Գրքեր

Այրի կնոջ լուման

«Հիսուս կանգնած էր գանձանակի դիմաց. դիտում էր, թե ինչպես ժողովուրդը պղինձ դրամ է գցում գանձանակի մեջ։ Եվ շատ մեծահարուստներ շատ բան գցեցին։ Մի այրի կին եկավ և երկու լումա գցեց, որ մի գրոշ է։ Եվ Հիսուս իր մոտ կանչելով իր աշակերտներին՝ նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այդ չքավոր այրին ավելի շատ գցեց, քան գանձանակի մեջ մյուս բոլոր դրամ գցողները, քանի որ ամենքը իրենց ավելորդից գցեցին, իսկ նա, իր չքավորությունից, գցեց ամեն ինչ, որ ուներ՝ իր ամբողջ ապրուստը» (Մրկ. 12:41-44)։

Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս,

Ինչպես տեսանք, այսօրվա ավետարանական հատվածում պատմվում է մի իրական կնոջ մասին, որ Քրիստոսի ժամանակակիցն էր և նկարագրված դեպքն էլ կատարվել էր Քրիստոսի անմիջական ներկայությամբ: Այս դրվագում մարդկային երկու տարբեր խավերի ներկայացուցիչներ են նկարագրվում՝ ունևոր մարդիկ, որ նյութական տեսանկյունից դիտարկելիս, բավականին մեծ գումարներ էին նվիրաբերում, և աղքատ այրին, որ նրանց համեմատությամբ մի չնչին գումար գցեց գանձանակի մեջ, որը հազիվ թե բավարար լիներ մի հաց գնելու համար: Առաջին հայացքից ամեն ինչ բավականին պարզ ու հասկանալի է թվում. ըստ մարդկային դատաստանի՝ աղքատ այրու նվիրատվությունը ոչինչ էր հարուստների ընծաների համեմատությամբ, բայց Աստվածորդին գնահատեց այրու նվիրաբերությունը…

Սիրելինե՛ր, ինչպես սուրբ գրային բոլոր հատվածները, այս մեկը ևս, կենսատու կերակուր է յուրաքանչյուր հոգու համար, սակայն կկամենայի, որպեսզի առանձնահատուկ ուշադրությամբ վերաբերվեիք այս պատմությանը, քանի որ Աստծո յուրաքանչյուր զավակ, իրեն քրիստոնյա համարող յուրաքանչյուր ոք և Եկեղեցու յուրաքանչյուր անդամ, այս կամ այն կերպ, իր մասնակցությունն է բերում աստվածահաճո ու հոգենորոգ այն գործին, որ նվիրատվություն է կոչվում:

Թե՛ այն ժամանակ և թե՛ այժմ, Եկեղեցուն նվիրաբերված միջոցներն ուղղվում են և՛ Եկեղեցու անմիջական կարիքները հոգալուն և՛ կարիքավոր մարդկանց օգնելուն: Բնականաբար, խոսքը նաև նյութական օգնության մասին է, որ պակաս կարևոր չէ և շատ հաճախ կենսական բնույթ է կրում, սակայն ինչպես գիտենք, մեր Երկնավոր Հայրն առաջին հերթին մեր հոգիների փրկության մասին է հոգ տանում և այդ գործին ուղղված միջոցներն են առաջնային Երկնակալի համար: Ուստի պատահական չէ, որ Մարկոսի ավետարանում նկարագրված այս հատվածում Տերն անձամբ էր ներկա այդ ընթացքին և Ինքն էր գնահատում յուրաքանչյուրի ընծան: Արդ, վստահ եղեք, սիրելի՛ հավատացյալներ, որ որևէ բան նվիրելիս, որևէ օգնություն տրամադրելիս, սրտեր քննող Աստված ներկա է ու տեսնում է, թե ինչ սրտով ու մտքով ենք անում դա:

Նվիրատվություն կատարելու պատճառները կարող են զանազան լինել. մեկը հույս ունի, որ նվիրաբերության միջոցով կարող են իր մեղքերը ներվել, մյուսն ուխտ է կապել Տիրոջ հետ և ի նշան այդ ուխտի է նվիրատվություն կատարում, երրորդը՝ ձգտում է բարեգործի համբավ ձեռք բերել… Ինչպես արդեն ասացի դրդապատճառները կարող են շատ լինել, բայց հարց է առաջանում, թե Քրիստոս ինչո՞ւ կանչեց իր աշակերտներին և այրի կնոջը մատնացույց արեց: Որովհետև այդ կինը «գցեց ամեն ինչ, որ ուներ»: Այո՛, սիրելինե՛ր, այս խեղճ կինը, որ այն ժամանակների ամենակարիքավոր ու ընչազուրկ խավին էր պատկանում, չվախեցավ սոված մնալուց, հոգ չտարավ իր վաղվա օրվա մասին, եթե բառացիորեն իր հացի գումարը Եկեղեցու գանձանակի մեջ գցեց: Նա առանձնացավ բոլորից, քանի որ մեծամեծ գումարներ նվիրողները վտանգի չէին ենթարկում իրենց ապագան, այլ նյութական առումով ապահովել էին իրենց «վաղվա օրը», սովամահության հեռանկարը նրանց չէր սպառնում, ուստի կարող էին իրենց թույլ տալ «առատաձեռն» լինել Եկեղեցում: Այսինքն, նրանք ոչ թե իրենց ողջ ունեցածն էին տալիս, այլ այդ ունեցածից ավելացածը: Իսկ սա, անշուշտ կհամաձայնեք ինձ հետ,  ամբողջովին փոխում է իրերի դրությունը: Այրի կինն իր ողջ հոգով, անմնացորդ կերպով կատարեց իր նվիրատվությունը, այսինքն իր ողջ էությամբ, անվերապահորեն վստահեց ու նվիրվեց Ամենակալին և սա է բարձրագույն այն կետը, որ յուրաքանչյուր քրիստոնյա ունի իր առջև: Եվ այս ընտրությունն ենք կատարում ամենքս, լինի դա նյութական, թե հոգևոր նվիրաբերություն կատարելիս: Այսինքն, Աստված առաջնությունը տալիս է ոչ թե քանակին, այլ՝ որակին:

Ինչպես արդեն նշեցի, սիրելի՛ հավատակից եղբայրներ և քույրեր, նվիրաբերության գաղափարը վերաբերում է նաև հոգևոր կարողություններին: Բոլոր մարդիկ տարբեր են, օժտված են տարբեր հատկություններով ու շնորհներով, ոմանք իրենց մեջ տաղանդ են հայտնաբերում և կարևոր է գիտակցել, թե Աստծուց քեզ տրված այդ կարողության ո՛ր մասն ես Նրան ծառայեցնում: Ուստի քննե՛ք ինքներդ ձեզ, սիրելինե՛ր, հայտնաբերեք այն կարողությունները, որոնցով օժտված եք և Ամենակալին նվիրաբերեք: Արե՛ք դա ձեր հարազատներին, մերձավորներին, հավատակից եղբայրներին, Եկեղեցուն և ընդհանրապես մարդկանց օգնելու միջոցով: Բա՛ց եղեք ուրիշների կարիքների առջև, սովորե՛ք տեսնել դրանք և օգնեք այնպես, ինչպես ինքներդ ձեզ կամ ձեր զավակին կօգնեիք: Ձեր օգնությունը թող ի սրտե լինի, սիրելինե՛ր, առանց որևէ հետին մտքի, առանց փոխադարձության ու վարձքի ակնկալիքի: Թող Քրիստոսի սերը մղի ձեզ գործել:

Հնարավոր է ձեզանից ինչ-որ մեկը փայլուն կազմակերպչական ունակություններով է օժտված, արդ թող իր ունակությունն օգտագործի Եկեղեցու և իր մերձավորի համար որևէ հոգեշահ գործ կազմակերպելու համար: Երաժշտական ունակություն ունեցողը կարող է բարեգործական համերգ ունենալ և ողջ հասույթը որևէ աստվածահաճո գործի նվիրել: Նույնը վերաբերվում է նաև նկարչին, քանդակագործին, շինարարին, որոնք իրենց շնորհները կարող են Եկեղեցուն նվիրաբերել… Կասեք, թե այս շնորհներով օժտված չե՞ք: Շատ լավ, ուրեմն օժտված եք օրինակ՝ լսելու ունակությամբ, ուրեմն կարող եք ձեր ազատ ժամանակը մի հիվանդի նվիրել՝ նրա մահճակալի մոտ նստած նրան լսելով ու սփոփանքի բարի խոսքեր ասելով: Կամ Աստված ձեզ ոտքեր ու ձեռքեր է պարգևել, արդ ի՞նչն է խանգարում դրանց կարողությունը նվիրաբերել, օրինակ՝ եկեղեցին մաքրելով կամ կատարվող աշխատանքներին մասնակցելով: Ինչ-որ մեկը կարողանում է ի սրտե աղոթել կամ պահք պահել, ուստի կարող է իր ունեցած այդ գանձը մեկ այլ մարդուն օգնելուն ծառայեցնել: Կամ նայե՛ք մեր համայնքի դպրոցահասակ այն տղաներին, որ դասերից ազատ իրենց ժամանակը, որ կարող են խաղերին նվիրել, ծառայեցնում են Եկեղեցու սպասավորությանը՝ ժամերգություններին ու Սուրբ Պատարագներին մասնակցելով: Հավատացե՛ք, որ այսօր էլ մեր մեջ շատ են այրի կնոջ օրինակին հետևող մարդիկ և ես, իմ հոգևոր ծառայության ընթացքում, բազմիցս եմ տեսել նման մարդկանց: Սակայն մի օրինակ կա, որ շատ է տպավորել ինձ, որ մշտապես իմ աչքի առջև է ու մղում է իմ վերջին լուման բերելու Եկեղեցու և համայնքի զորացմանը: Դեպքը հենց այս եկեղեցում է պատահել, երբ նոր էինք սկսել շինարարական աշխատանքները: Համայնքի անդամներից մեկի վեցամյա զավակն ինձ մոտեցավ ու հարցրեց, թե ինչ միջոցներով ենք կատարում շինարարությունը: Պատասխանեցի, որ մարդկանց նվիրատվությունների շնորհիվ: Փոքրիկն ասաց, որ ինքն էլ է ցանկանում օգնել: Բացատրեցի, որ կկարողա օգնել, երբ մեծանա ու սկսի գումար վաստակել: Սակայն նա ասաց, որ հիմա էլ գումար ունի գրպանում՝ երեսուն դրամ և ինձ տալով՝ խնդրեց, որ շինարարության համար օգտագործեմ այդ գումարը: Ճիշտ է այդ երեսուն դրամը չօգտագործեցի շինարարության մեջ, բայց ավելի կարևոր մի գործի ծառայեցրի. այն պահում եմ իմ սեղանին, որպես վերջին լումայի ևս մեկ օրինակ և անմնացորդ նվիրվելու մշտական հիշեցում:

Սիրելինե՛ր, կարևորն այն գիտակցումն է, որ Աստված ոչ ոքից իր ուժերից ու կարողություններից վեր բան չի պահանջում, ուստի պետք չէ վախենալ ամբողջապես նվիրվելուց, քանզի տալիս ես միայն այն, ինչ ունես, որովհետև անկարող ես չունեցածդ տալ: Բայց հավատացնում եմ ձեզ, սիրելի՛ քույրեր և եղբայրներ ի Քրիստոս, որ կան մարդիկ, որոնք իրենց կյանքի ընթացքում հաճախ անում են այն, ինչ նույնիսկ իրենց ուժերից վեր ու գրեթե անկարելի են համարում: Ես խոսում եմ անձնական այն սխրանքների մասին, որ Քրիստոսին ճանաչած մարդն է անում՝ արդարության ճանապարհին կանգնելով: Նա կարող է ծնված լինել մի այնպիսի անբարեհաջող ընտանիքում կամ մեծացած մի այնպիսի բացասական միջավայրում, որտեղ ստացել է հոգևոր կամ մարմնական այն սարսափելի ախտերը, որոնցից մաքրվելու համար գերմարդկային ջանքեր է պահանջվում: Եվ դեպի Աստծո կենարար լույսը կատարած նրա յուրաքանչյուր քայլը չափազանց մեծ աշխատանքի ու տքնության արդյունք է: Սա էլ է նվիրում, սիրելի՛ հավատացյալներ, և հավատացեք, որ բավականին մեծ նվիրում է, քանի որ մարդն իր հոգու ողջ ուժերն է գործադրում ուղղվելու, Աստծո և մարդկանց համար ավելի լավը դառնալու համար:

Արդ, սիրելի՛ հավատակիցներ, թող ավետարանական այօրվա հատվածի խորհուրդը զբաղեցնի մեր մտքերն ու սրտերն այսօր: Եկեղեցուց դուրս գալուց հետո, խաղաղ մտքով ու անկեղծ սրտով քննենք ինքներս մեզ, գնահատենք մեր հոգևոր ու ֆիզիկական կարողությունները, հասկանանք, թե ինչն է մեզ մոտ ավելցուկ, իսկ ինչն է կենսական անհրաժեշտություն: Անկեղծորեն գիտակցենք, թե ինչ ենք պատրաստ նվիրել, զոհաբերել՝ աննշան մի բան, որի կարիքը չունենք, թե այնպիսի մի բան, որ հենց մեզ է անհրաժեշտ: Պատրա՞ստ ենք ամբողջովին նվիրվել Տիրոջը կամ գոնե մեր էության, մեր ուժերի մեծ մասն ընծայել Նրան, Ով չերկմտեց Իր կյանքը մեզ համար զոհաբերել:

Թող այրի կնոջ անձնվեր օրինակը և Քրիստոսի անսահման սերը միշտ վառ մնան ձեր հոգիներում, օգնեն ազատվել եսասիրության ու փոքրոգության նեղ կաղապարներից, հոգևոր ազատություն ու վեհություն պարգևեն ձեզ, որպեսզի անվախորեն, անմնացորդ կերպով նվիրվեք ձեր Երկնավոր Հորն ու ձեր օրինակն էլ արժանի լինի գնահատվելու Տեր Հիսուս Քրիստոսի կողմից: Ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

09.10.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․