաշտության միջնորդ հանդիսացավ Աստծո և մարդու միջև: Սբ. Աստվածածինը հայ օրիորդի, կնոջ և մոր բարոյական նկարագրի կերտողն ու դիմագիծն է հանդիսանում: Եթե մարգարեները Սբ. Հոգու շնորհներն ստացան և բարեհաճ եղան Աստծուն՝ Նրա գալուստը քարոզելով, իսկ առաքյալներն երանության արժանացան՝ տեսնելով Աստծո Բանին և ականջալուր լինելով Նրա զորավիգ խոսքին, ապա Սբ. Մարիամ Աստվածածինն առավել գերազանց երանությունների արժանացավ. Աստվածամայր կոչմանն արժանացավ՝ իր որովայնում կրելով Բանն Աստծուն: Մեր Տեր Հիսուս Քրիստոս հրեշտակների զորքերով եկավ և Իր մորը վերափոխեց երկինք, քանի որ սրբալույս Տիրամայրը չպիտի ենթարկվեր մեղավոր մարդկանց նման ապականությանը»:

Սբ. Պատարագի ավարտին ներկաները մասնակից եղան խաղողօրհնեքի արարողությանը՝ ստանալով օրհնված ողկույզներ: Տոնական օրը Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում իր շարունակությունն ունեցավ Երեկոյան ժամերգության ավարտին: Եկեղեցու բակում Կենտրոն վարչական շրջանի կողմից կազմակերպվել էր տոնախմբություն, որի ժամանակ հանդես եկավ «Վերադարձ» ավանդական երգ ու պարի համույթը: Ազգային երգ ու պարով համեմված երեկոն ուրախություն էր պատճառել ներկաներին: Անցորդներն ու հյուրերը, միանալով շուրջպարին, պարզ դիտորդներից դարձան տոնախմբության բուն մասնակիցներ: Միջոցառման ավարտին Տեր Հայկազունն օրհնեց ներկաներին՝ բաշխելով օրհնված ողկույզներ:

 

Կարինե Սուգիկյան

14.08.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․