Գրքեր

Այրի կնոջ լուման

«Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այդ չքավոր այրին ավելի շատ գցեց, քան գանձանակի մեջ մյուս բոլոր դրամ գցողները» (Մրկ. 12:43):

Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ,

Բարձրյալի պարգևած յուրաքանչյուր օր, առավոտյան և երեկոյան, մեր եկեղեցու շրջակայքում լսվում է եկեղեցական զանգերի քաղցրալուր ղողանջը, որ հավատացյալներին հրավիրում է Աստծու տուն՝ աղոթքի: Առավոտյան և երեկոյան ժամերգությունները՝ սաղմոսներով ու շարականներով համեմված, թե՛ հոգևոր սնունդ են աստվածապատկեր հոգու համար, թե՛ զրույց Երկնավոր Հոր հետ, թե՛ աղերսների և թե՛ երախտագիտության հրաշալի առիթ: Իսկ շաբաթվա օրերի լրումը՝ տերունական կիրակին, այս ամենին հավելում է նաև Սուրբ Պատարագը, որի ժամանակ տեղի է ունենում խորհուրդների Խորհուրդը՝ Սուրբ Հաղորդությունը: Վերը թվարկածներիս գումարվում է Փրկչի մեծագույն պարգևը՝ Իր սուրբ Մարմնի և Արյան ընծայումը մեզ՝ մահկանացուներիս: Սուրբ Հաղորդությամբ արարածը միավորվում է իր Արարչին, մահկանացուն՝ Անմահին, մեղավորը՝ Անմեղին ու Կատարյալին: Արարած-Արարիչ հանդիպումը կարող է տեղի ունենալ ցանկացած վայրում և ցանկացած պահի, սակայն եկեղեցին այն միակ վայրն է աշխարհում, որտեղ այդ հանդիպումը երաշխավորված է, որովհետև Աստծու Հոգին մշտապես ներկա է եկեղեցում: Եվ եթե մարդկային հոգին վերջնականորեն չի կորցրել իր զգայունությունը, ապա սրտի թրթիռն ու հոգուն պատած սրբազան երկյուղը վկայում են, որ հանդիպել է Տիրոջ՝ մեզ նայող հայացքին: Այո՛, սիրելինե՛ր, Տեր Հիսուս Քրիստոս՝ Սրտագետն ու Արդարադատն, այժմ, այս պահին ներկա է այստեղ և նայում է յուրաքանչյուրի սրտից ու մտքից ներս, ճիշտ այնպես, ինչպես երկու հազարամյակ առաջ, երուսաղեմյան տաճարում տեսավ չքավոր այրու սրտի խորքերը: Օրվա ավետարանական հատվածը պատմում է, որ Զատկի տոնից անմիջապես առաջ Տեր Հիսուս Քրիստոս ուսուցանում էր տաճարում և մարդկանց զգուշացնում օրենսգետների կեղծավորությունից ու անօրենություններից: Եվ քանի որ հրեական գլխավոր տոներից մեկն էր մոտենում, երկրի բոլոր ծայրերից մարդիկ ուխտի էին եկել Երուսաղեմ, և գլխավոր տաճարն այդ օրերին լեփ-լեցուն էր ուխտավորներով: Նրանցից յուրաքանչյուրն իր սրբազան պարտքն էր համարում նվիրատվություն կատարել տաճարին՝ ի երախտագիտություն Աստծու և աստվածային սրբազան գործի, որին կոչված էին տաճարն ու դրա սպասավորները: Եվ ինչպես պատմում է ավետարանիչը. «Հիսուս կանգնած էր գանձանակի դիմաց. դիտում էր, թե ինչպես ժողովուրդը պղինձ դրամ է գցում գանձանակի մեջ: Եվ շատ մեծահարուստներ շատ բան գցեցին: Մի այրի կին եկավ և երկու լումա գցեց, որ մի գրոշ է: Եվ Հիսուս իր մոտ կանչելով իր աշակերտներին՝ նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այդ չքավոր այրին ավելի շատ գցեց, քան գանձանակի մեջ մյուս բոլոր դրամ գցողները, քանի որ ամենքը իրենց ավելորդից գցեցին, իսկ նա, իր չքավորությունից, գցեց ամեն ինչ, որ ուներ՝ իր ամբողջ ապրուստը»» (Մրկ. 12:41-44):

Երբ այս տեսարանին մարդկայնորեն ենք նայում, սիրելի՛ հավատացյալներ, և դատում աշխարհում ընդունված կարգով, ապա նախապատվությունը միանշանակորեն տալիս ենք մեծ նվիրաբերություն անողներին, որովհետև դատում ենք արտաքնապես և նվիրատվության չափը կարևորում որակից: Այդպես ենք վարվում, որովհետև մարդկանց դեռևս միայն մարմնի աչքերով ենք տեսնում և չենք շահել հոգու տեսողությունը, որ կարողանանք տեսնել ու արժևորել մարդու մղումներն ու սրտի խորհուրդները: Իսկ մարդացյալ Աստված՝ Տեր Հիսուս Քրիստոս, որ այժմ անտեսանելի կերպով ներկա է այստեղ և տեսանելի կերպով ներկա էր Երուսաղեմի տաճարում, տեսավ չքավոր այրու ողջ էությունը և Իր աստվածային բարեհաճությանն արժանացրեց ոչ թե շատ դրամ գցողներին, այլ այդ կնոջը, որ ընդամենը մեկ նկանակի գումար գցեց:

Սուրբ Գրքում այրիները հաճախ հիշատակվում են որբերի հետ, սիրելի՛ հավատացյալներ և ոչ իզուր: Սաղմոսերգուն Աստծուն կոչում է «որբերի հայր» և «այրիների դատավոր» (Սղմ. 67:6): Հոբ Երանելու գրքում կարդում ենք, որ վերջինս մշտապես օգնում էր որբերին (29:12; 31:17) և սատար կանգնում այրիներին (31:16): Եսայու մարգարեության մեջ Աստված պատգամում է արդարադատ լինել որբի հանդեպ և իրավունք տալ այրուն (1:17): Հակոբոս առաքյալն Աստծու առաջ սուրբ և անարատ բարեպաշտությունը համարում է որբերին և այրիներին այցելությունը նրանց նեղության մեջ (1:27):

Մեր օրերում էլ որբերն ու այրիները ամենախոցելի խմբերից մեկն են ներկայացնում, սակայն նախկինում նրանք առավել խոցելի էին, քանի որ ընտանիքի գլխին՝ հորը կամ ամուսնուն կորցրածները հայտնվում էին չափազանց դժվարին իրավիճակում: Կանանց համար աշխատանք չկար, ոչ էլ թոշակ կամ նպաստ էին ստանում, ուստի մնում էր հուսալ ազգականների ողորմածությանը կամ ողորմություն խնդրել փողոցում: Եվ սովորաբար նրանց օրվա ապրուստը չէր գերազանցում երկու լուման, որով մեկ հաց կամ մի քանի պտուղ կարող էին գնել ընդամենը: Ուստի, երբ Քրիստոս տեսավ այրի կնոջ նվիրաբերած երկու լուման, հասկացավ, որ այդ խեղճ կինը Աստծուն զոհաբերեց իր ողջ օրվա ապրուստը՝ պատրաստ նույնիսկ Զատիկը քաղցած տոնելու: Այս իրավիճակի մասին հեռավոր պատկերացում կազմելու համար պատկերացրեք ձեր ծննդյան տոնը և մտածեք, թե ո՞ւմ նվերն առավել արժեքավոր կլինի ձեզ համար՝ միլիոնատեր ընկերոջ նվերը, որ, ասենք, հիսուն հազար դրամ արժե, թե՞ ծանոթ փոքրիկի գնած քաղցրավենիքը, որն այդ օրը սոված է մնացել դպրոցում, որպեսզի գրպանի գումարով նվեր գնի ձեզ համար: Կարծում եմ պատասխանն ակնհայտ է: Նվերի արժեքը չափվում է սրտի մեծությամբ, և միայն սիրող սիրտն է ունակ իրեն զրկելու՝ հանուն դիմացինի ուրախության:

Տաճարին շռայլորեն նվիրատվություն անողներն իրենց գոյությունը ռիսկի չէին ենթարկում, որովհետև ունեցածի համեմատ նվիրածը մեծ բան չէր, իսկ ողորմությամբ ապրող այրու նվիրածն այն ամենն էր, ինչ նա ուներ և դրանով ասես ասում էր՝ եթե անհրաժեշտ լինի պատրաստ եմ կյանքս էլ Քեզ համար տալու, Տե՛ր Աստված: Ահա այս ինքնամոռաց նվիրումը, աներկբա հավատն ու անսահման վստահությունն էր առ Աստված, որ այրու մեջ տեսավ Քրիստոս, գնահատեց և տաճարում գտնվող բազմահազար մարդկանցից վեր դասեց նրան: «Ի՞նչը կարող է ավելի վսեմ լինել, եղբայրնե՛ր,- ասում է Օգոստինոս Երանելին,- քան այն, որ և՛ Զակքեոսը Երկնային Արքայություն կմտնի իր ունեցվածքի կեսի դիմաց (Ղուկ. 19:1-10), և՛ այրին՝ երկու լումայի, և երկուսն էլ հավասարապես կտիրեն դրան: Ի՞նչը կարող է ավելի նշանակալի լինել, քան այն, որ միևնույն Արքայությունը հարուստի համար գանձերով է չափվում, իսկ աղքատի համար՝ մեկ բաժակ սառը ջրով (Մտթ. 10:42)»:

Ամենակալ Աստծուն՝ Երկնքի ու երկրի Տիրոջը, բնականաբար, մեր խոնարհ սրտից բացի այլ նվեր հարկավոր չէ: Սակայն մենք, գիտակցելով, թե Աստված ինչպիսի անգին պարգևների է արժանացնում մեզ՝ անարժաններիս, սրտի բնական մղումով ցանկանում ենք ինքներս էլ որևէ բան նվիրել մեր Բարեգութ ու Ողորմած Հորը: Ոմանք դա անում են Աստծու տան բարեկարգման և կարիքները հոգալու համար նվիրատվություններ կատարելով, ոմանք՝ եկեղեցու սոցիալական ծրագրերին աջակցելով: Ոմանք իրենց ֆիզիկական ու մտավոր ուժերն են նվիրաբերում, ոմանք՝ ժամանակը, տաղանդն ու ունեցած շնորհները: Ոմանք էլ Աստծու սիրո համար անում են գրեթե անհնարինը՝ խոնարհվելով՝ ապաշխարության արցունքներն են նվիրում Բարձրյալին և հրաժարվում իրենց կրքերից ու մոլություններից: Եվ ինչպիսին էլ լինեն ձեր նվերները, սիրելինե՛ր, միշտ հիշե՛ք, որ դրանք ձեր Փրկչին եք նվիրում, ձեզ կյանք ու բարիքներ Պարգևողին, և Տեր Հիսուս Քրիստոս աներևույթ ներկա է ձեր նվիրատվության պահին և հրաշալի տեսնում է, թե ինչ սրտով եք դա անում. նվիրում եք ի սրտե և որդիական անկեղծ երախտագիտությամբ, թե՞ քիչ անց զղջալու եք տվածի համար և կամ հաշվարկ ու ակնկալիք կա ձեր գործողություններում: Հիշե՛ք, որ «Խոնարհ հոգին է պատարագն Աստծու, մաքուր սիրտն ու խոնարհ հոգին Աստուած չի արհամարհում» (Սղմ. 50:19): Եվ ինչպես Աստված Իր Միածնի կյանքը տվեց մեր փրկության համար, այնպես էլ թող մեր նվիրվածությունն Աստծուն անսահման ու անմնացորդ լինի: Մեր ջանքն ու եռանդը տեսնելով՝ թող Տերն ավելացնի մեր հավատքը՝ հնարավորինս մոտեցնելով չքավոր այրու հավատքին, որպեսզի Երկնային Արքայության մեջ մենք էլ արժանանանք Տիրոջ գովեստին. ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

13.10.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․