Գրքեր

Աստվածային և ուղիղ դատաստանի մասին

Մի անգամ մենակյացները Եգիպտոսից իջան Սկյութիա: Գնալով ծերերի մոտ` տեսան, որ նրանք երկարաձիգ պահքից հետո արագ­արագ ուտում էին սովից, և գայթակղվեցին: Եվ երեցն իմանալով այդ` կամեցավ լուսավորել նրանց միտքը, եկեղեցում քարոզեց ժողովրդին և ասաց. «Պահեցողությո՛ւն արեք, եղբայրնե՛ր, և առավել երկարաձգե՛ք ձեր պահքն ու ճգնությունը»: Իսկ եգիպտացի եղբայրները ուզում էին գնալ, սակայն նրանց չարձակեց: Եվ երբ պահեցին առաջին օրը, ցնորվեցին, որովհետև նրանց պատվիրեց երկուական օր պահել, իսկ նրանք, որ բնակվում էին Սկյութիայում, պահում էին ողջ շաբաթը: Եվ երբ եկավ շաբաթը, եգիպտացիները նստեցին ճաշակելու ծերերի հետ, և չափազանց շտապում էին ուտելու հացը: Ծերերից մեկը բռնեց նրանցից մեկի ձեռքը և ասաց. «Հանդա՛րտ կեր, ինչպես մենակյացներին է վայել»: Իսկ նա, ետ մղելով նրա ձեռքը, ասաց. «Թո՛ղ ինձ, սովից մեռնում եմ, քանզի ողջ շաբաթը տաք կերակուր չեմ կերել»: Ծերը նրանց ասաց. «Եթե դուք երկուական օր պահելով այդպես թուլացաք, ինչո՞ւ գայթակղվեցիք եղբայրներից, որոնք մշտապես այսպես երկարաձգում են պահքն ու ճգնությունը»: Այնժամ եգիպտացիներն ընկան նրանց առաջ և թողություն խնդրեցին, ապա ուրախությամբ լցված` գնացին իրենց սենյակները` նորոգված և հաստատված Աստծո կամքով:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

15.10.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․