Գրքեր

Աստվածաշունչ՝ գիրք բոլորի համար

Երբ մահանում է լեզուն, որով գրված է գիրքը, փաստորեն այն ևս մահանում է: Քչերը կարող են կարդալ այն հին լեզուներով, որոնցով գրվել է Աստվածաշունչը: Սակայն գիրքը ողջ է: Ինչպե՞ս է այն վերապրել և սովորել խոսել մարդկության ժամանակակից լեզուներով:

Աստվածաշունչը գրվել է եբրայերեն և հունարեն: Եբրայերեն գրվել է Հին Կտակարանը, հունարեն` Նոր Կտակարանը: Նոր Կտակարանի հունարեն լեզուն տարածված էր հռոմեական կայսրության սահմաններում, որը և նպաստեց նաև նորկտակարանյան գաղափարների տարածմանը, քրիստոնեական հավատքի հաստատմանը: Այնուհետ Աստվածաշունչը թարգմանվեց նաև տարբեր լեզուներով: Աստվածաշնչի հարատևության պատճառը ոչ թե մարդկային այս կամ այն հասկանալի լեզվով գրված լինելն է, այլ նախ և առաջ այն, որ Աստվածաշունչը գրված է մարդու հոգու լեզվով, այսինքն` մարդկային հոգևոր նվիրական ապրումներն ու զգացումները, առ Աստված ձգտումը, առօրյայի, մտահոգությունների, կյանքի և մահվան, հավիտենական կյանքի գաղափարներն արտացոլված են Աստվածաշնչում և հոգեհարազատ են մարդուն: Բացի դրանից, Աստվածաշունչը նաև այլ զորություն ունի. Սուրբ Գրքի ընթերցանությունը զորացնում է մարդուն հոգեպես և դա զգալի է լինում մարդու կյանքում: Աստվածաշնչի այս հրաշալի հատկությունը բացատրվում է նրանով, որ այն Աստծո հայտնությունն է մարդկանց, պարունակում է Աստծո խոսքը, որը մեծ հզորություն ունի: Հնում Աստվածաշնչի օրինակներ քիչ կային, քանի որ տպագրության գյուտից առաջ ձեռագիր Ավետարանները կամ Աստվածաշունչը շատ քչերին էր հասանելի: Հոգևորականները պարզապես կարդում էին Սուրբ Գիրքը և բացատրում հավատացյալներին: Այդպես էր նաև Հայաստանում, երբ Սուրբ Գրքի լեզուն հայերենը չէր, այլ հունարենը կամ ասորորենը, քանի որ հայերեն գրեր չկային: Այս հանգամանքը մեծապես դժվարացնում էր Սուրբ Գրքի գաղափարների քարոզչությունը, մինչև որ Սուրբ Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայերեն գրերը, և Աստվածաշունչը թարգմանվեց հայերեն: Այսօր Աստվածաշունչը թարգմանված է աշխարհի շուրջ 2500 լեզուներով: Սրանք այն լեզուներն են, որոնցով խոսում է աշխարհի բնակչության շուրջ 90 տոկոսը:

 

Կան մարդիկ, որոնք որոշակի կարծիք ունեն Աստվածաշնչի մասին, սակայն անձամբ չեն կարդացել: Նրանք թերևս գնահատում են նրա գրական և պատմական արժեքները, բայց զարմանում են, թե ինչպե՞ս կարող է հազարամյակներ առաջ գրված գիրքը ժամանակակից աշխարհին հարմար լինել: Կարո՞ղ է Աստվածաշունչը ներկայի համար գործնական և օգտակար լինել:

Աստվածաշունչը բոլոր ժամանակների համար է, որովհետև Աստծո խոսքը չի հնանում: Քրիստոս նաև ասում է. «Երկինք ու երկիր կանցնեն, բայց Իմ խոսքերը չեն անցնի» (Մարկ. 13.31, Ղուկ. 31.33): Սա նշանակում է, որ ժամանակներից վեր է Աստծո խոսքը և բոլոր ժամանակների մարդկանց իր ասելիքն ունի, իր ազդեցությունն է սփռում բոլորի վրա: Մարդիկ զգում են Աստվածաշնչի կարիքը և դրա ներգործող մեծ ուժն ու զորությունը: Այսօր Աստվածաշունչն աշխարհում ամենաշատ բաշխվող և ամենաշատ վաճառվող գիրքն է: Տարեկան այն բաժանվում կամ վաճառվում է հարյուր միլիոնավոր օրինակներով: Աստվածաշնչային Միացյալ Ընկերության 1998թ. տեղեկատվության համաձայն` Աստվածաշունչը ամբողջական, ինչպես և Հին ու Նոր Կտակարաններով կամ առանձին գրքերով բաժանվել և վաճառվել է 585 միլիոնից ավելի օրինակներով:

Այսօր բոլորիս տանն էլ Աստվածաշունչ կա: Սակայն մեր հասարակության մեջ նաև այն բացասական երևույթն է առկա, որ չնայած Աստվածաշունչ գրեթե բոլորն ունեն, սակայն շատերն այն չեն ընթերցում, այլ դնում են գրադարակներում ցուցադրության նպատակներով: Սա ընդունելի չէ, որովհետև, ինչպես ասում է Քրիստոս, միայն հացով չի ապրում մարդ, այլ այն ամեն խոսքով, որ ելնում է Աստծո բերանից (Մատթ. 4.4, Ղուկ. 4.4): Միայն մարմինը սնելը բավարար չէ, մարդը պետք է սնի նաև իր հոգին, և այդ հոգևոր սնունդն Աստծո խոսքն է: Մարդիկ հաճախ փորձության են ենթարկվում Աստծո խոսքը չընթերցելու, ժամեր են անցկացնում՝ ֆիլմեր, սերիալներ դիտելով, հեռախոսազրույցներ ունենալով, սակայն մի փոքր ժամանակահատված դժկամում են նվիրել Աստծո խոսքի ընթերցանությանը կամ աղոթքին, զրուցել Աստծո հետ, փառաբանել Նրան Իր տված բարիքների համար: Սա ևս չարի փորձություն է, որով չարը ցանկանում է մարդուն ետ պահել Սուրբ Գրքով զորանալուց, Աստծո հետ հաղորդակցությունից` նրան մեղքերի մատնելու և դժոխքի դատապարտելու համար: Այս ամենը գիտակցելով` քրիստոնյան պետք է հետևողական լինի Աստծո խոսքով սնվելու, Աստծո հետ աղոթքով հաղորդակցվելու և աստվածաշնորհ բարիքներ ստանալու համար:

 

Գրքերի հսկայական քանակը կարող է շփոթեցնել գրադարանում առաջին անգամ գտվող մարդուն: Սակայն երբ նրան բացատրեն, թե ինչպես են գրքերը դասավորված, նա շուտով կսովորի գտնել դրանց տեղերը: Աստվածաշունչը մի քանի տասնյակ մատյանների ժողովածու է: Ինչպե՞ս դյուրին կլինի կողմնորոշվել:

Աստվածաշնչի հինկտակարանյան հատվածները, որոնք Իսրայելի ժողովրդի պատմական տեղեկություններն են պարունակում, հագեցած են բազմաթիվ անուններով, տեղանուններով, և Աստվածաշունչ առաջին անգամ ընթերցողը, Հին կտակարանից սկսելով ընթերցումը, կարող է խճճվել այս անունների մեջ: Դրա համար Աստվածաշնչին չպետք է մոտենալ որպես գեղարվեստական գրքի, որն սկսում են կարդալ սկզբից, այլ կարելի է նախ ընթերցել Նոր Կտակարանը, որտեղ հիշատակություններ կան հինկտակարանյան գրքերից, դեպքերից, որից հետո Հին Կտակարանի ընթերցումը հասկանալի է դարձնում կապը Նոր Կտակարանի հետ: Դժվարին պահերին, նեղության մեջ կարելի է ընթերցել սաղմոսները, որոնք Աստծո օգնության և օրհնության հոգեբուխ հիանալի ստեղծագործություններ են, ինչպես նաև համապատասխան հոգեվիճակ են ստեղծում աղոթքի համար: Այնուհետ կարելի է նաև պատմական գրքերն ընթերցել, որոնք հրեա ժողովրդի պատմության միջոցով ցույց են տալիս Աստծո ներգործությունը, նախախնամությունը մարդկության հանդեպ: Ուրեմն, եթե մեկն առաջին անգամ է ձեռքն առնում Աստվածաշունչն ընթերցանության համար, ցանկալի է նաև խորհրդակցել հոգևորականի հետ, ով կսովորեցնի, թե ինչպես է նախընտրելի ընթերցել` ավելի լավ ընկալելու համար:

 

Անգլիացի գիտնական Նյուտոնը գրել է, որ ինքն արժանահավատության ավելի վստահելի նշաններ է գտնում Աստվածաշնչում, քան որևէ աշխարհիկ պատմության մեջ: Կարելի՞ է Աստվածաշնչին վստահել: Արդյո՞ք այն իրական անձանց է հիշատակում կամ պատմում իրականում գոյություն ունեցած դեպքերի ու վայրերի մասին:

Աստվածաշնչում հիշատակված պատմական դեմքերի, թագավորությունների, իրադարձությունների վավերականությունը հաստատված է նաև պատմիչների աշխատություններով, ինչպես նաև հնագիտական պեղումներով: Հնագիտական պեղումները կամ հայտնագործությունները մեծապես նպաստել են նաև հաստատելու Սուրբ Գրքի վավերականությունը, հնությունը և դարերի ընթացքում անփոփոխ լինելը: Քրիստոնեության առաջին դարին պատկանող գտածո տեքստերի պատառիկները` գրված պապիրուսների վրա, ցույց են տալիս հենց առաջին դարում նորկտակարանյան գրքերի գրված լինելը: Իսկ ավելի վաղ շրջանի գտածոները փաստում են հինկտակարանյան բնագրերի անփոփոխ մնալը ժամանակների ընթացքում: Օրինակ` 1947 թ. Մեռյալ ծովի մոտակայքում` Քումրանի քարանձավներում գտնված բազմաթիվ հինկտակարանյան ձեռագիր տեքստերը բառացիորեն համընկնում են այսօրվա մեր ունեցած Աստվածաշնչի տեքստի հետ: Այսպիսով, պատմական վկայություններով, հնագիտական պեղումներով և գտածոներով ևս ապացուցվում են Սուրբ Գրքի նկարագրած դեպքերի վավերականությունը և Աստվածաշնչի ճշմարտացիությունը:

 

Կրոնը միշտ չէ, որ բարեկամաբար է վերաբերվել գիտությանը: Անցյալ դարերում որոշ աստվածաբաններ դիմադրել են գիտական հայտնագործություններին` կարծելով, որ դրանք սպառնալիք են հանդիսանում Աստվածաշնչի իրենց մեկնաբանությունների համար: Գիտությունն իրո՞ք Աստվածաշնչի թշնամին է:

Գիտությունը երբեք հակառակ չէ Աստվածաշնչին, այլապես իրենք գիտնականները պետք է բարձրաձայնեին դա և բողոքեին: Նրանք, ովքեր խոսում են Աստվածաշնչի և գիտության հակառակության մասին, գիտնականներ չեն, այլ իմաստակներ, ովքեր իրենց անհավատությանը փորձում են արդարացում գտնել: Մինչդեռ աշխարհահռչակ բոլոր մեծ գիտնականները հավատացյալ են եղել և մեծ հարգանքով են վերաբերվել Աստվածաշնչին: Ֆիզիկոս Նյուտոնը, օրինակ, ոչ միայն հավատացել է Աստծուն և ընդունել Աստվածաշնչի հեղինակությունը, այլև իր գիտական աշխատանքներից զատ նաև մեկնություններ է գրել Աստվածաշնչի որոշ գրքերի վերաբերյալ` ի մասնավորի Դանիելի մարգարեության և Հովհաննու Հայտնության մասին: Մաթեմատիկոս Բլեզ Պասկալը բացի գիտական մեծ նվաճումներից նաև հոգևոր աշխատություններ է գրել` խոսելով հավատքի, Աստծո, Աստվածաշնչի մասին` բազում մեջբերումներ կատարելով Սուրբ Գրքից: Գալիլեո Գալիլեյն ասում էր, որ բնությունն Աստծո երկրորդ գիրքն է, որից մենք չպետք է հրաժարվենք և որը մենք պարտավոր ենք կարդալ: Գալիլեյը նաև մեկ այլ հիանալի միտք է արտահայտել Աստվածաշնչի մասին` ասելով. «Սուրբ Գրքի նպատակն այն է, որ մեզ սովորեցնի, թե ինչպես ընթանանք երկինք, և ոչ թե այն, թե ինչպես է ընթանում երկինքը»: Միխայիլ Լոմոնոսովն ասում էր, որ Արարիչը մարդկությանը երկու գիրք է տվել, մեկում ցույց է տվել իր փառավորությունը, մյուսում` Իր կամքը: Առաջինը տեսանելի աշխարհն է, իսկ երկրորդը` Սուրբ Գիրքը: Ամերիկացի մեծ գյուտարար Թոմաս Էդիսոնը, որի բազմաթիվ գյուտերից է էլեկտրական լամպը, ասել է. «Իմ մեծագույն հարգանքը և հիացմունքը բոլոր ինժեներներին, հատկապես նրանցից ամենահանճարեղին` Աստծուն»: Ֆիզիկոս Ջոզեֆ Թոմսոնը, ով հայտնագործել է էլեկտրոնը և ֆիզիկայի ոլորտում իր նվաճումների համար արժանացել Նոբելյան մրցանակի, ասել է. «Մի՛ վախեցեք լինել անկախ մտածողներ: Եթե դուք բավականին ուժեղ եք մտածում, ապա դուք անխուսափելիորեն գիտության միջոցով կգաք առ Աստված հավատքին, որը կրոնի հիմքն է: Դուք կտեսնեք, որ գիտությունը թշնամի չէ, այլ կրոնի օգնականը»: Հարաբերականության տեսության հեղինակ Ալբերտ Էյնշտեյնն ասել է. «Յուրաքանչյուր լուրջ բնախույզ պետք է ինչ-որ կերպ հավատավոր մարդ լինի: Այլ կերպ նա ընդունակ չէ պատկերացնելու, որ այն անհավանական նուրբ փոխազդեցությունները, որոնք ինքը դիտարկում է, մտածված են ոչ իր կողմից: Անսահման տիեզերքի մեջ ի հայտ է գալիս անսահմանորեն կատարյալ Բանականության գործունեությունը: Իմ մասին սովորական պատկերացումը` որպես աթեիստի, մեծ մոլորություն է: Եթե այդ պատկերացումը քաղված է իմ գիտական աշխատություններից, ապա կարող եմ ասել, որ իմ աշխատությունները հասկացված չեն»: Քվանտային մեխանիկայի հիմնադիրներից Մաքս Բոռնը ասել է. «Բազմաթիվ գիտնականներ հավատացյալ են: Նրանք, ովքեր ասում են, թե գիտությունների ուսումնասիրությունը մարդուն աթեիստ է դարձնում, հավանաբար ինչ-որ ծիծաղելի մարդիկ են»: Քվանտային ֆիզիկայի հիմնադիրներից Կարլ Հեյզենբերգն ասել է. «Առաջին ումպը գիտության անոթից մեզ դարձնում է աթեիստ, բայց այդ անոթի ներքևում մեզ սպասում է Աստված»: Կրոնին և Աստվածաշնչին կողմ արտահայտված գիտնականների ցանկը կարելի է երկար շարունակել: Եվ եթե հայտնվի մեկը, ով գիտական իր կշիռով ու հեղինակությամբ, գիտության մեջ կատարած ներդրումներով հավասար կլինի այս բոլոր գիտնականների հանրագումարին և խոսի կրոնի կամ Աստվածաշնչի դեմ, այդ ժամանակ գուցե մտածենք այդպիսի մեկին լսելու մասին: Բայց քանի դեռ այս և նման կերպ մտածող բոլոր գիտնականներին միասին վերցրած համահավասար մեկը չկա իր հեղինակությամբ ու գիտական վաստակով, ով հակառակ կարտահայտվի, ապա մնացածների ասածները, կարծիքները Աստվածաշնչի կամ քրիստոնեական կրոնի հետ գիտության հակադրության մասին, Աստվածաշնչի և քրիստոնեական կրոնի օգտին խոսող բոլոր գիտնականների կարծիքների և խոսքերի համապատկերի առջև պարզապես ծիծաղելի և անլուրջ են թվում:

 

Մարդկանց հետաքրքրում է ապագան` սկսած եղանակի տեսությունից մինչև տնտեսական ցուցանիշներ: Աստվածաշունչը բազում կանխատեսումներ և մարգարեություններ է պարունակում: Որքանո՞վ են դրանք ճշգրիտ:

Մարգարեությունները տարբերվում են սովորական գուշակություններից: Գուշակություններն առավելաբար վերաբերում են միայն մոտ ժամանակներին և հիմնականում` կենցաղային հարցերին, իսկ մարգարեությունները տարածվում են մինչև ժամանակների վախճանը, ընդգրկում են մարդկության պատմության լայն շերտերը: Աստվածաշնչում տրված է, թե ինչպես պետք է ստուգել մարգարեության վավերականությունը. այն պետք է ճշգրտությամբ կատարվի, այլապես մարգարեացողը համարվում էր սուտ մարգարե և ենթակա էր դառնում քարկոծման (Բ Օր. 18.22): Աստվածաշնչյան մարգարեների կանխատեսումներն իրենց ժամանակների մասին կատարվել են նրանց կյանքի օրոք, իսկ այն մարգարեությունները, որոնք վերաբերում են Քրիստոսի ծննդյանը, փրկագործությանը, նույնպես ճշգրտությամբ կատարվել են այդ մարգարեների ապրած ժամանակաշրջանից դարեր հետո: Եվ այս իրականացված մարգարեությունները ցույց են տալիս, որ պիտի կատարվեն նաև աշխարհի վերջի մասին մարգարեությունները:

 

Աստվածաշնչում կա՞ն հարատև սկզբունքներ, որոնք կարող են օգնել բոլոր ռասսաների, էթնիկական խմբերի և ազգերի մարդկանց` իրենց կյանքը բարելավելու համար:

Պողոս առաքյալն ասում է, որ Քրիստոսով այլևս խտրություն չկա հրեայի և հեթանոսի, ծառայի և ազատի, արուի և էգի միջև (Գաղ. 3.28): Սա նշանակում է, որ քրիստոնեությունը նաև ջնջում է ազգերի խտրականության վերաբերմունքը և Քրիստոսով բոլորին հավասար հռչակում: Սա վերացնում է նացիզմը և ռասիզմը` մարդկանց ի մի հավաքելով Քրիստոսի Եկեղեցու մեջ: Իհարկե, հայրենիքի գաղափարը չի վերանում, ազգային պատկանելության գիտակցությունը չի ջնջվում և բացարձակ կոսմոպոլիտիզմի քարոզչություն չի իրականացվում: Սակայն առաքյալի հայտարարությամբ, ազգերի հարաբերությունների մասին քրիստոնեության դիրքորոշումով այլևս արգելվում է խտրականությունն ազգերի միջև, մեկ ազգի` իրեն մյուս ժողովուրդներից ավելի վեր դասելու միտումը:

Քրիստոս բերում է բոլոր մարդկանց և ժողովուրդների միջև վարվեցողության կարևորագույն սկզբունքը, Իր մեծագույն պատվիրանը, որն ասում է. «Սիրեցեք միմյանց»: Մարդկանց, ժողովուրդների միջև գժտությունները, հակամարտությունները փաստում են աստվածային նախանշած ուղուց շեղվելու և աշխարհն ալեկոծող աղետները վերացնելու համար կյանքն աստվածային կամքի համաձայն հաստատելու անհրաժեշտության մասին:

 

Տեր Ադամ քհն. Մակարյան

16.08.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․