Գրքեր

Այն մասին, թե որքան կարևոր են ամենօրյա որոշումները

Կար-չկար մի աշխղեկ: Նա ողջ կյանքում տներ էր կառուցել, բայց ծերացել էր արդեն և որոշել՝ թոշակի անցնել: Բայց գործատերը ափսոսում էր բաժանվել այդ մարդուց և խնդրեց նրան.

- Լսի՛ր, արի վերջին տունն էլ կառուցիր և մենք քեզ լավ պարգևատրությամբ թոշակի կուղարկենք:

Աշխղեկը համաձայնեց: Նոր նախագծի համաձայն նա պետք է փոքր ընտանիքի համար նախատեսված մի տուն կառուցեր: Եվ սկսվեցին համաձայնեցումները, նյութերի փնտրտուքը, ստուգումները… Աշխղեկը շտապում էր, քանի որ իրեն արդեն թոշակի գնացած էր զգում: Որոշ բաներ մինչև վերջ չէր ավարտում, որոշ բաներ պարզեցնում էր, էժան նյութեր էր գնում, որ ավելի արագ բերեն… Զգում էր, որ իր ամենալավ աշխատանքը չի կատարում, բայց արդարացնում էր իրեն նրանով, որ դա իր կարիերայի վերջն էր: Երբ շինարարությունն ավարտվեց, նա կանչեց գործատիրոջը: Վերջինս զննեց տունն ու ասաց.

- Գիտե՞ս, իսկ սա քո՛ տունն է: Ահա՛ վերցրու բանալիներն ու կարող ես բնակվել: Բոլոր փաստաթղթերն արդեն ձևակերպված են: Սա քեզ նվեր է ընկերության կողմից՝ երկար տարիների աշխատանքի համար:

Թե ինչ զգաց այդ պահին աշխղեկը՝ միայն իրեն է հայտնի: Նա ամոթից կարմրել էր, իսկ բոլորը ծափահարում էին նրան ու շնորհավորում նոր տան կապակցությամբ: Նա անշարժ կանգնել էր շառագունած՝ գիտակցելով, որ բոլոր սխալներն ու թերություններն այժմ իր խնդիրներն են, իսկ շրջապատողները կարծում էին, թե թանկարժեք նվերից է շփոթվել: Եվ այժմ նա ստիպված էր ապրել այն միակ տանը, որը վատ էր կառուցել…

 

Մենք ամենքս աշխղեկներ ենք: Մենք մեր կյանքերն այնպես ենք կառուցում, ինչպես թոշակի անցնող աշխղեկը: Առանձնապես ջանք չենք թափում՝ կարծելով, որ այդ կոնկրետ շինարարության արդյունքներն այդքան էլ կարևոր չեն: Ո՞ւմ են պետք ավելորդ ջանքերը: Բայց հետո հասկանում ենք, որ ապրում ենք այն տանը, որն ինքներս ենք կառուցել: Չէ որ այն ամենն, ինչ այսօր անում ենք, նշանակություն ունի: Արդեն այսօր մենք կառուցում ենք այն տունը, որտեղ վաղն ապրելու ենք:

 

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի   

25.10.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․