Գրքեր

Այսօր Աստծուն հետին պլան են մղում

Բարեգութ Աստված Իր առատ ողորմություններն է շնորհում մեզ: Ուստի անշնորհակալ չգտնվենք ու չբարկացնենք Նրան, քանի որ «գալիս է Աստծու բարկությունը անհնազանդ մարդկանց վրա» (Եփես. 5:6): Չլինենք այդպիսին: Մեր դարաշրջանի մարդիկ ո՛չ պատերազմ են տեսել, ո՛չ՝ սով: «Աստծու կարիքն էլ չենք զգում»,- ասում են նրանք: Ամեն ինչ ունեն, ուստի ոչինչ չեն գնահատում: Սակայն եթե դժվարին ժամանակներ, սով կամ նման բաներ լինեն, և նրանք ուտելու ոչինչ չունենան, ապա կհասկանան և՛ հացի արժեքը, և՛ հասարակ մուրաբայի, և՛ այն ամենի, ինչից որ զրկված կլինեն այն ժամանակ: Եթե մենք չենք փառաբանում Աստծուն, ապա Նա թույլ է տալիս, որ փորձություններ պատահեն մեզ, որպեսզի գնահատենք մեր ունեցածը: Իսկ եթե գնահատում ենք այն, ինչ ունենք, ապա Աստված թույլ չի տալիս, որ որևէ չարիք պատահի:

Նախկինում, երբ այդքան հարմարություններ չկային, երբ գիտությունը դեռ այդպիսի առաջընթաց չէր ապրել, յուրաքանչյուր դժվարության հանդիպելիս, մարդիկ Աստծու մոտ էին վազում, և Աստված օգնում էր նրանց: Իսկ այժմ գիտությունը մեծ հաջողությունների է հասել և այդ պատճառով էլ Աստծուն հետին պլան են մղում: Այսօր մարդիկ առանց Աստծու են կառուցում իրենց կյանքը, մեկ մի բան են պլանավորում, մեկ՝ ուրիշ, հույսները դնում են հրշեջ ծառայությունների, հորանցքերի և այլնի վրա… Բայց մարդիկ ի՞նչ կարող են անել առանց Աստծու: Լոկ Նրա զայրույթին կարժանանան: Տե՛ս, երբ երաշտ է լինում, մարդիկ չեն ասում. «Աղոթենք Աստծուն», այլ ասում են. «Ջրհորներ փորենք»: Վատն այն է, որ այդ բոլոր տեխնիկական միջոցների պատճառով ոչ միայն անհավատներն են այդպես մտածում, այլև՝ հավատացյալները: Նրանք հետզհետե սկսում են մոռանալ Աստծու զորության մասին: Բարեբախտաբար Աստված համբերում է մեզ: Բայց մարդիկ չեն էլ հասկանում, որ Աստված հոգ է տանում իրենց մասին:

Մի անգամ մի քանի հոգի եկան ինձ մոտ ու ասացին. «Մենք Աստծու կարիքը չունենք, մենք արտեզյան ջրհորներ ունենք»: Եվ դա այն ժամանակ, երբ պետք է ավելի ջերմեռանդորեն Աստծուն խնդրել, որ բացառիկ հրաշք գործի, որովհետև մարդիկ արդեն բնությունն էլ են աղճատել: Մի անգամ ամպերին էի նայում: Քամին նրանց այս ու այն կողմ էր քշում, մե՛կ մի տեղ էր հավաքում, մե՛կ ցրում մեկ այլ ուղղությամբ, մե՛կ վերև էին թռչում, մե՛կ իջնում ցած… Քամին անձրևաբեր ամպերն այս ու այն կողմ է ցրում, իսկ մարդիկ փոխարենն ասեն. «Աստված հիմա պետք է մի արտառոց հրաշք գործի, որպեսզի դրանց միասին պահի», ասում են. «Աստծու կարիքը չունենք»: Բարեբախտաբար, Աստված լուրջ չի վերաբերվում մեր խոսքերին, այլապես լավ չէր լինի…

Ջուր գտնելու նպատակով մարդիկ հարյուր, հարյուր հիսուն մետր խորությամբ արտեզյան ջրհորներ են փորում, բայց չեն գտնում: Նավպլիոն(1) քաղաքում հարյուր ութսուն մետրանոց հորանցք փորեցին, բայց քաղցրահամ ջրերի փոխարեն ծովայինին հասան: Ուրիշները որոշեցին Էլենոս գետի(2) հունն Աթենքի միջով տանել: Իսկ դա տասը տարվա աշխատանք ու հսկայական ծախսեր է պահանջում, բայց հետո, միևնույն է, այդ ջուրն էլ կվերջանա: Մարդիկ «մեղա Աստծու» չեն ասում: Վերջերս, երբ երաշտ էր(3), քաղաքական գործիչներից մեկը մի խուլ գյուղ գնաց ու բնակիչներին ասաց, որ իրենց գյուղում կոյուղաջրերի մաքրման համակարգ են տեղադրելու, որպեսզի խմելու ջուր ստանան: Եվ նրանք այդ գաղափարը մեծ ցնծությամբ ընդունեցին: Սակայն այդպիսի գաղափարները նույնիսկ մտովի ընդունելը պատշաճ չէ: Տեսեք, թե մարդիկ ուր են հասել, ներողություն արտահայտությանս համար, բայց սեփական մեզն են խմում: Եթե ինչ-որ մեծ քաղաքում են նման բաներ տեղի ունենում, որտեղ մարդիկ շեղվել են ճշմարիտ ուղուց, դեռ կարելի է հասկանալ, ինչ-որ արդարացում կարելի է գտնել, որովհետև մարդիկ քաղաքում աշխարհիկ ոգով են տարվում: Բայց երբ խուլ գյուղի բնակիչներին են որպես խնդրի լուծում առաջարկում սեփական մեզը զտել ու խմել, և նրանք էլ փոխարենն իրենց հայացքներն Աստծուն ուղղեն, «մեղա Աստծու» ասեն միայն ու ջուր ստանան Նրանից, այդ առաջարկը լուրջ լուծում են համարում, ապա դա սարսափելի է:

Իսկ Սուրբ լեռան վանքերից մեկում սոճիներ էին տնկել, որ հետո թղթի արդունաբերության համար վաճառեն: Եվ Աստված պատժեց նրանց. տնկված բոլոր ծառերը չորացան: Ի՞նչ է, եղբա՛յրս, կարծում ես, որ Սուրբ լեռը անձեռոցիկների ու զուգարանի թղթի արտադրո՞ղ պիտի դառնա: Հասկանո՞ւմ եք, թե ինչ է կատարվում: Եվ ահա՛ չարչարվել, ծառեր էին տնկել, ու ամբողջ տնկածը չորացել էր: Աստծու ցասումն է…

- Իսկ նրանք հասկացա՞ն իրենց սխալը, հա՛յր:

- Հարցն էլ հենց այդ է, որ ոչ: Դրանից հետո նրանք Գերմանիայից հորատման սարքեր բերեցին, որպեսզի հողի ընդերքից ջուր հանեն: Արդյունքում եղած ջուրն էլ կորավ: Տեսնո՞ւմ ես, թե չարչիական մոտեցումն ուր կարող է հասցնել, եթե կորսվում է հոգևոր նրբազգացությունը: Այդ պատճառով էլ ակնածանքը կամաց-կամաց անհետանում է վանականությունից: Չեն հասկանում, որ եթե անձրև չգա, ոչինչ չի օգնի, ջրամբարներում մնացած ջուրն էլ կանհետանա: Մարդիկ միայն տրամաբանությունն են օգտագործում, իսկ Աստծուն մղում են հետին պլան:

Հին Կտակարանում մի այսպիսի դեպք է նկարագրվում (Դ Թագ. 7): Սիրիացիների կողմից Սամարիայի շրջապատման ժամանակ քաղաքում նույնիսկ ջուրը վերջացավ: Սարսափելի աղետ սկսվեց, սով, կենդանիները սատկեցին, և այն աստիճանի հասավ, որ մայրերն իրենց զավակներին կերան: Եղիսե մարգարեն Իսրայելի թագավորի կառավարչի մոտ գնաց ու ասաց. «Կենդանիները սատկել են, մարդիկ սովամահ են լինում, բայց Աստված Իր օգնությունը կուղարկի մեզ»: Կառավարիչն ամեն ինչին տրամաբանորեն էր մոտենում: «Ինչպե՞ս պիտի օգնի,- ասաց նա մարգարեին,- ի՞նչ է, երկնքի՞ց է ուղարկելու այդ օգնությունը»: «Վաղը,- պատասխանեց մարգարեն,- Աստված մեզ օգնություն կուղարկի, բայց քեզ չի վիճակվի ուրախանալ դրանով»: Եվ իսկապես, հաջորդ օրն Աստված խուճապ տարածեց թշնամու ճամբարում: Սիրացիներին թվաց, թե ձիերի սմբակների ու մարտակառքերի ձայն են լսում, նրանց ականջները զնգում էին, և նրանք կարծեցին, թե եգիպտացիներն են գալիս իսրայելցիներին օգնության: Նրանք սկսեցին փախչել ու այն ամենն, ինչ ունեին՝ վրաններ, սնունդ, զենք ճամբարում թողեցին: Իսկ երբ իրենց հայրենիք հասան, բանսարկուն մի այնպիսի սարսափելի խառնաշփոթ առաջացրեց նրանց մեջ, որ հարյուր ութսուն հազար մարդ կոտորեցին միմյանց: Իսկ Սամարիայի դարպասների մոտ նստած չորս բորոտները միմյանց ասացին. «Չգնա՞նք թշնամու ճամբարը, միգուցե սնունդ գտնենք այնտեղ: Այսպես, թե այնպես մեռնելու ենք»: Մոտենում են մի վրանին՝ ոչ ոք չկա: Մյուսին են մոտենում՝ կրկին ոչ ոք: Ոչ մի թշնամի չէր մնացել: Պարկերով ուտելիք ու այլ իրեր են հավաքում: Հետո վերադառնում են քաղաք ու իսրայելցիներին ասում, որ թշնամիները պաշարումը հանել են: Բայց իսրայելցիները կարծեցին, թե դա ռազմական խորամանկություն է: «Թշնամիները թաքնվել են, որպեսզի մեզ ստիպեն բացել դարպասներն ու այդ կերպ քաղաք մտնեն»: Այդ ժամանակ զորապետերից մեկն առաջարկեց. «Մենք դեռևս հինգ ձի ունենք: Կարող ենք հետախուզության ուղարկել զինվորներին, որ տեսնեն, թե ինչ է կատարվում»: Զինվորները տարբեր ուղղություններով գնացին ու վերադառնալով՝ ասացին. «Թշնամիները խուճապահար փախել են՝ ամեն ինչ ճամբարում թողնելով»: Այդժամ բոլոր իսրայելցիները դուրս վազեցին քաղաքից, որ թշնամու ճամբարից հավաքեն այն ամենն, ինչ մնացել էր: Իսկ այն կառավարիչը քաղաքի դարպասների մոտ փորձում էր կարգ պահպանել: Իսկ դարպասներից դուրս վազող ամբոխը ոտնակոխ արեց նրան: Ամեն ինչ Եղիսե մարգարեի ասածի պես եղավ՝ կառավարիչը տեսավ Աստծու օգնությունը, բայց չուրախացավ դրանով: Տեսնո՞ւմ եք, թե Աստված ինչպես է ամեն ինչ կարգավորում:

 

1) Նավպլիոն, քաղաք-նավահանգիստ Պելոպոնեսում (Հունաստանի հարավում)։

2) Էլենոս, գետ Հունաստանի կենտրոնական մասում։

3) Արտասանվել է 1990-ի նոյեմբերին։

 

 

Հայր Պաիսիոս Աթոսացի 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

 

28.06.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․