Գրքեր

Աստվածտեսությունը հասանելի է միայն մաքուր հոգիներին

Լեռան Քարոզիչը Աստծուն տեսնելու անհրաժեշտ միջոց է նկատում սուրբ սիրտը: Քրիստոս պատգամում է լինել մաքուր ոչ միայն մարմնով, այլ նաև սրտով: «Երանի՜ նրանց, որոնք սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն» (Մատթեոս 5:8): Այս երանին հաջորդում է երանի ողորմածներին, որովհետև բավական չեն միայն բարի գործերը, անհրաժեշտ է ունենալ նաև մաքուր սիրտ: Ս. Հովհան Ոսկեբերանը նշում է, որ շատերը, ողորմած լինելով հանդերձ, միաժամանակ ապրում են կրքերի մեջ: Նույնը և Պողոս առաքյալը հաստատեց՝ օրինակ բերելով մակեդոնացիներին, ովքեր հարուստ էին ոչ միայն ողորմածությամբ, այլ նաև մյուս առաքինություններով. «…իրենց նվիրեցին Տիրոջը և ապա՝ Աստծո կամքով՝ նաև մեզ» (Բ Կորնթ. 8:5): Կատարյալ անկեղծությունն ու  ուղղամտությունը մաքուր սրտերի գլխավոր հատկանիշներն են: Սրանցով երաշխավորվում է պարկեշտ, անբասիր և օրինակելի կյանքը:

Այս երանին խոսում է մարդու ներքին արժեքի մասին: Սիրտը միայն ֆիզիկական օրգան չէ, եկեղեցու հայրերը սիրտն անվանում են խորհուրդների շտեմարան, խորհրդակիր սենյակ և այլն: Այն մարդու հոգևոր կենտրոնն է, սրտում են ձևավորվում մտքերը, որոշումները, սրտում է մարդը երկխոսում Աստծո հետ: Սիրտը մարդու հոգևոր այն խորությունն է, որը քննում է Աստված. «Ես՝ Տերս, քննում եմ սրտերը և փորձում երիկամները, որպեսզի յուրաքանչյուրին հատուցեմ ըստ իր ընթացքի և ըստ իր գործերի արդյունքի» (Երեմիա 17:10): Սրտի մաքրությունը զգացումների և մտածումների ներքին անաղարտությունն է: Եթե մարդիկ նայում են երեսին, ապա Աստված՝ սրտին (Ա Թագավորություններ 16:7):

«Ներսից, մարդկանց սրտից են ելնում չար խորհուրդները՝ շնություն, պոռնկություն, գողություն, սպանություն, ագահություն, չարություն, նենգություն, գիջություն, չար նախանձ, հայհոյանք, ամբարտավանություն, անզգամություն: Այս բոլոր չարիքները ներսից են ելնում և պղծում մարդուն» (Մարկոս 7:21-23),- ասում է սրտագետ Աստված: Եկեղեցու հայրերը նշում են, որ մեղքերը խոչընդոտներ են, որոնք զրկում են մարդուն խաղաղությունից, մութ ամպեր են և մառախուղ, որ ծածկում են մարդուց դեպի Աստված տանող ճշմարիտ և փրկարար ուղին, որով մարդը պիտի ընթանա նախասահմանված իր նպատակին: Ուստի մաքուր սիրտն է հանդիսանում Աստծո հետ հարաբերության պայմանը. «Ո՞վ կբարձրանա Տիրոջ լեռը, կամ ո՞վ կկանգնի նրա սրբավայրում, նա, ով մաքուր ձեռքեր և անբիծ սիրտ ունի, ով հանձն չի առել ունայնություն ու նենգությամբ չի երդվել իր ընկերոջը» (Սաղմոս 23:3-4): Առանց սրտի մաքրության հնարավոր չէ հանդիպել Աստծուն և տեսնել Նրան: Այդ պատճառով Պողոս առաքյալն ասել է. «Ջանացե՛ք բոլորի հետ ապրել խաղաղ և վարել սուրբ կյանք, առանց որի ոչ ոք չի տեսնի Տիրոջը» (Եբր. 12:14): Մեր սրտում եղած ամեն վատ բան չէ, որ մենք տեսնում ենք: Ուստի Դավիթ թագավորն այսպես էր աղոթում. «…իմ գաղտնիքներից մաքրիր ինձ, Տեր» (Սաղմոս 18:13):

Աստծուն տեսնել կարողանալու համար պետք է ունենալ Իր նկարագրին համապատասխան վիճակ՝ սուրբ սիրտ: Սրբությունը այն միակ պայքարն է, որտեղ կռիվը մղվում է մեր «ես»-ի դեմ: Աստվածայինը մեր մեջ հաճախ մթագնած ու սքողված է մեր կրքերի պատճառով: Սրբության հասնելու համար բավական չէ, որ մարդը միայն զատվի աշխարհի չարից, այլ պետք է ծարավի լինի ճշմարտության և սիրո:  

Ըստ եկեղեցու վարդապետության՝ Աստված տեսանելի չէ Իր բնությամբ ու էությամբ, որովհետև աստվածային անսահմանությունը հնարավոր չէ բովանդակել մարդկային սահմանափակության մեջ: Թե՛ Հին և թե՛ Նոր կտակարաններում հանդիպում ենք այն մտքին, որ Աստվածտեսությունը հնարավոր չէ մարդու համար: Երբ Մովսեսը բարձրացավ Սինա լեռը, Աստված խոստացավ Իր փառքով անցնել նրա առջևից, բայց միևնույն ժամանակ ասաց. «Դու չես կարող տեսնել Իմ երեսը, որովհետև մարդ չի կարող տեսնել Իմ երեսն ու կենդանի մնալ» (Ելք 33:20): Պողոս առաքյալի խոսքով՝ «Աստծուն մարդկանցից ոչ ոք չի տեսել և ոչ էլ կարող է տեսնել» (Ա Տիմոթեոս 6:16): Այն, որ Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել, հանդիպում ենք Հովհաննեսի ավետարանում (Հովհաննես 1:18) և նրա առաջին ընդհանրական նամակում (Ա Հովհաննես 4:12):

Հակառակ այս ամենին, Ս. Գրքում հանդիպում ենք նաև, որ հնարավոր է Աստվածտեսությունը: Հակոբը, երբ գոտեպնդում էր Փանուէլում, բացականչում է. «Աստծուն տեսա դեմ առ դեմ, և փրկվեց հոգիս» (Ծննդոց 33:30): Աստծուն կարող ենք տեսնել Նրա փառքի, ողորմության և ներողամտության մեջ: «Աստված դարձավ տեսանելի, երբ մարմնավորվեց» (Ս. Հովհան Ոսկեբերան):

Ինչպե՞ս մաքրել սիրտը: Աստված դրա համար մեզ տվել է Իր լիառատ միջոցները՝ մկրտության, ապաշխարության և հաղորդության սուրբ խորհուրդները: Փրկարար այս միջոցներից զատ, անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր ոք ինքը ջանք գործադրի՝ խոնարհաբար կատարի աստվածային պատվիրանները, երկյուղածությամբ կարդա Աստծո խոսքը՝ իր մտքից հեռացնելով ամեն մեղսալից մտածում: Չմոռանալով՝ որ «Երկնքի արքայությունը ձեռք բերելու համար ուժ են գործադրում, և ուժեղները ձեռք են բերում այն» (Մատթ. 11:12):

«Տուր Ինձ, որդյակ, քո սիրտը» (Առակ. 23:26),- ասում է Աստված: Եվ ինչպե՞ս կարող ենք մեր սիրտը տալ Աստծուն, եթե այն անմաքուր է՝ ապականված մեղսալից մտքերով և ցանկություններով: Եվ եթե Քրիստոս երանի է տվել սրտով մաքուրներին, ուրեմն հնարավոր է մաքրել սիրտը: Քանի որ. «Ինչ որ անկարելի է մարդկանց համար, կարելի է Աստծո համար» (Ղուկաս 18:27) և «Ամեն ինչ հնարավոր է նրա համար, ով հավատում է» (Մարկոս 9:23):

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը

25.07.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․