Գրքեր

Աստվածաշունչ

Սուրբ Գրքի ընթերցանություն

Ոչ՛ Քրիստոսի Ծնունդը և ո՛չ էլ Քրիստոսի Ծննդյան տոնակատարությունները մեզ համար ոչ մի արժեք չունեն, եթե մեր սրտերում հավատք և ջերմեռանդ սեր չկա Քրիստոսի հանդեպ: Այսպիսի զգացմունքների և հավատքի ամրապնդմանը նպաստում է հատկապես Սուրբ Գրքի ընթերցանությունը: Հատկանշական է մեր Եկեղեցու մեծագույն եպիսկոպոսներից Մելքիսեդեկ եպիսկոպոս Մուրադյանի միտքը Աստվածաշնչի ընթերցանության մասին. «Աստվածաշունչը կարող են կարդալ ամեն դասակարգի մարդիկ: Կրոնը անհատական է, ուստի և ամեն անհատ պարտավոր է անձամբ կարդալ Սուրբ Գիրքը: Հոմերոսի Իլիականը կամ Ոդիսականը մենք չենք կարող մանուկների ձեռքը տալ: Բայց Ավետարանը մանուկը կարող է կարդալ և հասկանալ»: Քրիստոնեական մեծ գրողներից Շատոբրիանը ճիշտ է նկատել, որ «Ավետարանը գոյություն ունեցող ամենահստակ գիրքն է աշխարհում: Նրա գահը չի հաստատված մարդու գլխում, այլ` նրա սրտում. նա չի սովորեցնում վիճել, այլ` լավ ապրել: Աստվածաշնչի մեջ իսկապես անբացատրելի է այն, որ նա շարունակական մի խառնուրդ է խորագույն խորհուրդների և ծայրագույն պարզության, հատկանիշներ, որոնցից ծնվում են սրտառուչն ու վսեմը»: Սուրբ Եփրեմ Ասորին Հոբի գրքի իր մեկնության մեջ ասում է, որ ինչպես ճաշակելիք բաները բռնությամբ չեն մտնում մարդու բերանը, այլ մարդն ինքն է իր կամքով դրանք ընդունում և վայելում, ճիշտ այդպես էլ գրքերում եղած բարի բաները պետք է մարդու կամքով իմաստություն պարգևեն մարդկային մտքին: Ամերիկացիներից մեկը մտահոգությամբ ասել է. «Մենք դարձել ենք աստվածաշնչային անգրագետների ազգ: Արագընթաց մի ուսումնասիրությամբ պարզվել է, որ թեև ամերիկացիների 90 տոկոսն ունի սեփական Աստվածաշունչ, սակայն քրիստոնյաների միայն 11 տոկոսն է այն ամեն օր կարդում»: Ցավոք, մեր ազգը այս տեսակետով նույն անմխիթար վիճակի մեջ է: Որքան դիպուկ է նկատել մի մեծ մտածող. «Ուր Սուրբ Գիրքը բաց չէ, այնտեղ անսահման խավար է տիրում, ուր Սուրբ Գիրքը միայն մասամբ է բաց, այնտեղ միայն օրվա արշալույսն է բացված, և ուր Սուրբ Գիրքն իր ազատական էջերը բացել է ժողովուրդների առջև, այնտեղ տիրապետում է քաղաքակրթության լուսավորումը»: Եվ Սուրբ Գրքի ընթերցանության հետ կապված խավարը կամ լուսավորությունը ոչ միայն ժողովուրդներին է վերաբերում, այլև առանձին անհատներին և հատկապես ընտանիքներին: Աշխարհում բազմաթիվ ընտանիքներ այսօր տարբեր տեսակի նեղությունների մեջ են: Եվ մարդիկ կգտնվեն, ովքեր կհարցնեն. «Եթե Սուրբ Գիրք ընթերցեմ, արդյո՞ք այդ դեպքում երկնքից բարիքներ պիտի թափվեն իմ և իմ ընտանիքի վրա»: Ավետարանը անպայման պատրաստի պատասխաններ չի տալիս մարդկանց խնդիրներին: Այն ավելի շուտ լուծում է այդ խնդիրները` նախ մարդուն փոխելով: «Բայց իմ ուզածը դա չէ,- կպատասխանի մարդը,- ինձ անհապաղ շոշափելի արդյունքներ են պետք»: Սակայն նման առարկության պատասխանը տալիս է չինական իմաստուն ասացվածքը, որն ասում է. «Մարդուն ձուկ տուր, և կկերակրես

նրան մեկ օր: Սովորեցրու մարդուն ձուկ որսալ և կկերակրես նրան ամբողջ կյանքի ընթացքում»: Այսպես մարդուն փոխելով` մարդու ողջ կյանքն է ապահովում Աստվածաշունչը և Եկեղեցին: Եվ իմանալով այս հիանալի իրողությունը` ընթերցեք Աստվածաշունչը, եթե, իրոք, ցանկանում ենք հոգևոր խաղաղություն ու երջանկություն ունենալ:

 

Աստվածաշնչի ընթերցանության արհամարհում

Աստվածաշնչի հեղինակությունն իջել կամ բարձրացել է պատմության ընթացքում: 16-րդ դարում բողոքականությունն առավել ընդգծեց Աստվածաշնչի հեղինակությունը` նվազեցնելով Եկեղեցու հեղինակությունը: Բողոքականները, պայքարելով Կաթոլիկ Եկեղեցու դեմ, հայտարարեցին, որ հավատացյալների համար հեղինակությունը պապի հրովարտակները չեն, և մարդն Աստծո պարգևները ստանում է իր անձնական հավատքի շնորհիվ ու ոչ թե Եկեղեցու արարողությունների, հետևաբար, նաև հոգևոր կյանքի համար հոգևորականների անհրաժեշտություն չունենք: Իհարկե, Ուղղափառ Եկեղեցիները մերժեցին եկեղեցական արարողությունների, հոգևորականների առաքելության արհամարհման և միայն հավատքով փրկվելու տեսակետները: Աստվածաշնչի հեղինակությունը նվազեց 18-րդ դարի սկզբում, երբ գյուղացիները կամ քաղաքների աղքատ մարդիկ հարստահարվում էին շահամոլ հոգևորականների և ազնվականների կողմից:

Դժբախտաբար, երբեմն Աստվածաշունչն արհամարվում է նույնիսկ մեր օրերում, և այդ արհամարհանքն իր պատճառներն ունի: Դրանցից մեկը հետևյալն է: Կապիտալիզմի և սոցիալիզմի առաջին շրջանում բանվոր դասակարգը գերակշռող մեծամասնություն էր կազմում զարգացող երկրներում: Այժմ բանվոր դասակարգը շատ փոքր է, որովհետև փոխվել է աշխատողների բնույթը: Հիմա մարդիկ հիմնականում աշխատում են տեղեկատվական ծառայություններում: Եվ նույնիսկ շատ գործարաններում աշխատողները նստում են հատուկ ծրագրավորված մեքենաների առջև և աշխատում համակարգիչներով: Այսպիսով, աշխատողների արտաքին ապրելակերպը, ինչպես նաև նրա ընտանիքի և իր անձնական կյանքի ձևը փոխվել են: Սակայն այս երևույթը նաև ճգնաժամ բերեց, և արդյունաբերության մեջ մեքենաների գործածության պատճառով շատ աշխատողներ հեռացվեցին` մնալով առանց օրական աշխատանքի: Այսօր աշխարհում գործազրկությունը խնդիրներից մեկն է, և նույնիսկ զարգացած երկրներում մեծ թվով գործազուրկներ կան, իսկ աշխատանք ունեցողներն էլ ջանում են ներկա պայմանների մեջ ապահովել իրենց սեփական հարմարավետությունն ու բարեկեցությունը: Նման իրավիճակում արդեն նոր ձևով նյութականը հոգևորից ավելի կարևոր է թվում, և Աստվածաշնչի ընթերցանությունը հաճախ մոռացության է մատնվում: Սակայն մեր Սուրբ Թարգմանիչները թարգմանեցին Սուրբ Գիրքը երազանքով փափագելով, որ հայ

ժողովուրդը Աստվածաշնչի պատգամներին հաղորդ դառնալով կամ Սուրբ Գրքի ընթերցանությամբ հոգևոր ուժ ստանա` նաև իր կյանքն ավելի ծաղկուն դարձնելու:

Ներկայիս աշխարհը պայքարում է մարդկության դժբախտությունների, թշվառությունների, աղետների դեմ: Սակայն կարող ենք ասել, որ հնարավոր չէ որևէ արդյունքի հասնել առանց կարգավորելու մարդկային էակների հոգևոր վիճակը: Եվ այս նպատակի իրագործման համար պետք է պահպանեք կապը Եկեղեցու հետ և ձեր, ձեր ընտանիքի, ազգի հոգևոր վիճակը կարգավորելու համար պետք է գոնե ժամանակ առ ժամանակ Աստվածաշունչ ընթերցեք:

 

Աստվածաշնչի թարգմանություն, մխիթարիչ Սուրբ Հոգին

Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը հայտնի է թարգմանությունների թագուհի անունով: Սակայն մուսուլմանները առարկություններ ունեն Աստվածաշնչի թարգմանության հետ կապված ոչ միայն հայերեն, այլև այլ լեզուներով թարգմանությունների առնչությամբ: Մահմեդականներն ասում են, որ քրիստոնյաները աղավաղել են Սուրբ Գրությունները և Քրիստոսի Ավետարանը, իսկ իսլամը պահպանել է Սուրբ Գրքի ճշմարիտ իմաստը Ղուրանի մեջ: Ղուրանի ռուսերեն թարգմանությունը մի ծանոթագրություն ունի Ղուրանի երկրորդ գլխի` սուրահի մի համարի վերաբերյալ: Այս գլխում ակնարկ կա այն մասին, որ Ղուրանն ընդունում է Մովսեսի օրենքը և Քրիստոսի Ավետարանը: Սակայն մուսուլմանները վիճաբանում են հատկապես Հովհաննու Ավետարանի 15.26-ում նշված Քրիստոսի խոսքերի դեմ` Սուրբ Հոգին ուղարկելու վերաբերյալ: Այս խոսքերը Քրիստոս ասում է նաև Ղուրանում, սակայն այնտեղ խոսքը մխիթարիչ Սուրբ Հոգին ուղարկելու մասին չէ, այլ Ահմեդին կամ Մուհամեդին ուղարկելու:

Նոր Կտակարանի այս հատվածում Սուրբ Հոգու համար գործածված է մխիթարիչ բառը, որը թարգմանությունն է հունարեն պարակլետոս բառի: Սակայն մուսուլման աստվածաբանների կարծիքով այստեղ պետք է գործածված լիներ հունարեն պերիկլիտոս բառը, որը նշանակում է փառավոր, ինչը Մուհամեդ մարգարեի անվան նշանակությունն է: Իհարկե, մենք համաձայն չենք մուսուլմանների հետ, քանզի նման հորինովի փաստարկների դեմ մենք ունենք մեր թարգմանիչ Սուրբ Վարդապետների անսուտ կյանքն ու շնորհառատ գործունեության վավերականությունը:

 

Աստվածաշնչի հանդեպ նախանձախնդրություն

Սուրբ Սահակի և Սուրբ Մեսրոպի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ է Աստվածաշունչը թարգմանվել հայրեն նախ ասորերենից, ապա հետագայում թարգմանությունն ավելի է ճշգրտվել հունարեն բնագրերի համեմատությամբ: Պետք է ասել, որ քիստոնեության վաղ շրջանում բացի Աստվածաշնչի բուն գրքերից եղել են նաև պարականոն գրքեր, որոնք գրվել են կեղծ հեղինակների կողմից: Եկեղեցին լուրջ քննությունից հետո հաստատել է Աստվածաշնչի կանոնը և Սուրբ Գրքի

անաղարտությունը դարեդար պահելով` հասցրել է մինչև մեր օրերը: Այսինքն՝ Եկեղեցին ինքն է Սուրբ Հոգու ներշնչմամբ հաստատել Աստվածաշնչի գրքերի կազմությունը: Այսօր, սակայն, բազում աղանդավորներ, օգտագործելով Եկեղեցու ծոցում կազմավորված և Եկեղեցու ծոցում պահպանված Աստվածաշունչը, փորձում են ապացուցել, թե ճիշտ չէ հենց այդ Եկեղեցին կամ էլ նրա որոշ դիրքորոշումներ: Հետաքրքիր է, թե որտեղ էին նրանք, երբ քրիստոնեական Եկեղեցու ներսում գրվում էին Նոր Կտակարանի գրքերը, կամ որտեղ էին, երբ Եկեղեցին այդ Աստվածաշունչը սրբությամբ պահելով հասցնում էր հետագա սերունդներին: Իսկ որոշ աղանդներ էլ աղավաղում են Աստվածաշնչի շատ և շատ նախադասություններ` իրենց հետևորդներին մոլորեցնելու համար: Մինչդեռ Հայ Առաքելական Եկեղեցու թարգմանությունը` կատարված Սուրբ Սահակ Պարթևի և Սուրբ Մեսրոպ Մաշտոցի ու նրանց աշակերտների կողմից, ողջ աշխարհում ճանաչված է որպես Թարգմանությունների թագուհի: Սա նշանակում է, որ Եկեղեցին է նախանձախնդիր ճշմարտության պահպանմանն ու տարածմանը, և ճշմարտությանը հետևելու համար պետք է անդամ լինել ոչ թե տարաբնույթ աղանդների, այլ առաքելահաստատ Սուրբ Եկեղեցու:

 

Տեր Ադամ քհն. Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

04.06.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․