Գրքեր

Աստվածճանաչողությունն ու ճշմարիտ հավատքը մեր կյանքում

Հավատամք նշանակում է` հավատում ենք, իսկ հավատո հանգանակի լատինական անվանումը հայտնի credo բառն է, որ նշանակում է՝ ես հավատում եմ:

Մարդն ինչին, որ հավատում է, այդ էլ լինում է իր կյանքում, իր հետ: Ըստ Օգոստինոս Ավրելիոսի՝ մարդկային ճանաչողությունն ունի երկու աղբյուր. առաջինը անձնական փորձն է, որը մարդ ձեռք է բերում իր զգայարանների ու բանականության միջոցով, որի հնարավորությունները սահմանափակ են, գիտելիքները՝ մակերեսային ու երկրորդական։ Երկրորդը՝  շրջապատից, հասարակությունից ձեռք բերածն է, ինչն էլ  նա անվանում է հավատ և նույնացնում է կրոնական հավատի հետ։ Այստեղ հիմնականում առաջ է քաշվում այն համոզումը, որը իմացաբանական առումով ավելի լայն է և կարող է ազդեցություն ունենալ կրոնական հավատի վրա:

Պողոս  առաքյալը  Եբրայեցիներին ուղղված թղթում այսպես է սահմանում հավատը՝ «Հավատը հուսացված բաների հաստատումն է և չերևացող բաների ապացույցը» (Եբր. 11:1): 

Մեզանից յուրաքանչյուրի կյանքում էլ դարձը դեպի Աստված, հավատն առ Աստված հետաքրքիր ու խորհրդավոր կերպով է եղել: Հետաքրքրական է նաև, որ հաճախ փորձելով բացատրել այդ զգացումն ու ապրումները՝ մենք ավելի շատ լռում ենք՝ չկարողանալով հստակորեն պատասխան տալ այդ ամենին: Ամեն մեկիս կյանքում Աստված ներկա է այնքանով, որքանով որ մենք ունակ ենք Նրա առջև խոնարհվելու, բացվելու, Նրան մեր հոգիներից ներս հրավիրելու: Աստված մեր կարիքը չունի, այլ մենք ենք, որ Աստծո՝ որպես սիրող, հոգածու Հոր, կարիքն ունենք: Եվ եթե մենք ևս առաքյալների նման այս խնդրենք Քրիստոսից, թե՝ «Ավե­լացրո՛ւ մեր հավատը», ապա Նա այսօր էլ մեզ կասի. «Եթե մանա­նեխի հատիկի չափ հավատ ունենաք, և այս թթենուն ասեք` «Արմա­տախիլ եղիր և տնկվի՛ր ծովի մեջ», նա իսկ կհնազանդվի ձեզ (Ղուկ. 17:5): Աստվածճանաչողության արմատը, հիմքը հավատքն է, որը հոգևոր փորձառությամբ բերում է դեպի ճշմարիտ հավատամքին, ինչը միայն հնարավոր է Սուրբ Գրքի, Աստծո կենդանի խոսքի շնորհիվ ու միջոցով, որը գերիվեր է բոլոր գրքերից, որից էլ սերել են այլ գրքերն ու պատմությունները: Ամեն մարդ կարող է Աստվածաշնչի միջոցով հստակ պատկերացում կազմել իր կյանքի, գործունեության, աստվածահաճո նկարագիր ունենալու մասին:

Ո՞վ է հավատացյալը, ո՞ւմ ենք հավատավոր մարդ անվանում: Այս հարցին, թերևս, պատասխանենք Սբ. Ներսես Շնորհալու հետևյալ խոսքով, թե նա, ով Սուրբ Գրքում գրված խոսքերը սուտ և առասպել չի համարում, այլ հավատում է, որ ճշմարիտ և ուղիղ են, որպես թե իր աչքերով է տեսնում այն բոլորը, ինչ եղել է, պիտի լինի և որ է:

Ահավասիկ, մտքի աչքերով տեսնում ենք իմանալի աշխարհը, սրտի աչքերով՝ զգայականը, իսկ հավատի աչքերով՝ հոգևոր աշխարհը: Այս երեքը՝ միտք, սիրտ, հոգի,  միմյանց ագուցելով, ներդաշնակության մեջ պահելով՝ ունակ ենք դառնում ինչ-որ չափով հասանելի դառնալու աստվածճանաչողությանը, քանզի հնարավոր չէ ամբողջովին  իմանալ, ճանաչել խորին խորհուրդը: Ըստ Եռամեծ վարդապետ Սբ. Գրիգոր Տաթևացու՝ բանականությունը, քանի որ ստեղծված է և սահմանափակ, չի կարող տեսնել անեզր ու անչափ Աստծուն, ինչպես  օրինակ՝ իմաստունների պարագայում, ովքեր թեև մտքի գիտություն ունեն, սակայն Աստծուն չեն կարող ճանաչել առանց հավատքի:

Արդ, Սուրբ Գիրքն է, որ բարերար ազդեցություն է ունենում մարդու մտքի, հոգու և սրտի վրա, որը ճանաչվում է միայն հոգևոր փորձառությամբ:

Շատ և շատ նշանավոր մարդիկ ահա այսպես են խոսել Աստվածաշնչի մասին. նրանցից ամերիկացի անվանի գիտնական, երկրաբան Ջոն Դաուսոնը շատ ճիգ ու ջանք է գործադրել գիտությունը Աստվածաշնչի հետ հաշտեցնելու, նույնքան էլ` երկրաբանական տվյալներն այս ուղղությամբ ժողովրդականացնելու համար: Նա այսպես է արտահայտվել աստվածաշնչական տիեզերածնության մասին. «Ով էլ, երբ էլ փորձեր շարադրել տիեզերքի պատմությունը, այդ փորձն ավելի վսեմ ու արժեքավոր չէր կարող լինել, քան աշխարհի արարման սուրբգրային պատումը»:

Անգլիացի գիտնական, պրոֆեսոր Թոմաս Հեքսլին` խոշորագույն բնագետ-դարվինիստներից մեկը, ուշագրավ տողեր ունի Սբ. Գրքի մասին. «Ուշադրություն դարձրեք այն մեծ պատմական փաստի վրա, որ երեք հարյուրամյակի ընթացքում այս Գիրքը (այսինքն` Աստվածաշունչը) սերտորեն առնչվել է այն ամենի հետ, ինչն Անգլիայի պատմության մեջ լավագույնի և ազնվագույնի համարում ունի: Ուրիշ ո՞ր գրքի միջոցով կկարողանայինք այսքան մարդասիրաբար ներգործել երեխաների վրա և ստիպել նրանց զգալ, որ յուրաքանչյուրն արժանի է հավիտենական օրհնության կամ հավիտենական անեծքի` ըստ բարին գործելու և չարն ատելու իր գործադրած ջանքերի: Ես խորապես հավատում եմ, որ մարդկությունն այսօր անկարող է ապրել առանց Գրքի և թերևս երբեք էլ չկարողանա»:

Ֆրանսիացի հանրահռչակ բնագետ, նշանավոր քիմիկոս և բնախոս Լուի Պաստյորը  իր համբավի գագաթնակետում գրել է. «Երջանիկ է նա, ով ծառայում է ավետարանական առաքինությունների իդեալին: Ահա՛, մեծ խորհուրդների և սխրանքների աղբյուրը»:

Գերմանացի գիտնական, բնագետ Բետեքսն էլ ասել է. «Աստվածաշունչը կենաց ծառն է, որի վեհասքանչ և մշտադալար կատարի միջով՝ մե՛րթ մեղմ, մե՛րթ փոթորկալից, երկնային հոգևոր քամիներ են փչում: Աստվածաշունչը պտուղներով ծանրաբեռնված ծառ է, որոնք մեղքով թունավորված մարդուն բժշկություն, զորություն, առողջություն և հավիտենական կյանք են պարգևում: Այն սարսափելի և միաժամանակ հաճելի գիրք է` երկնային խաղաղությամբ լեցուն, գերիվեր ամեն մտքից, ամենակարող Աստծո կայծակներով ու որոտներով լի, Ով հալեցնում է ժողովուրդներին, ինչպես բրուտն իր կճուճները, և Ում առջև նրանք ասես կաթիլ լինեն` դույլից կախված: Ամենանուրբ ու սրտառուչ մխիթարություններով և աստվածային խոստումներով լեցուն այս Գիրքը կերակրում է փոքրիկ թռչնակներին, հաշվում մեր գլխի մազերը և խեղճ մոր աղոթքով խաղաղ գիշեր պարգևում նրա հիվանդ երեխային: Այն մի գիրք է, որը դյուրությամբ պատասխանում է մարդկությանը հնուց ի վեր հուզող ամենից խորախորհուրդ հարցերին. այն պոեմ է և էպոս` այնքան վեհասքանչ և համապարփակ, այնքան խոր ու վսեմ, ինչպիսին երբեք չի գրվել մարդկանց կողմից»: Նա իր «Աստվածաշնչի առաջին էջը» աշխատության մեջ գրել է. «Յուրաքանչյուր մարդ առանձին, ինչպես նաև բովանդակ մարդկությունն ամբողջությամբ վերցրած, կանգնած է երկակի հարցի առջև` ո՞վ ենք մենք և ո՞ւր ենք գնում: Սակայն Տերը, որ ստեղծել է մարդու սիրտը և գիտե նրա բոլոր հարցերը, տալիս է դրանց պատասխաններն Իր խոսքում»:

Ուրեմն, մենք էլ, որ հավատի  այսչափ վկայությունների ականատեսն ենք, մենք էլ ունակ դառնանք գալ դեպի ճշմարիտ նվիրում, դեպի աստվածճանաչողության հիմքն ու հավատքի աստիճաններով բարձրանանք առ ամենակարողն Աստված, քանզի «Միայն հացով չի ապրի մարդ, այլ` այն ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից»  (Մատթ. Դ 4): Ավետարանական  այս հատվածը  Սբ. Ներսես Շնորհալին  այսպես է մեկնում. «Տերը չասաց, թե` «Ոչ միայն հացով է ապրում մարդը» և լռեց, որովհետև կան նաև այլ կերակուրներ, որոնցով ապրում են մարդիկ, և ավելացրեց, թե` «այն ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից»:  Քանզի մարդը կազմված է հոգուց և մարմնից. ինչպես որ մարմինն է ապրում նյութական հացով, այնպես էլ հոգին` աննյութական խոսքով, բայց ոչ մարդկանց ունայն խոսքով, այլ նրանցով, որ Աստծուց են և կյանք են շնորհում մարդկանց: Որո՞նք են այս խոսքերը. դրանք Աստծո՝ միայն Մովսեսի և մյուս մարգարեների հետ խոսածները չեն կամ Աստծո Բանի` այս աշխարհում խոսածները, այլև բոլոր Գրքերը, որ Աստծո պատվիրաններն են ուսուցանում մարդկանց, Աստծո խոսքերն են և մանավանդ Ավետարանի ինքնախոս խոսքերը: Դարձյալ ասում է, ոչ միայն զգալի հացով կապրի երևելի մարդը, այլ Ինձանով, որ Աստծո խոսքն եմ` միացած սրան, որ ոչ միայն Իմ անձին կարող եմ կյանք տալ, այլև բոլոր մարդկանց, ովքեր հավատով և սրբությամբ են մոտենում Ինձ»:

Արդարև, Աստվածաշունչը հենց «Աստծո զորություն է` ի փրկություն բոլոր հավատացյալների» (Հռոմ. 1. 16):  

 

Նարինե Նահապետյան

20.06.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․