Գրքեր

«Ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար»

Բեղմնավոր ու հեռանկարային է այն կյանքը, որը հիմնված է զոհողության վրա: Իսկ եսասիրությունը, սահմանափակելով մարդու կյանքը, այն դարձնում է անպտուղ և նույնիսկ՝ աղետալի: Այս ճշմարտությունը թե՛ խոսքով և թե՛ կյանքով ուսուցանեց մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս. «Իմ պատվերն այս է, որ սիրեք միմյանց, ինչպես Ես ձեզ սիրեցի» (Հովհ. 15:12): Անձնազոհության ուղին հավիտենական կյանքի նախապայմանն է. «Ով սիրում է իր անձը, կորցնում է այն, իսկ ով անտեսում է իր անձն այս աշխարհում, այն պահած է լինում հավիտենական կյանքի համար» (Հովհ. 12:25):

Սիրո և անձնազոհության մեծագույն ուղին ընտրեցին նրանք, ովքեր հանուն մերձավորի և հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհեցին՝ Տիրոջ հետևյալ պատգամն իրականություն դարձնելով. «Ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար» (Հովհ. 15:13): Սիրո և անձնազոհության մեծագույն օրինակ հանդիսացան հայրենյաց պաշտպան մեր զինվորներն ու կամավորները, ովքեր Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցելով՝ իրենց կյանքը զոհեցին հանուն մերձավորի և հանուն հայրենիքի: Հայրենիքի համար նահատակված հերոսներից է հինգ անչափահաս զավակների հայր, 41-ամյա Շահբազյան Կամոն, որ զոհվեց հոկտեմբերի 12-ին Աղդամում:

Հունվարի 27-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, սոցիալական ծրագրերի շրջանակում, զոհված հերոսի կնոջը՝ Վարդազարյան Մանուշին (38 տ.), փոխանցեց դրամական աջակցություն (200 000 դրամ), որ տրամադրել էր Կանադահայոց թեմի Մոնրեալի Ս. Գրիգոր Լուսավորիչ Առաջնորդանիստ Մայր Տաճարի հավատավոր անդամներից մեկը, ով չցանակացավ իր անունը նշել: Շահբազյան ընտանիքը բնակվում է Մոլդովական 29/5 բն. 7 հասցեում: Բազմազավակ ընտանիքի մայրն իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին և աջակից ընտանիքին:

«Ազգը, հայրենիքը, եկեղեցին ամեն բանից առաջ և վեր իր սեփական, յուրահատուկ ներքին ուժերով, կարողություններով և իր անդամների նվիրաբերությամբ ու զոհողությամբ է մնում առողջ, անսասան ու առաջադեմ: Մարմնի ներքին դիմացկունությունը առողջության, ապահովության, երկարակեցության, ստեղծագործականության և երջանկության նախապայմանն է: Այդ դիմացկունությունը ձեռք է բերվում մարմնի անդամների սերտ հաղորդակցությամբ»,- ասել է երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսը:

 

Կարինե Սուգիկյան

27.01.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․