Գրքեր

Աստվածային և ուղիղ դատաստանի մասին

Մի հույժ ընտիր մենակյաց կար, որը կամենում էր ճգնել խցերից մեկում, սակայն որոշ ժամանակ առանձին խուղ չէր գտնում: Այնտեղ մի ծեր կար, որ առանձին սենյակ ուներ և խնդրեց նրան ու ասաց. «Արի՛ ինձ մոտ նստիր, մինչև քեզ համար խուղ գտնես և գնաս»: Եվ գալիս էին նրա մոտ ոմանք և պատվում էին որպես օտարականի, և բերում էին նրան` ով ինչ կարող էր, որպեսզի օգնած լինեն նրան, իսկ նա ընդունում էր նրանց օտարասիրությունը: Եվ ծերը սկսեց նախանձել նրան, չարախոսել նրա մասին և ասել. «Որքա՜ն ժամանակ է՝ ես այստեղ կրոնավոր եմ, և ոչ ոք ինձ մոտ չի գալիս, իսկ այս խաբեբան ընդամենը մի քանի օր է այստեղ, և այսքան բազմություն է գալիս սրա մոտ»: Եվ իր աշակերտին ասաց. «Գնա՛, ասա՛ նրան, որ տանից գնա, որովհետև ինձ պետք է»: Եվ աշակերտը գնալով նրա մոտ` ասաց. «Իմ հայրն ինձ ուղարկեց և հարցնում է. «Ինչպե՞ս ես ապրում»: Նա ասաց. «Աղո՛թք արա ինձ համար, որովհետև ստամոքսիցս ծանրացել եմ»: Աշակերտը գնալով հոր մոտ` ասաց. «Նա ասաց, որ խուղ կգտնի ու կգնա»: Երկու օրից հետո դարձյալ ասաց աշակերտին. «Գնա՛, ասա՛ նրան, որ եթե չգնա, ես կգամ և գավազանով կհանեմ նրան»: Եվ աշակերտը դարձյալ գնալով ծերի մոտ` ասաց. «Իմ հայրը լսեց, որ հիվանդ ես, մեծապես խռովվեց ու տրտմեց և ինձ ուղարկեց տեսնելու քեզ»: Ծերն ասաց. «Ասա՛ նրան՝ քո աղոթքների շնորհիվ թեթևացավ իմ ցավը»: Վերադարձավ աշակերտը և իր հորն ասաց. «Նա ասաց՝ մինչև կիրակի օրը թույլ տո՛ւր ինձ մնալ, ապա կգնամ, եթե Աստված կամենա»: Երբ եկավ կիրակին, և նա չգնաց, ծերը վերցրեց գավազանը, որպեսզի նրան ծեծի և դուրս հանի: Նրա աշակերտն ասաց նրան. «Ես առաջ անցնեմ և գնամ, գուցե մեկնումեկը լինի այնտեղ՝ նրա մոտ, և դու գայթակղեցնես նրան»: Եվ առաջինը գալով ծերի մոտ` ասաց նրան. «Ահա իմ հայրը գալիս է քեզ աղաչելու, որպեսզի իր խուղը տանի քեզ»: Արդ, երբ նա լսեց ծերի սիրալիրության մասին, ելավ նրան ընդառաջ, հեռվից ընկավ նրա առաջ` ասելով. «Հոգնություն մի՛ քաշիր, տե՛ր իմ և հա՛յր իմ, ես կգամ դեպի քո սրբությունը, և թողություն շնորհի՛ր ինձ հանուն Քրիստոսի»: Տեսավ Աստված երիտասարդի գործը, զղջում գցեց նրա հոր սիրտը, և նա, վայր գցելով իր գավազանը, ընթացավ՝ ողջունելու նրան, և հասնելով նրան` համբուրեց և տարավ իր տուն, որպես թե ոչինչ չէր լսել նրանից: Այնուհետև հարցրեց իր աշակերտին և ասաց. «Ոչինչ չասացի՞ր նրան, ինչ որ ասել էի քեզ»: Եվ նա ասաց` ո՛չ: Սաստիկ ուրախացավ ծերը և նրան ներս տանելով` հանգստացրեց: Եվ հասկացավ, որ նախանձը սատանայից էր, և ընկնելով իր աշակերտի առջև` ասաց. «Այսուհետև դու իմ հայրն ես, իսկ ես` քո աշակերտը, քանզի քո իմաստությամբ մեր երկուսի հոգիներն էլ ապրեցրիր»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

23.01.24
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․