Աստվածնմանության ուղին | Astvatsnmanutyan Ughin



Գրքեր

Աստվածնմանության ուղին

Աստծուց հեռու գտնվող մարդու հոգին զրկվում է Կենարար Լույսից և դառնում մեղքերի՝  հպարտության, ատելության, եսակենտրոնության և անողորմության բնակարան: Քրիստոս,  երանի տալով ողորմածներին, օգնում է մարդուն բացահայտելու դեպի Կենաց Լույսը և Աղբյուրը տանող ուղին: Ըստ եկեղեցու հայրերի՝ «չիք այլ առաքինութիւն, որ զմարդն Աստծոյ նման առնէ, քան զողորմութիւնն»: Եռամեծ վարդապետ Ս. Գրիգոր Տաթևացին նշում է, որ ողորմածն իր չափով նմանվում է Աստծուն, իսկ անողորմը՝ գործով և անունով՝ սատանային:

Աստվածնմանության ձգտումն է, որ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամներին և արտերկրում բնակվող հավատավոր հայորդիներին միավորել է բարի գործի շուրջ՝ կյանքի կոչելով եկեղեցում իրականցավող սոցիալական ծրագրերը:  Հերթական անգամ՝ հունվարի 14-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը սիրիահայ համայնքից Քարամանուկյան Մարիային  (48 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Նարեկ Կարապետյանը: Սիրիայում պատերազմական գործողությունները նոր էին սկսվել, երբ Մարիայի ամուսինը սրտամկանի ինֆարկտից մահացավ: Մարիան և իր երկու տղաները վեց տարի է, ինչ տեղափոխվել են Հայաստան և վարձակալությամբ բնակվում են Ագաթանգեղոսի 7/191 հասցեում: «Անցյալ տարի՝ ամռանը, փոքր տղաս՝ Տիգրանը (18 տ.), ոտքը կոտրեց, վիրահատության ենթարկվեց և այս տարի նորից պետք է վիրահատվի: Ես էլ անոթային խնդիր ունեմ և պետք է վիրահատվեմ, բայց աշխատում եմ, քանի որ մեծ տղայիս՝  Հարությունի (21 տ.) վաստակածը չի բավարարում տան և կոմունալ վարձերը վճարելու, ինչպես նաև վիրահատությունների պատրաստվելու համար: Ցավ եմ ապրում, որ Հարությունը կիսատ թողեց ուսումը, ընդունվեց բժշկական համալսարան,  բայց ուսման վարձը չվճարելու պատճառով դուրս եկավ և այժմ՝ որպես մատուցող է աշխատում»,- ասաց Մարիան, ով անչափ երախտապարտ էր Տեր Գրիգորին և աջակից անձին՝ օգնության ձեռք մեկնելու համար:

«Սուրբ և անարատ բարեպաշտությունն Աստծո և Հոր առաջ այս է. այցելել որբերին և այրիներին իրենց նեղության մեջ, անարատ պահել իր անձն աշխարհից» (Հակ. 1:27):

 

Կարինե Սուգիկյան

14.01.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․