Գրքեր

Ազատում մեղքերից, Ճշմարիտ կյանքի զորությունը, Կենսակերպ

Ազատում մեղքերից

Շատ մարդիկ այսօր տանջվում, դատապարտվում են իրենց խղճի կողմից երբեմն գործած մեղքերի և հանցանքների համար: Դավիթ թագավորի օրինակը կարող է նրանց ուղղություն ցույց տալ: Դավիթն իր ամբողջ կյանքն ապրել է սրբությամբ և եղել Աստծո արդար: Նա համարվում է նաև Քրիստոսի նախօրինակը` իբրև հաղթող և բարի հովիվ: Քրիստոս ըստ մարմնի սերում է Դավթի սերնդից (Մատթ. 1.1): Սակայն մի ծանր մեղք Դավիթ թագավորին կարող էր զրկել այդ արդարությունից, եթե չլիներ նրա զղջումն ու ապաշխարությունը: Դավիթը երիտասարդ հասակում սպանել է տալիս իր զինվորներից Ուրիային` նրա կնոջը` Բերսաբեեին տիրանալու համար: Բայց հետո, խորապես զղջալով և ցավելով, որ այդպես է վարվել` հետևելով անցողիկ մարմնական ցանկություններին, իր զղջման համար ներում է գտնում Աստծուց (Բ Թագ. 11.1-12.1-14): Ճիշտ նույն կերպ, ովքեր տանջվում են իրենց գործած անարդարություններից կամ այլ մեղքեր ունեն, ապաշխարության և զղջման դեպքում կարող են այսօր էլ, ըստ Քրիստոսի կողմից հաստատված կարգի (Մատթ. 18.18, Հովհ. 20.23), քահանայի միջոցով Աստծուց ներում ստանալ և այդուհետ ապրել խաղաղ հոգով ու հանգիստ խղճով:

Ճշմարիտ կյանքի զորությունը

Ճշմարիտ Եկեղեցին Քրիստոսի առաքյալների կողմից հիմնադրված Եկեղեցին է: Այսօր, սակայն, աշխարհում բազմաթիվ մարդիկ համալրում են աղանդավորների շարքերը: Շատերդ, անշուշտ, ճանաչում ենք այդպիսի աղանդավոր մարդկանց, շատերդ էլ նույնիսկ բարեկամներ և ծանոթներ ունեք, ովքեր աղանդավորներ են: Մարդիկ հարցնում են. «Ինչո՞ւ Եկեղեցին այս կամ այն ձևով ընդհանրապես չի վերացնում մեր երկրից աղանդավորությունը»: Եկեղեցին միայն քարե կառույցը չէ, Եկեղեցին միայն հոգևորականները չեն, այլ այս ամենով հանդերձ հավատացյալ ժողովրդի հավաքականությունն է Եկեղեցին: Շատերս` որպես Եկեղեցու մասնիկներ կամ անդամներ, ի՞նչ ենք արել մեզ ծանոթ մոլորյալների համար, կամ ավելին, գուցե հենց շատերս ենք դարձել այդ մարդկանց շեղվածության պատճառը:

Մի քրիստոնյա մի մեծահարուստ հեթանոսի մոտ է մտնում աշխատելու: Հեթանոսն ասում է. «Քեզ աշխատանքի եմ վերցնում միայն այն պայմանով, որ ոչ մի խոսք չխոսես քո հավատի մասին»: «Հավատա, որ ոչ մի խոսք չեմ խոսի»,- ասում է քրիստոնյան: Քրիստոնյայի` երկու ամիս այս հեթանոսի այգում աշխատելուց հետո հեթանոսը գալիս է նրա մոտ և մեծ ցանկություն հայտնում քրիստոնյա դառնալու: Սա ցույց է տալիս, որ անգամ առանց որևէ բան քարոզելու երբեմն քրիստոնյան կարող է իր վարքով անհավատի սիրտը Ճշմարիտ Աստծուն դարձնել: Սակայն ինչպիսի՞ն է եղել ձեր վարքը նախքան ձեր բարեկամի կամ ծանոթի աղանդավոր դառնալը: Արդյո՞ք ցույց եք տվել քրիստոնեական կյանք, թե՞ եղել եք անտարբեր մեկը եկեղեցի հաճախելու կամ Աստվածաշունչ ընթերցելու հարցում, արդյո՞ք ավելի շատ զբաղված եք եղել Աստծուն որոնելով, քան երկրային բարիքների փնտրտուքով: Կամ արդյո՞ք ներկայումս այսպես օրինակելի է ձեր կյանքը: Եթե ոչ, ուրեմն օտար երկրներին, օտար քարոզիչներին կամ որևէ այլ մեկին մեղադրելուց առաջ նայենք ինքներս մեզ, դառնանք իրապես քրիստոնյա, որպեսզի կարողանանք շտկել թե՛ մեզ, թե՛ ուրիշներին անուղղակիորեն հասցրած այն սխալները, որոնց պատճառը եղել է քրիստոնեական տեսակետով շատերիս անփույթ վարքն ու կյանքը:

Կենսակերպ

Վատ կյանքի ընթացքը, սնափառությունը, սեփական անձի մասին բարձր կարծիքը և նման այլ արատներ դժոխք են տանում: Այդ իսկ պատճառով, սիրելի ընթերցող, հետևիր հետևյալ խորհրդին. «Երբ դու ծնվեցիր, ամենքը ուրախ էին քո շուրջը, մինչդեռ դու լալիս էիր: Ջանա այնպես ապրել, որ մահվանդ օրը, երբ ամենքը լաց լինեն քո շուրջը, դու ուրախ լինես` զգալով, որ բարձրանում ես առ Աստված հավիտենական կյանքի համար»:

 

Տեր Ադամ քհն. Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

 

12.12.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․