Գրքեր

Ավագ երեքշաբթին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում

Ըստ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու տոնացույցի՝ տարվա օրերը բաժանվում են երեք մասի՝ տոներ, սրբոց օրեր և պահոց օրեր: Տարվա գրեթե կեսը պահք է՝ բաժանված օրապահքերի, շաբաթապահքերի և Մեծի պահոց շրջանի: Մեծ պահքի վերջին շաբաթը կոչվում է Ավագ շաբաթ, որ երբեմն անվանում են նաև Չարչարանաց շաբաթ: Եկեղեցական հայրերը դարերի ընթացքում գեղեցկացրել, հարստացրել ու առավել արտահայտչական իմաստ են հաղորդել այս շաբաթվա արարողություններին:

Ավագ շաբաթվա երկրորդ օրը կոչվում է Ավագ երեքշաբթի: Այս օրը Երեկոյան ժամերգության ժամանակ ընթերցվում է օրվա հիշատակվող Տասը կույսերի առակը:  

Ապրիլի 11-ին՝ Ավագ երեքշաբթի օրը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, Երեկոյան ժամերգությանը՝ առակի ընթերցման պահին, տասը կույսերին խորհրդանշող տասը աղջիկներ՝ մեկական վառվող մոմ ձեռքներին, կանգնեցին ատյանում: Այս տարի տասը կույսերին խորհրդանշող աղջիկները Երևանի Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 դպրոցի ութերորդ դասարանի աշակերտուհիներն էին: Աղջիկները մեծ սիրով էին արձագանքել դպրոցի տնօրեն, երեցկին Լիլիթ Անտոնյանի արարողությանը մասնակցելու առաջարկությանը:   

Արարողության ընթացքում սարկավագն աղջիկներին մոտեցրեց սկուտեղի վրա դրված տասը ծալված թերթիկներ, որոնցից հինգի վրա ոչինչ չկար գրված, իսկ մյուս հինգի վրա  գրված էր «իմաստուն» բառը: Նրանցից յուրաքանչյուրն ընտրեց մեկական թերթիկ, այնուհետև սարկավագը հանգցրեց նրանց մոմերը, որոնց թերթիկներն առանց գրության էին: Ժամերգության ավարտին եկեղեցու հոգևոր դասի կողմից աղջիկներին նվիրվեցին մանկական պատկերազարդ Աստվածաշնչեր, իսկ խորհրդակատար Տեր Հայկազուն քահանա Մկրտչյանը, անդրադառնալով օրվա խորհրդին, նշեց. «Տասը կույսերի առակը հորդորում է արթուն լինել, քանի որ չգիտենք մեր Փրկչի գալստյան ո՛չ օրը և ո՛չ ժամը: Արարողության ընթացքում վառվող մոմերը խորհրդանշում էին ճշմարիտ հավատքի լույսը, Աստծո պատվիրաններն աչքի առաջ ունենալը, Սուրբ Գրքի հետևյալ խոսքի համաձայն, թե՝ Քո խոսքերը ճրագ են իմ ոտքերի համար (Սաղմոս 118:105): Քրիստոս, աշխարհ գալով, հաստատեց լույսի և սիրո թագավորությունը, և մեզանից յուրաքանչյուրը պետք է պատրաստ լինի իր բարի գործերով դիմավորելու Տիրոջ Երկրորդ գալուստը: Ավագ երեքշաբթին խորհրդաբար կապված է Ավագ երկուշաբթի օրվա Անպտուղ թզենու հիշատակության հետ. այս օրերի հորդորն է՝ կյանքն այնպես ապրել, որ այն պտուղ տա, քանի որ այն ծառը, որ պտուղ չի տալիս, կտրվում է և դեն նետվում: Օրն այս խորհելու հետևյալ առիթն է տալիս մեզ՝ արդյոք հինգ իմաստուն կույսերի նման պատրա՞ստ ենք դիմավորելու մեր Տիրոջը: Այսօր, մեր ամենօրյա գործերն ու հոգսերը մի կողմ թողնելով, եկել ենք Աստծո տուն, քանի որ հավատացած ենք, որ Քրիստոսին հետևելով և Նրա պատգամները կատարելով՝ մաս ու բաժին կունենանք Երկնային Արքայության մեջ»:      

Երեկոյան ժամերգությամբ ավարտվեց Ավագ երեքշաբթի օրվա արարողությունները: Աստծո տանը Ս. Խորանի առջև կանգնածների շուրթերից կարծես հնչում էր Ս. Եփրեմ Ասորու հետևյալ աղերսը. «Տե՛ր, պայծառացրո՛ւ հոգուս լապտերը, ինչպես իմաստուն կույսերին, և շնորհի՛ր արթնությամբ պատրաստվել դիմավորելու երկնավոր Փեսայիդ, որպեսզի հիմար կույսերի պես չմնամ դրսում»:

 

 

Կարինե Սուգիկյան

11.04.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․