Գրքեր

Ավագ շաբաթ

Քրիստոսի Հարության տոնին` Սուրբ Զատկին նախորդող շաբաթը կոչվում է Ավագ շաբաթ: Համապատասխանաբար շաբաթվա օրերն էլ հիշատակվում են ավագ անունով: Ավագ երկուշաբթի օրը չորացած թզենու հիշատակն է: Քրիստոս Իր գործունեությամբ բոլորին բուժում էր և կյանք էր պարգևում, սակայն նա միայն մեկ անգամ բացասական իմաստով գործածեց իր զորությունը և չորացրեց թզենին (Մատթ. 21.19, Մարկ. 11.12 - 14, 20-22): Ցույց տալու համար, որ Իր խոսքը կենդանարար է, Ինքն է կենդանացնում, բայց նաև դատում, Քրիստոս չորացրեց կանաչ թզենին և բուժեց չորացած ձեռքը: Քանի որ մոտենում էին Իր չարչարանքները, Քրիստոս թզենին չորացրեց, որպեսզի առաքյալները չմտածեին, թե Ինքը ուժերի թուլության պատճառով չարչարանքների մատնվեց: Քրիստոս թզենին չորացրեց նաև ցույց տալու համար, որ Իր գալստյամբ այլևս պետք չեն թզենու տերևները, որոնցով Ադամը ծածկում էր իր մերկությունը (Ծննդ. 3.7), և որոնք ծառայում էին իբրև ամոթի և խայտառակության ծածկոց:

Քրիստոս Երկնքի Արքայությունը նմանեցրեց կույսերի: Ավագ երեքշաբթի օրը` երեկոյան ժամերգության ընթացքում եկեղեցում ընթերցվում է տասը կույսերի առակը (Մատթ. 25.1-13): Այդ ժամանակ կույսերին խորհրդանշող տասը դպիրներ դուրս են գալիս եկեղեցու ատյան` վառվող մոմերով: Կույսերի մասին ավետարանական առակում հինգ կույսերը կոչվում են իմաստուններ, հինգը` հիմարներ (Մատթ. 25.2): Հիմարները մերժվում են Քրիստոսի կողմից և չեն կարողանում մտնել Երկնքի Արքայություն (Մատթ. 25.10-12): Եվ երբ ընթերցվում է այս հատվածը, հիմար կույսերին խորհդանշողների մոմերը հանգցնում են: Ո՞րն էր Քրիստոսի մերժման պատճառը. չէ՞ որ բոլորն էլ կույսեր էին, բոլորն էլ ճգնությամբ պահել էին քրիստոնեության մեջ ամենամեծը համարվող կուսության առաքինությունը: Հիմար կույսերը բավականաչափ յուղ չունենալու պատճառով չկարողացան վառ պահել իրենց լապտերները և ուշացան: Յուղը խորհրդանշում է մարդասիրությունը և ողորմությունը, և հիմար կույսերը նրանք են, ովքեր այս մեծագույն առաքինությունն ունենալով հանդերձ ավելի շատ մտածում են երկրային բաների մասին և ամենաառաջին հերթին չեն աշխատում աստվածային կամքի իրագործման և Երկնքի Արքայությանն արժանանալու համար:

Ավագ չորեքշաբթին հիշատակն է Բեթանիայում կնոջ կողմից Քրիստոսի օծման (Մատթ. 26.6, Մարկ. 14. 3 -9, Հովհ. 12. 1 -8): Ավագ Հինգշաբթի օրը հիշատակվում է Քրիստոսի կողմից Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը: Այս օրը մատուցվում է բաց Պատարագ: Քրիստոս Վերջին Ընթրիքի ժամանակ հացն ու գինին տվեց ճաշակելու Իր աշակերտներին` ասելով որ հացը Իր Մարմինն է, իսկ գինին` Իր արյունը, որ հեղվում է մարդկանց մեղքերի քավության համար (Մատթ. 26.26, Մարկ. 14.22-24, Ղուկ. 22.19-20, Ա Կորնթ. 11.24-26): Մերժելի և անընդունելի են աղանդավորական այն բոլոր տեսակետները, որոնց համաձայն հացն ու գինին պարզապես Քրիստոսի Մարմնի և Արյան խորհրդանիշ են: Նման տեսակետ ունեցողներից են նաև բողոքականները: Այսպիսի պնդումները հակասում են հենց Քրիստոսի բառերին, ով հաղորդության համար երբեք չօգտագործեց խորհրդանիշ բառը: Քրիստոս նաև մեկ այլ տեղ ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չուտեք մարդու Որդու մարմինը և չըմպեք Նրա արյունը, ձեր մեջ կյանք չեք ունենա՚ (Հովհ. 6.54): Յուրաքանչյուր մկրտված քրիստոնյա եկեղեցական մեծ տոներին` տարվա ընթացքում գոնե չորս կամ հինգ անգամ, պետք է հաղորդություն ստանա: Սակայն նաև մեկ այլ հանդիմանական խրատ կա` եթե դու այնպիսի մարդ ես, որ սիրտդ այդքան սառած է Աստծո հանդեպ, ապա տարին մեկ անգամ գոնե` Սուրբ Զատկի տոնին, պետք է հաղորդություն ստանաս եկեղեցում, որպեսզի ներքին էությամբ չդադարես քրիստոնյա լինելուց: Մեծ մեղքերի պարագային հավատացյալը հաղորդության կարող է մոտենալ միայն հոգևորականի կողմից կարգված ապաշխարության երկարատև շրջանից հետո:

Ավագ Հինգշաբթի երեկոյան կատարվում է ոտնլվայի արարողությունը: Խորանի վրա բարձրաստիճան հոգևորականը հանում է իր զգեստները, գոգնոց կապում և լվանում ու յուղով օծում է տասներկու հոգու ոտքերը: Սա արվում է Քրիստոսի արարքի նմանողությամբ, երբ Քրիստոս ևս լվաց Իր տասներկու աշակերտների ոտքերը` խոնարհության նշան ցույց տալով, ու ասաց. «Մի օրինակ տվի ձեզ, որ, ինչպես Ես ձեզ արեցի, դուք էլ նույն ձևով անեք» (Հովհ. 13.15):

Ավագ Ուրբաթը հիշատակն է Քրիստոսի չարչարանքների և խաչելության: Քանի որ ըստ եկեղեցական կարգի` երեկոյան ժամերգությունից հետո է օրը փոխվում, ապա չարչարանքներին նվիրված արարողությունը կատարվում է հինգշաբթի ուշ երեկոյան: Արարողության ընթացքում ընթերցվում են Ավետարաններից հատվածներ Քրիստոսի երկրային կյանքի վերջին դեպքերի մասին (Հովհ. 13.16-18.1, Ղուկ. 22.1-65, Մարկ. 14.27-72, Մատթ. 26.31-56, Մատթ. 26.57-75, Հովհ. 18.2-27, Հովհ. 18.28-19.6): Խորանի վրա վառվող 13 մոմերը խորհրդանշում են Քրիստոսին և առաքյալներին: Ավետարանական յուրաքանչյուր ընթերցանությունից հետո հերթով հանգցնում են երկուական մոմ: Քրիստոսին խորհրդանշող մոմը մեջտեղում է դրվում, որը վերջում միայնակ վառվողն է դառնում, ինչը հիշեցնում է առաքյալներից լքված Քրիստոսի միայնակ մնալը: Իսկ Հուդային խորհրդանշող մոմը սև գույնի է լինում և չի վառվում: Ավագ Ուրբաթ օրը ծաղիկներից և մշտադալար ծառերի ճյուղերից պատրաստվում է Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը և երեկոյան ժամերգությունից հետո, ի հիշատակ Քրիստոսի թաղման, խորհրդանշական գերեզմանը հանդիասավոր թափորով եկեղեցուց դուրս է հանվում: Այն պտտեցնում են եկեղեցու շուրջը և երբ նորից եկեղեցի են բերում, հոգևորականները, հավաքվելով գերեզմանի մոտ, երգում են Խաչի Քո Քրիստոս օրհներգը, այնուհետև բոլորը համբուրում են գերեզմանի վրա դրված խաչն ու Ավետարանը: Մարդիկ վախենում են մահից, սակայն Քրիստոսի մահով և Հարությամբ մահը մեզ համար սարսափելի չէ, որովհետև մենք գիտենք հարության մասին: Այդ իսկ պատճառով այս գերեզմանը ոչ թե հողաթումբ է, այլ ծաղիկներից է, որը ոչ թե մահ, այլ կյանք, հավիտենություն ու երանություն է ավետում:

Ավագ Շաբաթ օրը մատուցվում է ճրագալույցի, իսկ կիրակի օրը` Սուրբ Հարության հանդիսավոր Պատարագ:

 

Տեր Ադամ քհն. Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

14.04.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․